ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2015 թվականի N 736-Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 7 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ հասարակական կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ (այսուհետ՝ թեկնածություններ) առաջարկելու կարգը:
2. Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը (այսուհետ` նախարարության աշխատակազմ) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում հրապարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով:
3. Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ` ցուցակ) հաստատվում է հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ, թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ հասարակական կազմակերպություններն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը։
4. Ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ ներկայացվում են թեկնածուի կենսագրական տվյալները, տեղեկատվություն նրա կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության մասին, իսկ արձանագրությանը կից ներկայացվում են տվյալներն ու տեղեկատվությունը հավաստող փաստաթղթեր:
5. Հասարակական կազմակերպությունները (նրանց կազմից ընտրված հասարակական կազմակերպությունը) հայտարարության հրապարակման պահից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ցուցակը գրավոր դիմումով ներկայացնում են նախարարության աշխատակազմ՝ դրան կցելով արձանագրության բնօրինակը, ցուցակում ընդգրկված անձի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի կենսագրական տվյալների, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը: Եթե հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա նախարարության աշխատակազմն առաջարկում է երկօրյա ժամկետում շտկել թերությունները։
6. Նախարարության աշխատակազմի կողմից սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ցուցակը վերջիններիս կենսագրական, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության, ինչպես նաև առաջադրած հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության հետ միասին հրապարակվում է նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում:
7. Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը:
8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո նախարարության աշխատակազմը կազմում է թեկնածուների ամփոփ ցուցակ և ներկայացնում նախարարին:
9. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո նախարարության աշխատակազմը չի ստանում հասարակական կազմակերպությունների համատեղ առաջարկություն, կամ ներկայացված թեկնածուները չեն համապատասխանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա նախարարության աշխատակազմը նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում կրկին հրապարակում է հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ ներկայացնելու վերաբերյալ հայտարարություն՝ սույն կարգի պահանջներին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|