Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդատվական խորհրդի վերափոխման մասին
Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհուրդը ԱՊՀ մասնակից պետությունների Կառավարությունների հանձնարարությամբ,
որոշեց.
1. «Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդատվական խորհուրդը վերափոխել «Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդի:
2. Հաստատել «Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
3. Ուժը կորցրած ճանաչել Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1993 թվականի ապրիլի 28-ի՝ «Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդատվական խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրա ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է Որոշման ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ հիշատակված ընթացակարգերը կատարելու մասին ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2001 թվականի մարտի 16-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Որոշումը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Հաստատված է Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդի 2001թ. մարտի 16-ի որոշմամբ |
«Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդի
Կ ա ն ո ն ա դ ր ու թ յ ու ն ը
1. Ընդհանուր դրույթներ
1. Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի 1993 թվականի հունվարի 22-ի որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ստեղծված «Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդատվական խորհուրդը վերափոխվել է «Ռադիոնավիգացիա» միջպետական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ):
2. Խորհուրդը տրանսպորտի բոլոր տեսակների սպառողների կողմից ռադիոնավիգացիոն համակարգերի ու ռադիոնավիգացիոն միջոցների զարգացման և համատեղ օգտագործման, գեոդեզիայի, երկրաբանության, հողաշինարարության նպատակային խնդիրների լուծման, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցությունում ինտեգրացված ռադիոնավիգացիոն դաշտերի ստեղծման և բոլոր օգտագործողներին նավիգացիոն տեղեկատվությամբ ապահովման աշխատանքների իրականացման հարցերի միջպետական համակարգող և խորհրդատվական մարմին է:
Խորհուրդը ռադիոնավիգացիոն համակարգերի զարգացման և օգտագործման բնագավառում սահմանում և իրականացնում է միասնական քաղաքականություն, իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջպետական ռադիոնավիգացիոն ծրագրի մշակման, փոփոխման, ճշգրտման, քննարկման և իրագործման գիտատեխնիկական ապահովումը և ռադիոնավիգացիոն նպատակային ծրագրերի մշակումը:
3. Խորհուրդն իր գործունեությունում առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումներով, Անկախ Պետությունների Համագործակցության միջպետական (միջկառավարական) մարմինների մասին Ընդհանուր կանոնադրությամբ, 1993թ. մարտի 12-ի Անկախ Պետությունների Համագործակցությունում հեռահար ռադիոնավիգացիոն ապահովման մասին Համաձայնագրով, այլ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով ու որոշումներով, ինչպես նաև սույն Կանոնադրությունով:
4. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդի, Տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերով հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի, ինչպես նաև Համագործակցության այլ մարմինների հետ սերտ փոխգործակցությամբ:
5. Խորհուրդն ունի խորհրդանշան, կնիք, դրոշմ և իր անվամբ ձևաթուղթ:
6. Խորհուրդը կազմված է Որոշման մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչներից (մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր պետությունից), որոնք նշանակվում են այդ պետությունների կառավարությունների կողմից:
Յուրաքանչյուր ներկայացուցիչ (այսուհետ՝ Խորհրդի անդամ) Խորհրդում ունի մեկ ձայն:
7. Խորհուրդը գլխավորում է նախագահը, որն ընտրվում է Խորհրդի անդամների թվից ռոտացիոն սկզբունքով մեկ տարի ժամկետով (մեկ տարով լիազորությունների ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ):
8. Խորհրդի նոր անդամների ընդունելությունը, Խորհրդի անդամ բոլոր պետությունների համաձայնությամբ, բաց է նրա նպատակներն ու սկզբունքներն ընդունող այլ պետությունների համար՝ ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու ճանապարհով:
9. Խորհրդի անդամ յուրաքանչյուր պետություն կարող է դուրս գալ նրանից՝ դուրս գալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցագիր ուղարկելով:
2. Խորհրդի խնդիրներն ու գործառույթները
Խորհրդի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.
տիեզերական և վերերկրյա ռադիոնավիգացիոն համակարգերի զարգացման ու օգտագործման, տրանսպորտի կառավարման համակարգերի ստեղծման հարցերով համագործակցության գերակայությունների սահմանումը և միասնական քաղաքականության մշակումը,
միջազգային ռադիոնավիգացիոն համակարգերի ստեղծման ու օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության զարգացման ուղղությունների որոշումը, Որոշման մասնակից պետությունների ռադիոնավիգացիոն համակարգերի համակցումը եվրոպական և համաշխարհային ռադիոնավիգացիոն համակարգերին,
տիեզերական և վերերկրյա բազավորման ռադիոնավիգացիոն համակարգերի և նրանց ֆունկցիոնալ լրացումների ինտեգրված ռադիոնավիգացիոն դաշտի հիմքի վրա Որոշման մասնակից պետությունների ռադիոնավիգացիոն ցանցերի հետագա զարգացման ու կատարելագործման աշխատանքների համակարգումը,
Որոշման բոլոր մասնակից պետությունների կողմից գոյություն ունեցող ռադիոնավիգացիոն համակարգերի համատեղ օգտագործման համակարգումը,
Որոշման մասնակից պետությունների տարածքում ռադիոնավիգացիոն համակարգերի ստանդարտացման ու ունիֆիկացման աշխատանքների համակարգումը,
տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության բարձրացման, երկրաբանության, քարտեզագրության, շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսական գործունեության այլ ոլորտներում խնդիրների լուծման նպատակներով տարբեր օգտագործողների պահանջների բավարարաման համար գոյություն ունեցող ռադիոնավիգացիոն համակարգերի օգտագործման աշխատանքների համակարգումը,
ռադիոնավիագացիայի բնագավառում տեղեկատվական համակարգերի զարգացման աշխատանքների համակարգումը,
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջպետական ռադիոնավիգացիոն ծրագրի մշակման ու կատարման աշխատանքների համակարգումը,
միջպետական ռադիոնավիգացիոն ծրագրի իրագործման աշխատանքների պլանի, ներառյալ ֆինանսավորման ծավալների, ճշգրտումը, փոփոխումը և ամենամյա հաստատումը,
«Ինտերնավիգացիա» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի շրջանակներում գիտատեխնիկական ու արտադրական ներուժի զարգացմանը, Համագործակցության պետությունների նավիգացիոն ենթակառուցվածքի զարգացման համար ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաների ներդրմանը աջակցելը, ներառյալ ռադիոնավիգացիոն համակարգերի և միջոցների ստեղծումը,
նավիգացիոն համակարգերի ու միջոցների արտադրության, շահագործման և զարգացման աշխատանքների բաժնեմասային ֆինանսավորմանը աջակցելը,
Որոշման մասնակից պետությունների միավորումներին ու կազմակերպություններին` ռադիոնավիգացիայի բնագավառում ֆինանսաարդյունաբերական խմբերի և այլ անդրազգային կառույցների ստեղծման գործում աջակցելը,
Որոշման մասնակից պետությունների՝ ռադիոնավիգացիայի բնագավառում կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքի կազմակերպման հարցում աջակցելը,
Որոշման մասնակից պետությունների օգտագործողների կողմից արբանյակային ռադիոնավիգացիոն համակարգերի օգտագործման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի մշակման առաջարկների պատրաստումը և կազմակերպումը,
միջազգային խորհրդակցություններում ու միջազգային կազմակերպություններում Խորհրդի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովող միջոցառումների իրականացումը,
Որոշման մասնակից պետությունների փորձագետ-մասնագետների մակարդակով ռադիոնավիգացիոն համակարգերի զարգացման բնագավառում միջազգային համագործակցության ուղղությամբ բանակցությունների անցկացումը և այդ հարցերով համաձայնագրերի (պայմանագրերի) նախագծերի մշակումը, ինչպես նաև իր իրավասության շրջանակներում օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ համաձայնագրերի կնքումը,
տեղեկատվական և գովազդային գործունեության կազմակերպումը,
գիտական, ուսումնական և այլ բնույթի հրատարակումների թողարկումը,
ցուցահանդեսների, սեմինարների, համաժողովների, գիտաժողովների կազմակերպմանն աջակցելը,
Խորհրդի ընդունած որոշումների իրագործման վերահսկողությունը:
Խորհուրդը կարող է իրականացնել նաև այլ գործառույթներ իր առջև դրված նպատակների ու խնդիրների իրագործման համար:
Իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Խորհուրդը պատրաստում է համապատասխան առաջարկներ ԱՊՀ երկրների Կառավարություններին ներկայացնելու համար:
3. Խորհրդի աշխատանքների կարգն ու կազմակերպումը
1. Խորհուրդն իր նիստերն անցկացնում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:
2. Խորհրդի արտահերթ նիստերը կարող են անցկացվել Որոշման ցանկացած մասնակից պետության առաջարկով, եթե դրա օգտին արտահայտվի Խորհրդի անդամների մեծամասնությունը:
3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի անդամը, նիստի աշխատանքին անձնապես մասնակցելու անհնարինության դեպքում, իրավունք ունի նիստի ընթացքում լիազորագրով իր լիազորությունները պատվիրակել իր պետության այլ ներկայացուցչի:
4. Խորհրդի առաջարկներն ու որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն որոշման հետ, կարող են հատուկ կարծիք հայտնել, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ: Խորհրդի որոշմանը անհամաձայն պետության համար այն պարտադիր չէ:
5. Որոշման մասնակից ցանկացած պետության շահերին առնչվող որոշումները չեն կարող ընդունվել նրա ներկայացուցչի բացակայությամբ:
6. Խորհրդի անդամ ցանկացած պետություն կարող է հայտարարել քննարկվող հարցի կապակցությամբ իր ոչ շահագրգռված լինելը, ինչը չպետք է դիտվի որպես արգելք որոշում ընդունելու համար:
7. Խորհրդի որոշմամբ նրա աշխատանքում դիտորդի կարգավիճակով, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել այլ շահագրգիռ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել Որոշման մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, կազմակերպությունների և ձեռնարկությունների մասնագետներ ու փորձագետներ:
8. Խորհրդի նիստերում ընդունված փաստաթղթերն առաքվում են Խորհրդի բոլոր անդամներին երկու շաբաթյա ժամկետում:
9. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
4. Խորհրդի և նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները
1. Իր խնդիրներն ու գործառույթները կատարելու համար Խորհուրդն իրավունք ունի.
իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություն հայցել Համագործակցության պետությունների համապատասխան մարմիններից
համաձայնեցնել Խորհրդի իրավասությանը վերաբերող հարցերով նորմատիվ-մեթոդական և այլ փաստաթղթերը,
սահմանված կարգով պետությունների ղեկավարների Խորհրդի և Կառավարությունների ղեկավարների Խորհրդի, Համագործակցության այլ մարմինների քննարկմանը ներկայացնել Խորհրդի պատրաստած փաստաթղթերի նախագծերը,
անհրաժեշտության դեպքում ստեղծել հասարակական հիմունքներով գործող հանձնաժողովներ, խորհրդատվական խմբեր, փորձագիտական խուրհուրդներ, Խորհրդի այլ աշխատանքային մարմիններ ու կառույցներ և հաստատել նրանց մասին կանոնադրությունները;
2. Խորհրդի անդամներն ունեն միատեսակ իրավունքներ, կարող են ստանալ Խորհրդի աշխատանքային մարմինների գործունեությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություն,
3. Խորհրդի անդամն իրավունք ունի քննարկման դնել Խորհրդի իրավասության շրջանակներում ցանկացած հարց և ստանալ անհրաժեշտ տեղեկություն քննարկվող հարցերի ու Խորհրդի ընդունած որոշումների կատարման վերաբերյալ,
4. Խորհրդի անդամը Խորհրդի ընդունած որոշումների մասին իրազեկում է համապատասխան պետական կառավարման մարմիններին և աջակցում է դրանց կատարմանը:
5. Խորհրդի աշխատանքային մարմինը և դրա գործառույթները
1. Խորհրդի մշտական գործող աշխատանքային մարմին է «Ինտերնավիգացիա» գիտատեխնիկական կենտրոնը (ԳՏԿ) (Ռուսաստանի Դաշնություն, ք. Մոսկվա): «Ինտերնավիգացիա» գիտատեխնիկական կենտրոնի տնօրենը Խորհրդի նախագահի մշտական տեղակալն է և Խորհրդում ունի խորհրդակցական ձայն: «Ինտերնավիգացիա» ԳՏԿ աշխատակիցների թվից նշանակվում է Խորհրդի քարտուղարություն:
2. «Ինտերնավիգացիա» ԳՏԿ-ն.
իրականացնում է Խորհրդի գործունեության կազմակերպական և տեղեկատվական ապահովումը,
սույն Կանոնադրությամբ նախատեսված կարգով կազմակերպում և ապահովում է Խորհրդի նիստերի անցկացումը: Որոշման մասնակից պետություններում նիստեր անցկացնելիս նշված աշխատանքը կատարվում է այդ պետությունների համապատասխան մարմինների հետ համատեղ,
տեխնիկական հարցերով Խորհրդի որոշմանը համապատասխան, ինչպես նաև Խորհրդի նիստին ներկայացվելիք փաստաթղթերի նախապատրաստման հարցերով կազմակերպում է փորձագետների ու մասնագետների խորհրդակցություններ,
անհրաժեշտության դեպքում ստեղծում է աշխատանքային խմբեր Խորհրդի գործունեության առավել կարևոր ուղղություններով աշխատանքների իրականացման համար, իր իրավասության շրջանակներում համագործակցում է Համագործակցության այլ միջպետական մարմինների հետ:
6. Խորհրդի ֆինանսավորումը
1. Խորհրդի անդամ պետությունները ինքնուրույն են կրում Խորհրդում իրենց ներկայացուցիչների գործունեության, դրա նիստերին, փորձագիտական խմբերի աշխատանքներին, խորհրդակցություններին և այլ միջոցառումներին նրանց մասնակցության հետ կապված ծախսերը: Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը ֆինանսավորվում են այն պետության տնտհաշվարկային գործունեությամբ զբաղվող շահագրգիռ ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջոցների հաշվին, որի տարածքում դրանք անցկացվում են և այդ պետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
2. Խորհրդի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է «Ինտերնավիգացիա» ԳՏԿ-ի միջոցների հաշվին:
3. Որոշմանը համապատասխան իրականացվող բոլոր տեսակի աշխատանքներն ու համատեղ ծրագրերը ֆինանսավորվում են դրա մասնակիցների կողմից փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, այդ թվում՝ տնտհաշվարկային գործունեությամբ զբաղվող շահագրգիռ ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Ֆինանսական գործունեության ստուգման նպատակով Խորհուրդը նրա մեջ մտնող ԱՊՀ մասնակից պետությունների ներկայացուցիչներից նշանակում է վերստուգիչ հանձնաժողով և իր նիստերում հաստատում է վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը:
7. Խորհրդի գործունեության դադարեցումը
Խորհուրդը դադարեցնում է իր գործունեությունը Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ:
Խորհրդի գործունեության դադարեցման դեպքում ֆինանսական և այլ հարցերը լուծվում են Խորհրդի կողմից ստեղծվող լուծարային հանձնաժողովի կողմից:
*Որոշումը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 20-ից: