Գլխավոր տեղեկություն
Համար
N 615
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.03.1998-15.04.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
06.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 1993 թվականի N 615

 

քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՈՐՈՇ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 05.03.98 N 143)

 

Համաձայն «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային կարգավորման կատարելագործման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

2. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

3. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

4. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

5. Հաստատել`

ա) ապրանքի ծագման երկրի որոշման կարգը (կցվում է):

բ) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

(5-րդ կետը փոփ. 05.03.98 N 143)

6. (կետը հանվել է 13.05.94 N 224)

7. Հաստատել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման կարգը (կցվում է):

8. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար արգելվող ապրանքների ցանկը, համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար արգելվող ապրանքների ցանկը, համաձայն N 3 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը, համաձայն N 4 հավելվածի:

9. Թույլատրել քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք արտասահմանյան տարադրամի ներմուծում` առանց սահմանափակման, այդ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին համապատասխան հայտարարագրերի ներկայացմամբ:

10. Սահմանել, որ ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10000 ԱՄՆ-ի դոլար (կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ)` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով: Նշված գումարից ավելի դրամական միջոցների արտահանումն իրականացվում է բանկային փոխանցումների միջոցով:

(10-րդ կետը խմբ. 05.03.98 N 143)

11. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

12. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

13. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել սույն որոշման տպագրումը` հայերեն, ռուսերեն, անգլերեն, և մաքսատներում համապատասխան հավելվածների, ցանկերի փակցնումը` քաղաքացիներին սույն որոշմամբ սահմանված կանոններին իրազեկ դարձնելու համար:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` սույն որոշումը լայնորեն լուսաբանել զանգվածային լրատվության միջոցներով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան


Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.98 N 143)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի n 615 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

Ապրանքի ծագման երկիրը որոշվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ու արտահանման սակագնային և ոչ սակագնային կարգավորման նպատակով: Ապրանքի ծագման երկրի որոշման սույն կարգում նշված սկզբունքները հիմնվում են գոյություն ունեցող միջազգային պրակտիկայի վրա:

1. Ապրանքի ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ ապրանքը ամբողջությամբ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար վերամշակման` համաձայն սույն կարգով սահմանված չափանիշների:

Ընդ որում, ապրանքի ծագման երկիր ասելով կարելի է հասկանալ երկրների խումբ, երկրների մաքսային միություններ, երկրի տարածաշրջան կամ մի մաս, եթե ապրանքի ծագման որոշման ժամանակ անհրաժեշտություն կա դրանց առանձնացման:

2. Ամբողջությամբ տվյալ երկրում արտադրված են համարվում հետևյալ ապրանքները`

ա) երկրի տարածքում կամ նրա տարածքային ջրերում, կամ նրա ցամաքային ծանծաղուտում (շելֆում) և ծովային ընդերքում (եթե երկիրը այդ ընդերքը շահագործելու բացառիկ իրավունք ունի) արդյունահանվող օգտակար հանածոները.

բ) տվյալ երկրի տարածքում աճեցված կամ հավաքված բուսական արտադրանքը.

գ) տվյալ երկրում ծնված և աճեցված կենդանիները.

դ) տվյալ երկրում աճեցված կենդանիներից ստացված արտադրանքը.

ե) տվյալ երկրում արտադրված որսորդական, ձկնորսական և ծովային գործունեության արտադրանքը.

զ) ծովային գործունեության արտադրանքը, որը արդյունահանվում է և (կամ) արտադրվել է համաշխարհային օվկիանոսում տվյալ երկրին պատկանող կամ տվյալ երկրի վարձակալած նավերով.

է) տվյալ երկրում իրագործվող արտադրական և այլ գործողությունների արդյունք հանդիսացող երկրորդական հումքը և թափոնները.

ը) բաց տիեզերքում տվյալ երկրին պատկանող կամ տվյալ երկրի վարձակալած տիեզերական նավերում ստացված բարձր տեխնոլոգիաների արտադրանքը.

թ) տվյալ երկրում արտադրված այն ապրանքները, որոնք բացառապես արտադրվել են սույն կետի «ա-ը» ենթակետերում նշված դեպքերում:

3. Եթե ապրանքի արտադրմանը մասնակցել են երկու և ավելի երկրներ, ապա ապրանքի ծագումը որոշվում է ելնելով բավարար վերամշակման չափանիշից:

Տվյալ երկրում ապրանքի բավարար վերամշակման չափանիշ են հանդիսանում`

ա) ապրանքային անվանակարգում ապրանքի դիրքի (ապրանքի նկարագրման ծածկագրի) փոփոխությունը` ցանկացած առաջին չորս նիշի մակարդակով, որը կատարվել է ապրանքի վերամշակման հետևանքով.

բ) արտադրական կամ տեխնոլոգիական գործողությունների կատարումը, որոնք բավարար կամ անբավարար են այն բանի համար, որպեսզի ապրանքի ծագումը համարվի այն երկրից, որտեղ այդ գործողությունները տեղի են ունեցել.

գ) ադվալորային կանոնը` ապրանքի արժեքի փոփոխությունը, երբ օգտագործված նյութերի արժեքի կամ ավելացված արժեքի տոկոսային բաժինը հասնում է առաքվող ապրանքի գնի հաստատագրված բաժնին:

Ընդ որում, բավարար վերամշակման չափանիշին վերաբերող պահանջներին չհամապատասխանող են համարվում`

ապրանքների պահեստավորման կամ տեղափոխման ժամանակ դրանց պահպանման ապահովման գործառնությունները.

ապրանքների վաճառքի և տեղափոխման նախապատրաստման գործողությունները (ապրանքների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը).

պարզ հավաքման գործողությունները.

ապրանքների բաղադրամասերի (կոմպոնենտների) խառնումը, ձուլումը` առանց ստացված արդյունքին այնպիսի բնութագիր տալու, որը էապես տարբերում է այն ելակետային բաղադրիչներից:

Այն դեպքերում, երբ կոնկրետ ապրանքի կամ ապրանքի ծագման երկրի նկատմամբ հատուկ վերապահում չի արվում, ապա կիրառվում է ընդհանուր կանոնը, համաձայն որի ապրանքը համարվում է բավարար վերամշակման ենթարկված, եթե ապրանքային անվանակարգում կատարվել է ապրանքի դիրքի փոփոխություն` դրա ցանկացած առաջին չորս նիշի մակարդակով:

4. Մասնատված ապրանքները, որոնք առաքվում են մի քանի ապրանքախմբերով, երբ արտադրական կամ տրանսպորտային պայմաններից ելնելով անհնարին է դրանց առաքումը մի ապրանքախմբով, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապրանքախումբը սխալմամբ մասնատվել է մի քանի ապրանքախմբի, դրանք հայտարարատուի ցանկությամբ, ծագման երկիրը որոշելիս, պետք է դիտվեն որպես մեկ միասնական ապրանք: Այդ կանոնի կիրառման համար պայման է հանդիսանում հետևյալը`

մասնատված ապրանքախմբի մի քանի ապրանքախմբերի բաժանման մասին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին նախօրոք գրավոր զգուշացումը, որում պետք է նշվեն նման բաժանման պատճառները, յուրաքանչյուր ապրանքախմբի մանրամասն սպեցիֆիկացիան` ապրանքային անվանակարգի համապատասխան ծածկագրերով, յուրաքանչյուր ապրանքախմբի մեջ մտնող ապրանքների արժեքը և ծագման երկիրը.

ապրանքի` սխալմամբ մի քանի ապրանքախմբի բաժանման փաստաթղթային ապացույցը.

բոլոր ապրանքների առաքումը նույն երկրից և նույն մատակարարի կողմից.

բոլոր ապրանքների առաքումը մաքսատան կողմից հայտարարագրի ընդունման օրվանից 6 ամսվա ընթացքում կամ առաջին ապրանքախմբի համար հայտարարագրի ներկայացման ընթացքում:

5. Մաքսային մարմիններն իրավունք ունեն պահանջելու ապրանքի ծագումը հավաստող սերտիֆիկատ (հավաստագիր):

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ապրանքներ արտահանելիս ապրանքի ծագման սերտիֆիկատը տրվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից` երբ այն անհրաժեշտ է և նշված է համապատասխան պայմանագրերում, ներմուծման երկրի ազգային կանոններում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններում:

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս պարտադիր կարգով ապրանքի ծագման սերտիֆիկատ է ներկայացվում այն դեպքերում, երբ`

ներմուծվում են ապրանքներ այն երկրներից, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը կիրառում է քանակային սահմանափակումներ (քվոտաներ) կամ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման այլ միջոցներ.

այդ է նախատեսված միջազգային համաձայնագրերով, որոնց անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև արտաքին միջավայրի, բնակչության առողջության պահպանման, հայկական սպառողների շահերի, հասարակական կարգի, պետական անվտանգության պահպանման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

մաքսային ձևակերպման ներկայացված փաստաթղթերում բացակայում են ապրանքի ծագման մասին տեղեկություններ կամ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը հիմքեր ունի կարծելու, որ հայտարարվում է ապրանքի ծագման մասին ոչ արժանահավատ տեղեկություններ:

6. Ապրանքի ծագման սերտիֆիկատը պետք է միանշանակ վկայի այն մասին, որ նշված ապրանքը ծագում է տվյալ երկրից և որը պետք է բովանդակի հետևյալը`

առաքողի գրավոր հայտարարությունը այն մասին, որ ապրանքը բավարարում է ծագման համապատասխան չափանիշը.

արտահանող երկրի իրավասու մարմնի գրավոր հավաստիացումն այն մասին, որ սերտիֆիկատում (հավաստագրում) ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Ապրանքի ծագման սերտիֆիկատը ներկայացվում է մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ համատեղ: Սերտիֆիկատի կորստի դեպքում ընդունվում է դրա պաշտոնապես հաստատված կրկնօրինակը:

Սերտիֆիկատի կամ դրանում եղած տեղեկությունների նկատմամբ կասկած հայտնելու դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը իրավունք ունի դիմելու սերտիֆիկատը տված մարմնին կամ որպես ծագման երկիր նշված երկրի իրավասու մարմիններին` նրանցից խնդրելով լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկություններ:

Ապրանքը չի համարվում ծագած տվյալ երկրից այնքան ժամանակ, քանի դեռ սույն կարգով սահմանվող դեպքերում չեն ներկայացվել պատշաճ ձևով կազմված ծագման սերտիֆիկատ կամ լրացուցիչ տեղեկություններ:

7. ՀՀ մաքսային մարմինը կարող է մերժել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից ապրանքի բացթողումը միայն այն դեպքում, եթե ապրանքը ծագում է այն երկրից, որի ապրանքները, համաձայն Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային համաձայնագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չեն բացթողման:

Պատշաճ ձևով կազմված սերտիֆիկատի կամ ապրանքի ծագման մասին տեղեկություններ չներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ սահմանով ապրանքի բացթողման մերժման համար:

Այն ապրանքները, որոնց ծագումը հաստատապես չի ճշտվել, բաց են թողնվում դրանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սակագնի առավելագույն դրույքաչափերով մաքսատուրք վճարելուց հետո:

8. Ապրանքների նկատմամբ կարող է կիրառվել (վերականգնվել) առավել բարենպաստության ռեժիմը կամ պրեֆերենցիալ ռեժիմը, եթե այդ ապրանքների մաքսային ձևակերպումից հետո մեկ տարվանից ոչ ուշ ստացվել է դրանց ծագումը հաստատող համապատասխան փաստաթուղթ:

Ապրանքի ծագման երկիրը որոշելիս հաշվի չի առնվում դրա արտադրման համար կիրառված էներգիայի, մեքենաների, սարքավորումների և գործիքների ծագումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի n 615 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

(կարգն ուժը կորցրել է 05.03.98 N 143)


 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի n 615 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար:

2. Ապրանքների մաքսային արժեքն օգտագործվում է մաքսային տուրքերի հաշվարկման, գանձման, մաքսային այլ վճարումների և մաքսային այլ նպատակներով ապրանքների արժեքների սահմանման համար:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարագրողի կողմից` սույն կարգով նախատեսված մաքսային արժեքի գնահատման կանոնների համաձայն, որը կիրառվում է սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի` GATT, մաքսային գնահատման համակարգի ընդհանուր սկզբունքներին համապատասխան: Հայտարարագրողի ընտրած մեթոդի կիրառման ճշտության մասին որոշումը կայացվում է բեռների ձևակերպումը կատարող ՀՀ մաքսային մարմինների կողմից:

4. Հայտարարագրողի կողմից հայտնած մաքսային արժեքը և դրա որոշման մասին տվյալները պետք է հիմնված լինել արժանահավատ, քանակապես որոշվող, իրական և փաստաթղթով հիմնավորված տեղեկատվության վրա: Այդպիսի տեղեկատվության բացակայության դեպքում մաքսային ծառայություններն իրավասու են օգտվելու իրենց ունեցած տեղեկություններից (ապրանքների գների մասին տեղեկատվությունից, այդ թվում` առևտրական ֆիրմաների և այլ տեղեկատուների):

5. Հայտարարագրողի ներկայացրած տեղեկատվությունը, որն առևտրային գաղտնիք է, կարող է օգտագործվել միայն մաքսային նպատակներով և չի կարող օգտագործվել մաքսային համակարգի պաշտոնական մարմինների կողմից անձնական նպատակներով, տրվել երրորդ անձանց, ներառյալ այլ պետական մարմինների, առանց հայտարարագրողի համաձայնության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

6. Հայտարարագրողի մոտ առաջացող մաքսային արժեքի որոշման ճշտման կամ մաքսային մարմիններին լրացուցիչ տեղեկատվության ներկայացման հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը կատարվում են հայտարարագրողի հաշվին: Մաքսային արժեքի որոշման հետ կապված բեռների մաքսային ձևակերպման ժամկետի հետաձգումը չի կարող հիմք հանդիսանալ ներմուծողի կողմից մաքսային տուրքի վճարման հետաձգման համար: Հետաձգման յուրաքանչյուր օրվա դիմաց ներմուծողից գանձվում է տուգանք` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման համար իրագործվում են գնահատման հետևյալ մեթոդները`

ա) ըստ ներմուծվող ապրանքների գործարքի գնի (I մեթոդ).

բ) ըստ նմանատիպ ապրանքների համար գործարքի գնի (II մեթոդ).

գ) ըստ համասեռ ապրանքների համար գործարքի գնի (III մեթոդ).

դ) ըստ արժեքից հանումների (IV մեթոդ).

ե) ըստ արժեքի գումարման (V մեթոդ).

զ) ռեզերվային (VI մեթոդ):

Մաքսային արժեքի հաշվարկման հիմնական մեթոդը համարվում է սույն կարգի I մեթոդը: Այն դեպքում, երբ հիմնական մեթոդը (I) չի կարող կիրառվել, օգտագործվում է վերը նշված մեթոդներից որևէ մեկը` ըստ հաջորդականության:

8. ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման ընթացքը և հայտարարագրի ձևը որոշում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունը: Հայտարարագրողի կողմից նշված մաքսային արժեքի հաստատման անհրաժեշտության դեպքում հայտարարագրողը պարտավոր է մաքսային մարմնի պահանջով ներկայացնել անհրաժեշտ տվյալներ: Հայտարարագրողի կողմից ներկայացված մաքսային արժեքի որոշման համար անհրաժեշտ տվյալների հավաստիության նկատմամբ մաքսային մարմինների մոտ առաջացած կասկածների դեպքում հայտարարագրողն իրավունք ունի և պարտավոր է ապացուցել դրանց արժանահավատությունը: Հայտարարագրողի կողմից օգտագործված տվյալների հավաստիությունը հաստատող ապացույցների չներկայացման դեպքում մաքսային մարմինն իրավունք ունի որոշում ընդունելու հայտարարագրողի կողմից ընտրված գնահատման մեթոդի կիրառման անհնարինության մասին: Ընդ որում, ըստ հայտարարագրողի գրավոր հարցման մաքսային մարմինը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություն, ըստ որի հայտարարագրողի կողմից որոշված մաքսային արժեքը հնարավոր չէ ընդունել:

9. Մաքսային մարմնի որոշման հետ հայտարարագրողի անհամաձայնության դեպքում այն կարող է տասնօրյա ժամկետում բողոքարկվել վերադաս մաքսային մարմնին` սկսած հայտարարագրողի կողմից այդ որոշման ստացման պահից:

 

III. ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (I)

 

10. Մաքսային արժեքի որոշման համար, որպես բազա, ըստ նշված I մեթոդի, ընդունվում է գնահատման ենթակա ներմուծվող ապրանքների հետ անմիջական գործարքի գինը:

11. Գործարքի գինը նշանակում է փաստացի վճարված ներմուծվող ապրանքների դիմաց վճարման ենթակա գինը:

12. Մաքսային արժեքի որոշման համար գործարքի գնի օգտագործման դեպքում դրանում ներառվում են հետևյալ ծախսերը (պայմանով, եթե դրանք վաղօրոք ներառված չեն եղել գնի մեջ)`

ա) ներմուծվող ապրանքների, մինչև դրանց մաքսային ձևակերպման վայրը տեղափոխման ծախսերը, այդ թվում`

ապրանքների բեռնման, բեռնաթափման, տեղափոխման, պահեստավորման ծախսերը.

ապահովագրական ծախսերը.

կոմիսիոն և այլ միջնորդային մեթոդային ծախսերը.

բ) փաթեթավորման արժեքը, ներառյալ փաթեթավորման նյութի և փաթեթավորման աշխատանքի արժեքը.

գ) մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման վճարը, որը վերաբերում է տվյալ ապրանքներին և որը ներմուծողը (արտահանողը) պետք է վճարի որպես դրանց ներմուծման (արտահանման) պայման:

13. Ներմուծվող ապրանքների համար գործարքի գինը չի կարելի օգտագործել որպես մաքսային արժեք, եթե`

ա) գոյություն ունի ներմուծողի իրավունքների սահմանափակում գնահատվող ապրանքների նկատմամբ.

բ) գործարքի գինը կախված է որևէ պայմանի պահպանումից, որի ազդեցությունը չի կարող հաշվի առնվել.

գ) մաքսային արժեքի որոշման դեպքում հայտարարագրողի կողմից օգտագործվում են տվյալներ, որոնք փաստաթղթային հիմնավորվածություն չունեն:

 

IV. ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (II)

 

14. Այս մեթոդի կիրառման դեպքում մաքսային արժեքի որոշման համար բազա է հանդիսանում նմանատիպ ապրանքների համար գործարքի գինը, հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

«նմանատիպ» են համարվում այն ապրանքները, որոնք բոլոր հատկանիշներով համանման են գնահատվող ապրանքների հետ, այդ թվում ըստ հետևյալ չափանիշների`

նշանակությամբ և բնութագրով.

որակով, ապրանքային նշանի առկայությամբ և շուկայում իր հեղինակությամբ.

ծագման երկրով.

արտադրողներով:

Արտաքին տեսքի աննշան տարբերությունները չեն կարող հիմք հանդիսանալ այդ ապրանքները նմանատիպ չդիտարկելու համար, եթե մնացած բոլոր պայմաններով տվյալ ապրանքը համապատասխանում է սույն կետի պահանջներին:

15. Տարբեր մարդկանց կողմից արտադրված ապրանքը համարվում է նմանատիպ, եթե հայտարարագրողը և մաքսային մարմինները չունեն տեղեկություններ նմանատիպ ապրանքներ արտադրողների մասին:

16. Նմանատիպ ապրանքների գործարքի գինը կիրառվում է որպես բազա մաքսային արժեքի որոշման համար, եթե այդ ապրանքները`

ա) վաճառված (օտարված) են Հայաստանի Հանրապետությանը` ներմուծման համար.

բ) ներմուծված են միաժամանակ կամ ոչ ուշ քան 90 օր առաջ մինչև գնահատվող ապրանքների ներմուծումը.

գ) ներմուծված են նույն առևտրային (կոմերցիոն) պայմաններով և մոտավորապես նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները:

17. Եթե նմանատիպ ապրանքները ներմուծված են այլ քանակությամբ և այլ առևտրային պայմաններով, հայտարարագրողը պետք է կատարի համապատասխան ուղղումներ դրանց գնի մեջ` ըստ այդ տարբերությունների, և փաստաթղթերով ապացուցի մաքսային մարմիններին դրանց հիմնավորվածությունը:

18. Ըստ նմանատիպ ապրանքների համար գործարքի գնի հաշվարկված մաքսային արժեքը պետք է համապատասխանեցվի այն ծախսերին, որոնք նշված են սույն կարգի 12-րդ կետում: Ուղղումը պետք է կատարվի հայտարարագրողի կողմից արժանահավատ փաստաթղթերի հիման վրա:

 

V. ՀԱՄԱՍԵՌ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (III)

 

19. Այս մեթոդի կիրառման դեպքում մաքսային արժեքի որոշման համար բազա է հանդիսանում ներմուծվող ապրանքների հետ համասեռություն ունեցող ապրանքների գործարքի գինը` պահպանելով ներքոհիշյալ պայմանները`

«Համասեռ» են համարվում այն ապրանքները, որոնք, չնայած գնահատվող ապրանքների հետ միանման չեն, սակայն ունեն նման բնութագիր և կազմված են միանման բաղադրամասերից, որը դրանց հնարավորություն է տալիս իրականացնել գնահատվող ապրանքների հետ նույն ֆունկցիաները և որոնք կարող են լինել առևտրային փոխարինողներ:

Ապրանքների համասեռության որոշման դեպքում հաշվի են առնվում հետևյալ չափանիշները`

նշանակությունը և բնութագիրը.

որակը, ապրանքային նշանների առկայությունը և հեղինակությունը շուկայում.

ծագման երկիրը:

20. Այս մեթոդի օգտագործման դեպքում կիրառվում են սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերը:

 

VI. ԱՐԺԵՔԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (IV)

 

21. Այս մեթոդով մաքսային արժեքը որոշվում է այն դեպքում, երբ գնահատվող, նմանատիպ կամ համասեռ ապրանքները վաճառվում (օտարվում ) են ՀՀ տարածքում` անփոփոխ վիճակով:

22. Արժեքի հանման մեթոդի կիրառմամբ մաքսային արժեքի որոշման համար բազա է հանդիսանում ապրանքի միավորի գինը, ըստ որի գնահատվող, նմանատիպ կամ համասեռ ապրանքները վաճառվում են առավել քանակությամբ ՀՀ տարածքում այն ժամանակ, որն առավելագույնս մոտ է ներմուծման ժամանակին (գնահատվող ապրանքի ներմուծման պահից ոչ ուշ, քան 90 օր):

23. Ապրանքի միավորի գնից հնարավորության դեպքում հանվում են հետևյալ բաղադրիչները`

ա) ՀՀ տարածքում ապրանքներն ազատ շրջանառություն բաց թողնելուց հետո կատարված կոմիսիոն մուծումները, տեղափոխման, ապահովագրման, բեռնման, բեռնաթափման աշխատանքների ծախսերը.

բ) ապրանքների ներմուծման կամ վաճառքի (օտարման) հետ կապված` Հայաստանի Հանրապետությունում վճարման ենթակա մաքսային տուրքերը, հարկերը և այլ վճարների գումարը:

24. Ներմուծման պահին գնահատվող, նմանատիպ, համասեռ ապրանքների անփոփոխ վիճակով վաճառքում բացակայության դեպքում հայտարարագրողի խնդրանքով կարող է օտագործվել ապրանքի միավորի այն գինը, որն անցել է վերամշակման փուլը, ներառյալ ավելացված արժեքը` պահպանելով սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերի պահանջները:

 

VII. ԱՐԺԵՔԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ (V)

 

25. Մաքսային արժեքի հաշվարկման բազան V մեթոդի կիրառման դեպքում օգտագործվում է գումարման հիման վրա հաշվարկված ապրանքի գինը հետևյալ ձևով`

ա) արտադրողի կողմից գնահատվող ապրանքի արտադրության համար ծախսած նյութերի արժեքը և մյուս ծախսերը.

բ) նմանատիպ ապրանքների` ՀՀ ներմուծման համար անհրաժեշտ ընդհանուր ծախսերը, այդ թվում` տեղափոխման, բեռնման-բեռնաթափման, ապահովագրության և մյուս ծախսերը.

գ) այն շահույթը, որը սովորաբար ստանում է արտադրողը ՀՀ նմանատիպ ապրանքների առաքման դեպքում:

26. Նշված մեթոդով մաքսային արժեքը որոշելու դեպքում պետք է հաշվի առնվեն սույն կարգի 12-րդ կետի պահանջները:

 

VIII. ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ՄԵԹՈԴ (VI)

 

27. Այն դեպքում, երբ մաքսային արժեքը չի կարող որոշվել հայտարարագրողի կողմից վերոհիշյալ հինգ մեթոդների կիրառմամբ կամ մաքսային մարմինները հիմնավորված ձևով գտնում են, որ նշված մեթոդները չեն կարող կիրառվել, ապա գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում և հիմնավորվում է` հաշվի առնելով համաշխարհային մաքսային պրակտիկան:

Այդ դեպքում մաքսային արժեքի որոշման այլ ձևերի օգտագործումը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրության և GATT-ի մաքսային գնահատման համակարգի սկզբունքներին:

Ռեզերվային մեթոդի կիրառման դեպքում մաքսային մարմինները ներկայացնում են հայտարարագրողին իրենց տրամադրության տակ գտնվող գնային տեղեկատվությունը:

28. Այս մեթոդի համար չեն կարող բազա համարվել`

ա) ներքին շուկայում ապրանքի մանրածախ գինը.

բ) հայրենական արտադրության ապրանքի գինը.

գ) ապրանքի գինը, որն արտահանող երկիրն արտահանում է 3-րդ կարգի երկրներ.

դ) կամայական կամ ոչ հավաստի գինը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Ամեն տեսակի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա և դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք:

2. Թմրադեղեր, թմրանյութեր և հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր, դեղեր, դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ:

3. Անվավեր ճանաչված արժեթղթեր:

4. Մշակութային այն արժեքները, որոնք «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ենթակա չեն արտահանման մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում:

(4-րդ կետը խմբ. 27.12.94 N 601)

5. Այնպիսի կինոժապավեններ, տեսագրություններ, էլեկտրահաշվիչ մեքենաների տեղեկատվության մագնիսային կրողներ, տպագրության նյութեր, որոնց դուրս բերումը կարող է վնասել պետության շահերին, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներին:

6. Պետական գաղտնիք պարունակող նյութեր:

 

Ծանոթագրություն

- 1-ին և 2-րդ կետերում նշված ապրանքները կարող են արտահանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված հատուկ կարգի համաձայն:

(հավելվածը խմբ. 27.12.94 N 601)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Ամեն տեսակի զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա և դրանց արտադրության համար համալրող իրեր, պայթուցիկ նյութեր:

2. Միջուկային նյութեր (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութեր), իոնացնող ճառագայթման աղբյուրներ:

3. Թույներ, թմրադեղեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր, օփիում և հաշիշ օգտագործելու հարմարանքներ:

 

Ծանոթագրություն

- Վերը նշված ապրանքների և նյութերի տարանցիկ փոխադրումը ՀՀ տարածքով կատարվում է ՀՀ կառավարության թույլտվությամբ:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 6-ի N 615 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար համալրող դետալներ, ռազմական հանդերձանք:

2. Թմրադեղեր, թմրանյութեր, հոգեկան խիստ ներգործություն ունեցող նյութեր և դեղեր, դրանց օգտագործման համար անհրաժեշտ օժանդակ սարքեր, դեղամիջոցներ:

3. Պոռնոգրաֆիկ բովանդակության նյութեր:

4. Մշակութային արժեքներ, որոնց ներմուծումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան արգելվում է մշակութային արժեքների պահպանության վարչության պետական փորձագիտական հանձնաժողովի տված եզրակացության առկայության դեպքում:

(4-րդ կետը լրաց. 27.12.94 N 601)

 

Ծանոթագրություն

- 1-ին և 2-րդ կետերում նշված առարկաների ներմուծումն իրականացվում է միայն ՀՀ կառավարության կողմից սահմանված հատուկ կարգի համապատասխան:

(հավելվածը լրաց. 27.12.94 N 601)

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան