Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-351-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը դատարանն առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու անշարժ գույքի պետական ռեգիստր է ուղարկում էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 134-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Դատարանն անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, ձևափոխելու, իսկ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկված չլինելու պարագայում էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով ուղարկում է անշարժ գույքի պետական ռեգիստր, եթե տվյալ հայցի ապահովման միջոցը կիրառելու մասին որոշումը դատարանն անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկել է առանց կատարողական թերթը հարկադիր կատարման ուղարկելու: Այն դեպքում, երբ անշարժ գույքի նկատմամբ կամ դրա կապակցությամբ հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարան, ապա դատարանն այն էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստր ուղարկում է վերաքննիչ դատարանի՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

ՀՕ-351-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: