Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.05.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.05.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԶՆՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԱՎԵԼՎԱԾ «Ա»-ՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

8 մայիսի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի, հրավիրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և անձնակազմի հզորության վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փաստաթղթի գործողության վերազննման առաջին համաժողովի եզրափակիչ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` վերոհիշյալ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի պարզաբանումները, հետազոտելով փաստաթուղթը և գործում առկա մյուս նյութերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հավելված «Ա»-ն անմիջականորեն առնչվում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հետ, որը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է 1992 թվականին: Այդ պայմանագրի մասնակից պետությունները, ելնելով Եվրոպայում քաղաքական փոփոխություններից, համաձայնել են վերանայել Եվրոպայում սովորական զինված ուժերի տեղաբաշխումը: Քննության ընդունված փաստաթղթի նպատակն է հնարավորություն ընձեռել Ռուսաստանի Դաշնությանը պահպանել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրում ամրագրված տարածաշրջանային և գոտիական սահմանափակումները: Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությանը թույլ տալ ընդհանուր մասնաբաժինների պահպանման շրջանակներում փոփոխել սպառազինության տեղաբաշխումը: Հավելված «Ա»-ով հիմնականում ճշտվում է Ռուսաստանի Դաշնության իրավունքն առավելագույն հնարավոր չափով օգտվելու 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում կնքված համաձայնագրով սահմանված ներկա մասնաբաժինների վերաբաշխումից: Վերաբաշխումը կարող է կատարվել համապատասխան երկրների, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ բանակցությունների հիման վրա: Հավելված «Ա»-ի IV բաժնի 3-րդ պարագրաֆում նշված է, որ` «Նման վերաբաշխումները պետք է արդյունք լինեն ազատ բանակցությունների և ներգրավված պետությունների ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքի»: Ընդ որում, Հայաստանի հետ առնչվող մասով հարցը կարգավորվում է 1995 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրով:

Փաստաթղթով կանոնակարգվում են նաև տեսչական և տեղեկատվական հարցերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և անձնակազմի հզորության վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փաստաթղթի գործողության վերազննման առաջին համաժողովի եզրափակիչ փաստաթղթի հավելված «Ա»-ում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


8 մայիսի 1997 թվականի
ՍԴՈ-55

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան