Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2512/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2512/02/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան  

Դատավորներ՝

 Ն. Տավարացյան
   Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Մ. Դրմեյնաի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 18-ին,

քննարկելով ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Վահան և Արամ Մկրտչյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վահան Մկրտչյանի ներկայացուցիչ Արմեն Խառատյանի բերած վճռաբեկ բողոքը,  

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Վահան և Արամ Մկրտչյաններից բռնագանձել 18.013.388,96 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Վահան և Արամ Մկրտչյաններին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև` 20.12.2007 թվականի PL 073833 անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրի համաձայն գրավադրված Երևանի Բաղրամյան 1-ին փակուղի 14-րդ շենքի թիվ 41 բնակարանի վրա, ինչպես նաև բռնագանձել 1.170.535 ՀՀ դրամ փաստաբանական ծառայության գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է` Վահան և Արամ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել 18.013.388,96 ՀՀ դրամ, այդ թվում` 17.776.614,96 ՀՀ դրամը` որպես վարկի մայր գումար, 236.774,63 ՀՀ դրամը` տուգանքի տոկոսներ 08.11.2012 թվականի դրությամբ և 360.268 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար` բռնագանձումը տարածելով 20.12.2007 թվականի PL 073833 անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրի համաձայն գրավադրված Երևանի Բաղրամյան 1-ին փակուղի 14-րդ շենքի թիվ 41 բնակարանի վրա։ Վահան և Արամ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել 17.776.614,96 ՀՀ դրամ վարկի մայր գումարի նկատմամբ հաշվեգրվող տուգանքային տոկոսադրույք գումարած 23,75 տոկոս տարեկան տոկոսի չափով գումարներ` սկսած 09.11.2012 թվականից մինչև վարկային պարտավորությունն ամբողջությամբ կատարելու օրը` բռնագանձումը տարածելով 20.12.2007 թվականի PL 073833 անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրի համաձայն գրավադրված բնակարանի վրա, իսկ հայցի մնացած մասը` Վահան և Արամ Մկրտչյաններին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի վրա բռնագանձում տարածելու մասով,  մերժվել է։ Վահան և Արամ Մկրտչյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձվել է 800.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախս:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2013 թվականի որոշմամբ Դատարանի 05.06.2013 թվականի վճռի դեմ Վահան Մկրտչյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Մկրտչյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝  Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ  Դատարանը վճիռը կայացրել է 05.06.2013 թվականին, վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.07.2013 թվականին, քանի որ 06.07.2013, 07.07.2013, 08.07.2013 թվականները հայտարարվել էին ոչ աշխատանքային օրեր: Օրենսդրությամբ հստակ կարգավորվում է, որ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Տվյալ դեպքում, ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օր է համարվում 09.07.2013 թվականը, այսինքն` վերաքննիչ բողոք ներկայացնելու օրը, որը և Վերաքննիչ դատարանի կողմից դիտվել է որպես դատավարական ժամկետի բացթողում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտմամբ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ  սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների հաշվարկման հարցին։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Նույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ սահմանվել է, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` ՀՀ կառավարությունը որոշել է 2013 թվականի ապրիլի 01-ի, հուլիսի 08-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել   2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:

Վկայակոչված դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետները հաշվարկվում են նաև ամիսներով, և ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Միաժամանակ, ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նշված ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը: Այսպես, 2013 թվականի հուլիսի 05-ից մինչև հուլիսի 08-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և դրա  դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետն ավարտվում է 06.07.2013 թվականին, որը ոչ աշխատանքային օր է, ոչ աշխատանքային օր է նաև հուլիսի 07-ը, իսկ հուլիսի 08-ը ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ հայտարարվել է ոչ աշխատանքային օր և տեղափոխվել է: Հետևաբար, վերաքննիչ բողոքը բերվել է ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը՝ 09.07.2013 թվականին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը և արձանագրել է, որ Դատարանի վճիռը կայացվել է 05.06.2013 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը Վահան Մկրտչյանի կողմից ներկայացվել է 09.07.2013 թվականին: Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է Դատարանի վճիռը կայացնելու հաջորդ օրվանից` 06.06.2013 թվականից և լրանում է 06.07.2013 թվականին, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 06-ը ոչ աշխատանքային օր է, հետևաբար, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 08.06.2013 թվականը: Մինչդեռ Վահան Մկրտչյանը, վերաքննիչ բողոք ներկայացնելով 09.07.2013 թվականին, բաց է թողել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը և չի ներկայացրել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:

Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 05.06.2013 թվականին, դրա դեմ վերաքննիչ բողոք բերվել է 09.07.2013 թվականին, իսկ ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ 2013 թվականի հուլիսի 08-ը հայտարարվել է ոչ աշխատանքային և տեղափոխվել է սույն թվականի հուլիսի 13-ը: Այսինքն` վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետում` ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը` 09.07.2013 թվականին և որևէ դատավարական ժամկետի խախտում առկա չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի ներկայացվել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, անհիմն են:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատա­վարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա վերաքննիչ բողոքի վերադարձմամբ վիճարկվող որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` անձի դատական պաշտպա­նու­թյան, դատարանի մատչելիության, դատարանում լսվելու, վերա­քննիչ դատարանում իրա­վական պաշտ­պանություն հայցելու իրավունքները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան