Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1161
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.17/49(1062) Հոդ.814
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.09.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 սեպտեմբերի 2014 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված` «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2014 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի մայիսի 23-ին:

 

2. Վարկային համաձայնագրով սահմանված կարգով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է տասնհինգ միլիոն (15.000.000) ԱՄՆ դոլարին համարժեք գումար` Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով: Փակման ամսաթիվն է 2019 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ծրագրի նպատակներն են` բարելավել Վարկառուի տարրական դպրոց ընդունվող երեխաների պատրաստվածությունը դպրոցին, բարելավել ֆիզիկական պայմանները և կրթական ռեսուրսների մատչելիությունը Վարկառուի ավագ դպրոցներում, աջակցել կրթության բարելավված որակին և համապատասխանությանը Վարկառուի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ծրագիրը կազմված է հետևյալ բաղադրիչներից.

- հանրակրթության որակի բարձրացում.

- բարձրագույն ուսումնական հաստատությունների Նորարարությունների մրցակցային հիմնադրամի լիարժեք գործունեության ծավալում.

- Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:

Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը Վարկային համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուրքսաներորդ (120) օրն է:

 

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) վճարել կանխավճար վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25 տոկոս) չափով.

բ) կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին` սկսած 2024 թվականի մարտի 15-ից մինչև 2038 թվականի մարտի 15-ը մարել վարկի հիմնական գումարը 3.33 տոկոսի չափով, իսկ 2038 թվականի սեպտեմբերի 15-ին` 3.43 տոկոսի չափով.

գ) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում պահպանել Կրթական ծրագրերի կենտրոնը` Ծրագրի պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով.

դ) Բանկի կողմից ընդունելի տեխնիկական առաջադրանքներին համապատասխան մշակել և Բանկին ներկայացնել Ծրագրի իրականացմանն առաջարկվող ձեռնարկ.

ե) ապահովել Ծրագրի իրականացումը` հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն.

զ) իրականացնել Ծրագրի առաջընթացի մշտադիտարկում ու գնահատում, պատրաստել Ծրագրի մասին հաշվետվություններ` Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում.

է) ապահովել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ` Վարկային համաձայնագրով սահմանված կարգով:

 

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավարությունները, մասնավորապես, վերաբերելի են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին:

Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ իր որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագիրը ևս պահանջում է լուրջ վերահսկողություն վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի իրականացման ու կառավարման առումով` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված` «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

4 սեպտեմբերի 2014 թ.

 ՍԴՈ-1161