ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
|
2017 թվականի հուլիսի 20-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Խաչիկ Կոսյանի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2016 թվականի որոշման դեմ` ««ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ»,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ «ՊԱՏ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպություն) պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Վարդազարյան) 21.04.2010 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2010 թվականի որոշմամբ գործն ընդդատությամբ հանձնվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2013 թվականի որոշմամբ (դատավոր՝ Կ. Պետրոսյան) բավարարվել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) միջնորդությունը և թույլատրվել է գրավի առարկա հանդիսացող՝ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող բնակելի տունը, որպես սեփականություն, հանձնել վերջինիս կողմից նշված անձ Խաչիկ Կոսյանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 25.11.2013 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը բավարարվել է` որոշվել է 29.05.2013 թվականի անշարժ գույքի փոխանցման պայմանագրով ի սեփականություն Խաչիկ Կոսյանին փոխանցված՝ ք. Երևան, Արաբկիր համայնք, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը վերադարձնել Ընկերության սեփականությանը և պարտավորեցնել Բանկին Խաչիկ Կոսյանին վերադարձնելու 10.000.000 ՀՀ դրամ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 25.11.2013 թվականի որոշման դեմ վերադարձվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2015 թվականի որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.08.2016 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. որոշվել է` նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել և բեկանել Դատարանի 25.11.2013 թվականի «Ընկերության սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչիկ Կոսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ, 204.34-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով կառավարչի կողմից մատնանշված նոր երևան եկած հանգամանքները դեռևս 01.12.2014 թվականին դատարանում վկայակոչվել են, որոնց մասին տեղյակ է եղել նաև կառավարիչը, իսկ թե ինչու է այդ հանգամանքները շուրջ մեկ տարի վեց ամիս անց է ներկայացրել՝ բողոքարկելով Դատարանի 25.11.2013 թվականի որոշումը, պարզ չէ: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է վերը նշված փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ կառավարչի կողմից բաց է թողնվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը:
Ավելին, Վերաքննիչ դատարանի կողմից առհասարակ որևէ անդրադարձ չի կատարվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկներին, ինչի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջն առ այն, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.08.2016 թվականի որոշումը և Դատարանի 25.11.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանը, 25.11.2013 թվականի որոշումը կայացնելիս, գործով մասնակից չի դարձրել ինչպես սնանկության գործով կառավարչին, այնպես էլ Բանկին, թեպետ որոշումն անմիջականորեն պարտականություններ է առաջացրել Բանկի համար, և ուղղակիորեն առնչվել է Ընկերության շահերին։ Խաչիկ Կոսյանը մինչև 25.11.2013 թվականի որոշման կայացումը Դատարանից և կողմերից թաքցրել է անշարժ գույքի օտարված լինելու փաստը։
Բացի այդ, սնանկության գործով կառավարչին 12.05.2016 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման սպասարկման գրասենյակից ստացված տեղեկատվության հիման վրա է միայն հայտնի դարձել, որ Դատարանի 25.11.2013 թվականի որոշման կայացման պահին Խաչիկ Կոսյանին հանձնած գույքը օտարված է եղել երրորդ անձի և ծանրաբեռնված է գրավի իրավունքով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2013 թվականի որոշմամբ բավարարվել է Բանկի միջնորդությունը և թույլատրվել է գրավի առարկա հանդիսացող՝ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող բնակելի տունը, որպես սեփականություն, հանձնել Խաչիկ Կոսյանին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 43):
2) Խաչիկ Կոսյանը 22.11.2013 թվականին Դատարան է ներկայացրել միջնորդություն, որով միջնորդել է Դատարանին 29.05.2013 թվականի անշարժ գույքի փոխանցման պայմանագրով ի սեփականություն իրեն փոխանցված ք. Երևան, Արաբկիր համայնք, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը վերադարձնել Ընկերության սեփականությանը և պարտավորեցնել Բանկին Խաչիկ Կոսյանին վերադարձնելու 10.000.000 ՀՀ դրամ՝ պատճառաբանելով, որ 29.05.2013 թվականի թիվ 1609 «Անշարժ գույքի փոխանցման» պայմանագրի առարկա հանդիսացող` վերը նշված անշարժ գույքը փաստացի իրեն չի հանձնվել (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 53-55):
3) Դատարանի «Ընկերության սնանկության գործով Խաչիկ Կոսյանի միջնորդությունը քննության առնելու» 25.11.2013 թվականի որոշմամբ Խաչիկ Կոսյանի միջնորդությունը բավարարվել է: Որոշվել է՝ 29.05.2013 թվականի անշարժ գույքի փոխանցման պայմանագրով ի սեփականություն Խաչիկ Կոսյանին փոխանցված՝ ք. Երևան, Արաբկիր համայնք, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը վերադարձնել Ընկերության սեփականությանը և պարտավորեցնել Բանկին Խաչիկ Կոսյանին վերադարձնելու 10.000.000 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 67-69):
4) Ընկերության սնանկության գործով կառավարիչը 25.05.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) 12.05.2016 թվականի տեղեկանքը և որպես Դատարանի 25.11.2013 թվականի որոշման վերանայման համար ի հայտ եկած նոր երևան եկած հանգամանքի հիմնավորում նշել է, որ տվյալ տեղեկանքով տրամադրվել են Երևանի Ադոնցի փողոց թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի պատճենները, ըստ որոնց՝ 28.06.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի և Խաչիկ Կոսյանի միջև կնքված թիվ 0127-Է/2013Է հիփոթեքի պայմանագրով Խաչիկ Կոսյանը գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը և ստացել 7.000.000 ՀՀ դրամ վարկ, 21.08.2013 թվականին Խաչիկ Կոսյանի և Գրիգոր Կոսյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրով Խաչիկ Կոսյանը Երևանի Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրել է Գրիգոր Կոսյանին, այդ գործարքի վերաբերյալ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն նախապես` 15.08.2013 թվականին, տվել է իր գրավոր համաձայնությունը։ Նշված բնակելի տան նկատմամբ գրանցված է «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 4-րդ, գ.թ. 12, գ.թ. 28-31, 35-36):
5) Խաչիկ Կոսյանի կողմից 13.06.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանում նշվել է, որ որպես նոր երևան եկած հանգամանքներ վկայակոչված փաստերը դեռևս 2014 թվականին բարձրաձայնվել են դատարանում: Դրանց մասին տեղյակ է եղել նաև Ընկերության սնանկության գործով կառավարիչը, իսկ թե ինչու է այդ հանգամանքները շուրջ մեկ տարի վեց ամիս անց է ներկայացրել՝ բողոքարկելով Դատարանի 25.11.2013 թվականի որոշումը, անհասկանալի է: Ընկերության սնանկության գործով կառավարիչն իրավունք ուներ վերը նշված որոշումը բողոքարկել եռամսյա ժամկետում, այն է՝ բողոքը կարող էր ներկայացնել առնվազն մինչև 01.03.2015 թվականը, մինչդեռ Ընկերության սնանկության գործով կառավարիչն այն ներկայացրել է եռամսյա ժամկետի բացթողումով (հատոր 4-րդ, գ.թ. 43-44):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված բողոքը հիմք է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը բացառելու համար,
2. արդյո՞ք վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված դիրքորոշմանը և հիմնավորումներին անդրադառնալ նաև որոշման պատճառաբանական մասում:
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս, «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոք բերած անձն է կրում դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու փաստի ապացուցման պարտականությունը: Այսինքն` բողոք բերած անձը ոչ միայն պետք է ապացուցի, որ առկա է նոր երևան եկած հանգամանք, այլև պետք է համապատասխան թույլատրելի և վերաբերելի ապացույցների ներկայացմամբ հիմնավորի, որ այդ հանգամանքի ի հայտ գալու մասին իմացել կամ կարող էր իմանալ բողոքը ներկայացնելուն նախորդող եռամսյա ժամկետի ընթացքում (տե՛ս, Վանա Վարուջի Սաֆաիեին ընդդեմ Առլեն Պետրոսյանսի թիվ ԿԴ3/0085/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի համար օրենսդրորեն ամրագրված եռամսյա ժամկետի սահմանումն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, դրա անհերքելիությունը: Այսինքն՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործի վերանայումը (բացումը) բողոք բերողի կողմից կարող է իրականացվել եռամսյա ժամկետում սկսած այն օրվանից, երբ նա գիտեր կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին: Նշված ժամկետի բացթողումը բացառում է նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետի բաց թողնման պատճառները դատարանի կողմից ճանաչվել են հարգելի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում վերադաս ատյանների կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, վերադաս դատարանները պետք է պարզեն, թե արդյոք այդ հիմքով բերված բողոքը ներկայացվել է սահմանված եռամսյա ժամկետի պահպանմամբ, թե՝ ոչ: Ընդ որում, պայմանավորված բողոքը (վերաքննիչ կամ վճռաբեկ) վարույթ ընդունելու փուլի առանձնահատկություններով՝ նշված հարցն ենթակա է պարզման՝ առերևույթ գնահատելով ժամկետը պահպանված լինելու հանգամանքը: Այլ կերպ ասած՝ եթե առերևույթ պահպանված է եռամսյա ժամկետը, ապա բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ դա բխում է անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի էությունից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ արդեն իսկ բողոքի (վերաքննիչ կամ վճռաբեկ) քննության փուլում բողոքարկման ժամկետները պահպանված լինելու հարցի վերաբերյալ կասկածներ ծագելու դեպքում վերադաս ատյանները կաշկանդված չեն բողոքը վարույթ ընդունելու հանգամանքով և պարտավոր են անդրադառնալ ու գնահատման արժանացնել ժամկետը պահպանած լինելու փաստը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ եթե պարզի, որ բողոքը վարույթ ընդունելիս պահպանված չի եղել բողոք բերելու օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, ապա վերադաս ատյանները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններով, պետք է մերժեն բողոքները՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե առկա են եղել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու բացառող հանգամանքներ:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց: Նույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջները։ Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ որոշման նկարագրական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ: Նույն կետը նաև մասնավորեցնում է պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկներին դատական ակտի պատճառաբանական մասում անդրադառնալու և դրանք գնահատելու խնդրին: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պայմանավորված վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններով՝ վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով՝ վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում: Ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը, ի տարբերություն հայցադիմումի պատասխան չներկայացնելու, չի կարող մեկնաբանվել ի վնաս այդ անձի:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ եթե ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, ապա այն պատշաճ գնահատման պետք է արժանանա՝ հաշվի առնելով, որ դատավարական նման իրավունքի սահմանումն ինքնանպատակ չէ: Վերաքննիչ բողոքի պատասխանը ոչ թե պետք է պարզապես շարադրվի վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական մասում, այլ նաև պատճառաբանական մասում վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի պատասխանի փաստարկներին՝ պարզելու համար վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորվածությունը վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկների համատեքստում: Այլ կերպ ասած՝ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները պետք է հնարավորություն տան եզրակացություն անելու ոչ միայն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, այլ նաև բողոքի պատասխանում դրանց կապակցությամբ ներկայացված դիրքորոշումների և հիմնավորումների վերաբերյալ (տե՛ս, ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Ընկերության սնանկության գործով կառավարիչը 25.05.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքով, որպես նոր երևան եկած հանգամանք, ներկայացրել է 28.06.2013 թվականին «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի և Խաչիկ Կոսյանի միջև կնքված թիվ 0127-Է/2013Է հիփոթեքի պայմանագիրը, ինչպես նաև Կադաստրի 17.02.2015 թվականի տեղեկանքը, ըստ որի՝ ք. Երևան, Ադոնցի փողոց, թիվ 18 (18/3) հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցվել է Խաչիկ Կոսյանի անվամբ: Այնուհետև, 21.08.2013 թվականի թիվ 439 նվիրատվության պայմանագրի հիմքով նշված բնակելի տան նկատմամբ 24.08.2013 թվականին գրանցվել է Գրիգոր Կոսյանի սեփականության իրավունքը: Նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցված է նաև «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի գրավի իրավունքը: Միաժամանակ, որպես այդ հանգամանքների մասին իր կողմից իմանալու փաստը հիմնավորող ապացույց Ընկերության սնանկության գործով կառավարիչը վերաքննիչ բողոքին կցել է Կադաստրի 12.05.2016 թվականի տեղեկանքը և նշել, որ տվյալ տեղեկանքով են տրամադրվել Երևանի Արաբկիր Ադոնցի փողոց թիվ 18 (18/3) տան հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի պատճենները, որոնց մեջ առկա են եղել վերը նշված նոր երևան եկած հանգամանքները հիմնավորող տեղեկությունները:
Գործում առկա՝ վերաքննիչ բողոքի պատասխանում Խաչիկ Կոսյանը նշել է, որ որպես նոր երևան եկած հանգամանքներ վկայակոչված փաստերը դեռևս 2014 թվականից Ընկերության սնանկության գործով կառավարչին հայտնի են եղել, մինչդեռ վերջինս այն ներկայացրել է եռամսյա ժամկետի բացթողումով:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, հանգել է այն հետևության, որ որպես նոր երևան եկած վկայակոչված հանգամանքները «հայտնի են դարձել միայն 12.05.2016 թվականին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Երևանի տարածքային ստորաբաժանման սպասարկման գրասենյակի կողմից տրամադրված` ք. Երևան, Ադոնցի փողոցի թիվ 18 (18/3) հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի պատճենների ուսումնասիրությունից հետո» և գտել է, որ բողոքաբերի կողմից ներկայացրած հանգամանքները հիմք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու համար: Վերաքննիչ դատարանը, սակայն, իր որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել և չի գնահատել նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոքի համար սահմանված ժամկետի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացված անձի կողմից բերված փաստարկին:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով Վերաքննիչ դատարանի որոշումը, հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանն իր որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» մասում ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները, սակայն որոշման պատճառաբանական մասում դրանց չի անդրադարձել և փաստարկները չի գնահատել:
Վերը նշվածը հաշվի առնելով և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բուն վերաքննության փուլում կասկածներ են առաջացել վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու վերաբերյալ, որոնց վերաբերյալ փաստարկները նշվել են վերաքննիչ բողոքի պատասխանում: Վերաքննիչ դատարանը, կաշկանդված չլինելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հանգամանքով, պարտավոր էր բուն վերաքննության փուլում վերոգրյալի կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում անդրադառնալ դրանց հիմնավորվածությանը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն որոշման նկարագրական մասում վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները շարադրելով՝ որոշման պատճառաբանական մասում որևէ կերպ գնահատման չարժանացնելով վերաքննիչ բողոքի պատասխանում բարձրացված՝ սույն գործով վերաքննությունը բացառող հանգամանքների առկայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, որոշման նկարագրական մասում ուղղակիորեն մեջբերելով բողոքի պատասխանի փաստարկները և չգնահատելով դրանք, չի փարատել բողոքի քննության ընթացքում ի հայտ եկած և վերաքննությունը բացառող հանգամանքների առկայության վերաբերյալ կասկածները, որի արդյունքում էլ սահմանափակել է Խաչիկ Կոսյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի այն փաստարկին, որ սնանկության գործով կառավարիչը բաց է թողել օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, քանի որ նոր երևան եկած հանգամանքների մասին իմացել է դեռևս 2014 թվականից, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել է շուրջ մեկ տարի վեց ամիս անց, ապա Վերաքննիչ դատարանի կողմից այդ փաստարկին չանդրադառնալու և դրան որևէ գնահատական տրված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ դրան:
Վերը նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ նաև վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկներին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 15.12.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան
ս. անտոնյան
Վ. Ավանեսյան
Գ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|