Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.02.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0108/02/13
2015 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0108/02/13

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի փետրվարի 04-ին,

քննարկելով ըստ հայցի Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Արթուր և Օլգա Գրիգորյանների, Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպության Ռ. Գրիգորյանի անվան «Գյումրիի Ավտոդպրոց» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Վարդանուշ Պապիկյանի և Նիկոլ Պապոյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Գյումրու նոտարական տարածքի նոտար Հայկանուշ Ֆենդյանի, Ռոբերտ Մուկուչյանի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ), «ԻՌԵԴԻ» ՍՊԸ-ի` անշարժ գույքի 15.10.2007 թվականի առուվաճառքի պայմանագիրը լուծելու և որպես հետևանք` այդ պայմանագրից բխող 18.10.2007 թվականի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 10.08.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրանից բխող 15.08.2009 թվականի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, գրավի իրավունքը վերացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2014 թվականի որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանի  վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան`  Կազմակերպությունը պահանջել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան թիվ 11ա (11/3) հասցեում գտնվող անշարժ գույքի 15.10.2007 թվականի առուվաճառքի պայմանագիրը լուծել և որպես հետևանք` անվավեր ճանաչել այդ պայմանագրից բխող 18.10.2007 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել նույն անշարժ գույքի 10.08.2009 թվականի առուվաճառքի պայմանագիրը և դրանից բխող 15.08.2009 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը, վերացնել Բանկի գրավի իրավունքը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ և ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական ընկերություն հասարակական կազմակերպությանը ճանաչել վերոնշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 06.05.2014 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.06.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 06.05.2014 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը, 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաստատելով Դատարանի պատճառաբանությունը և հավելելով, որ գործի նյութերով հիմնավորվել է այն կապը, որն առկա է քննվող գործի  և հարուցված թիվ 61201614 քրեական գործի միջև, այն է` թիվ 61201614 քրեական գործով քննվող պարզման ենթակա այնպիսի փաստական հանգամանքների առկայությունը, որոնք էական նշանակություն կարող են  ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար, ինչպես նաև դրանց կապը սույն քաղաքացիական գործով ներկայացված գործարքների վիճարկման պահանջի կոնկրետ հիմքերի հետ, չի հիմնավորել, թե ինչու է անհնարին սույն գործի քննությունը, ինչ փաստ չի կարող հաստատվել սույն գործով, որը պետք է հաստատվեր միայն այդ քրեական գործով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որն անմիջականորեն վերաբերում է պատասխանող Արթուր Գրիգորյանին և հայցի առարկա ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11ա (11/3) հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործարքներին, չի նշել այն շարժառիթներն ու փաստերը, որոնք արգելք են հանդիսացել սույն գործի քննության համար:

Ավելին, գործը քննվում է մեկ տարուց ավելի և գործի վարույթի կասեցմամբ անհարկի ձգձգվում է գործի քննությունը, մասնավորապես` գործի փաստերով հաստատվում է, որ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11ա (11/3) հասցեի անշարժ գույքի վերաբերյալ 15.10.2007 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, պայմանագրով կատարվել են որոշակի վճարումներ, այդ պայմանագրի կնքումից հետո անշարժ գույքը կրկին վաճառվել է, այնուհետև գրավադրվել է Բանկում, այսինքն` ներկայացված փաստական հանգամանքների հիման վրա կարող էին արվել իրավական հետևություններ, եզրահանգումներ և կարող էր կայացվել վճիռ:  

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 24.06.2014 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է  գործի վարույթը կասեցնելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին և նշել, որ դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, Մանուկ Ղազանչյանն ընդդեմ Ալինա Չոբանյանի թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2013 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցվորի միջնորդությունը, «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 06.05.2014 թվականի որոշման հիմքում դրել է այն  հանգամանքը, որ ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործն անմիջականորեն վերաբերում է սույն գործով պատասխանող Արթուր Գրիգորյանին, հայցի առարկա` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11ա (11/3) հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքի հարցին, ուստի սույն գործի քննությունն անհնարին է մինչև Արթուր Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով վերջնական ակտ կայացնելը:

Վերաքննիչ դատարանը, Բանկի վերաքննիչ բողոքը մերժելով և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ քննվող քաղաքացիական գործի շրջանակում ներկայացված հայցով վիճարկվում են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11ա (11/3) հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման կապակցությամբ Արթուր Գրիգորյանի կնքած առուվաճառքի գործարքները, իսկ ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնի Մուշի բաժանմունքի քննիչի կողմից հարուցված «Քրեական գործը վարույթ ընդունելու մասին» 11.04.2014 թվականի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ քրեական գործի հարուցման շարժառիթներից մեկն Արթուր Գրիգորյանի և Վարդանուշ Պապիկյանի կողմից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11ա (11/3) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումն է: 

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նյութերով հիմնավորվել է այն կապը, որն առկա է քննվող քաղաքացիական գործի և հարուցված թիվ 61201614 քրեական գործի միջև, այն է` թիվ 61201614 քրեական գործով քննվող պարզման ենթակա այնպիսի փաստական հանգամանքների առկայությունը, որոնք էական նշանակություն կարող են ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար, ինչպես նաև դրանց կապը սույն քաղաքացիական գործով ներկայացված գործարքների վիճարկման պահանջի կոնկրետ հիմքերի հետ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից չի հիմնավորվել գործի վարույթը կասեցնելու հիմքի առկայությունը, մասնավորապես` չի մատնանշվել թիվ 61201614 քրեական գործով քննվող այն կոնկրետ իրավահարաբերությունը կամ փաստը, որը թիվ ՇԴ/0108/02/13 քաղաքացիական գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի և չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում, ինչով էլ պայմանավորված է գործի քննության անհնարինությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարուցված թիվ 61201614 քրեական գործը` սույն գործով պատասխանող Արթուր Գրիգորյանի, վեճի առարկա անշարժ գույքի հետ կապված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանությունները բավարար չեն  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2014 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2014 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան