ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0393/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0393/02/12 |
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան | |
դատավորներ՝ Ա. Մկրտչյան | |
Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի դեկտեմբերի 18-ին
քննարկելով ըստ հայցի Ալեն Ջանազյանի ընդդեմ Երվանդ Թովմասովի, Հակոբ Մկրտչյանի` տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2012 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Ալեն Ջանազյանի բերած վճռաբեկ բողոքը
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ալեն Ջանազյանը պահանջել է անվավեր ճանաչել պատասխանողներ Հակոբ Մկրտչյանի և Երվանդ Թովմասովի միջև 15.11.2011 թվականին կնքված «MITSUBISHI PAJERO» մակնիշի 99 ՍՍ 959 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը, կիրառել անվավերության հետևանքներ, անվավեր ճանաչել ավտոմեքենայի պետական գրանցումը, պարտավորեցնել մեքենան վերադարձնել իրեն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 22.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2012 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեն Ջանազյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհնարին է սույն քաղաքացիական գործի քննությունը մինչև թիվ 63200612 քրեական գործով վերջնական որոշում կայացնելը, մինչդեռ անտեսել է այն հանգամանքը, որ Հակոբ Մկրտչյանի կողմից Երվանդ Թովմասովից խարդախությամբ գումար հափշտակելու փաստը որևէ կապ չունի սույն քաղաքացիական գործի հետ և անհնարին չի դարձնում նշված գործի քննությունը, քանի որ վերջիններիս գործողություններն ուղղված են եղել Ալեն Ջանազյանի ավտոմեքենային տիրանալուն:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների պահպանմամբ չի նշել շարժառիթները, որոնցով հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/0393/02/12 քաղաքացիական գործով կայացրած գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և հանձնարարել վերսկսել քաղաքացիական գործի վարույթը»:
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու հարցին և արձանագրել, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս ըստ Անահիտ Գալոյանի հայցի ընդդեմ Գրիգոր Կարապետյանի, երրորդ անձ Անահիտ Բունիաթյանի` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԿԴ1/0902/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.06.2011 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը չի ծագում, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում։
Սույն գործի փաստերի համաձայն` 05.10.2012 թվականին պատասխանող Երվանդ Թովմասովի ներկայացուցիչ Արշակ Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան` քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ և պատճառաբանել, որ նույն վեճի առարկայի վերաբերյալ Երվանդ Թովմասովը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին և Երևան քաղաքի դատախազի կողմից 20.09.2012 թվականին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին:
Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կասեցնելիս պատճառաբանել է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնում քննվող թիվ 63200612 քրեական գործն անմիջականորեն կապված է սույն քաղաքացիական գործի հետ, և անհնարին է թիվ ԵԿԴ/0393/02/12 քաղաքացիական գործի քննությունը մինչև թիվ 63200612 քրեական գործով որոշման կայացումը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել սույն գործի քննության անհնարինությունը, քանի որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ Հակոբ Մկրտչյանի կողմից խարդախությամբ Երվանդ Թովմասովից առանձնապես խոշոր չափի` 9.000 ԱՄՆ դոլար հափշտակելու փաստով, որը որևէ կապ չունի պատասխանողներ Հակոբ Մկրտչյանի և Երվանդ Թովմասովի միջև կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու իրավահարաբերության հետ, քանի որ սույն գործով դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հակոբ Մկրտչյանը, օգտագործելով Ալեն Ջանազյանի կողմից իրեն տրված լիազորագիրը, ոչ թե վաճառել է ավտոմեքենան, այլ, ըստ էության, չարամիտ համաձայնության մեջ մտնելով պատասխանող Երվանդ Թովմասովի հետ` փորձել է փակել իր կողմից վերջինիս վթարված ավտոմեքենայի պարտքը Ալեն Ջանազյանի «MITSUBISHI PAJERO» մակնիշի ավտոմեքենայով, ինչին պատասխանող Երվանդ Թովմասովը տեղյակ է եղել, քանի որ ամբողջությամբ չի վճարել 15.11.2011 թվականին կնքված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրում նշված ավտոմեքենայի գինը, բացի այդ, գործարքը կնքելու օրվանից ավտոմեքենան երբևէ Երվանդ Թովմասովի մոտ չի գտնվել, նա ավտոմեքենայի սեփականատիրոջը որևէ անգամ չի դիմել ավտոմեքենան իրեն հանձնելու հարցով։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում գործի ողջամիտ ժամկետում քննությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նույնիսկ քաղաքացիական դատավարության ժամանակ, երբ ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կողմերից են պահանջում նախաձեռնություն ցուցաբերել դատավարական շարժի համար, պետությունը պարտավոր է երաշխավորել դատավարության ողջամտությունը (Տե՛ս Կռոտերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 01.02.2005 թվականի վճիռը, կետ 29, CROWTHER v. THE UNITED KINGDOM, 1 February 2005, par. 29)։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումն անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 05.10.2012 թվականի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2012 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |