Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.04.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.01.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1063/02/15

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1063/02/15

Նախագահող դատավոր`

 Ա. Խառատյան

Դատավորներ`

 Մ. Հարթենյան

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի հունվարի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2022 թվականի որոշման դեմ` ըստ Ռոզա Վարդանյանի հայցի ընդդեմ Վարդան Հովհաննիսյանի, Արթուր Հարությունյանի և «ՌՎ ԳԱԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձինք Տարոն ու Ռազմիկ Պետրոսյանների, Սամվել Սնխչյանի և Ռաֆայել Մխիթարյանի՝ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռոզա Վարդանյանը պահանջել է որպես շինծու գործարք առոչինչ (անվավեր) ճանաչել 12.03.2012 թվականին իր և Վարդան Հովհաննիսյանի, 19.10.2012 թվականին իր ու Արթուր Հարությունյանի միջև կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագրերը, որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել 01.03.2013 թվականին Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի, 01.03.2013 թվականին Արթուր Հարությունյանի ու Տարոն Պետրոսյանի և 30.09.2013 թվականին Սամվել Սնխչյանի ու Տարոն Պետրոսյանի միջև կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա բաժնեմասերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, ու ճանաչել իր սեփականության իրավունքն Ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2018 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

01.11.2018 թվականին Ռոզա Վարդանյանը ներկայացրել է հայցապահանջի փոփոխություն և հստակեցում՝ պահանջելով գործով ներկայացված հայցապահանջներ համարել հետևյալը. «Կիրառել Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի նվիրատվության պայմանագրի, Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի նվիրատվության պայմանագրի, Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև 01.03.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի, Արթուր Հարությունյանի և Տարոն Պետրոսյանի միջև 01.03.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի և Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև 30.09.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի, որպես առոչինչ (շինծու) գործարքների անվավերության հետևանքներ, այն է՝ ճանաչել Ռոզա Վարդանյանի սեփականության իրավունքը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ և Ռազմիկ Պետրոսյանի գրավի իրավունքը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ, որպես Ռաֆայել Մխիթարյանի կողմից Ռազմիկ Պետրոսյանին 52.000.000 ՀՀ դրամ վերադարձնելու ապահովում»:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 06.08.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.02.2022 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.08.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոզա Վարդանյանը (ներկայացուցիչ Դիանա Շախրամանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդան Հովհաննիսյանը (ներկայացուցիչ Լիլիթ Մանուկյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ ու 306-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 62-րդ, 66-րդ և 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տեղի է ունեցել շինծու գործարքների շղթա, որոնցով քողարկվել են փոխառության և գրավի իրավահարաբերությունները։ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցների ոչ պատշաճ գնահատման արդյունքում եկել է սխալ եզրահանգման, հակառակ պարագայում կարձանագրեր, որ ոչ թե պարտավորագրի բովանդակությունը չի համապատասխանում գործի փաստերին, այլ պատասխանողների առարկությունները չեն համապատասխանում գործի փաստերին։ Տվյալ դեպքում գործի փաստերը հստակ են և վկայում են այն մասին, որ 12.02.2013 թվականի դրությամբ գազալցակայանը պատկանել է իրեն ու Ռաֆայել Մխիթարյանին, ուստիև բաժնեմասերի օտարման վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել հենց Ռաֆայել Մխիթարյանի հետ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ օրենսդրական պահանջներին համապատասխանող գործարքի առկայությունը ոչ թե բացառում է շինծու գործարքի առկայությունը, այլ հակառակը՝ շինծու գործարք լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար առաջին հերթին հենց անհրաժեշտ է օրենսդրական պահանջներին համապատասխանող գրավոր ձևով կնքված գործարքը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ Արթուր Հարությունյանը նպատակ չի ունեցել ձեռք բերելու Ընկերության 50 տոկոս բաժնեմասը, այն ձեռք բերելուց հետո Արթուր Հարությունյանը երբևէ չի մասնակցել Ընկերության կառավարմանը, նրան չեն ճանաչել Ընկերության աշխատակիցները, երբևէ Ընկերությունից շահույթ չի ստացել, այսինքն՝ Ընկերության բաժնեմասերն իրականում Արթուր Հարությունյանի մոտ գրավադրվել են՝ նպատակ ունենալով ապահովելու վերջինիս հանդեպ Ռաֆայել Մխիթարյանի ունեցած պարտավորության կատարումը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Վարդան Հովհաննիսյանի կողմից գործի քննության ընթացքում պահանջի դեմ առարկություն չի ներկայացվել, ավելին՝ պահանջը նույնիսկ ընդունվել է։ Բացի այդ, գործում առկա «Չկատարված պարտավորությունների հիշեցում» փաստաթղթի բովանդակությունից պարզ է դառնում, որ Վարդան Հովհաննիսյանը, Ընկերության նկատմամբ կատարելով 80.000 ԱՄՆ դոլարի բարելավումներ, այդ գումարը պահանջել է Ռոզա Վարդանյանից և Ռաֆայել Մխիթարյանից։ Նման պայմաններում, եթե Վարդան Հովհաննիսյանն Ընկերության իրական բաժնետեր հանդիսանար, ապա ինչու՞ պետք է Ռոզա Վարդանյանից և Ռաֆայել Մխիթարյանից պահանջեր իր իսկ Ընկերության համար ներդրված գումարը։

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցների և գործի փաստական հանգամանքների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի հետազոտություն չի իրականացրել, ավելին՝ անտեսել է, որ Տարոն և Ռազմիկ Պետրոսյանները, ներդնելով ընդամենը 20.000 ԱՄՆ դոլար, տարբեր մանիպուլյացիաների միջոցով ունեզրկել են իրեն՝ դառնալով 400.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գազալցակայանի սեփականատեր։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Բողոքաբերի կողմից նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ կողմերը գիտակցաբար կնքել են նվիրատվության պայմանագիր, և իրենց կամքն ուղղված է եղել հենց նվիրատվության իրավահարաբերությունների առաջացմանը։ Ինքը, ձեռք բերելով Ընկերության բաժնեմասը, կատարել է մի շարք ներդրումներ, որոնք ուղղված են եղել գազալցակայանի բարելավմանը և առավել մեծ շահույթ ստանալուն, եթե ինքն իրականում չլիներ բաժնետեր, ապա ինչու պետք է իր անձնական միջոցների հաշվին նման ներդրումներ կատարեր։ Բացի այդ, գազալցակայանի աշխատակիցները փաստել են, որ իրեն բազմիցս տեսել են գազալցակայանում, ինքը մասնակցել է Ընկերության ընդհանուր ժողովին, որպիսի հանգամանքները փաստում են, որ կողմերի կամքն ուղղված է եղել հենց բաժնեմասերը նվիրելուն՝ այդ ձևով իրեն դարձնելով Ընկերության բաժնետեր։

Ռոզա Վարդանյանը և Ռաֆայել Մխիթարյանը պնդել են, որ բաժնեմասն իրեն տրվել է միայն Ռաֆայել Մխիթարյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, մինչդեռ ինչպես քրեական, այնպես էլ սույն գործի շրջանակներում առկա չէ որևէ ապացույց, որ կողմերի միջև ծագել են պարտավորաիրավական հարաբերություններ։

Ինչ վերաբերում է Արթուր Հարությունյանի կողմից իր բաժնեմասն անձամբ չօտարելու պնդումներին, անհրաժեշտ է արձանագրել, որ Արթուր Հարությունյանը ցանկացել է վաճառել իր բաժնեմասը, անձամբ համաձայնության է եկել գնորդի հետ և անձամբ վաճառել է բաժնեմասը։ Հակառակ պարագայում առկա կլիներ կեղծ ստորագրություն կամ լիազորված անձ, ով Արթուր Հարությունյանի փոխարեն կօտարեր Ընկերության՝ իրեն պատկանող բաժնեմասը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 12.03.2012 թվականին Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Վարդան Հովհաննիսյանին (հատոր 1‑ին, գ.թ. 11).

2) Ընկերության մասնակիցների 21.03.2012 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 03/12 արձանագրության համաձայն՝ ժողովի մասնակիցներն են Ռոզա Վարդանյանը, Վարդան Հովհաննիսյանը և Ռաֆայել Մխիթարյանը (հատոր 9‑րդ, գ.թ. 115).

3) 03.08.2012 թվականին Ռաֆայել Մխիթարյանի և Արթուր Հարությունյանի կողմից կազմված «Ստացական» վերնագիրը կրող գրավոր փաստաթղթի համաձայն՝ Ռաֆայել Մխիթարյանն Արթուր Հարությունյանից 31.000 ԱՄՆ դոլարով գնել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենա, որի համար պարտավորվել է օրական վճարել 500 ԱՄՆ դոլար, սակայն նրան կարողացել է տալ 12.000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 19000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է վերադարձնել 01.10.2012 թվականին (հատոր 3-րդ, գթ 1).

4) 19.10.2012 թվականին Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Արթուր Հարությունյանին (հատոր 1‑ին, գթ 12).

5) 31.01.2013 թվականին Սամվել Սնխչյանի կողմից Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացվել դիմում, որի համաձայն՝ ինքը հանդիսանում է Ընկերության կանոնադրական կապիտալի 50 տոկոս հավասար բաժնեմասի սեփականատեր և խնդրել է կատարել համապատասխան փոփոխության գրանցում (հատոր 2-րդ, գ.թ. 116).

6) 31.01.2013 թվականին Ռաֆայել Մխիթարյանի կողմից Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացվել տեղեկանք, որի համաձայն՝ Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան (հատոր 2-րդ, գ.թ. 117).

7) 12.02.2013 թվականին Ռաֆայել Մխիթարյանի կողմից կազմված «ց» վերնագիրը կրող գրավոր փաստաթղթում մասնավորապես նշվել է. «Ես Ռաֆայել Մխիթարյանս պարտավորվում եմ մինչև (մարտի 5) 05.03.13թ.-ի մարել Ռազմիկ Պետրոսյանի 20.000.000 ՀՀ դրամը և Սամվել Սնխչյանի 32.000.000 ՀՀ դրամ պարտքը: Եթե Ես նշված օրը՝ 05.03.13թ. ժամը 1700 չեմ փակում, կամ փակում եմ մասնակի, այդ դեպքում գազալցակայանը (Բանկ VTB) վարկով դինսպանսերների պարտքով 7.000.000 ՀՀ դրամ գազալցակայանի պարտքով դառնում է նշված քաղաքացիների սեփականությունը: Գազալցակայանի հետ կապված այլ ծախսեր և պարտքերի հետ նրանք որևէ պարտավորություն չունեն և չեն ունենալու: Այս ամենը գրված է իմ ձեռքով իմ շահերից ելնելով և ինձ հարազատ մարդկանց ներկայությամբ ես» (հատոր 1-ին, գթ 17).

8) 01.03.2013 թվականին Արթուր Հարությունյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Արթուր Հարությունյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Տարոն Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 13).

9) 01.03.2013 թվականին Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Վարդան Հովհաննիսյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Սամվել Սնխչյանին (հատոր 1-ին, գ.թ. 15).

10) 30.09.2013 թվականին Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Սամվել Սնխչյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Տարոն Պետրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 14).

11) 23.01.2015 թվականին Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչության ՀԿԳ քննիչ Ս. Սուքիասյանը Ռաֆայել Մխիթարյանի հաղորդման հիման վրա կայացրել է «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշում, որում մասնավորապես նշվել է. «(...) Ռաֆայել Մխիթարյանը, (...) գազալցակայան գնելու նպատակով (...) վերցրել է 220.000 ԱՄՆ դոլար վարկ (...) Նշված գազալցակայանը պատկանել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ին, (...) Ռաֆայել Մխիթարյանը դարձել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրա մայր Ռոզա Վարդանյանը` ընկերության 100 տոկոսի բաժնետերը (...): Ընթացքում նշված գազալցակայանի հետագա գործունեությունը շարունակելու համար Ռաֆայել Մխիթարյանի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել, որի պատճառով նա դիմել է իր ընկեր Վարդան Հովհաննիսյանին և առաջարկել ընկերության 50% բաժնեմասը նվիրատվության հիմունքներով հանձնել նրան և միասին բաժնեմասերով շարունակել գազալցակայանի հետագա գործունեությունը (…): Բացի Արթուր Հարությունյանի հետ ունեցած գումարային պարտք և պահանջից, Ռաֆայել Մխիթարյանը գումարային պարտք և պահանջ է ունեցել նաև Երևան քաղաքի բնակիչ Սամվել Սնխչյանի հետ, որից պարտքով նա գնել է գազալցակայանի համար մարտկոցներ՝ մոտ 43.000 ԱՄՆ դոլարի չափով։ Դրանից հետո Ընկերության բաժնետեր Վարդան Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել իր բաժնեմասը վաճառելու։ (…) Հետագայում Ռաֆայել Մխիթարյանը, գումարային պարտք ու պահանջ ունենալով Արթուր Հարությունյանի հետ, գազալցակայանի 50 տոկոս իր բաժնեմասը ձևակերպել է նրա անվամբ (…): Ռաֆայել Մխիթարյանը, ունենալով գումարային պարտք և պահանջ Սամվել Սնխչյանի և Ռազմիկ Պետրոսյանի հետ, 12.02.2013 թվականին գրավոր կարգով պարտավորվել է մինչև 05.03.2013 թվականի ժամը 17:00-ն ամբողջությամբ մարել Ռազմիկ Պետրոսյանի 20.000.000 ՀՀ դրամ և Սամվել Սնխչյանի 32.000.000 ՀՀ դրամ պարտքը, իսկ նշված օրը և ժամին պարտավորվածությունը չկատարելու դեպքում գազալցակայանը (...) դառնում է նշված անձանց սեփականությունը (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 59-63).

12) 16.09.2016 թվականին Վարդան Հովհաննիսյանի կողմից Ռոզա Վարդանյանին և Ռաֆայել Մխիթարյանին ուղղված «Չկատարված պարտավորության հիշեցում» վերնագիրը կրող գրավոր փաստաթղթում մասնավորապես նշվել է. «(…) 2012 թվականին իմ՝ Վարդան Վիկտորի Հովհաննիսյանիս կողմից ձեր խնդրանքով կատարվել են «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք. Արագածոտնի մարզ, Աշտարակ-Էջմիածին խճ. 4) համար մի շարք շինարարական աշխատանքներ ինչպես նաև բարելավել է նոր սարքավորումներով պայմանով, որ դուք Ռոզա Վարդանյանը կամ սույն գործարքի երաշխավոր Ռաֆայել Մխիթարյանը կվերադարձնեք իմ կողմից վերոնշյալում կատարված աշխատանքների համար ներդրված գումարը։ Ըստ պայմանավորվածության գումարի չափը կազմել է 80.000 ԱՄՆ դոլար, որից 50.000 ԱՄՆ դոլարը արդեն իսկ ձեր կողմից մարվել է։ Ուստի հաշվի առնելով վերոնշյալը խնդրում եմ գրավոր տեղեկացնել թե երբ է ձեր կամ Ռոզա Վարդանյանի կողմից կատարվելու 30.000 ԱՄՆ դոլարի նկատմամբ պարտքը (…)» (հատոր 4-րդ, գ.թ. 70).

13) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Սամվել Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ընկերությունում աշխատել է որպես լիցքավորող: Իր աշխատած տարիներին գազալցակայանն աշխատացրել են Տարոն Պետրոսյանը և Սամվել Սնխչյանը: Սամվել Սնխչյանին տեսել է նաև մասեր բերելիս (հատոր 11-րդ, գ.թ. 11, 12).

14) գործի քննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Սերգեյ Ադամյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ընկերությունում աշխատել է որպես հաշվապահ: Իր աշխատած տարիների ժամանակ տնօրեն է հանդիսացել Ռաֆայել Մխիթարյանը: Հայտնել է, որ գազալցակայանի մի մասը գրանցվել է Վարդան Հովհաննիսյանի անվամբ, իսկ մյուս մասը չի հիշում՝ ում, իսկ հետագայում գազալցակայանը գրանցվել է Տարոն Պետրոսյանի և Սամվել Սնխչյանի անվամբ: Տեղյակ չէ, թե ով ում ինչքան գումար է պարտք: Տեղյակ է, որ Տարոն Պետրոսյանը Վարդան Հովհաննիսյանից է ձեռք բերել գազալցակայանը։ Հայտնել է նաև, որ Վարդան Հովհաննիսյանն այցելում էր գազալցակայան, Սամվել Սնխչյանին նույնպես տեսել է այնտեղ, վերջինս բալոններ է բերել: Ինքը որպես հաշվապահ միայն հարկային հաշվետվություններ է ներկայացրել, իսկ Ընկերության ներքին հաշվարկներին չի մասնակցել, դրանք կատարել է Ռաֆայել Մխիթարյանը: Արթուր Հարությունյանին ինքը երբևէ գազալցակայանում չի տեսել (հատոր 11-րդ, գ.թ. 11, 12)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելիս ապացուցման առարկան կազմող անհրաժեշտ փաստերի ապացուցման և դրանք հաստատված համարելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ վերլուծելով վերը նշված նորմերը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով նշված հասկացությունների բովանդակությունը, նշել է, որ «կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը, իսկ «կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու հարցին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ և Եվգինյա Բղդոյանների թիվ 3‑623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Հետագայում զարգացնելով վերը նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման գործերով ապացուցման առարկան, մասնավորապես, կազմում են հետևյալ փաստերը.

- օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

- այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

- գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

- վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

- կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը (տե՛ս Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երկկողմ գործարքը կնքողներից միայն մեկ կողմի մոտ խաթարված կամքի առկայության դեպքում այդ գործարքը չի կարող գնահատվել շինծու, քանի որ նման փաստերի առկայությունը հնարավոր հիմք է տալիս հանգելու հետևության, որ հարցը վերաբերում է խաբեությամբ կնքված գործարքին (վիճահարույց գործարք), որի համար օրենսդիրը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդված) սահմանել է անվավեր ճանաչելու այլ հիմքեր և դրանից բխող հետևանքներ (տե՛ս Հասմիկ Բլուրցյանն ընդդեմ Վահե Այվազյանի և մյուսների թիվ 3-793 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ նաև այն դեպքերին, երբ որպես շինծու գործարքով քողարկված իրավահարաբերություն վկայակոչվում է հիմնական պարտավորության կատարման ապահովմանն ուղղված պարտավորությունը (օրինակ` գրավի, երաշխավորության, երաշխիքի և այլն):

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը, այդ իսկ պատճառով էլ պարտավորությունների ապահովման միջոցներից որևէ մեկն ինքնուրույն գոյություն ունենալ չի կարող:

Վերը նշված առանձնահատկության հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ որպես շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառում շահագրգիռ անձը դատարանից պահանջել է կիրառել պարտավորության կատարման ապահովման միջոցներից որևէ մեկի կանոնները, վերջինս նախևառաջ պարտավոր է ապացուցել հիմնական պարտավորության առկայության փաստը (տե՛ս Ասյա Դավթյանը և մյուսներն ընդդեմ Կարինե Սիրեկանյանի թիվ ԵԱԴԴ/0134/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ շինծու գործարքի առկայությունը որոշելիս դատարանը յուրաքանչյուր գործով պետք է բացահայտի շինծու գործարքին բնորոշ բոլոր հատկանիշները: Ընդ որում, յուրաքանչյուր հատկանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը։

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ շինծու գործարքներն ամեն դեպքում կամքի արատով գործարքներ են, քանի որ կողմերի` սահմանված ձևով արտահայտած կամահայտնությունը չի համապատասխանում նրանց ներքին կամքին: Ընդ որում, շինծու գործարք կնքելիս կողմերը նպատակ են հետապնդում հասնելու այն արդյունքին, որը նրանք կունենային քողարկված գործարքը բացահայտ կնքելիս` միաժամանակ խուսափելով քողարկված գործարքի կնքման հետևանքով առաջացող իրենց համար իրավական հետևանքներից: Բոլոր այն դեպքերում, երբ շինծու գործարքով քողարկվում է պարտավորության կատարման ապահովումը, նախքան շինծու գործարքի անվավերության հետևանքների կիրառումը հարկ է ապացուցել հիմնական պարտավորության գոյության փաստը, քանի որ պարտավորությունների կատարման ապահովման միջոցները նպատակաուղղված են օժանդակելու իրենց նախատեսման համար հիմք ծառայած պարտավորության կատարմանը և ինքնուրույն գոյություն ունենալ չեն կարող: Հետևաբար, երբ բավարար ապացույցներ չեն ներկայացվում հիմնական պարտավորության առկայության փաստը հիմնավորելու համար, գործարքի նկատմամբ շինծու լինելու հիմքով պարտավորության ապահովման համապատասխան միջոցի կանոնները չեն կարող կիրառվել։

ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ ամեն դեպքում շինծու գործարքի առկայությունն ապացուցելիս գործարքը վիճարկողը պետք է կարողանա ցույց տալ ոչ միայն գործարքի կողմերի կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը, այլ նաև շինծու գործարքով այլ գործարք քողարկելու նպատակի առկայությունը, քողարկող գործարքի իրավական նպատակի իրականացված չլինելը, իսկ այնուհետև քողարկված գործարքի իրավական արդյունքի առկայությունը, այսինքն` իրավական նպատակին հասած լինելը, իսկ պարտավորության կատարման ապահովում քողարկելիս՝ նաև հիմնական պարտավորությունը (տե՛ս Ռեփսիկ և Գեղամ Գասպարյաններն ընդդեմ Արտակ Մարտիրոսյանի թիվ ԵԱԴԴ/1557/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042018 թվականի որոշումը)։

Անդրադառնալով կեղծ գործարքի առանձնահատկություններին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կեղծ գործարքի առկայությունը գնահատելիս դատարանները պետք է գնահատման արժանացնեն գործարքի կողմերի մոտակա և հեռահար նպատակները՝ հաշվի առնելով, որ գործարքի կնքման մոտակա նպատակը գործարքի տպավորություն ստեղծելն է, իսկ հեռահար նպատակը՝ կողմերի կամ նրանցից մեկի համար որևէ առավելություն ստանալը կամ որևէ սահմանափակում շրջանցելը: Հեռահար նպատակի մասին կարող է վկայել, օրինակ, չկատարված պարտավորության, օրինական ուժի մեջ մտած՝ չկատարված դատական ակտի կամ այլ նմանատիպ հանգամանքների առկայությունը (տե՛ս Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ շինծու գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի իրական նպատակադրված կամային ակտը՝ իրական ներքին կամքը՝ ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Շինծու գործարքի դեպքում թեև կողմերն ունեն գործարք կնքելու իրական նպատակ, սակայն արտաքին կամահայտնությունը չի համապատասխանում ներքին կամքին, այսինքն՝ կողմերը, կնքելով գործարք, արտաքին կամահայտնությամբ ստեղծում են այլ իրավահարաբերության պատրանք, որն իրականում չի համապատասխանում իրենց ներքին կամքին՝ այն իրավահարաբերությանը, որը նպատակ են ունեցել ստեղծել։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքի դեպքում ներքին կամքն իրականում թաքցնելով՝ կողմերը նպատակ են հետապնդում հասնելու որոշակի առավելության, որը չէր լինի, եթե կողմերի միջև իրապես կնքվեր այնպիսի գործարք, որը համապատասխանում է իրենց ներքին կամքին։ Ընդ որում, առավելության հասնելու հանգամանքը կարող է դրսևորվել ինչպես քողարկված գործարքի կնքման արդյունքում առաջացող իրենց համար անբարենպաստ իրավական հետևանքներից խուսափելով, այնպես էլ, օրինակ, որևէ սահմանափակում շրջանցելով։

Կողմերի միջև իրականում առաջացած իրավահարաբերություններն այլ իրավահարաբերությամբ քողարկելու ձևով առավելության հասնելու հանգամանքը շինծու գործարքի կարևորագույն տարրերից մեկն է, այն արտահայտում է շինծու գործարք կնքելու կողմերի նպատակը, հակառակ պարագայում իրավահարաբերությունը թաքցնելու անհրաժեշտություն կողմերի մոտ չէր ծագի։

Ավելին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքի առկայության փաստը հաստատելիս ևս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն և պարզեն՝ արդյո՞ք գործարքի կողմերի մոտ առկա է ինչպես մոտակա, այնպես էլ հեռահար նպատակ՝ իրականում առաջացած իրավահարաբերությունները գործարքով քողարկելու համար, քանի որ հակառակ պարագայում չի ապահովվի շինծու գործարք որակելու համար անհրաժեշտ տարրերից մեկը՝ կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքի հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար ապացուցման առարկան կազմող վերոնշյալ փաստական հանգամանքների առկայությունը պետք է հաստատված համարվի գործարքի կողմերից յուրաքանչյուրի կապակցությամբ։ Ընդ որում, այդ փաստական հանգամանքների միաժամանակյա առկայությունն է միայն հիմք կողմերի միջև կնքված գործարքի շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար, այսինքն՝ փաստը վկայակոչող կողմը պարտավոր է ապացուցել, որ գործարքի յուրաքանչյուր կողմի մոտ հավասարապես առկա է վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերությունից տարբերվող՝ այլ քաղաքացիական իրավահարաբերություն ստեղծելու ցանկությունը, համաձայնեցված կամքի արատի առկայությունը, ինչպես նաև վիճարկվող գործարքով այդ իրավահարաբերությունը քողարկելու նպատակը՝ ընդգծելով այն առավելությունը, որն ստացել են գործարքի կողմերը՝ գործարքի կողմերի միջև իրապես առաջացած գործարքը քողարկելով։ Բացի այդ, բոլոր այն դեպքերում, երբ շահագրգիռ անձը դատարանից պահանջում է որպես գործարքի առոչնչության հետևանք կիրառել պարտավորության կատարման ապահովման միջոցներից որևէ մեկի կանոնները, վերջինս պարտավոր է նաև ապացուցել հիմնական պարտավորության առկայության փաստը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Մինչև 23.07.2016 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի իրավահարաբերության ծագման համար հիմք հանդիսացող իրավահաստատող փաստաթուղթն առաջին հերթին գրավի պայմանագիրն է։ Ընդ որում, այդ պայմանագիրը պետք է համապատասխանի գրավի պայմանագրին առաջադրվող վերոնշյալ էական պայմաններին, հակառակ դեպքում նման պայմանագիրը կհամարվի առոչինչ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: (…)։

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս Աշոտ Ղազարյանը և Մարգարիտ Դալլաքյանն ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Յուրիկի Պարանյանի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ներկայացված ապացույցները վերաբերելի են, եթե դրանց բովանդակությունը տեղեկություն է պարունակում այն մասին, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին (տե՛ս Ամրբեկ Չոգունյանն ընդդեմ Հայկ Նազարյանի և Արթուր Դանիելյանի թիվ ԿԴ/0393/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.03.2012 թվականին Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Վարդան Հովհաննիսյանին:

Ռոզա Վարդանյանը՝ որպես 12.03.2012 թվականին կնքված պայմանագրի առոչինչ լինելու հիմնավորում ներկայացրել է դիրքորոշում այն մասին, որ Ռաֆայել Մխիթարյանը պարտավորաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել Վարդան Հովհաննիսյանի հետ և պարտքը երաշխավորելու նպատակով վերջինիս, իրականում որպես գրավ, նվիրատվությամբ տրամադրվել է Ընկերության 50 տոկոս բաժնեմասը։ Նշել է նաև, որ Վարդան Հովհաննիսյանը երբևէ որպես Ընկերության բաժնետեր չի իրացրել իր իրավունքները, ավելին՝ Ընկերությունում կատարված 80.000 ԱՄՆ դոլարի ներդրումների գումարը պահանջել է իրենից և Ռաֆայել Մխիթարյանից, որպիսի փաստը հաստատվում է Վարդան Հովհաննիսյանի կողմից գրված «Չկատարված պարտավորության հիշեցում» վերնագիրը կրող փաստաթղթով (տե՛ս փաստ թիվ 12), իսկ եթե Վարդան Հովհաննիսյանը լիներ իրական բաժնետեր, ապա ինչու պետք է իր Ընկերությունում ներդրված գումարը պահանջեր իրենից ու Ռաֆայել Մխիթարյանից։

19.10.2012 թվականին Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որով Ռոզա Վարդանյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը նվիրել է Արթուր Հարությունյանին։

Ռոզա Վարդանյանը՝ որպես 19.10.2012 թվականին կնքված պայմանագրի առոչինչ լինելու հիմնավորում ներկայացրել է հետևյալ դիրքորոշումը. Ռաֆայել Մխիթարյանի և Արթուր Հարությունյանի միջև առկա է եղել պարտավորաիրավական հարաբերություններ, մասնավորապես՝ Ռաֆայել Մխիթարյանն Արթուր Հարությունյանից 31.000 ԱՄՆ դոլարով գնել է «Պորշ» մակնիշի մեքենա, որից վճարվել է միայն 12.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած 19000 ԱՄՆ դոլարը պարտավորվել է վճարել 01.10.2012 թվականին, որի մասին է վկայում Ռաֆայել Մխիթարյանի և Արթուր Հարությունյանի կողմից 03.08.2012 թվականին կազմված «Ստացական» վերնագիրը կրող փաստաթուղթը (տե՛ս փաստ թիվ 3), Ռոզա Վարդանյանը նշել է, որ Ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսն իրականում որպես գրավ տրվել է Արթուր Հարությունյանին՝ ի ապահովումն Ռաֆայել Մխիթարյանի պարտավորության։

01.03.2013 թվականին Արթուր Հարությունյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Արթուր Հարությունյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Տարոն Պետրոսյանին։

01.03.2013 թվականին Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Վարդան Հովհաննիսյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Սամվել Սնխչյանին։

30.09.2013 թվականին Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Սամվել Սնխչյանն Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը վաճառել է Տարոն Պետրոսյանին։

Գործի նոր քննության փուլում Դատարանը, պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված և Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագրերով, կողմերն իրականում չէին կարող քողարկել որևէ այլ գործարք, քանի որ կողմերի միջև այլ բնույթի իրավահարաբերություններ առկա չեն, իսկ երրորդ անձ` «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ տնօրեն Ռաֆիկ Մխիթարյանի և Վարդան Հովհաննիսյանի ու Ռաֆիկ Մխիթարյանի և Արթուր Հարությունյանի միջև առկա փոխառության պարտավորական իրավահարաբերությունների առկայությունը հիմք չի կարող հանդիսանալ ենթադրելու, որ նվիրատվության պայմանագրերը կնքելով խաթարված են պայմանագրերի կողմերի կամքի արտահայտությունը, այսինքն, նվիրատվության պայմանագրերի կողմերը չէին կարող գիտակցել այլ պայմանագիր լինելը։ Բացի այդ, հայցվորը պնդում է, որ 12.03.2012 թվականին Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև նվիրատվության պայմանագիրը կնքվել է Ռաֆայել Մխիթարյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև առկա փոխառության պարտավորական հարաբերությունների դիմաց գրավի պայմանագիր կնքելու փոխարեն, սակայն դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել վերջիններիս միջև առկա փոխառության պարտավորական հարաբերությունների մասին (…) Ինչ վերաբերում է Արթուր Հարությունյանի և երրորդ անձ` Սամվել Սնխչյանի դիրքորոշումներին, ապա Արթուր Հարությունյանը որևէ կերպ չի ապացուցում, որ իր և Ռոզա Վարդանյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրով խաթարվել է իր կամաարտահայտությունը, իսկ իր և Ռաֆայել Մխիթարյանի միջև առկա փոխառության պարտավորական հարաբերությունները չեն կարող դիտարկվել իր և Ռոզա Վարդանյանի միջև գրավի պայմանագիր կնքելու գործարքի քողարկում։
Երրորդ անձ` Սամվել Սնխչյանը որևէ կերպ չի հանդիսացել գործարքի կողմ, նրա և Ռաֆայել Մխիթարյանի միջև պարտավորական հարաբերությունները ծագել են ավելի ուշ քան վիճելի նվիրատվության պայմանագրերը կնքելը, հետևաբար, նրա դիրքորոշումը չի կարող հիմք հանդիսանալ կողմերի խաթարված կամքի արտահայտությունը գնահատելու համար։
Նման պայմաններում, դատարանը հանգում է հետևության, որ հայցվորի պահանջը իր և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը, իր և Արթուր Հարությունյանի միջև 19.10
2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը որպես շինծու գործարքների առոչինչ ճանաչելու մասին անհիմն է և ենթակա է մերժման։ Դատարանը, նկատի ունենալով, որ մերժվում է հայցվորի պահանջները նվիրատվության պայմանագրերն առոչինչ ճանաչելու մասին, գտնում է, որ անհիմն է դառնում նաև հայցվորի` որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ` Վարդան Հովհաննիսյանի և Սամվել Սնխչյանի միջև 01.03.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Արթուր Հարությունյանի և Տարոն Պետրոսյանի միջև 01.03.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև 30.09.2013 թվականին կնքված «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը, պայմանագրերի հիման վրա բաժնեմասերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, Ռոզա Վարդանյանի սեփականության իրավունքը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ անվավեր ճանաչելու մասին պահանջները», 06.08.2021 թվականին վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Տվյալ դեպքում Ռոզա Վարդանյանը պետք է ապացույցներով հիմնավորեր իր վկայակոչած փաստն այն մասին, որ (…) բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերը շինծու են, որպեսզի հնարավոր լիներ դրանց նկատմամբ կիրառել առոչինչ (շինծու) գործարքների անվավերության հետևանքներ, մասնավորապես, Ռոզա Վարդանյանի սեփականության իրավունքը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ ճանաչելով և որպես Ռաֆայել Մխիթարյանի կողմից Ռազմիկ Պետրոսյանին 52.000.000 ՀՀ դրամ վերադարձնելու ապահովում՝ ճանաչվեր Ռազմիկ Պետրոսյանի գրավի իրավունքը «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ: Գործի նյութերի հետազոտման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանցում բացակայում են հայցվորի վկայակոչած փաստը հիմնավորող ապացույցներ այն մասին, որ Ռաֆայել Մխիթարյանը Ռազմիկ Պետրոսյանին պարտավորվել է վերադարձնել 52 միլիոն ՀՀ դրամ, որի համար հայցվորը հնարավոր է գրավ դներ «ՌՎ ԳԱԶ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը: (…) Ռաֆայել Մխիթարյանի նման բովանդակությամբ պարտավորագիրը չի համապատասխանում գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված իրական փաստերին այն մասին, որ «ՌՎ ԳԱԶ» ՍՊ ընկերության մասնակից Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին, իսկ Արթուր Հարությունյանի և Ռոզա վարդանյանի միջև 19.10.2012թ. կնքվել են բաժնեմասի նվիրատվության պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ռոզա Վարդանյանը Վարդան Հովհաննիսյանին և Արթուր Հարությունյանին նվիրել է «ՌՎ ԳԱԶ» ՍՊ ընկերությունում ունեցած 50.000 ՀՀ դրամ անվանական արժեքով բաժնեմասի յուրաքանչյուրին 25.000 ՀՀ դրամ արժողությամբ մասը, իսկ նրանք ընդունել են այն: Վարդան Հովհաննիսյանը որպես բաժնետեր մասնակցել է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին, ներդրումներ կատարել ընկերությունում, դրա աշխատանքը բարելավելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարել և հետագայում տնօրինելով իր բաժնեմասը՝ այն օտարել է Սամվել Սնխչյանին, իսկ Արթուր Հարությունյանն արտերկրից վերադարձել է Հայաստան իր բաժնեմասը Տարոն Պետրոսյանին օտարելու համար: Նշված հանգամանքների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորը չի հիմնավորել իր վկայակոչած փաստն այն մասին, որ Վարդան Հովհաննիսյանի և Արթուր Հարությունյանի հետ կնքված նվիրատվության պայմանագրերը շինծու են և առոչինչ, քանի որ առնվազն վերջիններիս գործողությունները վկայում են այն մասին, որ նրանք գործարքը կնքելիս ունեցել են նվերն ընդունելու և բաժնեմասի սեփականատեր դառնալու իրական կամահայտնություն: Ինչ վերաբերում է վիճարկվող մյուս՝ առուվաճառքի պայմանագրերին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանց շինծու լինելու վերաբերյալ հայցվորը նույնպես ապացույցներ չի ներկայացրել, մասնավորապես, Տարոն Պետրոսյանը սկզբից ձեռք է բերել Արթուր Հարությունյանի բաժնեմասը, իսկ հետագայում նաև Սամվել Սնխչյանից ձեռք է բերել նրա բաժնեմասը՝ համապատասխանաբար վճարելով դրանց համար: Նման պայմաններում վիճարկվող գործարքներում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը տվյալ դեպքում չի հիմնավորվել: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործի պարագայում ոչ վերը նշված պարտավորագրով, ոչ էլ Ոստիկանության նյութերով չեն հիմնավորվել հանգամանքներն այն մասին, որ կողմերը կնքել են շինծու գործարքներ՝ փաստացի քողարկելով Ռաֆայել Մխիթարյանի կողմից Ռազմիկ Պետրոսյանին 52 միլիոն ՀՀ դրամ գումար վերադարձնելու պարտավորության համար նշված ընկերության բաժնեմասը հայցվորի կողմից գրավ դնելու գործարքը», 07022022 թվականի որոշմամբ Ռոզա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 06.08.2021 թվականի վճիռը թողել է անփոփոխ։

