Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1069.6
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0601/02/08
2012թ.
  

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0601/02/08

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ` Գ. Մատինյան

                   Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Իրավագարանտ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ինգա Մանդելի, երրորդ անձինք «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի, «Եվրո-Ֆինանս» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ինգա Մանդելից բռնագանձել 37.535.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած հայցադիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրվանից մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը:

Երևանի քաղաքացիական դատարանի (դատավոր` Խ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 08.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.04.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08.01.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերության հայցը բավարարվել է, դադարեցվել է Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականի` պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը` համարելով այն չկնքված: Այսինքն՝ հաստատվել է այն հանգամանքը, որ 28.02.2008 թվականի` «Պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը ուժի մեջ չի մտել և չէր կարող պայմանագրային պարտավորություններ առաջացնել կողմերի համար»:

Հետևաբար, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքը որպես նոր երևան եկած հանգամանք հիմք է Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը վերանայելու համար։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը.

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճռով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի` իրավահարաբերությունը դադարեցնելու պահանջի մասին, Ընկերության պահանջը բավարարվել է, վճռվել է դադարեցնել Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականին «կնքված» պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը` համարելով այն չկնքված:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ 02-2397(ԵԿԴ) գործով որոշումը)։

Սույն գործով բողոք բերած անձը ներկայացրել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վերոնշյալ վճռով բավարարվել է Ընկերության հայցն ընդդեմ Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի` իրավահարաբերությունը դադարեցնելու պահանջի մասին և վճռվել է դադարեցնել Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականին «կնքված» պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը` համարելով այն չկնքված: Սույն գործով Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշմամբ հենց այդ պայմանագրի` որպես իրավաչափ կնքված գործարքի ուժով է կատարվել հաշվանց, և Ընկերության հայցը մերժվել է: Այսպես` Վերաքննիչ դատարանն իր 03.04.2009 թվականի որոշմամբ գտել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 05.05.2008 թվականի պահանջի զիջման դեպքում պարտապան Ի.Մանդելը իրավունք ունի նոր պարտատիրոջ՝ «Իրավագարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահանջի դեմ հաշվանցել սկզբնական պարտատիրոջ՝ «Եվրո-ֆինանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պահանջի իրավունքը զիջելու մասին 28.02.2008 թվականի պայմանագրով իր հանդիպական պահանջը, ու քանի որ պատասխանող կողմը հայտարարել է հաշվանցի մասին, դատարանը գտնում է, որ 37.535.000 ՀՀ դրամ միատեսակ հանդիպական պահանջի հաշվանցով դադարում են պատասխանող Ի.Մանդելի պարտավորությունները հայցվոր «Իրավագարանտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ և նույն գումարի չափով «Եվրո-ֆինանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունները պատասխանող Ի.Մանդելի նկատմամբ։ Հետևաբար, դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426-րդ, 428-րդ հոդվածների համաձայն՝ միատեսակ հանդիպական պահանջների հաշվանցմամբ պետք է հայցապահանջը մերժել»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 21.11.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/2790/02/09 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված` Ինգա Մանդելի և «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի միջև 28.02.2008 թվականին «կնքված» պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը կնքված չլինելու հանգամանքն էական նշանակություն ունի սույն գործի լուծման համար, համարվում է նոր երևան եկած հանգամանք և հիմք է Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը վերանայելու համար։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան