ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
քաղ. Երևան |
22 ապրիլի 2025 թ. |
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
դատավորներ՝ |
Արման Դիլանյանի (նախագահող), Վահե Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի,
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
դիմող՝ |
Արթուր Ստեփանյանի (այսուհետ՝ Դիմող), |
ներկայացուցիչ՝ |
փաստաբան Սիրանուշ Սահակյանի, |
պատասխանող՝ |
Ազգային ժողովի (այսուհետ՝ Պատասխանող) |
ներկայացուցիչ` |
Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթերը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, վերլուծելով վիճարկվող և վերջիններիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
Վարույթը Սահմանադրական դատարանում
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 7-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 10-ին, ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:
2. Սահմանադրական օրենքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը» վերտառությամբ 94-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է.
«6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: Եթե քվեարկության արդյունքով որևէ որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում չի ընդունում, ապա համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, իսկ որոշումը կազմում և ստորագրում են Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին»:
3. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020 թ. ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ:
4. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 09.02.2022 թ. ՀՕ-22-Ն սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրվել է նոր խմբագրությամբ:
5. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը փոփոխվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.10.2023 թ. ՀՕ-335-Ն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան: Նշված սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ «4. Սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող` Oրենքի 141-րդ հոդվածի 1.5-րդ մասի հիման վրա ընդունված Բարձրագույն դատական խորհրդի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին:
5. Մինչև սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը հարուցված կարգապահական վարույթների, այդ թվում՝ ավարտված կարգապահական վարույթների, և այդ վարույթների արդյունքով կայացված որոշումների նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները»:
6. Գործի քննության առիթը Ա. Ստեփանյանի՝ 2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
7. Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 5-ի ՍԴԱՈ-16 աշխատակարգային որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ «Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 152-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության:
8. Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 22-ի ՍԴԱՈ-55 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 152-րդ հոդվածի 1-ին մասի մասերով, կարճվել է:
Սահմանադրական վեճի համառոտ նախապատմությունը
Սույն գործի նախապատմությունը հանգում է հետևյալին.
9. Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին 2023 թվականի դեկտեմբերի 22-ին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 2023 թվականի դեկտեմբերի 26-ին ստացված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողի հաղորդումը։ Ի լրումն հաղորդման՝ հաղորդում ներկայացնողի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 29-ի գրությամբ (Արդարադատության նախարարությունում այն ստացվել է 03.01.2024 թ.) ներկայացվել են համապատասխան փաստաբանի դիմումները՝ ուղղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։
10. Արդարադատության նախարարի՝ 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 18-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի (այսուհետ նաև՝ դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 2024 թվականի ապրիլի 11-ի թիվ 33-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:
11. Արդարադատության նախարարի՝ 2024 թվականի մայիսի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
12. Խորհրդի՝ 2024 թվականի հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել է դատական նիստ: 2024 թվականի հունիսի 17-ին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է:
13. 2024 թվականի հուլիսի 9-ին հրապարակվել է Խորհրդի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման եզրափակիչ մասը, որով Խորհուրդը որոշել է. «Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
(…)»:
14. Նշված որոշումը հրապարակվել է 2024 թվականի հուլիսի 30-ին:
Դիմողի դիրքորոշումը
15. Դիմողը բարձրացրել է Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները:
Այդ առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) 2024 թվականի հունիսի 17-ին կայացած նիստին մասնակցել են ԲԴԽ բոլոր 10 անդամները (…): Սակայն, դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման քվեարկության ընթացքում հաշվի են առնվել միայն 8 անդամների ձայները: Ավելին՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման բովանդակությունից հետևում է, որ ԲԴԽ-ն այդ որոշումը կայացրել է ամբողջական կազմով, ԲԴԽ բոլոր 10 անդամների մասնակցությամբ:
(…) Թեև դատական նիստին մասնակցել են տասը անդամները, օգտվելով դատավորին վերապահված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ հարցեր տալու, ինչը կարող էր ազդել նրանց դիրքորոշումների ձևավորման վրա, ձայների հաշվարկի հիմքում դրվել է 8-ը: Բացի այդ, ԲԴԽ-ն քվեարկությանը նիստին մասնակցած բոլոր անդամների մասնակցությունն ապահովելու հնարավորություն ունենալով, չի ստեղծել նման պայման, իսկ ձայների հաշվարկի նպատակով անտեսել է դատական նիստին մասնակցած 2 դատավորներին, ինչը խախտում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասն ու 63-րդ հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով ԲԴԽ-ի կողմից նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Որպիսի պայմաններում դատավորի լիազորությունները դադարեցվել են ոչ թե պահանջվող՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն առնվազն 6 ձայն է, այլ՝ 5 կողմ ձայնով»:
Պատասխանողի դիրքորոշումը
16. Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականութան հարցի առնչությամբ, որի համաձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Խորհրդի որոշումն ընդունվում է՝ առանց հաշվի առնելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները՝ Պատասխանողը նշում է. «Ակնհայտ է, որ կոլեգիալ մարմիններում որոշումների կայացման համար միաձայնության պահանջն անխուսափելիորեն հանգեցնելու է որոշումների կայացման անհնարինության և տվյալ մարմնի գործունեության համար անհաղթահարելի խոչընդոտների: Բարձրագույն դատական խորհրդի պարագայում օրենսդիրը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման կայացման համար նախատեսելով նիստին մասնակցող խորհրդի անդամների մեծամասնության, բայց ոչ պակաս քան խորհրդի անդամների առնվազն կեսի ձայնի առկայություն, գտել է, որ նշված քանակությամբ ձայների առկայությունը բավարար է Խորհրդի կողմից լեգիտիմ որոշում կայացնելու համար: Ընդ որում, ՀՀ օրենսդրությունը որևէ պարագայում տարբերակված մոտեցում չի ցուցաբերում կոլեգիալ մարմինների որոշումների միջև կախված այն հանգամանքից, թե տվյալ մարմնի քանի անդամներն են կողմ եղել որոշման կայացմանը: Այսինքն, առավելագույն ձայների առկայությամբ կայացված որոշումն իրավական առումով ունի նույն լեգիտիմությունն ու իրավաբանական ուժն ինչ նվազագույն պահանջվող ձայների քանակությամբ կայացված որոշումը»:
Պատասխանողը խնդրել է սույն գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
Սահմանադրական վեճի քննության շրջանակը
17. Հաշվի առնելով, որ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները վերաբերում են Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի միայն առաջին նախադասության` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների մասով՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, սահմանադրականության հարցին՝ Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի քննության շրջանակում չի անդրադառնում Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասության սահմանադրականության հարցին, քանզի սույն անհատական դիմումի շրջանակում վերջինիս որևէ անդրադարձ կատարված չէ:
18. Միաժամանակ, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված է Խորհրդի՝ որպես դատարան լիազորություններն իրականացնելիս որոշումների ընդունման համար անհրաժեշտ ձայներ սահմանող ընթացակարգը, իսկ սույն գործի անհատական հանգամանքները/փաստերը, ըստ այդմ՝ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթի առնչությամբ ներկայացված հիմնավորումները վերաբերում են միայն կարգապահական վարույթի շրջանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ընդունմանը՝ դատավորի նկատմամբ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ, Սահմանադրական դատարանն Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասության սահմանադրականնության հարցին կանդրադառնա միայն Խորհրդի կողմից դատավորի նկատմամբ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների վերաբերյալ հարցի համատեքստում:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները.
19. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե:
Նշված սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Վիճարկվող օրինադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.
- Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի (որոշումն ընդունվում է նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ), այսինքն՝ հինգ կողմ ձայներով, համապատասխանու՞մ է արդյոք Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին։
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
20. Սահմանադրության՝ «Հանրային ծառայության անցնելու իրավունքը» վերտառությամբ 49-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով»:
21. Սահմանադրական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադարձել է Սահմանադրության 49-րդ հոդվածի առաջին նախադասությամբ ամրագրված՝ ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ այդ առնչությամբ արտահայտելով, մասնավորապես, ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.
«(...) ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք:
Դատավորի պաշտոնն զբաղեցնող անձանց համար՝ այնքանով, որքանով որ դա վերաբերում է դատավորի՝ որպես հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի կրողին, առկա է լրացուցիչ՝ իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող անփոփոխելիության սահմանադրական երաշխիք, որի ապահովման մանրամասները պետք է սահմանվեն բացառապես սահմանադրական օրենքով՝ Դատական օրենսգրքով (...)»:
22. Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման մեջ նշված է.
«1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ընդհանուր հիմունքներով անցնելով հանրային ծառայության, ունի նաև պաշտոնավարման և կամայական հիմքերով պաշտոնից չազատվելու իրավունք,
2) դատավորի պաշտոնն զբաղեցնող քաղաքացին, ի լրումն պաշտոնավարման ընդհանուր իրավունքի, ձեռք է բերում հատուկ երաշխիք՝ պաշտոնավարման հաջորդայնությունը երաշխավորող անփոփոխելիության տեսքով,
3) դատավորի պաշտոնից քաղաքացին կարող է հեռանալ կամ հեռացվել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով, Սահմանադրությամբ կանխորոշված կարգով՝ սահմանադրական օրենքով ամրագրված հատուկ ընթացակարգի գործադրմամբ,
4) դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման՝ Սահմանադրությամբ ամրագրված այն հիմքերի մեկնաբանության ժամանակ, որոնք ենթակա են կոնկրետացման սահմանադրական օրենքում, օրենսդիրը պետք է դրսևորի զսպվածություն և օրենսդրական կարգավորումների միջոցով չնենգափոխի Սահմանադրության համակարգային տրամաբանությունը, այն է՝ անհարկի չընդլայնի այդ հիմքերի կիրառման օրենսդրական հնարավորությունը, թույլ չտա դրանց կամայական մեկնաբանություն, երաշխավորի դրանց կիրառման ժամանակ արդարության բոլոր պահանջների պահպանումը, այդ թվում՝ պատշաճ ընթացակարգային երաշխիքներ դատավորի լիազորությունները դադարեցնելու ժամանակ:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ բոլոր դեպքերում, երբ դադարեցվում են դատավորի լիազորությունները, դա վերաբերում է ոչ միայն դատավորի կարգավիճակին, այլ նաև նրա՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքին. նա զրկվում է հետագա պաշտոնավարման իր իրավունքից, ուստի նրա այդ իրավունքը սահմանափակվում է» (կետ 4.1):
23. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ դատավորի նկատմամբ կիրառվում է «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժը՝ ի հաշիվ վերջինիս իրավասահմանափակիչ ներուժի խիստ ինտենսիվ բնույթի, սահմանափակվում է նրա՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքը: Այլ կերպ՝ կարգապահական տույժերի տեսակներից «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» տույժի կիրառման հետևանքային ազդեցության շրջանակի մեջ ներառվում է նաև հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանափակումը. հետևաբար՝ անհրաժեշտ է, որ նշված կարգապահական տույժի կիրառումը յուրաքանչյուր դեպքում ուղեկցվի ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային այնպիսի երաշխիքներով, որոնց առկայությունը կբացառի վերոնշյալ սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման հնարավորությունը:
24. Նշվածը, ի թիվս այլնի, վերաբերում է նաև Խորհրդի կողմից «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակի ընտրությամբ և կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ ընդունելու այնպիսի արդյունավետ ընթացակարգի առկայությանը, որի պայմաններում, մի կողմից, դատավորի լիազորությունների դադարեցումը չի հանգեցնի հանրային ծառայության անցնելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, մյուս կողմից՝ համապատասխան որոշումը կմարմնավորի Խորհրդի՝ որպես կոլեգիալ մարմնի կարգապահական վարույթի արդյունքում ձևավորած դիրքորոշումը:
25. Սահմանադրությամբ ամրագրված են մի շարք հիմնարար սկզբունքներ, որոնք ամրագրում են դատարանների՝ որպես միասնական պետական իշխանության ինքնուրույն թևի՝ դատական իշխանության, և դատավորների՝ որպես դատական իշխանության միակ կրողների, սահմանադրական կարգավիճակը՝ սահմանադրորեն երաշխավորելով նրանց անկախությունը։ Օրենքները կոչված են իրավական համարժեք երաշխիքներ ստեղծելու այդ անկախության ամրապնդման համար։
Սահմանադրության՝ «Դատավորի կարգավիճակը» վերտառությամբ 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է (...)»: Վերոնշյալի համատեքստում Խորհրդի կողմից «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում ընդունելու այնպիսի ընթացակարգը, որի պայմաններում դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումը կարող է ընդունվել Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կողմ ձայներով, լրջորեն վտանգում է դատավորի անկախության սկզբունքը, քանզի տեղի է ունենում ոչ իրավաչափ միջամտություն դատավորի հետագա պաշտոնավարմանը:
Սահմանադրական դատարանի գնահատմամբ սույն գործին վերոնշյալի համատեքստում վերաբերելի է Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-1613 որոշման մեջ արտացոլված արձանագրումն առ այն, որ «(...) դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ կանոնակարգումներում սահմանված պաշտպանական լրացուցիչ երաշխիքները դատավորին տրամադրված ոչ թե արտոնություն է, այլ (…) նրանց անկախության ինստիտուցիոնալ երաշխիք» (կետ 4.2.1)։
26. Սահմանադրության` «Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը» վերտառությամբ 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:
27. Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1757 որոշման մեջ արձանագրված է. «Նշված պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ ու իրական կենսագործմանը, քանզի իրավունքի կամ ազատության սոսկ ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար. ուստի՝ համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական մակարդակում ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու համար» (կետ 5.1):
28. Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման շրջանակներում անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է. «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը» (կետ 4.5):
29. Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրված է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (կետ 4.1)։
30. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Խորհրդի կողմից դատավորի նկատմամբ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ընդունման՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված ընթացակարգը պետք է համահունչ լինի Սահմանադրության 75-րդ հոդվածին՝ չվտանգելով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի արդյունավետ իրացումը:
31. Սահմանադրության՝ Խորհրդի լիազորություններն ամրագրող 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ Խորհուրդը լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
32. Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշման մեջ նշված է. «Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքների և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, ապա դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է (...) այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին» (կետ 4.8):
Սահմանադրության նշված դրույթին համապատասխան՝ Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով որոշակիացված է հարցերի այն շրջանակը (դատավորին և Խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ), որոնք քննելիս Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
33. Խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերում թվարկված լիազորությունները Խորհրդի՝ Սահմանադրության 173-րդ հոդվածով ամրագրված առաքելության էական բաղադրիչներն են, որոնք բովանդակում են առանցքային հանրային շահեր և ուղղակիորեն առնչվում են ինչպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը, այնպես էլ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։
34. Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալիս որոշումների ընդունման ընթացակարգն ամրագրված է Օրենսգրքի՝ «Բարձրագույն դատական խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը» վերտառությամբ 94-րդ հոդվածի 6-րդ մասով, որի առաջին նախադասությամբ սահմանված է, որ, ի թիվս այլ հարցերի, դատավորին և Խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
35. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ օրինադրույթով սահմանված ընթացակարգի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումը կարող է ընդունվել Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով:
36. Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ սույն գործով զեկուցող դատավորի 24.02.2025 թ. ՍԴԴ-14 և 26.02.2025 թ. ՍԴԴ-15 գրություններին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի ստորագրությամբ ստացվել է 07.03.2025 թ. թիվ ԴԴ-1 Ե-1777 գրությունը (Խորհրդի նախագահի հանձնարարությամբ), որի համաձայն՝ «(...) դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ (այսուհետ՝ Վարույթ) 17.06.2024թ. կայացած նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր տասն անդամները: Նշված օրը կայացած նիստում հարցի քննությունը հայտարարվել է ավարտված և Խորհուրդը հեռացել է որոշում կայացնելու: Վարույթով Խորհրդի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է 09.07.2024թ. (…):
(...) մինչև Վարույթով Խորհրդի կողմից որոշման ընդունումը՝ Խորհրդի նախագահի 19.06.2024թ. թիվ 72-Ա հրամանի համաձայն՝ Խորհրդի անդամ (...)ը 24.06.2024-28.06.2024թթ. ներառյալ գտնվել է գործուղման մեջ, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի 13.06.2024թ. թիվ 48-Ա հրամանի համաձայն՝ 01.07.2024-26.07.2024թթ. ներառյալ՝ ամենամյա հերթական արձակուրդում: Բացի այդ, օրենքի ուժով (...) 21.06.2024 թվականին դադարել է (…)ի որպես Խորհրդի անդամ պաշտոնավարելու հնգամյա ժամկետը (...):
(…)
(...) Վարույթով որոշման ընդունման համար Խորհրդի նիստը կայացել է 09.07.2024թ., որին մասնակցել են Խորհրդի տասն անդամներից ութը (…), որոնցից հինգը՝ կողմ է քվեարկել որոշման ընդունմանը և ստորագրել այն, իսկ երեքը՝ ներկայացրել են հատուկ կարծիք, այսինքն՝ փաստացի պահանջվել է Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայն: Արդյունքում՝ Խորհրդի 09.07.2024թ. թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը ստորագրվել է տվյալ նիստին մասնակից և կողմ քվեարկած հինգ անդամների կողմից:
(...) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-22-Ն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 25.02.2022թ. մինչ օրս Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի (5) կողմ ձայնով էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցվելու մասին կայացվել է ընդհանուր թվով 1 որոշում, այն է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Խորհրդի 09.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշումը»:
37. Քննարկվող հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը նկատում է, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու և հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ:
38. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասով և 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված կարգավորումների գործողության պայմաններում Խորհրդի՝ համապատասխանաբար՝ դատարանակազմական լիազորություններ իրականացնելիս որոշումների ընդունման համար պահանջվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, իսկ Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալով լիազորություններն իրականացնելիս որոշումների ընդունման համար՝ նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը (որպես դատարան հանդես գալու դեպքում Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին (Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մաս)), եթե որոշմանը կողմ է քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:
39. Հաշվի առնելով քննարկման առարկա իրավահարաբերությունների կարևորությունն ու խնդրո առարկա շահերի խոցելիությունը, ինչպես նաև դրանց նկատմամբ հանրային արձագանքի զգայունությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները պետք է իրականացվեն դատական վարույթներին առաջադրվող սահմանադրաիրավական և դատավարական սկզբունքների խստիվ պահպանմամբ, այդ թվում՝ համապատասխան որոշումների ընդունման ընթացակարգի առնչությամբ, իսկ այդ որոշումների ընդունման ընթացակարգերն ամրագրող իրավակարգավորումները չպետք է լինեն խնդրահարույց՝ անձի, առավել ևս՝ դատավորի կարգավիճակ ունեցող անձի, անհատական իրավունք(ներ)ին միջամտության առումով: Նշվածն առանձնակի կարևորություն է ձեռք բերում կարգապահական վարույթի արդյունքներով «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ, ինչը ենթադրում է ամենաինտենսիվ միջամտություն անձի անհատական իրավունք(ներ)ին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունման պայմաններում:
40. Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
41. Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Խորհուրդը կազմված է տասն անդամից:
Սահմանադրության նշված հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասումթյանը համապատասխան՝ Խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ համապատասխան պահանջը բավարարող դատավորների կազմից: Սահմանադրության նույն հոդվածի 3-րդ մասով ամրագրված է, որ Խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ համապատասխան պահանջները բավարարող իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից. Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:
42. Խորհրդի կազմի առումով սահմանադրական մակարդակում ամրագրում ստացած վերոնշյալ համամասնականությունը խթանում է Խորհրդի ժողովրդավարական լեգիտիմությունը՝ հաշվի առնելով, որ Խորհրդի կազմը համալրվում է ինչպես դատական, այնպես էլ օրենսդիր իշխանության ճյուղերի կողմից՝ միաժամանակ, լեգիտիմության բարձր որակ (աստիճան) հաղորդելով Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալիս, այդ թվում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու սահմանադրական լիազորությունն իրականացնելիս համապատասխան գործընթացին և դրա արդյունքում ընդունվող որոշումներին:
43. Հաշվի առնելով Խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու իր սահմանադրական բացառիկ լիազորության իրականացման շրջանակում «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի (վերջինիս ընտրությունն ու կիրառումը Խորհրդի, ըստ էության, օրենսդրական մենաշնորհն է) կիրառմամբ դատավորի լիազորությունները դադարեցնելու հետևանքային ազդեցությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը պետք է նախատեսի այնպիսի կարգավորում, որը, մի կողմից` կբացառի Խորհրդի նշված լիազորության իրականացման շրջանակում Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կարգապահական տույժերի տեսակներից մեկի, առավել ևս՝ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունման հնարավորությունը՝ բացառապես հինգ դատավորի կամ բացառապես հինգ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների կողմ ձայներով, մյուս կողմից՝ կերաշխավորի վերոնշյալ որոշման ընդունումը Խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ առնվազն վեց կողմ ձայներով, քանզի Խորհուրդը, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կազմված է տասն անդամից: Մինչդեռ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված կարգավորման գործողության ուժով դատավորը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, արդյունքում՝ նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով կարող են դադարեցվել Խորհրդի համապատասխան որոշմանը Խորհրդի հինգ անդամի կողմ քվեարկելու դեպքում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Խորհրդի՝ տասն անդամից կազմված լինելու վերաբերյալ սահմանադրական դրույթի գործողության պայմաններում Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունում գործածված «խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» ձևակերպումը չի տեղավորվում «մեծամասնություն» եզրույթի ներքո: Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը վերաբերում է Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալիս լիազորությունների իրականացմամբ որոշումների ընդունմանը, ինչն ավելի է ընդգծում վերոնշյալ օրենսդրական կարգավորման՝ սահմանադրականության առումով խնդրահարույց լինելը՝ առավել ևս այն պայմաններում, երբ Խորհրդի՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ դատարանակազմական լիազորություններ իրականացնելիս որոշումների ընդունման համար պահանջվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
44. Սահմանադրական դատարանը վերոնշյալի առնչությամբ նկատում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնավորումների համաձայն՝ «Վենետիկի հանձնաժողովը խրախուսում է դատական ինքնակառավարման մարմնում դատավոր և ոչ դատավոր անդամների միջև հավասարակշռման ապահովումը՝ կորպորատիվ կառավարման ռիսկերից խուսափելու համար: Եվրոպայի խորհրդի թիվ (2010)12 հանձնարարականի համաձայն՝ դատավորների խորհրդի անդամների առնվազն կեսը պետք է լինեն դատավորներ, որոնք ընտրվում են իրենց գործընկեր դատավորների կողմից՝ դատական իշխանության բոլոր ատյաններից` ապահովելով դատական համակարգի ներսում բազմակարծությունը:
(…) Վենետիկի հանձնաժողովի կարծիքներում առավել ողջունվում է ոչ դատավոր անդամների նշանակումը խորհրդարանի կողմից:
(…)
Բարձրագույն դատական խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման առումով խիստ կարևոր քայլ է նաև նախագծով դատավոր և ոչ դատավոր անդամների միջև պարիտետի հաստատումը: Համաձայն նախագծի` Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամներից, որոնցից հինգին ընտրում է Ազգային ժողովը` (…), հինգին` դատավորների ընդհանուր ժողովը (...): Դրանով դատական իշխանության առանցքային մարմնի ձևավորման ժամանակ էապես կարևորվում է լայն քաղաքական համաձայնությունը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջև (...)» («2. Դատական իշխանության ինքնուրույնության և ինքնակառավարման բարձրացումը», էջ 42):
45. Սահմանադրական դատարանը նկատում է, որ Օրենսգրքի՝ ընդունման պահին գործող խմբագրությամբ 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունն ուներ հետևյալ բովանդակությունը՝ «6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ»:
46. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 25.03.2020 թ. ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ «6. Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումները՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: (...)»:
47. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 09.02.2022 թ. ՀՕ-22-Ն սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրվել է նոր խմբագրությամբ:
48. Քննարկվող հարցի առնչությամբ առանցքային նշանակություն ունի Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի ՍԴՈ-1598 որոշմամբ (համապատասխան դիմումով վիճարկվում էր նաև Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականությունը) արտահայտված այն դիրքորոշումը, որի համաձայն՝ «Սահմանադրական դատարանը նկատում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածուի հավակնորդին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումներն այս ատյանի ձևավորման վերը նշված նպատակին համահունչ կայացնելու համար օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համաձայնությունը, ինչը, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։ Սա բխում է դատական իշխանության ձևավորման՝ ներառյալ դատավորներ նշանակելու ընթացակարգի բաղադրիչ համարվող մասերին վերաբերող որոշումներին առաջադրվող ժողովրդավարական լեգիտիմության պահանջից։
(…) Հաշվի առնելով, որ վիճարկվող իրավադրույթներով կայացվող որոշումները դասվում են դատական իշխանության դատարանակազմական կարևոր գործառույթի առանցքային որոշումների շարքին, Սահմանադրական դատարանն արդարացված է համարում նման որոշումները Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 6 անդամների «կողմ» ձայներով ընդունելու մասին օրենսդրի ընտրությունը։ Տվյալ դեպքում նման իրավակարգավորման նպատակը դատական իշխանության ձևավորման ընթացքում դատավորի պաշտոնի համար այնպիսի թեկնածուի ընտրությունն է, որն արժանացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներից առնվազն վեցի հավանությանը, այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի այնքան անդամների համաձայնությամբ, որը բացառում է միայն դատավորների ընդհանուր ժողովի կամ միայն Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից որոշումների կայացումը՝ ապահովելով, որ դատավորի նշանակման այս առանցքային ընթացակարգում ապահովվի որոշումների կայացումը պետական իշխանության երկու ճյուղերի կողմից ընտրված անդամների համաձայնությամբ։
Հետևաբար՝ վիճարկվող իրավադրույթները բխում են Բարձրագույն դատական խորհրդի ստեղծման և գործունեության հիմքում ընկած սահմանադրի նպատակներից» (կետ 4.8)։
49. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի՝ սույն որոշման 48-րդ կետում մեջբերված դիրքորոշումները (mutatis mutandis) վերաբերելի են նաև Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Խորհրդի որոշման ընդունման համար ընթացակարգի արդյունավետությանը:
50. Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված այն կարգավորումը, որին համապատասխան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Խորհրդի որոշման ընդունման համար սահմանված է ձայների այնպիսի շեմ, ինչպիսին է Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, Խորհրդի կողմից դատավորի նկատմամբ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ համապատասխան որոշման՝ Խորհրդի անդամների հինգ կողմ ձայներով ընդունման պայմաններում, հանգեցնում է Խորհրդի որոշման ժողովրդավարական լեգիտիմության բարձր գործակից չապահովելու առումով անձի՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, հետևաբար՝ համահունչ չէ Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, ինչպես նաև 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին:
51. Նման պայմաններում Սահմանադրական դատարանն այլևս անհրաժեշտ չի համարում անդրադառնալ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված համապատասխան կարգավորմանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հարցին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածի 1-ին և 4-5-րդ մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանա-դրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման համար այնպիսի կարգավորում նախատեսելու մասով, որի պայմաններում որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով, ճանաչել Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին հակասող:
2. Հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին, 19-րդ մասին և 69-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով՝ դրանում նշված օրենսդրական կարգավորման մասով, Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու սույն որոշմանը:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
22 ապրիլի 2025 թվականի ՍԴՈ-1780 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2025 թվական: