ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 50-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն ապահովելու նպատակով, որոշում եմ.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) երկամսյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագիրը.
բ) ապահովել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի տոնակատարության` ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների 1993 թվականի սեպտեմբերի 24-ի «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50-ամյակի տոնակատարության նախապատրաստման մասին» որոշմամբ նախատեսված համատեղ միջոցառումների իրականացումը.
գ) մինչև 1995 թվականի փետրվարի 1-ը քննության առնել և լուծել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհված զինծառայողների այրիների համար ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ լրացուցիչ նյութական օգնություն տրամադրելու հարցը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և հանրապետության վետերանների խորհրդի հետ համատեղ կազմակերպել հոբելյանական գրականության հրատարակումը` հատուկ ուշադրություն դարձնելով հայ ժողովրդի ավանդի բացահայտմանը հիտլերյան ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
5 նոյեմբերի 1994 թ. ՆՀ-385 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|