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո և հաշվի առնելով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ռոզա Վարդանյանի ու Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված պայմանագրի՝ որպես շինծու (առոչինչ) գործարք լինելու փաստական հանգամանքին, արձանագրում է, որ Ռոզա Վարդանյանի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ, որ նախ Վարդան Հովհաննիսյանի և Ռոզա Վարդանյանի կամ Ռաֆայել Մխիթարյանի միջև ի սկզբանե առկա են եղել պարտավորաիրավական հարաբերություններ, ինչպես նաև գործի նյութերով չի հիմնավորվել Վարդան Հովհաննիսյանի մոտ նվիրատվության պայմանագրից բխող իրավահարաբերությունից զատ՝ այլ քաղաքացիաիրավական հարաբերություններ առաջացնելու մտադրության առկայությունը։ Ավելին՝ Ռոզա Վարդանյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց՝ ուղղակի կամ անուղղակի, ինչպես նաև որևէ դիրքորոշում, որով կարելի է եզրահանգել, որ Վարդան Հովհաննիսյանի մոտ առկա է եղել գրավի իրավահարաբերությունները նվիրատվությամբ քողարկելու նպատակ, ինչով Վարդան Հովհաննիսյանը հասել է առավելության, որը չէր առաջանա, եթե կողմերի միջև նվիրատվության փոխարեն կնքվեր գրավի պայմանագիր։

Ինչ վերաբերում է Ռոզա Վարդանյանի կողմից մատնանշված «Չկատարված պարտավորության հիշեցում» փաստաթղթին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ փաստաթուղթն առավելապես այն մասին է, որ Վարդան Հովհաննիսյանը, դառնալով Ընկերության բաժնետեր, կատարել է մի շարք ներդրումներ, որոնց կապակցությամբ գումարային պահանջ Ռոզա Վարդանյանին կամ Ռաֆայել Մխիթարյանին ներկայացնելը դեռևս չի խոսում կողմերի միջև կնքված նվիրատվության պայմանագրի առոչինչ լինելու կամ Վարդան Հովհաննիսյանի կողմից նվիրատվության իրավահարաբերությունների փոխարեն գրավի իրավահարաբերություններ առաջացնելու մտադրության մասին, քանի որ Ռոզա Վարդանյանին կամ Ռաֆայել Մխիթարյանին գումարային պահանջ ներկայացնելը կարող է վկայել կողմերի միջև բանակցային գործընթացում ձեռք բերված համաձայնության բնույթի մասին, որպիսի հանգամանքի պարզաբանման վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ։ Ավելին՝ Վարդան Հովհաննիսյանի կողմից Ռոզա Վարդանյանին և Ռաֆայել Մխիթարյանին դրամական պահանջ ներկայացնելը՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կարգով սույն գործի փաստական հանգամանքի հաշվառմամբ չի կարող հաստատել Վարդան Հովհաննիսյանի մոտ նվիրատվության պայմանագիրը կնքելիս արատավոր կամքի առկայության մասին։

Բացի այդ, գործում առկա Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.03.2012 թվականի թիվ 03/12 արձանագրության համաձայն՝ ընդհանուր ժողովի մասնակցել են ինչպես Ռոզա Վարդանյանը, այնպես էլ Վարդան Հովհաննիսյանը, որպիսի հանգամանքը ևս վկայում է Վարդան Հովհաննիսյանի կողմից՝ որպես Ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր, իր իրավազորություններն իրացնելու մասին (տե՛ս փաստ թիվ 2)։ Ավելին՝ քրեական գործի շրջանակում հաստատվել է, որ գազալցակայանի հետագա գործունեությունը շարունակելու համար Ռաֆայել Մխիթարյանի մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել, որի պատճառով նա դիմել է Վարդան Հովհաննիսյանին և առաջարկել Ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվության հիմունքներով հանձնել նրան ու միասին բաժնեմասերով շարունակել գազալցակայանի հետագա գործունեությունը (տե՛ս փաստ թիվ 12)։

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում Ռոզա Վարդանյանի և Վարդան Հովհաննիսյանի միջև 12.03.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի շինծու լինելու հանգամանքը, ինչի պայմաններում առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու համար անհրաժեշտ փաստական հանգամանքները չեն ապացուցվել ու նման հայցապահանջը բավարարման ենթակա չէ։

Անդրադառնալով Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված պայմանագրի՝ որպես շինծու (առոչինչ) գործարք լինելու փաստական հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն պայմանագրի մասով ևս Ռոզա Վարդանյանը չի ներկայացրել բավարար ապացույցներ, որոնք կվկայեն Արթուր Հարությունյանի մոտ նվիրատվության պայմանագիր կնքելիս գրավի իրավահարաբերություններ առաջացնելու ներքին կամքի և դրանով առավելության հասնելու նպատակ ունենալու մասին։ Մասնավորապես՝ Արթուր Հարությունյանի կողմից պայմանագիր կնքելիս որպես կամքի արատի վերաբերյալ ապացույց ներկայացվել է Ռաֆայել Մխիթարյանի և Արթուր Հարությունյանի կողմից 03.08.2012 թվականին կազմված «Ստացական» վերնագիրը կրող փաստաթուղթը, որով Ռաֆայել Մխիթարյանը պարտավորվել է 01.10.2012 թվականին մարել Արթուր Հարությունյանի նկատմամբ ունեցած պարտավորությունը (տե՛ս փաստ թիվ 3)։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդ պարտավորագիրը չի կարող փաստել Արթուր Հարությունյանի մոտ նվիրատվության փոխարեն գրավի իրավահարաբերություններ առաջացնելու նպատակի առկայությունը, քանի որ նման պարագայում Արթուր Հարությունյանը չի կարող հասնել առավել մեծ առավելության, քան հասել է նվիրատվության պայմանագրով, հետևաբար Արթուր Հարությունյանի մոտ իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը չի հիմնավորվում, այսինքն՝ չի հիմնավորվում շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու գործերով ապացուցման առարկան կազմող փաստերի միաժամանակյա առկայությունը։ Բացի այդ, Ռոզա Վարդանյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ Ռաֆայել Մխիթարյանի կողմից 01.10.2012 թվականին մարման ենթակա պարտավորությունը չկատարելու նպատակով 19.10.2012 թվականին բաժնեմասերի նվիրատվության իրավահարաբերությունը հենց գրավի իրավահարաբերություն առաջացնելու նպատակ է հետապնդել, քանի որ, ըստ էության, եթե անգամ դիտարկենք, որ բաժնեմասերի նվիրատվության իրավահարաբերությունն օրգանական կապի մեջ է Ռաֆայել Մխիթարյանի և Արթուր Հարությունյանի միջև առկա ենթադրյալ պարտավորաիրավական իրավահարաբերության հետ, ապա նման փաստը որևէ կերպ չի կարող միանշանակորեն վկայել գրավի իրավահարաբերություններ առաջացնելու մտադրության մասին, քանի որ գույքը կարող է, օրինակ, նվիրատվությամբ հանձնված լինել պարտքի դիմաց, որպիսի իրավահարաբերությունների կարգավորումն այլ է ու չի հանգեցնում նվիրատվությունը՝ որպես գրավի իրավահարաբերություն դիտարկելուն։

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև 19.10.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի շինծու լինելու հանգամանքը, ինչի պայմաններում առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու համար անհրաժեշտ փաստական հանգամանքները չեն ապացուցվել, ու նման հայցապահանջը բավարարման ենթակա չէ։

Ինչ վերաբերում է 01.03.2013 թվականին Արթուր Հարությունյան և Տարոն Պետրոսյանի միջև կնքված, 01.03.2013 թվականին Վարդան Հովհաննիսյանի ու Սամվել Սնխչյանի միջև կնքված, 30.09.2013 թվականին Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռոզա Վարդանյանի ու Վարդան Հովհաննիսյանի, Ռոզա Վարդանյանի և Արթուր Հարությունյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրերի շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջի մերժման պարագայում հաստատվում է, որ Վարդան Հովհաննիսյանը և Արթուր Հարությունյանը որպես բաժնեմասի սեփականատերեր, որոնք գույքը ձեռք են բերել օտարելու իրավունք ունեցող անձից՝ օրենքով սահմանված պայմաններին համապատասխան, իրացրել են իրենց սեփականության իրավունքն ու բաժնեմասերը համապատասխանաբար վաճառել են այլ անձանց։ Ռոզա Վարդանյանի կողմից չեն ներկայացվել ապացույցներ այն մասին, որ Վարդան Հովհաննիսյանի և Արթուր Հարությունյանի մոտ գույքն օտարելիս, իսկ Տարոն Պետրոսյանի ու Սամվել Սնխչյանի մոտ գույքը ձեռք բերելիս առկա է եղել արատավորված կամք, կողմերն առուվաճառքի իրավահարաբերություններ ստեղծելիս ունեցել են քողարկված նպատակ իրականում գրավի իրավահարաբերություններ ստեղծելու և գրավի իրավահարաբերության փոխարեն առուվաճառքի իրավահարաբերություններ ստեղծելիս հասել են որոշակի առավելության, որին չէին հասնի, եթե փոխարենը կողմերի արտաքին կամահայտնությունը ևս ուղղված լիներ գրավի իրավահարաբերություններ առաջացնելուն։ Վերոնշյալ հիմնավորումներով հերքվում է նաև 30.09.2013 թվականին Սամվել Սնխչյանի և Տարոն Պետրոսյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի շինծու լինելու փաստարկը։ Ավելին՝ Ռոզա Վարդանյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց, որը կվկայեր Վարդան Հովհաննիսյանի և Արթուր Հարությունյանի մոտ գույքն օտարելիս, իսկ Տարոն Պետրոսյանի ու Սամվել Սնխչյանի մոտ գույքը ձեռք բերելիս գրավի իրավահարաբերություններ առաջացնելու մտադրության և կողմերի միջև պարտավորաիրավական հարաբերությունների մեջ գտնվելու վերաբերյալ, որի ապահովման նպատակով կարող էր գրավադրվել Ընկերության համապատասխան բաժնեմասը։ Բացի այդ, Ընկերության աշխատակիցների կողմից տրված ցուցմունքները ևս վկայում են, որ Սամվել Սնխչյանը և Տարոն Պետրոսյանը, որպես Ընկերության համապատասխան բաժնեմասի սեփականատերեր, հետամուտ են եղել Ընկերության գործունեության կազմակերպմանը (տե՛ս փաստեր թիվ 13 և թիվ 14)։

Ինչ վերաբերում է Ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ Ռոզա Վարդանյանի սեփականության իրավունքը և Ընկերության 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ Ռազմիկ Պետրոսյանի գրավի իրավունքը ճանաչելու պահանջներին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախ նվիրատվության ու առուվաճառքի գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մերժման պարագայում՝ մերժման են ենթակա նաև այդ պահանջները, սակայն, անդրադառնալով դրանց բովանդակությանը, արձանագրում է, որ Ռոզա Վարդանյանի կողմից չեն ներկայացվել Ռաֆայել Մխիթարյանի կողմից Ռազմիկ Պետրոսյանի հանդեպ 52.000.000 ՀՀ դրամի պարտավորություն ունենալու, այդ պարտավորության կատարման ժամկետների, ինչպես նաև դրա ապահովման համար ենթադրյալ գրավի իրավահարաբերությունների առկայությունը հավաստող ապացույցներ։ Կողմերի միջև գրավի իրավահարաբերությունների առաջացման համար առաջնային համարվող պատշաճ իրավահաստատող փաստաթուղթ ևս առկա չէ, որպիսի պայմաններում կողմերի միջև առկա իրավահարաբերությունը որևէ կերպ չի կարող դիտարկվել և որակվել որպես գրավի իրավահարաբերություն։

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելով ու Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ռոզա Վարդանյանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ռոզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ս. Մեղրյան
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան