Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1311
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.12/74(1254) Հոդ.943
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 հոկտեմբերի 2016 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վ. Եղիազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված` Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` Մոսկվայում:

Արձանագրությամբ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները (Կողմեր) պարտավորվում են Արձանագրությանը, ազգային օրենսդրությանը և այլ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են իրենք, համագործակցել` ի շահ ապակառուցողական ներգործությունից Կողմերի տեղեկատվական տարածքի պաշտպանության և ազգային օրենսդրությամբ արգելված նպատակներով Ինտերնետ ցանցի ազգային սեգմենտներն օգտագործելու հակազդման, ինչպես նաև փոխգործակցություն իրականացնել այնպիսի հանցագործությունների հատկանիշներով, որոնք կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և ազգային օրենսդրությամբ որակվում են որպես հանցագործություն`

- սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ,

- խաղաղության և մարդկության անվտանգության դեմ,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Արձանագրության շրջանակներում համագործակցությունն անմիջականորեն իրականացվում է Կողմերի սահմանած` լիազորված իրավասու մարմինների միջև:

Արձանագրության շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին լիազորված իրավասու մարմնի դիմումի (Դիմում) հիման վրա:

 

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանուցել լիազորված իրավասու մարմին սահմանելու/փոփոխելու մասին,

բ) Արձանագրության շրջանակներում Կողմերի հետ համագործակցությունն իրականացնել հետևյալ ձևերով.

- տեղեկատվության փոխանակում,

- օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև դատավարական գործողությունների անցկացման մասին դիմումների կատարում` իրավական օգնության մասին միջազգային պայմանագրերին և այլ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են Կողմերը,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության ուղղությամբ համակարգված միջոցառումների և գործողությունների պլանավորում և անցկացում,

- կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցության ցուցաբերում, այդ թվում`մասնագետների ստաժավորման, համաժողովների, սեմինարների, ուսումնական դասընթացների և պարապմունքների կազմակերպման միջոցով,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման և քննության ուղղությամբ խնդիրների կատարումն ապահովող տեղեկատվական համակարգերի ստեղծում,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներով համատեղ գիտական հետազոտությունների անցկացում և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի հարցերով գիտատեխնիկական գրականության փոխանակում,

- փոխադարձաբար ընդունելի այլ ձևերով,

գ) որպես հարցվող կողմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Դիմումի արագ և առավել ամբողջական կատարումն ապահովելու համար,

դ) որպես հարցվող կողմ իրավունք ունի պահանջելու լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Դիմումը պատշաճ կատարելու համար,

ե) Արձանագրության շրջանակներում մերժել Դիմումի կատարումն ամբողջությամբ կամ մասամբ, եթե որպես հարցվող կողմ գտնում է, որ դրա կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,

զ) Արձանագրության պայմանների կատարման ընթացքում ծագող ծախսերը կրել ինքնուրույն, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

 

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և նպատակաուղղված են տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման արդյունավետ հավաքական փոխգործակցության ապահովմանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների համագործակցության իրավական հիմքերի ստեղծմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված` Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

4 հոկտեմբերի 2016 թ.

ՍԴՈ-1311