ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 սեպտեմբերի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ա. Դարբինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրարգված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Դարբինյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1997 թվականի սեպտեմբերի 2-ի Զարգացման վարկի համաձայնագրով (կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկ) Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է մինչև 1999 թվականի հունիսի 30-ը կամ իր կողմից սահմանվելիք ավելի ուշ ժամկետում Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրել երեք միլիոն վեց հարյուր հազար վարկառության հատուկ իրավունքներին (SDR 3.600.000) համարժեք գումար, որն այժմ կազմում է մոտ 5 միլիոն ԱՄՆ-ի դոլար:
Վարկը տրամադրվում է անտոկոս, 35 տարի ժամկետով, որից տասը տարին արտոնյալ ժամկետ է:
Համաձայնագրի անբաժանելի մասն է կազմում 4 հավելված:
Համաձայնագրով նախատեսվում է ֆինանսավորել նպատակային ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում մի շարք ոլորտների բարեփոխումներին:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկը մարել 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Վարկի չառհանված հիմնագումարի դիմաց Հայաստանի Հանրապետությունը վճարելու է պարտավճար` ոչ ավելի, քան տարեկան մեկ տոկոսի մեկ երրորդ դրույքաչափով, իսկ առհանված և չվերցված գումարի դիմաց` սպասարկման վճար` մեկ տոկոսի երեք քառորդ դրույքաչափով:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև հուսալի հաշվապահական միջոցներով վարել գործարքների և ծախսերի հաշվառում, ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա ավարտից վեց ամիս հետո Ընկերակցությանը ներկայացնել վերջինիս համար ընդունելի անկախ հաշվեքննողների տարեկան հաշվեքննման վերաբերյալ հաշվետվություն: Ընկերակցությունը կարող է պահանջել, որ վարկային հաշվից վճարումները կատարվեն ծախսերի ամփոփագրի հիման վրա:
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել սույն համաձայնագրով նախատեսվող վարկային միջոցների օգտագործման վերահսկման առավել հուսալի համակարգ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության երկրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|