ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2017 թվականի դեկտեմբերի 25-ին,
քննարկելով ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ա/Ձ Հասմիկ Գալստյանին սնանկ ճանաչել։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.11.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2016 թվականին կայացրել է «Կառավարիչ նշանակելու և պարտատերերի առաջին ժողով անցկացնելու մասին» որոշում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2017 թվականի որոշմամբ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2017 թվականի որոշմամբ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա/Ձ Հասմիկ Գալստյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, չի համադրել այդ ապացույցները և հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ուղարկված գրությունների բլանկի վրա նշված է «ք. Երևան, Նոր-Արեշ 14 փող., 38ա շենք, բն. 21» հասցեն, իսկ ծրարի վրա նշված է այլ հասցե, այն է` «ՀՀ, ք. Երևան, գ. Նժդեհի 17, գրս. 39», ինչի արդյունքում վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկվել է ծրարի վրա նշված հասցեով: Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, թույլ է տվել դատական սխալ, որպիսի պայմաններում խաթարվել է անձի դատական պաշտպանության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության»։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու` վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Եվրոպական դատարանի կողմից արտահայտած դիրքորոշման համաձայն՝ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, օրինակ, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետեր 35-36, Papon v. France գործով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտին, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճեները: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճեները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը 27.02.2017 թվականի որոշմամբ Դատարանի «Կառավարիչ նշանակելու և պարտատերերի առաջին ժողով անցկացնելու մասին» 12.12.2016 թվականի որոշման դեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետի բացթողումը համարվել է հարգելի, միջնորդությունը բավարարվել է, վերականգնվել է բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը և վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում չի նշվել նյութական կամ դատավարական նորմի որևէ խախտում, որը ազդել է գործի ելքի վրա, ինչպես նաև վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը գործին մասնակցող անձին` սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը (հավելված 2-րդ, գ.թ. 12-13):
Ա/Ձ Հասմիկ Գալստյանը 31.03.2017 թվականին, վերացնելով Վերաքննիչ դատարանի 27.02.2017 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունները, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` վերաքննիչ բողոքին կցելով նաև բողոքի օրինակը սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը` թիվ RR237325527AM փոստային անդորրագիրը, որի բովանդակությունից երևում է, որ վերաքննիչ բողոքի օրինակը վերջինիս ուղարկվել է «Երևան Գ. Նժդեհ 17 գրաս. 39» հասցեով (հավելված 2-րդ գ.թ. 22):
Վերաքննիչ դատարանը 07.04.2017 թվականի որոշմամբ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ առանց ժամկետի տրամադրման, այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքի օրինակը սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին ուղարկել է Երևանի Գ.Նժդեհի 17 թիվ 39 գրասենյակ հասցեով, այնինչ վերջինիս ծանուցման հասցեն Երևանի Նոր Արեշ 14-րդ փողոցի թիվ 38ա շենքի 21-րդ բնակարանն է, այսինքն` բողոք բերած անձը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պահանջը (հավելված 2-րդ, գ.թ. 34):
Ա/Ձ Հասմիկ Գալստյանը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է 04.08.2016 և 23.08.2016 թվականներին սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից իրեն ուղարկված գրությունների և թիվ RR222112640AM, թիվ RR213255000AM ծրարների պատճեները: Նշված գրություններում սնանկության գործով կառավարչի հասցեն նշված է «ք. Երևան, Նոր Արեշ 14 փող., 38ա շենք, բն. 21», իսկ վերոգրյալ կոդերով ծրարների վերևի ձախ անկյունում որպես ուղարկող Հովհաննես Սողոմոնյանի հասցե` նշված է «ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 17, գրաս. 39»:
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին, գտնում է, որ 04.08.2016 և 23.08.2016 թվականներին սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի կողմից Ա/Ձ Հասմիկ Գալստյանին ուղարկված գրությունների պատճեներում սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի հասցեն «ք. Երևան, Նոր Արեշ 14 փող., 38ա շենք, բն. 21»-ը նշված լինելու, իսկ թիվ RR222112640AM, թիվ RR213255000AM կոդերով ծրարների պատճեներում «ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 17, գրաս. 39» հասցեն նշված լինելու հանգամանքներն Ա/Ձ Հասմիկ Գալստյանին կարող էին հիմքեր տալ եզրակացնելու, որ նշված հասցեները սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի համար հավասարապես հանդիսանում են պատշաճ ծանուցման հասցեներ, որից ելնելով՝ վերջինս կատարել է իր դատավարական պարտականությունը` վերաքննիչ բողոքն ուղարկելով սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին, ինչի ապացույցն է հանդիսանում 31.03.2017 թվականի վերաքննիչ բողոքին կից ներկայացված թիվ RR237325527AM փոստային անդորրագիրը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ա/Ձ Հասմիկ Գալստյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ սահմանափակելով Ա/Ձ Հասմիկ Գալստյանի` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|