ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0716/02/10 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0716/02/10 Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Սահակյան
2011թ.
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի դեկտեմբերի 21-ին,
քննարկելով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Դանիել Բարսեղյանի, ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի (այսուհետ` Համայնք), «ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն), Ռոստոմ, Ասատուր և Ստելլա Բարսեղյանների, Ալվարդ Քիթոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Համայնքի ընդդեմ Ընկերության` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Կազմակերպության ընդդեմ Ընկերության` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Դանիել Բարսեղյանից, երաշխավորներ Համայնքից և Կազմակերպությունից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 1.441.230,3 ՀՀ դրամ, որից 1.387.970,3 ՀՀ դրամը` որպես վարկի ընդհանուր պարտքի գումար, 25.000 ՀՀ դրամը` որպես վնասի հատուցում, և 28.260 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը, ժամկետանց վարկի մնացորդի` 980.000 ՀՀ դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը` 24.08.2010 թվականից մինչև դրա փաստացի մարումը, շարունակել 26 տոկոսով` հիմք ընդունելով 20.09.2007 թվականին կնքված վարկային թիվ 306 պայմանագրի 4.3-րդ կետով նախատեսված տոկոսադրույքը, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 24.08.2010 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0,2 տոկոսով (յուրաքանչյուր ուշացած օրվա համար)` հիմք ընդունելով նշված վարկային պայմանագրի 4.4-րդ կետը` բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող Դանիել, Ռոստոմ, Ասատուր և Ստելլա Բարսեղյաններին, Ալվարդ Քիթոյանին սեփականության իրավունքով պատկանող «ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ծիլքար» հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վրա:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համայնքը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության և իր միջև 20.09.2007 թվականին կնքված երաշխավորության թիվ 306-Ա պայմանագիրը, ինչպես նաև երաշխավորության թիվ 276-Ա պայմանագիրը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության և իր միջև 20.09.2007 թվականին կնքված երաշխավորության թիվ 306-Բ պայմանագիրը:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 27.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է վարկառու Դանիել Բարսեղյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.441.230,3 ՀՀ դրամ, որից 1.387.970,3 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի գումար (այդ թվում` 980.000 ՀՀ դրամ ժամկետանց գումար, հաշվարկված տոկոս` 344.916,1 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 63.054 ՀՀ դրամ), 25.000 ՀՀ դրամ` որպես վնասի հատուցում, և 28.260 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումար: Ժամկետանց վարկի մնացորդի` 980.000 ՀՀ դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը` 24.08.2010 թվականից մինչև դրա փաստացի մարումը, շարունակել 26 տոկոսով` 20.09.2007 թվականին կնքված վարկային թիվ 306 պայմանագրի 4.3-րդ կետով նախատեսված տոկոսադրույքով, ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 24.08.2010 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0,2 տոկոսով (յուրաքանչյուր ուշացած օրվա համար)` վարկային պայմանագրի 4.4-րդ կետի համաձայն: Վարկային պարտքի գումարի բռնագանձումը կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և այլ օրենքների պահանջներով` տարածելով նաև գրավի առարկա հանդիսացող Ռոստոմ, Ասատուր և Ստելլա Բարսեղյանների, Ալվարդ Քիթոյանի սեփականությունը հանդիսացող «ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Ծիլքար» հասցեում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վրա: Մնացած մասով հայցը մերժվել է: Համայնքի հակընդդեմ հայցը` 20.09.2007 թվականի երաշխավորության թիվ 306-Ա պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ինչպես նաև Կազմակերպության հակընդդեմ հայցը բավարարվել են: Գործի վարույթը` երաշխավորության թիվ 276-Ա պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.09.2011 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու մասին, մերժվել է, իսկ Դատարանի 27.07.2011 թվականի վճռի դեմ բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 27.07.2011 թվականին, սակայն այն Ընկերությանն ուղարկվել է 05.08.2011 թվականին, ինչի արդյունքում Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջները:
Վերաքննիչ դատարանն Ընկերության միջնորդության մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ կողմերը զրկված չէին Դատարանի վճիռը դռնբաց նիստում ստանալու իրավունքից, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճռի հրապարակմանը պարտադիր ներկայանալու որևէ նորմ օրենքով սահմանված չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.09.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնվելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին (տե'ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Երևան-5» ԼՏԸ-ի, երրորդ անձինք Արմեն Համբարձումյանի, Գրիգոր Հովակիմյանի, Ռաֆիկ Վիրաբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0507/02/08 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշումը): Այնուամենայնիվ, հաշվի առնելով բողոքում բարձրացված հարցը և սույն գործի փաստերի առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերոնշյալ իրավական խնդրին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 27.07.2011 թվականին, որի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 29.08.2011 թվականը, սակայն վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 06.09.2011 թվականին: Միաժամանակ, վերաքննիչ բողոքին կից ներկայացված բաց թողնված ժամկետի պատճառները հարգելի համարելու մասին միջնորդությամբ բողոք բերած անձը հայտնել է, որ Դատարանի վճիռը ստացել է 05.08.2011 թվականին և վերաքննիչ բողոք բերելու մեկամսյա ժամկետ չի ունեցել: Մինչդեռ, բողոք բերած անձի նշված փաստարկը և հիմնավորումը չի կարող վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ համարվել, քանի որ Դատարանը վճիռն Ընկերությանն է ուղարկել այն հրապարակելու հաջորդ իսկ օրը, որն Ընկերությունը ստացել է 05.08.2011 թվականին, և վերջինս վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ունեցել է 24 օր ժամանակ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 27.07.2011 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 210), այն Ընկերությունը ստացել է 05.08.2011 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 11), վերաքննիչ բողոքը բերել է 06.09.2011 թվականին, իսկ Դատարանի կողմից վճիռն Ընկերությանը հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ:
Ինչ վերաբերում է Ընկերությանը հասցեագրված Դատարանի վճիռն ուղարկելու վերաբերյալ 28.07.2011 թվականով թվագրված գրությանը (հատոր 2-րդ, գ.թ. 227), ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գրությունը չի կարող դիտվել որպես Դատարանի վճիռը դրա հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ ապացույց:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Դատարանը վճիռն Ընկերությանն է ուղարկել այն հրապարակելու հաջորդ իսկ օրը, անհիմն է և չի բխում սույն գործի փաստական տվյալներից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով Ընկերությանն ուղարկելու իմպերատիվ պահանջը, ինչի արդյունքում վերջինս զրկվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքից:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Դատարանի վճռի հրապարակմանը բողոք բերած անձը ներկա գտնվելու և դրա հրապարակումից անմիջապես հետո այն ստանալու հնարավորություն է ունեցել, սակայն ներկա չի գտնվել, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի որևէ նորմով սահմանված չէ վճռի հրապարակմանը պարտադիր ներկա գտնվելու պահանջ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան |