Գլխավոր տեղեկություն
Համար
N 1594-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2026-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2025 թվականի N 1594-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 744-Ն որոշման հավելվածի՝

1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը (այսուհետ` չափորոշիչ) հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որը բխում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից, սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների (ըստ տարիքային խմբերի) զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը (զարգացման ոլորտներով պայմանավորված վերջնարդյունքները), նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման վերջնարդյունքների ապահովման հիմքերը:

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝

1) նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.

2) նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի.

3) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը. ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները և, դրանցով պայմանավորված, կրթական ծրագրի բաղադրիչները.

4) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:».

2) 8-րդ կետում`

ա. «հայերենով» բառից հետո լրացնել «, հստակ է արտաբերում հայերենի հնչյունները» բառերով,

բ. «համապատասխան բառապաշար» բառերից հետո լրացնել «, կառուցում է կապակցված խոսք» բառերով.

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն՝ սանը ճանաչում է առարկաները, դրանց մասերի կապերը, հարաբերությունները, տեսնում է պարզ պատճառահետևանքային կապեր երևույթների, իրադարձությունների միջև։ Դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն, ակտիվություն շրջապատող աշխարհի, առարկաների և երևույթների, ինչպես նաև հետաքրքրասիրություն՝ հարաբերությունների կառուցման հանդեպ: Սեփական նախաձեռնությամբ ներգրավվում է գործունեության տարբեր ձևերում:».

4) 10-րդ կետում՝

ա. «ձեռք է բերում» բառերը փոխարինել «ունի» բառով,

բ. «կառավարել իր հույզերը» բառերը փոխարինել «կառավարել սեփական հույզերը» բառերով.

5) 12-րդ կետից հանել «Հարցադրումներով փորձում է հստակեցնել տեղեկատվության իսկությունը։» նախադասությունը.

6) 12-րդ կետում «ստույգ» բառը փոխարինել «հավաստի» բառով.

7) 13-րդ կետում՝

ա. «գեղեցիկը,» բառից հետո լրացնել «ներկայացնում և» բառերով,

բ. «կառուցողական» բառը փոխարինել «կերպարվեստային» բառով.

8) 14-16-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն՝ սանը ճանաչում, հետազոտում, դասակարգում է առարկաները, համեմատում է դրանք ըստ հատկությունների՝ չափի, ձևի, գույնի, նյութի, տարբերակում է մասը և ամբողջը, գտնում դրանց միջև եղած կապերը, ճանաչում և անվանում է տարածական մարմինները և երկրաչափական պատկերներն ըստ հատկանիշների: Կողմնորոշվում է ժամանակի և տարածության մեջ: Սանը ճանաչում է 0-9 թվանշանները, գիտի թվի և թվանշանի տարբերությունը, թվի միավոր կազմը, կարողանում է որոշել առարկաների քանակը, գիտի կարգ ու կարգային հաշիվ: 10-ի սահմաններում կատարում է մաթեմատիկական պարզ գործողություններ, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ։ Ունի տարրական պատկերացումներ պարզ օրինաչափությունների մասին, կազմում է գործողությունների քայլաշար (ալգորիթմ), պարզ թվաբանական խնդիրներ և առաջարկում լուծումներ: Ցուցաբերում է հետաքրքրություն կառուցողական խաղերի հանդեպ, նոր արդյունք ստանալու համար համադրում է ծանոթ մասերը:

15. Տնտեսական կարողունակություն՝ սանը ճանաչում և վերլուծում է սեփական և այլոց աշխատանքի արդյունքները: Գիտի տնտեսական պարզ հասկացություններ, տարբեր մասնագիտությունների անվանումները և դրանց առանձնահատկությունները, իր կողմից կիրառվող առարկաների ձեռքբերման եղանակները: Հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների միասնականությունն ու փոխկապակցվածությունը: Գիտի բնության առանձին երևույթների վտանգների մասին, տիրապետում է դրանցից պաշտպանվելու տարրական կանոններին, դրսևորում է անվտանգ վարքագիծ բնության առանձին երևույթների՝ կայծակի, ամպրոպի, կարկուտի, անձրևի, մառախուղի ժամանակ: Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի և դրա պահպանման վերաբերյալ: Կարողանում է նկարագրել մարդու և տնտեսության ազդեցությունը բնության վրա: Հասկանում է շրջակա միջավայրի պահպանման գործում սեփական դերը, նշանակությունը, մասնակցում է այդ գործընթացին և դրսևորում է խնայողական վերաբերմունք:

16. Ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն՝ սանը պատկերացում ունի առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման, վարակների տարածման կանխարգելման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա կանոնակարգի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին: Հասկանում է անվտանգ կենսակերպ պահպանելու կարևորությունը: Դրսևորում է մերժողական վերաբերմունք վնասակար սովորությունների վերաբերյալ: Տարբերակում է առողջ ու անառողջ սննդակարգերը, ցուցաբերում է առողջ սնունդ ընտրելու կարողությունը` սեփական ալերգիաների, սննդային հակացուցումների և ընդհանուր առողջության պահպանման համատեքստում: Գիտակցում է ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակությունը, ընդհանուր պատկերացում ունի շարժողական ընդունակությունների մասին: Ճիշտ է կատարում ֆիզիկական, մարմնամարզական, աթլետիկական վարժություններ, տարաբնույթ շարժողական գործողություններ շարժախաղերում, մարզախաղերում, շարժողական ակտիվության այլ ձևերում: Ինքնուրույն կատարում է նմանողական շարժումներ, ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանձին, զույգերով, խմբով, մարզագույքով: Վարժությունների կատարման ընթացքում, շարժախաղերում, թիմային խաղերում դրսևորում է բարոյակամային որակներ:

Ունի տարրական պատկերացումներ ամառային և ձմեռային տարածված մարզաձևերի, մարզագույքի, սպորտային հանդերձանքի մասին: Ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների:».

9) 19-րդ կետի 2-րդ ենթակետում «հաղորդակցական» բառը փոխարինել «հաղորդակցման» բառով.

10) 20-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից հանել «սանն» բառը,

բ. 3-րդ ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը. փորձում է աշխատել մատիտով, վրձնով, ծեփանյութով.»,

գ. 4-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,» բառերը,

դ. 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ. խաղում է ջրային խաղեր,»,

ե. 4-րդ ենթակետի «ժ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժ. կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,»,

զ. 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» պարբերությունով՝

«ժա. ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու կարողություններ, փորձում է աշխատել մկրատով.»,

է. 5-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ. գիտի ամառային և ձմեռային մարզաձևերը, ճանաչում է հայ անվանի մարզիկների,

դ. խաղում է ջրային խաղեր, ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ,»,

ը. 5-րդ ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է. կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն,»,

թ. 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» և «ժա» կետերով՝

«ժ. տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,

ժա. ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ.»,

ժ. 6-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «ուղղվածության» բառը,

ժա. 6-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ե. ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,»,

ժբ. 6-րդ ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը. օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,»,

ժգ. 6-րդ ենթակետի «ժա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժա. կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա կանոնակարգին ներկայացվող պահանջները,»,

ժդ. 6-րդ ենթակետի «ժգ» պարբերությունը «մասին,» բառից հետո լրացնել «ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների,» բառերով,

ժե. 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» պարբերությունով՝

«ժե. ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու հմտություններ։».

11) 21-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «խոսքային,» բառը,

բ. 4-րդ ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ը. արտաբերում է հայերենի հնչյունները.»,

գ. 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում է այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել,».

12) 22-րդ կետի 4-րդ ենթակետի «զ» պարբերությունը «երկրաչափական» բառից հետո լրացնել «մարմինները և» բառերով.

13) 23-րդ կետի՝

ա. 6-րդ ենթակետի «թ» պարբերությունից հանել «ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները,» բառերը,

բ. 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» պարբերությունով՝

«ժ. ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ:».

14) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի գիտելիքի, կարողությունների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:».

15) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին կետով՝

«26.1. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով՝

1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.

3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.

4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.

6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում։».

16) 27-րդ կետում «շաբաթական» բառից հետո հանել «և» շաղկապը.

17) 28-րդ կետի 3-րդ ենթակետում «փոխգործունեության» բառը փոխարինել «համատեղ գործունեության ընթացքում» բառերով.

18) 31-րդ կետը հանել.

19) 32-րդ կետի 5-րդ ենթակետում «Կերպարվեստային գործունեություն» բառերը փոխարինել «Կերպարվեստ» բառով.

20) 33-րդ կետի 2-րդ ենթակետում «հաղորդակցական» բառը փոխարինել «հաղորդակցման» բառով.

21) 44-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետից հանել ««մատրյոշկա» տիկնիկներ,» բառերը,

բ. 4-րդ ենթակետում «ծեփամածիկ (պլաստիլին)» բառերը փոխարինել «ծեփանյութ» բառով,

գ. 10-րդ և 11-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) տարածքում առկա են ծաղիկներ, բույսեր.

11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր և խաղեր՝ սաների զգայարանների, ընդհանուր և մանր շարժունակության զարգացման և սյուժետադերային խաղերի իրականացման համար.».

22) 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«45. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 3-ից մինչև 6 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներ.

1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.

2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.

3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.

4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.

5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.

6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.

7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).

8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.

9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.

10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.

13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.

14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).

15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.

16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.

19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.

20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.

21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.

22) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.

23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.

24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.

25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.

26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:».

23) 45-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ և 47-րդ կետերով՝

«46. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:

47. Հաստատություններում կիրառվող խաղալիքները պետք է համապատասխանեն սաների տարիքին, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: