Գլխավոր տեղեկություն
Համար
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.10.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0478/05/12

2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0478/05/12

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի հոկտեմբերի  22-ին,

քննարկելով ըստ հայցի Վահագն Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Լուսինե և Սոնա Մխիթարյանների, Վարդան Հայրապետյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Աշոտ և Բավական Սարգսյանների` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում «պահեստ-սառնարան» կոչվող անշարժ գույքից բնեղենով առանձնացված հողամասի և շինության նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասով առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.03.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վահագն Ղազարյանը պահանջել է մասնակիորեն առ ոչինչ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում «պահեստ-սառնարան» կոչվող անշարժ գույքից բնեղենով առանձնացված հողամասի և շինության նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (Դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2012 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2013 թվականի որոշմամբ Վահագն Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 03.12.2012 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.05.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 11.03.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանվել է ժամկետ որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 7-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածները, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ հոդվածները, գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 60-րդ, 62-րդ, 117.7-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ, 63-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է Դավիթ Մարտիրոսյանի արդար դատաքննության իրավունքը, քանի որ Դատարանը, քաջատեղյակ լինելով, որ Դավիթ Մարտիրոսյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբանը, վերջինիս պատշաճ կերպով չի ծանուցել գործի քննության տեղի և վայրի մասին՝ այդ կերպ զրկելով Դավիթ Մարտիրոսյանին իր դիրքորոշումը ներկայացնելու, հետագայում նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքից: Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման մասին դատավարության մասնակիցն իրազեկվել է միայն 07.04.2014 թվականին, երբ Դատարանից ստացել է ծանուցագիր այն մասին, որ սույն գործով 23.04.2014 թվականին ժամը 17:00-ին Դատարանում նշանակվել է դատական նիստ: Վերոնշյալ ծանուցագիրը ստանալուց հետո «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկացել է բողոքարկվող դատական ակտի մասին:

Վերաքննիչ դատարանը, պատշաճ կարգով չծանուցելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին, Դավիթ Մարտիրոսյանին զրկել է վերաքննիչ  բողոքի պատասխան ներկայացնելու, ինչպես նաև իր խախտված իրավունքները պաշտպանելու  իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2013 թվականին թիվ ՎԴ/0478/05/12 վարչական գործով կայացված միջանկյալ դատական ակտը և փոփոխել այն` Վահագն Ղազարյանի բողոքը մերժել»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ  միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին:

Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի  2-րդ  կետի  համաձայն` հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի (իրավաբանական անձի) կողմից՝ նաև այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը:

Նույն օրենսգրքի 117.7-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և դատավարության այլ մասնակիցների։

Նույն օրենսգրքի 117.10-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու։

Նույն օրենսգրքի 117.17-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար նույն օրենսգրքով սահմանված կարգով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ այն դեպքերում, երբ դատաքննությունը ներառում է հակադիր մասնավոր շահեր, կողմերի հավասարության պահանջը, որն արդար դատաքննություն հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ` ապացույցներ այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնում էականորեն ավելի նվազ բարենպաստ պայմաններում համեմատած հակառակ կողմի հետ: Ավելին, իշխանությունների կողմից դատաքննության կողմերից մեկին չծանուցելը, այնպես որ նրան հնարավորություն ընձեռվի իրականացնելու իր ներկա գտնվելու իրավունքը, կարող է որոշ դեպքերում հարցեր առաջացնել կապված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ (տե՛ս, Նելսիդա Նիկողոսյանը և Գվիդոն Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 11724/04 և 13350/04 գանգատներով ՄԻԵԴ 06.12.2007 թվականի վճիռը, պարբ. 37):

Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով` բեկանել է դատական ակտը (տե°ս, «Արմենմոտոր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի թիվ ՎԴ/1043/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը

Վերոգրյալից հետևում է, որ վարչական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսևորումներից մեկն այն է, որ վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվելու դեպքում դատավարության մասնակիցն ունի վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունք: Եվ քանի որ օրենսդրության համաձայն վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու, հետևաբար, վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելը հանդիսանում է վերաքննիչ դատարանում գործի քննությանը գործնականում մասնակցելու և դրա ելքի վրա ազդեցություն ունենալու դատավարության մասնակցի` օրենքով կանխորոշված միակ հնարավորությունը: Այլ կերպ ասած` վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքում, վարչական դատավարության իրավահավասարության և մրցակցության սկզբունքները կարող են կենսագործվել միայն վերաքննիչ դատարանի կողմից դատավարության մասնակցի` վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու դեպքում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է ապահովել պատշաճ նախադրյալներ դատավարության մասնակիցների կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի երաշխավորված իրացման համար:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.7-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ դատավարության մասնակիցը կարող է իրացնել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ ինքը ստացել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ իսկ պատճառով` օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանի պարտականությունը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը  վարչական դատավարության օրենսգրքում դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների համար պարտականություն է սահմանել դատարանին հայտնել դատավարության մասնակիցների ծանուցման հասցեն, ինչպես նաև հասցեի փոփոխության մասին: Սակայն օրենսդիրը չի սահմանափակվել միայն վերոնշված պարտականությունը նախատեսելով և դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների համար սահմանել է լրացուցիչ պարտականություն` դատարանին հայտնել նաև դատավարության մասնակիցների ներկայացուցիչների ծանուցման հասցեն և հասցեի փոփոխության մասին: Վերոնշված իրավական կարգավորման նպատակը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի տարրեր հանդիսացող կողմերի մրցակցության և հավասարության պահանջների գործնականում իրականացումն ապահովելու համար լրացուցիչ երաշխիքներ նախատեսելն է, քանի որ սույն իրավական կարգավորումը դատարանին իրական հնարավորություն է ընձեռում դատավարության մասնակիցների այս կամ այն հարցի մասին պատշաճ ծանուցման անհնարինության դեպքում պատշաճ ծանուցել դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին` դրանով իսկ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված  կողմերի մրցակցության և հավասարության պահանջների գործնականում իրականացումը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը  գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի գործնականում իրականացումն ապահովելու նպատակով,  դատարանը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները, որպեսզի դատավարության բոլոր մասնակիցները  ստանան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ դրա անհնարինության դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները, որպեսզի դատավարության մասնակիցների ներկայացուցիչները ստանան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ ստորադաս ատյանների՝ ք. Երևան, Բ. Մուրադյան թիվ 1, բնակարան 48-րդ հասցեով Դավիթ Մարտիրոսյանին ուղարկված գրությունները և ծանուցագրերը փոստային ծատայության կողմից վերադարձվել են հետ (հատոր 1-ին, գ.թ. 134, 166, 183, հատոր 2-րդ գ.թ. 36, 55): Իսկ Դավիթ Մարտիրոսյանի շահերը գործի քննության ընթացքում ներկայացրել է նրա ներկայացուցիչը` փաստաբան Գևորգ Գյոզալյանը (հատոր 1-ին, գ.թ. 151):Դատարանի 03.12.2012 թվականի դատական նիստի արձանագրությունից երևում է, որ Դատարանը, բավարարելով Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցչի` գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը, կասեցրել է սույն գործի վարույթը: Դատարանի 03.12.2012 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ 05.01.2013 թվականին վերաքննիչ բողոք է բերել Վահագն Ղազարյանի ներկայացուցիչը: Վերաքննիչ դատարանի 20.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» և 11.03.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումներն ուղարկվել են միայն Դավիթ Մարտիրոսյանին 21.02.2013 թվականին և 13.03.2013 թվականին «ք. Երևան, Բ. Մուրադյան 1 շենք, բն. 48» հասցեով: Մինչդեռ ուղարկված գրությունները և փոստային  ծանուցագրերը փոստային ծատայության կողմից վերադարձվել են հետ, հետևաբար վերջինս դրանք չի ստացել:

Սույն գործի նյութերից ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանն իրազեկ է եղել այն մասին, որ տվյալ դատական գործի շրջանակներում Դավիթ Մարտիրոսյանի շահերը ներկայացրել է փաստաբան Գևորգ Գյոզալյանը, որի հասցեն ևս հայտնի է եղել Վերաքննիչ դատարանին: Իսկ Դավիթ Մարտիրոսյանը ք. Երևան, Բ. Մուրադյան թիվ 1, բնակարան 48-րդ հասցեով երբևէ որևէ դատական ծանուցագիր չի ստացել:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ և բավարար միջոցներ` Դավիթ Մարտիրոսյանին նրա ներկայացուցչի միջոցով Վերաքննիչ դատարանի 20.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշման վերաբերյալ իրազեկ դարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Դավիթ Մարտիրոսյանը տեղյակ չի եղել, որ Դատարանի 03.12.2012 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով և հնարավորություն չի ունեցել ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան և իր դիրքորոշումը հայտնել քննվող հարցի վերաբերյալ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի` Դավիթ Մարտիրոսյանին նրա ներկայացուցչի միջոցով 20.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» և 11.03.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումների վերաբերյալ տեղեկացնելու հնարավորության առկայության պայմաններում  Դավիթ Մարտիրոսյանին չիրազեկելը, հանգեցրել է վերջինիս արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը`  Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցչին չուղարկելով «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը, ոչ իրավաչափորեն սահմանափակել է վերջինիս վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավական հնարավորությունը, ինչի հետևանքով խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

   

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.03.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան