ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 77-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «գնահատումը» բառից հետո լրացնել «և հարկադիր իրացումը» բառերով.
2) 1-ին մասը «որոշում է» բառերից առաջ լրացնել «սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում» բառերով.
3) 2-րդ մասը «փորձագետի միջոցով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Արգելադրված գույքի հարկադիր իրացումը կազմակերպվում է աճուրդով, եթե սույն օրենքով հարկադիր իրացման այլ ընթացակարգ սահմանված չէ:»:
Հոդված 2 . Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արգելադրված գույքը հարկադիր աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 87.1-ին հոդվածով.
«Հոդված 87.1. | Կրիպտոակտիվների վրա բռնագանձում տարածելը |
1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջոցով: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով՝ առանց կիրառելու 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 5-րդ մասը:
2. Կրիպտոակտիվները սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Կրիպտոակտիվների հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ կրիպտոակտիվի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին իրավական ակտերին համապատասխան:
4. Եթե պարտապանին պատկանող կրիպտոակտիվները հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում և հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91.1-ին հոդվածով.
«Հոդված 91.1. | Ցուցակված արժեթղթերի վրա բռնագանձում տարածելը |
1. Հարկադիր կատարողը պարտապանին պատկանող՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված կարգով ցուցակված արժեթղթերը հարկադիր իրացնում է պարտապանի հետ պայմանագրային հարաբերություններում գտնվող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ցանկացած այլ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված ներդրումային ծառայություններ մատուցող անձի միջոցով: Ներդրումային ծառայություններ մատուցող անձի հետ սույն հոդվածով նախատեսված հարաբերություններում հարկադիր կատարողը հանդես է գալիս որպես պարտապանի ներկայացուցիչ՝ սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, առանց կիրառելու 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 5-րդ մասը:
2. Ցուցակված արժեթղթերը սույն հոդվածով սահմանված կարգով իրացնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Ցուցակված արժեթղթերի հարկադիր իրացման նպատակով հարկադիր կատարողը դրանց շուկայական արժեքի գնահատում չի իրականացնում, իսկ արժեթղթի վաճառքն իրականացվում է դրա՝ տվյալ պահին գործող շուկայական արժեքով՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքին և տվյալ կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան:
4. Եթե պարտապանին պատկանող ցուցակված արժեթղթերը հնարավոր չէ իրացնել սույն հոդվածով սահմանված կարգով, ապա դրանք գնահատվում և հարկադիր իրացվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-171-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|