ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի մայիսի 17-ին,
քննարկելով ըստ հայցի Հայկ Գալստյանի ընդդեմ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ «Mercedes-Benz S550L» մակնիշի (պետհամարանիշը 34AO297) ավտոմեքենայի առևանգումն ապահովագրական պատահար ճանաչելու, Ընկերությանը վկայագրով ստանձնած պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու, Բանկին 16.01.2014 թվականին կնքված թիվ ԱՎ/ՁԲ104-5 ավտովարկի պայմանագրով, 16.01.2014 թվականի թիվ ԱՎ/ՁԲ104-5ա կոշտ գրավի պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու, գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Կամո Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հայկ Գալստյանը պահանջել է «Mercedes-Benz S550L» մակնիշի (պետհամարանիշը 34AO297) ավտոմեքենայի առևանգումը ճանաչել ապահովագրական պատահար, Ընկերությանը պարտավորեցնել կատարելու թիվ MT_V000569 վկայագրով ստանձնած պարտավորությունը, Բանկին պարտավորեցնել կատարելու 16.01.2014 թվականին կնքված թիվ ԱՎ/ՁԲ104-5 ավտովարկի պայմանագրով և 16.01.2014 թվականի թիվ ԱՎ/ՁԲ104-5ա կոշտ գրավի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել 02.07.2014 թվականի պատահարի ապահովագրավճարը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 31.05.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.05.2016 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը կասեցրել է սույն քաղաքացիական գործի վարույթը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհնարին է սույն գործի քննությունը մինչև Հայկ Գալստյանին խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված թիվ 17800514 քրեական գործի ավարտը` նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքներն առնչվում են նշված քրեական գործի հետ: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ սույն գործով ներկայացված հայցը վերաբերում է ապահովագրական պատահար ճանաչելուն և գումարի բռնագանձմանը և ընդհանրապես կապ չունի քրեական գործի հետ: Բացի այդ, Դատարանը չի նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա հանգել է այն հետևության, որ հարուցված քրեական գործն անհնարին է դարձնում սույն քաղաքացիական գործի քննությունը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանի պատճառաբանությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքի առկայությունը հաստատված համարելու համար, քանի որ Դատարանը չի նշել թիվ 17800514 քրեական գործով քննվող այն իրավահարաբերությունը կամ փաստը, որը սույն քաղաքացիական գործի քննության և լուծման համար իրավաբանական նշանակություն ունի և չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում, ինչով էլ պայմանավորված է գործի քննության անհնարինությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթի կասեցման իրավական կարգավորումներին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի վարույթի կասեցման հիմքը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին և նշել, որ դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, Մանուկ Ղազանչյանն ընդդեմ Ալինա Չոբանյանի թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, բավարարելով Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը, 31.05.2016 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ համաձայն 07.11.2014 թվականի քրեական գործ հարուցելու մասին որոշման` Գրիգոր Ստեփանյանը 2014 թվականի հունվար ամսին գնել է Հայկ Գալստյանին պատկանող «Mercedes-Benz S550L» մակնիշի (պետհամարանիշը 34AO297) և Բանկում գրավադրված 43.000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ պարտավորվելով կատարել վարկային պարտավորությունները, սակայն կատարելով միայն առաջին վեց ամիսների վարկային պարտավորությունները` չարաշահել է վերջինիս վստահությունը և անհետացել՝ Հայկ Գալստյանին խաբեությամբ պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 13.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է թիվ 17800514 քրեական գործը: Սույն քաղաքացիական գործով հիմնական և առաջին պահանջը վերաբերում է մեքենայի առևանգումն ապահովագրական դեպք ճանաչելուն, իսկ առևանգումն իրենից ներկայացնում է քրեորեն պատժելի արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով, որի` որպես հանցակազմի առկայությունը քաղաքացիական գործ քննող դատարանի կողմից կարող է արձանագրվել բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմաններում, այն է` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիմքով:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը հանգել է այն եզրակացության, որ թիվ 17800514 քրեական գործով կայացվելիք վերջնական ակտի լուծմամբ է պայմանավորված սույն քաղաքացիական գործով հարուցված հայցապահանջների լուծումը, և սույն քաղաքացիական գործով անհնարին է քննություն իրականացնել մինչև թիվ 17800514 քրեական գործով վերջնական ակտ կայացնելը:
Վերաքննիչ դատարանը, Բանկի վերաքննիչ բողոքը մերժելով և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ գործի նյութերում առկա քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն՝ քրեական գործը քննվում է, ի թիվս այլոց, նաև առևանգման հանցակազմով:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոք բերած անձը, Դատարանում զրկված չլինելով իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, չի իրացրել իր դատավարական իրավունքը, Դատարանում միջնորդության դեմ չի առարկել և հարցի լուծումը թողել է Դատարանի հայեցողությանը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի ներկայացված հիմքերով քննել վերաքննիչ բողոքը, քանի որ տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված սահմանափակումը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայկ Գալստյանին խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ 07.11.2014 թվականին հարուցվել է քրեական գործ (թիվ 17800514)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) (հատոր 1-ին, գ.թ. 34):
23.02.2015 թվականի «Քրեական գործով վարույթը կասեցնելու մասին» որոշման համաձայն՝ թիվ 17800514 քրեական գործով վարույթը կասեցվել է՝ Գրիգոր Ստեփանյանի գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 36-37):
15.09.2015 թվականին Հայկ Գալստյանը դիմելով դատարան՝ պահանջել է «Mercedes-Benz S550L» մակնիշի (պետհամարանիշը 34AO297) ավտոմեքենայի առևանգումը ճանաչել ապահովագրական պատահար, Ընկերությանը պարտավորեցնել կատարելու թիվ MT_V000569 վկայագրով ստանձնած պարտավորությունը, Բանկին պարտավորեցնել կատարելու 16.01.2014 թվականին կնքված թիվ ԱՎ/ՁԲ104-5 ավտովարկի պայմանագրով և 16.01.2014 թվականի թիվ ԱՎ/ՁԲ104-5ա կոշտ գրավի պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել 02.07.2014 թվականի պատահարի ապահովագրավճարը (հատոր 1-ին, գ.թ. 4-10):
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը կասեցնելու հիմքում ստորադաս դատարանները դրել են այն հանգամանքը, որ թիվ 17800514 քրեական գործը քննվում է նաև առևանգման հանցակազմով, իսկ ներկայացված հիմնական հայցապահանջը վերաբերում է ավտոմեքենայի առևանգումն ապահովագրական դեպք ճանաչելուն: Մինչդեռ թիվ 17800514 քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով, որպիսի նորմով սահմանված հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով քրեական գործի հարուցումը որևէ կերպ չի կարող անհնարին դարձնել սույն քաղաքացիական գործի քննությունը մինչև վերը նշված քրեական գործով վերջնական որոշում կայացնելը՝ առավելևս այն դեպքում, երբ հայցապահանջը վերաբերում է «ավտոմեքենայի առևանգումն» ապահովագրական պատահար ճանաչելուն: Փաստորեն, ստորադաս դատարանների կողմից չի մատնանշվել թիվ 17800514 քրեական գործով քննվող այն կոնկրետ իրավահարաբերությունը կամ փաստը, որը թիվ ԵԱՔԴ/4345/02/15 քաղաքացիական գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի և չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում, ինչով էլ կարող էր պայմանավորված լինել սույն գործի քննության անհնարինությունը:
Այսպիսով ստորադաս դատարանների պատճառաբանությունները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Բանկը Դատարանում գործի վարույթը կասեցնելու միջնորդության դեմ չի առարկել և հարցի լուծումը թողել է Դատարանի հայեցողությանը, հետևաբար կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված սահմանափակումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:
Նկատի ունենալով, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննությամբ ստուգում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանի գործողությունների (անգործության) իրավաչափությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնած չլինելու դեպքում վերաքննությունը կդառնա առարկայազուրկ, իսկ վերաքննիչ դատարանը դուրս կգա առաջին ատյանի դատարանում գործի քննության սահմաններից՝ քննարկելով մի հարց, որը քննության առարկա չի դարձել ստորադաս դատարանում: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դիրքորոշումը կիրառելի է միայն գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման պարագայում՝ նկատի ունենալով, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը որոշակի դատավարական հարցերի, այլ ոչ թե գործի քննության արդյունքում դատարանի եզրահանգումների արդյունք են: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատավարական հարցերի լուծում նախատեսող միջանկյալ դատական ակտի կապակցությամբ գործին մասնակցող անձի կողմից համապատասխան դիրքորոշում չհայտնելը դատարանին չի ազատում քննարկման ենթակա հարցն օրենքին համապատասխան լուծելու պարտականությունից, իսկ անձն էլ չի կարող զրկվել դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից այն պատճառաբանությամբ, որ տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում:
Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դատավարական հարցերի վերաբերյալ որոշումներ դատարանը կարող է կայացնել նաև սեփական նախաձեռնությամբ (օրինակ՝ գտնել, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կասեցնել գործի վարույթը և դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան): Նման դեպքում գործին մասնակցող անձի համար հստակ և որոշակի չի լինում դատարանի եզրահանգումը, քանի դեռ անձը չի ծանոթացել դատարանի որոշմանը և գնահատել վերջինիս հիմնավորվածությունը: Հետևաբար անձը նախապես դիրքորոշում կարող է և չհայտնել: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ վերոնշյալ սահմանափակումը ներառված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները» վերտառությամբ 208-րդ հոդվածում, որով սահմանված մյուս երկու սահմանափակումները (վերաքննության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնության առկայությունը և գույքային պահանջով վեճի առարկայի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցելը) ակնհայտորեն կիրառելի են միայն գործն ըստ էության լուծող դատական ակտերի նկատմամբ, և դրանք նաև միջանկյալ դատական ակտերի նկատմամբ կիրառելը կլինի անտրամաբանական: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները, այդ թվում՝ տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ հայտնած լինելը, կիրառելի է բացառապես գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման պարագայում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2016 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|