ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ3/0387/02/09 Քաղաքացիական գործ թիվ ԼԴ3/0387/02/09 Դատավորներ՝ Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան
2011թ.
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի փետրվարի 09-ին,
քննարկելով ըստ հայցի Օֆելյա Ղուլինյանի ընդդեմ «Լոռու մարզի Սարչապետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Համլետ Դավթյանի (այսուհետ` Տնօրեն)` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի պատճառով աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Օֆելյա Ղուլինյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Օֆելյա Ղուլինյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել Տնօրենից հարկադիր պարապուրդի պատճառով չստացած աշխատավարձը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 08.09.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 08.09.2010 թվականի վճռի դեմ Օֆելյա Ղուլինյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օֆելյա Ղուլինյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքարկման ժամկետը հաշվարկել է` հիմք ընդունելով Դատարանի վճռի ձախ անկյունի վերևի մասում տպագրված «2010 թվականի օգոստոսի 26-ին» նշումը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռի ձախ անկյունում փակագծերի մեջ նշված է նաև` (վճիռը հրապարակվել է սեպտեմբերի 8-ին), որն Օֆելյա Ղուլինյանն ընդունել է որպես նշված վճռի հրապարակման օր:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկեր 08.09.2010 թվականից, իսկ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ պետք է մտներ դրա հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Տվյալ դեպքում Օֆելյա Ղուլինյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 06.10.2010 թվականին: Այսինքն` վերջինս վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանի 26.08.2010 թվականի նիստի արձանագրության բովանդակությունից երևում է, որ 26.08.2010 թվականին ժամը 12:00-ին տեղի է ունեցել դատական նիստ, որի արդյունքում Դատարանը որոշում է կայացրել 08.09.2010 թվականին վճռի հրապարակման օր նշանակելու մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 28.10.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը «բեկանել և գործն ուղարկել նոր քննության»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ...:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի «26.08.2010» թվականին կայացրած վճիռն օրինական ուժի մեջ է մտել 27.09.2010 թվականին, և նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքը պետք է բերվեր մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելը: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` 06.10.2010 թվականին, և այն չի պարունակում միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 08.09.2010 թվականին, ինչը հաստատվում է նշված վճռում դրա վերաբերյալ կատարված գրառմամբ (հատոր 2, գ.թ. 84) և 26.08.2010 թվականի դատական նիստի արձանագրությամբ (հատոր 2, գ.թ. 81), որի համաձայն` վճիռը հրապարակվելու է 08.09.2010 թվականին ժամը 12:00-ին, իսկ Օֆելյա Ղուլինյանը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 06.10.2010 թվականին (հատոր 2, գ.թ. 121): Այսինքն` Օֆելյա Ղուլինյանը Դատարանի 08.09.2010 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է դրա հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 08.09.2010 թվականի վճռում նշված «2010 թվականի օգոստոսի 26-ին» նշումը վերաբերում է դատական նիստի կայացման օրվան, որի արդյունքում էլ վճռի հրապարակման օր է նշանակվել 08.09.2010 թվականը (հատոր 2, գ.թ. 80-81):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Օֆելյա Ղուլինյանը զրկվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Տ. Պետրոսյան |