Գլխավոր տեղեկություն
Համար
N 545-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2025
Ընդունող մարմին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահին ժամանակավոր փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2025 թվականի

N 545-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 326-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը և 2-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 36-րդ և 37‑րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի «Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման կարգը սահմանելու մասին» թիվ 326‑Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Տ. Մարկոսյան

 

2025 թ. օգոստոսի 15

Երևան

 

 

Հավելված

Մրցակցության և սպառողների

շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 545-Ն որոշման

 
ԿԱՐԳ
 
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ
 
ԳԼՈՒԽ 1
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման (այսուհետ՝ Մշտադիտարկում) և դրա արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները:

2. Մշտադիտարկման նպատակն է բացահայտել, գնահատել և հաղթահարել տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության ոլորտում առկա իրավական բացերը, կոլիզիաները և այլ իրավական խնդիրները (այսուհետ նաև՝ իրավական խնդիրներ)։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

3. Մշտադիտարկումն իրականացվում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից։

4. Մշտադիտարկումն իրականացվում է ինչպես վարչական վարույթների, ոլորտային ուսումնասիրությունների, այնպես էլ համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ վերապահված այլ գործառույթների իրականացման շրջանակում։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթների իրականացման արդյունքում տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության վերաբերյալ իրավական խնդիրներ բացահայտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի իրավաբանական վարչություն (այսուհետ՝ Վարչություն) են ներկայացնում համապատասխան տեղեկանք։

6. Վարչությանը ներկայացվող տեղեկանքը պետք է պարունակի․

1) իրավական խնդրի հակիրճ նկարագրությունը,

2) առկայության դեպքում իրավական ակտի վերնագրի նշումը, որին առնչվում է տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության հետ կապված իրավական խնդիրը,

3) հիմնավորումներ՝ ինչպես է իրավական խնդիրն ազդում մրցակցային միջավայրի կամ սպառողների շահերի վրա,

4) հնարավորության դեպքում՝ բարձրացված խնդրի լուծման վերաբերյալ առաջարկություն։

7. Վարչությունը տեղեկանքը ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան օրենսդրական ոլորտի ուսումնասիրություն։

8. Տեղեկանքի ուսումնասիրության արդյունքում Վարչությունը կազմում է զեկուցագիր՝ իրավական խնդրի լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորումներ։ Ուսումնասիրության արդյունքում կազմված զեկուցագիրը Վարչությունը ներկայացնում է Հանձնաժողովի նախագահին։

9. Բարձրացված իրավական խնդրի վերաբերյալ զեկուցագրի ուսումնասիրության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի նախագահն իրավական խնդիրը և խնդրի լուծման անհրաժեշտության առաջարկությունը ներկայացնում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին:

10. Այն դեպքում, երբ իրավական խնդիրը բացահայտվել և արձանագրվել են ոլորտային ուսումնասիրություն կամ վարույթ իրականացնելու արդյունքում ընդունված Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, տեղեկանք չի կազմվում։

11. Ոլորտային ուսումնասիրություն կամ վարույթ իրականացնելու ընթացքում իրականացված մշտադիտարկման արդյունքում բացահայտված իրավական խնդիրը և համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին ուղղված խնդրի լուծման անհրաժեշտության առաջարկությունը ձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

12. Յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո Վարչությունը Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է ամփոփ հաշվետվություն՝ տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման հետ կապված։

13. Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման արդյունքում կազմված հաշվետվությունը պարունակում է.

1) իրավական խնդիրը բացահայտած հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,

2) իրավական խնդրի հակիրճ նկարագրությունը,

3) մրցակցային միջավայրի կամ սպառողների շահերի վրա հայտնաբերված իրավական խնդրի ազդեցության նկարագրությունը,

4) իրավական խնդրի հաղթահարմանն ուղղված առաջարկության նկարագրությունը,

5) առաջարկությունը Հանձնաժողովի նախագահի կողմից համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը,

6) առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից Հանձնաժողովի առաջարկության կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան