ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0212/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0212/02/10 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ` Տ. Սահակյան | |
Գ. Մատինյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի դեկտեմբերի 13-ին
քննարկելով ըստ հայցի Մելիքսեթ Գաբոյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության Ախուրյանի անձնագրային բաժնի պետ Մկրտիչ Գասպարյանի` վնասը փոխհատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Մելիքսեթ Գաբոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.08.2010 թվականի որոշմամբ Մելիքսեթ Գաբոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ արձանագրելով թույլ տրված թերությունները վերացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորության մասին:
Վերաքննիչ դատարանի 08.09.2010 թվականի որոշմամբ Մելիքսեթ Գաբոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելիքսեթ Գաբոյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքի մեջ պատճառաբանված ներկայացրել է այն հանգամանքները և փաստերը, որոնք պետք է հիմք ծառայեին իր կողմից վերաքննիչ բողոքի պետական տուրքի գումարից ազատելու համար:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը 08.09.2010 թվականին որոշում կայացնելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ պետական տուրքի վճարումից ազատելու մասին Մելիքսեթ Գաբոյանի միջնորդությունը հիմնավորված չէ: Մինչդեռ, Մելիքսեթ Գաբոյանը դատարան է ներկայացրել պատճառաբանված փաստեր այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնում որպես գործազուրկ գրանցվել չի կարողացել, քանի որ իրեն անձնագիր չի տրամադրվել: Անձնագիր չունենալու պատճառով հայտնվել է գործազուրկի կարգավիճակում, ինչպես նաև չի կարող ընդունվել զինծառայության: Ներկա դրությամբ Մելիքսեթ Գաբոյանը զրկված է աշխատանքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից և սահմանադրական բոլոր իրավունքներից, գտնվում է նյութական և ֆինանսական ծանր վիճակում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.09.2010 թվականի որոշումը և <<կայացնել համապատասխան որոշում>>:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող է uահմանվել նաև պետական տուրքի վճարումից ազատման, իսկ նույն հոդվածի «դ» կետի համաձայն՝ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման արտոնություններ։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից։
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում՝ պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները՝ հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մելիքսեթ Գաբոյանը հայցադիմումը Դատարան ներկայացնելիս հայցադիմումին կցել է 4.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ: Դատարանը, մերժելով Մելիքսեթ Գաբոյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության Ախուրյանի անձնագրային բաժնի պետ Մկրտիչ Գասպարյանի՝ 14.160.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին, պետական տուրքի չվճարած մասը վճիռ կայացնելիս գանձելու հարցը, հիմք ընդունելով արդեն իսկ 4.000 ՀՀ դրամ վճարելու հանգամանքը, համարել է լուծված՝ պատճառաբանելով, որ, համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «բ» կետի և նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի, պետական տուրքը պետք է նվազեցնել, բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Մելիքսեթ Գաբոյանի գույքային դրությունը, այն է՝ ֆինանսապես ծանր վիճակում գտնվելը, 2004 թվականից աշխատանք և այլ եկամտի աղբյուր չունենալը, որի պայմաններում պետական տուրքի մնացած մասի վճարումը կարող է հանգեցնել նրա կենսամակարդակի զգալի նվազեցմանը:
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Մելիքսեթ Գաբոյանը և միջնորդել է ազատել պետական տուրքի վճարումից, քանի որ միջնորդության մեջ նշված պատճառներով 2004 թվականից զրկված է աշխատանքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից և սահմանադրական բոլոր իրավունքներից, գտնվում է նյութական և ֆինանսական ծանր վիճակում, որպիսի հանգամանքներն արդեն իսկ հաշվի է առել Դատարանը: Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ բողոքաբերը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց՝ ի հիմնավորումն միջնորդության մեջ ներառված փաստարկների, գտել է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման ու վերադարձրել է վերաքննիչ բողոքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Մելիքսեթ Գաբոյանի վերաբերյալ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու համար բավարար հիմք հանդիսացող Դատարանի վերը նշված հետևությունները, Մելիքսեթ Գաբոյանի համար չի ապահովել նույն` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքից օգտվելու հնարավորությունը Վերաքննիչ դատարանում:
Հետևաբար, ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված հայեցողական լիազորությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մելիքսեթ Գաբոյանը պետք է ազատվեր պետական տուրք վճարելու պարտավորությունից։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և չի ապահովել այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակի իրագործումը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |