Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.13
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2009
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
11.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0990/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0990/02/08
2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

 Գ. Մատինյան

 Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Վ. Աբելյանի

 
մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Քրիստինա Գաբունիայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2009 թվականի որոշման դեմ` ըստ Էդգար Ամրոյանի հայցի ընդդեմ Քրիստինա Գաբունիայի, երրորդ անձ Երևանի Շենգավիթ համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդգար Ամրոյանը պահանջել է երեխայի՝ Ալբերտո Ամրոյանի հետ տեսակցության կարգ սահմանել շաբաթական երեք օր:

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է՝ թույլատրել Էդգար Ամրոյանին յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 17:00-ից մինչև 20:00-ը մոր ներկայությամբ տեսակցել 03.02.2006 թվականին ծնված երեխային՝ Ալբերտո Ամրոյանին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2009 թվականի որոշմամբ Էդգար Ամրոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է՝ Դատարանի 14.10.2008 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել, այն է՝ Էդգար Ամրոյանին Ալբերտո Ամրոյանի հետ տեսակցության կարգ սահմանել յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 17:00-ից մինչև 20:00-ը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քրիստինա Գաբունիան:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ առանց մոր ներկայության երեխայի հետ շփումը վնաս կպատճառի երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջությանը:

Բացի այդ, վերանայվող դատական ակտը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-386(ՎԴ) որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.01.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.10.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 17.02.2006 թվականի թիվ ԱԱ 096552 ծննդյան վկայականի համաձայն՝ Ալբերտո Ամրոյանը ծնվել է 03.02.2006 թվականին, հայրն է Էդգար Ամրոյանը, իսկ մայրը՝ Քրիստինա Գաբունիան (գ.թ. 10):

2) 17.02.2006 թվականի թիվ ԱԱ 022327 հայրության ճանաչման վկայականի համաձայն՝ Էդգար Ամրոյանը ճանաչվել է Ալբերտո Գաբունիայի հայրը և երեխային շնորհվել է Ամրոյան ազգանունը (գ.թ. 11):

3) «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» առողջապահական պետական ՓԲԸ-ի 29.12.2008 թվականի թիվ 0-75 տեղեկանքի համաձայն՝ Ալբերտո Ամրոյանը՝ ծնված 2006 թվականին, անցել է «հոգեբանական թեստավորում և հոգեախտորոշում, որի արդյունքում հայտնաբերվել է տագնապային բարձր ֆոն, վախի (հատկապես բարձր ձայներից) գերակտիվ վիճակ: Խորհուրդ է տրվում տևական հոգեթերապիա» (գ.թ. 107):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է վերաքննիչ բողոքի շրջանակներում հետազոտել և գնահատել գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել վերաքննիչ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով վերաքննիչ բողոքը, չի գնահատել և ընդհանրապես չի անդրադարձել Քրիստինա Գաբունիայի Վերաքննիչ դատարան ներկայացրած, սույն գործի համար էական նշանակություն ունեցող «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» առողջապահական պետական ՓԲԸ-ի 29.12.2008 թվականի թիվ 0-75 տեղեկանքին, որով հաստատվում է այն հանգամանքը, որ Ալբերտո Ամրոյանն անցել է «հոգեբանական թեստավորում և հոգեախտորոշում, որի արդյունքում հայտնաբերվել է տագնապային բարձր ֆոն, վախի (հատկապես բարձր ձայներից) գերակտիվ վիճակ»: Նշված տեղեկանքով որպես երեխայի հոգեկան առողջության ապահովման ելք խորհուրդ է տրվել իրականացնել «տևական հոգեթերապիա»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող որոշման հիմնավորվածությունն ապահովելու համար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նշել ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է նշեր և պատճառաբաներ, թե ինչու է մերժում և անընդունելի համարում որպես ապացույց Քրիստինա Գաբունիայի ներկայացրած «ԹԻՎ 8 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» առողջապահական պետական ՓԲԸ-ի 29.12.2008 թվականի թիվ 0-75 տեղեկանքը, քանի որ նշված տեղեկանքը վերաբերում է Ալբերտո Ամրոյանի հոգեկան առողջության վերաբերյալ վերլուծություններին և կարգավորման ուղիներին, որոնք սույն գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ են:

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:

Նշված օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ: Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ երեխայի առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական, լիարժեք և ներդաշնակ զարգացման համար առաջնահերթ պատասխանատվություն են կրում երեխայի ծնողները, իսկ Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը, տեսակցության կարգ որոշելիս, սահմանել է օրենքի պահանջներից չբխող նոր պայման, այն է՝ Էդգար Ամրոյանի շփումը երեխայի հետ պետք է տեղի ունենա Քրիստինա Գաբունիայի ներկայությամբ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել նշված համոզմունքի ձևավորումը և առանց հաշվի առնելու երեխայի լավագույն շահերը, առանց երեխայի տարիքի, ֆիզիկական և հոգեկան առողջության վերաբերյալ որևէ փաստարկված և հիմնավորված հետևություն անելու՝ հանգել է սխալ եզրահանգման:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է մոր ներկայությամբ երեխայի տեսակցության կարգ սահմանելու հարցին (տե՛ս՝ ըստ հայցի Մուշեղ Եկմալյանի ընդդեմ Լիլիթ Իշխանյանի՝ երեխային տեսակցելու կարգ սահմանելու պահանջի մասին, թիվ 3-386(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը): Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը երեխայի տեսակցությունը սահմանել է մոր ներկայությամբ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով սույն գործով երեխայի մոտ առկա առողջական խնդիրների առկայությունը, ինչպես նաև երեխայի տարիքը և մշտական խնամքի տակ գտնվելու անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում երեխայի տեսակցությունը սահմանել Քրիստինա Գաբունիայի ներկայությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 14.10.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Վ. Աբելյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան