ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 457-Ա
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 2024 թվականի հունիսի 4-ի դրությամբ 151,900,000 դրամ շուկայական արժեքով գնահատված, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղաք Սևան, առագաստանավային բազայից արևմուտք գտնվող 1,01 հա հողամասով և դրա վրա գտնվող 307,2 քառ. մետր մակերեսով ռադիոկայանի վարչական շենքով, 87,11 քառ. մետր մակերեսով տեխնիկական սենյակով և 52,25 քառ. մետր մակերեսով էլ. ենթակայանով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1408982, այսուհետ՝ անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը՝ առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |