ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«սահմանափակում կիրառող իրավասու մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու, փոփոխելու, դադարեցնելու իրավասություն ունեցող պետական մարմիններ և դատարաններ։»։
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «դադարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը,» բառերով, իսկ «մարմինները,» բառից հետո՝ «սահմանափակում կիրառող իրավասու մարմինները,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սահմանափակում կիրառող իրավասու մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կայացրած դատական ակտերը և որոշումները.»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-350-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|