Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1239
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.09/82(1171).1 Հոդ.1084.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 դեկտեմբերի 2015 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Ա. Առաքելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված` «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015թ. նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Գործն ընդունվել է քննության ՀՀ սահմանադրական դատարանի 24.11.2015թ. ՍԴԱՈ-67 որոշմամբ:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր և բանավոր բացատրությունները, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ` ՎԶՄԲ) միջև ստորագրվել է 2015թ. օգոստոսի 26-ին:

2. Ըստ Համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Համաձայնագրի Առաջին առդիրում նկարագրված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու նպատակով համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ` Վարկառու) տրամադրել քառասուն միլիոն ԱՄՆ դոլար (40,000.000 ԱՄՆ դոլար) վարկ: Վարկի տոկոսադրույքը փոփոխական է (լողացող) և հավասար է վարկի արժույթի բազային տոկոսադրույքին` գումարած փոփոխական սփրեդը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Վարկի տրամադրման համար փոխառու միջոցների հաշվին վճարել միանգամյա միջնորդավճար` վարկի գումարի մեկ քառորդ տոկոսի (0.25%) չափով, և պարտավճար` տարեկան կտրվածքով վարկի չառհանված մնացորդի մեկ քառորդ տոկոսի չափով:

Վարկի սպասարկման համար վճարումների հաճախականությունը կիսամյակային է: Մայր գումարի մարման եղանակը նույնպես հավասարաչափ կիսամյակային վճարումներով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 14.5 տարին` արտոնյալ:

3. Համաձայնագրում նախատեսված են Կողմերի իրավունքների և պարտականությունների կատարումն ապահովող դրույթներ, Ծրագրի իրականացման մեխանիզմները և երաշխիքները, Վարկի միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության որոշակի մեխանիզմներ, ինչպես նաև Համաձայնագրի գործողության համար անհրաժեշտ այլ պայմաններ:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ պարտավորությունները.

- Վարկի հիմնական գումարի վճարումն իրականացնել Համաձայնագրով նախատեսված մարման ժամանակացույցին համապատասխան (Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.07 կետ),

- հայտարարել Ծրագրի նպատակների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին և Ծրագիրն իրականացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակի (այսուհետ` ՏԾԻԳ) միջոցով՝ Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինության (այսուհետ` ՀԱՃՏ) օգնությամբ (Համաձայնագրի 3-րդ հոդվածի 3.01 կետ),

- մինչև Ծրագրի ավարտը ՏԾԻԳ-ը պահպանել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներքո, որը պատասխանատու կլինի Ծրագրի կառավարման, համակարգման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման համար (Համաձայնագրի 2-րդ Առդիրի 1-ին բաժնի Ա1 կետ),

- թույլատրել ճանապարհների և մայրուղիների նախագծման և շինարարության ստանդարտացման Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվող ստանդարտների օգտագործումը (ի հավելումն ազգային ստանդարտների) Ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհային կառույցների նախագծման և շինարարության մեջ (Համաձայնագրի 2-րդ Առդիրի 1-ին բաժնի Ա2 կետ),

- բացառությամբ այն դեպքերի, երբ Վարկառուն և Բանկը (ՎԶՄԲ) այլ համաձայնություն են ձեռքբերում, չեղյալ չճանաչել, չփոփոխել, չկասեցնել, չհրաժարվել կամ այլ կերպ չձախողել Գործառնական ձեռնարկի կամ վերջինիս դրույթների կատարումը (Համաձայնագրի 2-րդ Առդիրի 1-ին բաժնի Բ կետ),

- ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթներին համապատասխան (Համաձայնագրի 2-րդ Առդիրի 1-ին բաժնի Բ2 կետ),

- մինչև Ծրագրի ավարտն ապահովել, որ Ծրագրի շրջանակներում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի հիմնանորոգված ճանապարհային հատվածների պահպանության համար հատկացվեն բյուջետային բավարար միջոցներ (Համաձայնագրի 2-րդ Առդիրի 5-րդ բաժին),

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջոցով իրականացնել մոնիտորինգ, գնահատել Ծրագրի ընթացքը և նախապատրաստել Ծրագրի հաշվետվությունները, նպաստել ֆինանսական կառավարման համակարգի պահպանմանը, յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո Բանկ ներկայացնել կիսամյակն ընդգրկող Ծրագրի` աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները` Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ (Համաձայնագրի 2-րդ Առդիրի 2-րդ բաժին),

- Ծրագրի համար պահանջվող և վարկային միջոցներից ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել Գնումների ուղեցույցներում ամրագրված դրույթների համաձայն (Համաձայնագրի 2-րդ Առդիրի 3-րդ բաժին):

5. Համաձայնագրով ֆինանսավորվող Ծրագրի նպատակն է կենսական նշանակության ընտրված ճանապարհները բարելավելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար և հզորացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿՆ) կարողությունները` կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար:

Մասնավորապես, Ծրագրով նախատեսվում է բարելավել կենսական նշանակության ճանապարհային ցանցի մոտ 360 կմ երկարությամբ ընտրված ճանապարհներ, հիմնանորոգման և ընթացիկ պահպանման աշխատանքներ կատարել մոտ 23.4 կմ երկարությամբ ճանապարհային ցանցի ընտրված հատվածում և հիմնանորոգում` 23 կմ հատվածում, իրականացնել նախագծային ուսումնասիրություն, հսկողություն և անկախ տեխնիկական հաշվեքննություն, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումներ: Ծրագրի փակման ամսաթիվն է 2019թ. դեկտեմբերի 30-ը:

 6. Անդրադառնալով վարկային համաձայնագրերով ծրագրերի հասցեականության հարցին` ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2014թ. դեկտեմբերի 16-ի ՍԴՈ-1186 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, որի համաձայն` այն ծրագրերը, որոնց համար վարկային միջոցներ են ներգրավվում, պետք է ունենան հասցեական բնույթ, քանի որ ծրագրերի հասցեականության բացակայությունը մեծացնում է նաև վարկային ռեսուրսների օգտագործման ռիսկայնության աստիճանը:

Սույն գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը գրավոր բացատրությանը կից ներկայացրել է քննության առարկա Համաձայնագրով ֆինանսավորվող Ծրագրի առաջին տարվա` 2016 թվականի ընթացքում վերականգնման ենթակա ճանապարհների ցանկ, որից երևում է, որ.

- Շիրակի մարզում Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով ճանապարհի վերականգնվող հատվածի երկարությունը կազմելու է 10.0 կմ, որի նախնական արժեքը կազմելու է 1.75 մլն ԱՄՆ դոլար,

- Կոտայքի մարզում Հ1-Հրազդան-Հ55 ճանապարհի վերականգնվող հատվածի երկարությունը կազմելու է 3.0 կմ, իսկ արժեքը՝ 0.53 մլն ԱՄՆ դոլար, Հ6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհի վերականգնվող հատվածի երկարությունը կազմելու է 13.0 կմ, արժեքը՝ 3.34 մլն ԱՄՆ դոլար,

 - Սյունիքի մարզում Մ2-Սիսիան ճանապարհի վերականգնվող հատվածի երկարությունը կազմելու է 4.6 կմ, իսկ վերականգնման նախնական արժեքը՝ 1.30 մլն ԱՄՆ դոլար, Մարտունի-Վաղաշեն-Վարդենիկ ճանապարհի վերականգնվող հատվածի երկարությունը կազմելու է 11.0 կմ, արժեքը՝ 2.57 մլն ԱՄՆ դոլար, Երանոս-Ծակքար ճանապարհի վերականգնվող հատվածի երկարությունը կազմելու է 4.7 կմ, արժեքը՝ 1.10 մլն ԱՄՆ դոլար,

- Գեղարքունիքի մարզում Միջպետական Մ11 Մարտունի-Վարդենիս-ԼՂՀ սահման ճանապարհի վերականգնվող հատվածի երկարությունը կազմելու է 5.5 կմ, արժեքը՝ 1.26 մլն ԱՄՆ դոլար։

Ընդհանուր առմամբ աշխատանքները տարվելու են չորս մարզերում և ճանապարհների վերականգնվող հատվածների երկարությունը կազմելու է 51.8 կմ, իսկ վերականգնման նախնական արժեքը` 11.85 մլն ԱՄՆ դոլար:

Վարկի մնացած գումարի համար դեռևս ծրագրային հստակեցումներ առկա չեն:

7. Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ոլորտում նախկինում կնքված միջազգային պայմանագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը հիշյալ ծրագրի իրականացման նպատակով կնքել է թվով չորս միջազգային վարկային համաձայնագիր, մասնավորապես.

- 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիր, որով կենսական նշանակության ճանապարհային ցանցի ընտրված հատվածների բարելավման և ճանապարհաշինության ոլորտում ժամանակավոր զբաղվածության ստեղծման նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է տասնվեց միլիոն հարյուր հազար Հատուկ փոխառության իրավունքներին (16.100.000 ՀՓԻ) համարժեք գումարի չափով վարկ (ֆինանսավորում): Ըստ գործին կից` էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տեղեկանքի` նախատեսվել է իրականացնել մոտ 100 կմ տեղական նշանակության ճանապարհների վերանորոգման աշխատանքներ,

- 2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր, որով կենսական նշանակության ճանապարհային ցանցի ընտրված հատվածների բարելավման և ճանապարհաշինության ոլորտում ժամանակավոր զբաղվածություն ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է երեսունվեց միլիոն վեց հարյուր հազար (36.600.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Այդ գործով ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսվել է վերականգնել 140 կմ կենսական նշանակության ճանապարհներ,

- 2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիր (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում), որով կենսական նշանակության ավտոճանապարհների ցանցի ընտրված հատվածների բարելավման և ավտոճանապարհների կառուցման ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է քառասուն միլիոն (40.000.000) դոլար գումարի չափով վարկ: Ըստ Ծրագրի` նախատեսվել է կենսական նշանակության ճանապարհների` մոտավորապես 190 կմ ընտրված հատվածների վերանորոգում,

- 2013 թվականի փետրվարի 11-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիր, որով ընտրված Կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար բարելավման և Կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար ՏԿՆ կարողության հզորացման նպատակով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է քառասունհինգ միլիոն (45.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Ըստ Ծրագրի` նախատեսվել է մոտ 147 կմ ընտրված ճանապարհների բարելավում և մոտ 23 կմ կենսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում և պահպանություն:

Նշված գործով կայացված որոշմամբ, գնահատելով իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ըստ ՀՀ վերահսկիչ պալատի համապատասխան հաշվետվության` վերը նշված նախորդ համաձայնագրերով հատկացված վարկային միջոցների ծախսման ընթացքում տեղ են գտել բազմաթիվ թերություններ ու բացթողումներ:

Ի պատասխան սահմանադրական դատարանի 2015թ. նոյեմբերի 24-ի ՍԴԱ-23 հարցման` ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այդ ծրագրի 2013 թվականի ընթացքի նկատմամբ ՀՀ վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքում նույնպես արձանագրվել են թերություններ: Մեկ պայմանագրի մասով (Մայակովսկի-Նոր գյուղ-Կոտայք-Կապուտան-Զովաշեն ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներ) արձանագրվել են թերություններ 3, 314 000 ՀՀ դրամի չափով, որը հետագայում կապալառուն վերականգնել և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե:

8. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը վերահաստատում է իր ՍԴՈ-1098 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումն առ այն, որ նմանաբնույթ վարկային համաձայնագրերի կատարման նկատմամբ հստակ ու թափանցիկ մշտադիտարկումը «...հիմք կհանդիսանա խուսափելու վարկային նախորդ համաձայնագրերի իրագործման պրակտիկայում տեղ գտած թերություններից և բացթողումներից, վարկային սուղ միջոցների անարդյունավետ օգտագործումից ու փոշիացումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների հնարավոր խախտումներից»:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է նաև իր` 2015 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1237 որոշման մեջ արտահայտած դիրքորոշումն առ այն, որ այս ոլորտում նույնպես «Հրատապ է… իրավասու պետական մարմինների կողմից վերոնշյալ վարկային համաձայնագրերով ներգրավված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման համադրված վերլուծության ու գնահատման անհրաժեշտությունը», ինչը հիմք կհանդիսանա նոր վարկային միջոցների ներգրավման նպատակահարմարությունը հիմնավորելու համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված` «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

1 դեկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1239