ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հոկտեմբերի 2014 թ. |
1967 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԼՈՒՍՆԻ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1967 թվականի հունվարի 27-ին ստորագրված` Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 24.09.2014թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիրն ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1966 թվականի դեկտեմբերի 19-ին և ստորագրման համար բացվել է Լոնդոն, Մոսկվա և Վաշինգտոն քաղաքներում` 1967 թվականի հունվարի 27-ին: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1967 թվականի հոկտեմբերի 10-ին:
Պայմանագրի նպատակն է նպաստել խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման ու օգտագործման հետ կապված գիտական, ինչպես նաև իրավական հարցերում լայն միջազգային համագործակցությանը:
2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● չյուրացնել տիեզերական տարածությունը, այդ թվում՝ Լուսինը և այլ երկնային մարմիններ ո՛չ ինքնիշխանություն հռչակելու, ո՛չ դրանք օգտագործելու կամ զավթելու, ո՛չ էլ որևէ այլ միջոցով,
● իրականացնել տիեզերական տարածությունը, ներառյալ Լուսինը և այլ երկնային մարմինները, հետազոտելու և օգտագործելու գործունեություն՝ համաձայն միջազգային իրավունքի, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և միջազգային համագործակցությունն ու փոխըմբռնումը խթանելու նպատակով,
● չտեղակայել Երկրի ուղեծրում միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ տեսակի զենք պարունակող որևէ օբյեկտ, երկնային մարմինների վրա չտեղադրել կամ տիեզերական տարածությունում որևէ այլ կերպ չտեղավորել այդպիսի զենք: Օգտագործել Լուսինը և մյուս երկնային մարմինները բացառապես խաղաղ նպատակներով,
● տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում առաջնորդվել համագործակցության ու փոխօգնության սկզբունքով և տիեզերական տարածությունում, այդ թվում՝ Լուսնի և երկնային մարմինների վրա ամբողջ գործունեությունը ծավալել պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Պայմանագրի Կողմ բոլոր մյուս պետությունների համապատասխան շահերը: Զբաղվել տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների ուսումնասիրությամբ և իրականացնել դրանց հետազոտությունը` խուսափելով դրանց վնասակար աղտոտումից, ինչպես նաև արտերկրային ծագում ունեցող նյութ ներմուծելու հետևանքով Երկրի շրջակա միջավայրում բացասական փոփոխություններից, և անհրաժեշտության դեպքում այդ նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկել: Եթե Հայաստանի Հանրապետությունը պատճառ ունի կարծելու, որ տիեզերական տարածությունում, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների վրա Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ քաղաքացիների կողմից ծրագրված գործունեությունը կամ փորձը հնարավոր վնասակար խոչընդոտներ կստեղծի այլ Կողմ պետությունների՝ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների խաղաղ հետազոտման ու օգտագործման հետ կապված գործունեության համար, ապա, մինչև այդպիսի գործունեությանը կամ փորձին ընթացք տալը, նախաձեռնել համապատասխան միջազգային խորհրդակցություններ և այլն:
3. 1967 թվականի հունվարի 27-ին ստորագրված` Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1967 թվականի հունվարի 27-ին ստորագրված` Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 հոկտեմբերի 2014 թվականի ՍԴՈ-1170 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|