ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2004 թվականի սեպտեմբերի 15-ին Աստանայում ստորագրված «Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ Հայաստանի Հանրապետության առարկությամբ՝ համաձայն հավելվածի):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
Հ ա յ ա ս տ ա ն ի Հ ա ն ր ա պ ե տ ու թ յ ա ն ա ռ ա ր կ ու թ յ ու ն ը
«Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ
Հայաստանի Հանրապետությունը առարկում է «Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ:
Համաձայն 1969 թ. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդված 1-ին մասի «դ» կետի` վերապահում է համարվում ցանկացած ձևակերպումով և ցանկացած վերնագրով պետության կողմից արված միակողմանի հայտարարությունը: Հետևաբար, Ադրբեջանի Հանրապետության արտահայտած հատուկ կարծիքը համարվում է վերապահում:
Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքը չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիայի կողմից վերապահմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, համաձայն Վիեննայի կոնվենցիայի, վերապահմամբ պետությունը ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք իր նկատմամբ կիրառելիս: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունը չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը վերջինս ցանկանում է բացառել կամ փոփոխել: Ուստի, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իր հատուկ կարծիքով խախտում է Վիեննայի կոնվենցիայի դրույթները:
Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ` համաձայնագրի առարկային և նպատակին հակասելու հիմքով: Մասնավորապես, համաձայնագրի նպատակներից է ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան՝ կողմերի համագործակցությունը տրանսպորտում կատարված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գործում: Համաձայնագրի առարկան են հիշատակված նպատակների իրագործման համար կողմերի միջև ծագող և համաձայնագրի կարգավորմանը ենթակա հարաբերությունները: Ադրբեջանի Հանրապետության արտահայտած հատուկ կարծիքը անիրագործելի է դարձնում համաձայնագրի առարկա հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև անիրականալի է դարձնում համաձայնագրի նպատակը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|