ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5306/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5306/02/14 |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հունվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս՝ «Յունիբանկ» ԲԲԸ) (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2015 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի հայցի ընդդեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Արմեն Դիլանյանի, սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի և Մանվել Տեր-Առաքելյանի՝ գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.962.176.766,70 ՀՀ դրամ, ինչպես նաև 25.11.2014 թվականից հաշվարկված տոկոսներն ու տույժերը մինչև պարտքի ամբողջական մարումը, և բռնագանձումը տարածել գրավի առարկայի վրա։Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2014 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.02.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.12.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մանվել Տեր-Առաքելյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ, 43-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, իր որոշման մեջ վերահաստատելով Դատարանի եզրահանգումները, նշել է, որ մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերն իր պահանջը կարող է բավարարել առանց դատարան դիմելու՝ գրավադրված գույքի իրացման հաշվին, հետևաբար գտել է, որ վեճը դատարանում քննության ենթակա չէ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում այդ նորմը պարզաբանող՝ փակագծերում շարադրված արտահայտության մեջ, օրենսդիրը հստակ օգտագործել է «այդ թվում» բառակապակցությունը, որը բացահայտ վկայում է, որ գրավադրված գույքի իրացման կարգը բնավ չի սահմանափակվում արտադատական իրացման եղանակով: Ընդհակառակը, ակնհայտ է, որ փակագծերում զետեղված պարզաբանմամբ օրենսդիրը հստակեցնում է, որ ծանուցման դեպքում ապահովված պարտատերը կաշկանդված չէ բացառապես դատական կարգով բռնագանձում տարածելու հնարավորությամբ և կարող է սահմանված կարգով բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա նաև արտադատական կարգով:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից Բանկի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ և խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` յուրաքանչյուրի դատական պաշտպանություն ստանալու իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.02.2015 թվականի որոշումը և 25.11.2014 թվականին Բանկի ներկայացրած հայցը համարել վարույթ ընդունված»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Թե´ Դատարանը և թե´ Վերաքննիչ դատարանը կայացրել են օբյեկտիվ և հիմնավորված դատական ակտ։ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտն ըստ էության արտահայտում է սնանկության մասին ՀՀ օրենսդրության առանձնահատկությունները։ Մասնավորապես` Դատարանն իրավացիորեն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին` տալով անկողմնակալ և բառացի մեկնաբանություն նշված իրավանորմին։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար.
2) Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտատիրոջ կողմից մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում արդյո՞ք վերջինս կարող է իր պահանջների բավարարման համար դատական կարգով բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե′ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):
Դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները, ինչպես նաև ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները կարգավորվում են նույն օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածներով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն:
Վկայակոչված հոդվածը, ի թիվս այլ իրավակարգավորումների (օրինակ՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները) 2-րդ մասի «բ» կետով նախատեսել է պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսման արգելք, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով, իսկ 2-րդ մասի «գ» կետով սահմանել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ պարտապանի մասով:
Նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության գործի ավարտից հետո պարտապանի ֆինանսապես առողջացման դեպքում: Հակառակ դեպքում դատարանի սնանկության գործն ավարտելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է քաղաքացիական գործի վարույթի կարճման համար` լուծարված պարտապանի մասով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին և արձանագրել է, որ դրանում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, այն է` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե՛ս, Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում` գրավով ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու կամ նրանց` գրավով ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա, եթե ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին ծանուցել է դատարանին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին։
Այդ դեպքում պարտատերերն անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չեն կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին չծանուցած գրավով ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր ապահովված պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը կարող է պահանջել իր` գրավով ապահովված պարտավորությունն առաջնահերթ կերպով բավարարել գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չգրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև գրավադրված գույքի իրացումը, քանի դեռ գրավադրված գույքի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանության տրամադրման դեպքերի: Եթե գրավադրված գույքի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակման) կամ վնասման արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` այդ նվազման չափով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե համապատասխան գրավի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե գրավի առարկայի շուկայական արժեքը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 5 տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի և Սիլվա Համբարձումյանի թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականին կայացրած որոշմամբ վկայակոչված հոդվածների դրույթների վերլուծության արդյունքում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ընդհանուր կանոնի համաձայն` գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին: Այսինքն` օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռնելով ապահովված պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարումը գրավադրված գույքի հաշվին` շրջանցելով սնանկության գործով վարույթը, միաժամանակ սահմանել է այն պարտադիր պայմանը, որի պահպանման դեպքում միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը կարող է գործել: Նշված պայմանի չպահպանման դեպքում` գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը դրանից բավարարում կարող է ստանալ բացառապես սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում:
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով 28.12.2015 թվականին կայացված որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ համար նախատեսել է իր բավարարումը ստանալու երկու այլընտրանքային եղանակ՝ սնանկության վարույթից դուրս և սնանկության վարույթի շրջանակներում՝ նշված երկու եղանակներից որևէ մեկի ընտրության հնարավորությունը թողնելով պարտատիրոջ հայեցողությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռնելով գրավով ապահովված պահանջի պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարում` շրջանցելով սնանկության գործով վարույթը, և այդ բավարարման չափը սահմանափակելով բացառապես գրավադրված գույքի արժեքով, որևէ կերպ չի սահմանափակել գրավով ապահովված պարտատիրոջ՝ գրավով ապահովված իր պահանջների բավարարման իրավունքի իրացման օրենսդրությամբ սահմանված եղանակների ընտրության հնարավորությունը: Մասնավորապես՝ սահմանափակված չէ գրավադրված գույքը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ դատական կամ արտադատական կարգով իրացնելու հնարավորությունը: Ավելին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը, սահմանելով, որ գրավով ապահովված պահանջները սնանկության վարույթից դուրս բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման հաշվին` մասնավորեցնելով նշել է. «այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու» հաշվին, ինչը նշանակում է, որ դատական կարգով գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հնարավորությունն ինքնին ենթադրվում է:
Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ գրավով ապահովված պահանջի պարտատերն օգտվում է իր պահանջի բավարարումը սնանկության վարույթի շրջանակներից դուրս ստանալու՝ օրենքով իրեն վերապահված իրավունքից, վերջինս հնարավորություն ունի գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ գրավադրված գույքի իրացման կանոններին համապատասխան (տե՛ս, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱԼՏԷ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Սույն գործով ներկայացված հայցադիմումի փաստական տվյալների համաձայն՝ Բանկի և Ընկերության միջև 09.08.2007 թվականին կնքվել է չվերականգնվող վարկային գծի թիվ 045-Ի պայմանագիրը, որի համաձայն՝ Բանկն Ընկերությանը տրամադրել է 900.000.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 09.08.2017 թվականն ամբողջությամբ մարելու պայմանով, և ի ապահովումն Բանկի նկատմամբ ընկերության պարտավորությունների կատարման՝ Բանկի, Ընկերության և Մանվել Տեր-Առաքելյանի միջև 09.08.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի գլխավոր հիփոթեքի թիվ 045-Ի/Հ պայմանագիրը: Ընկերությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0090/04/13 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ։ Նախքան թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով դատարանի կողմից պարտատերերի վերջնական ցուցակի հաստատումը Բանկը՝ որպես գրավով ապահովված պարտատեր, Դատարանին ծանուցել է մորատորիում չտարածելու մասին։ Ընկերությունից գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավով ապահովված գույքի վրա տարածելու պահանջով Բանկը դիմել է Դատարան՝ հայցադիմումին կցելով մորատորիում չտարածելու մասին ծանուցման պատճենը (գ.թ. 6-14):
Դատարանը, փաստելով, որ Ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ Բանկի կողմից ներկայացվել է Ընկերությունից գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջ, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, գտել է, որ հայցադիմումը ենթակա չէ դատարանում քննության և մերժել է հայցադիմումի ընդունումը:
Վերաքննիչ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ օրենսդիրը տվյալ պարագայում նախատեսել է, որ գրավով ապահոված պարտատերն իր պահանջը կարող է բավարարել առանց դատարան դիմելու գրավադրված գույքի իրացման հաշվին, և վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը, գտել է, որ հայցադիմումի ընդունումը մերժման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն իրավաչափ է:
Մինչդեռ վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով սահմանված՝ մորատորիումի գործողության տարածման բացառությունը հնարավորություն է տալիս գրավով ապահովված պարտատիրոջը մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցելու դեպքում, սնանկության վարույթը շրջանցելով, գրավով ապահովված պահանջների համար դրամական կամ այլ բավարարում ստանալու, կամ գրավով ապահովված պահանջների բավարարման համար կնքելու ցանկացած գործարք կամ իրականացնելու այդպիսի գործարքի կատարմանն ուղղված ցանկացած գործողություն կամ գործընթաց: Հետևաբար, եթե գրավով ապահովված պահանջի պարտատերը, տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու մասին, ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին, վերջինիս կողմից ընտրված՝ գրավադրված գույքի արժեքի սահմաններում պահանջների դրամական կամ այլ բավարարում ստանալու իրավունքի իրացմանն ուղղված եղանակի վրա մորատորիումի գործողությունն այլևս չի կարող տարածվել, այդ թվում՝ չեն կարող գործել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերով նախատեսված սահմանափակումները, այն է՝ չի կարող գործել պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթ սկսելու արգելքը, ինչպես նաև չի կարող կարճվել գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական գործի վարույթը, որը վերաբերում է գրավադրված գույքի հաշվին գրավով ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ և 43-րդ հոդվածների սխալ մեկնաբանության արդյունքում վերաքննիչ բողոքը մերժելով, սահմանափակել է Բանկի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2015 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.12.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Գ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|