Գլխավոր տեղեկություն
Համար
N 835-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 11.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2019 թվականի N 835-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-174-05.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-174-05.06.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2019 թ. հուլիսի 9

Երևան

   

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-174-05.06.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

    

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 157.1-րդ հոդվածով, ինչի արդյունքում կքրեականացվի աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելը:

Նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ դիտարկումները՝

1) Նախագծի հիմնավորման մեջ խորությամբ պարզաբանված չէ խնդրո առարկա արարքի դեմ քրեաիրավական գործիքակազմի միջոցով պայքարելու անհրաժեշտությունը: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում աշխատանքային իրավահարաբերություններից բխող պատասխանատվության միջոցներ նախատեսված են քաղաքացիաիրավական և կարգապահական պատասխանատվության շրջանակներում: Հետևաբար, աշխատանքային իրավահարաբերությունների համատեքստում քրեական պատասխանատվություն սահմանելու համար անհրաժեշտ է հիմնավորել, թե ինչու պետք է պետությունն իր ռեսուրսները ծախսի քրեականացումից բխող վարույթների ներդրման և կիրառման համար այն դեպքում, երբ անխափան գործում են աշխատանքային իրավունքների պաշտպանության վարչական և դատական կառուցակարգերը:

Ուստի, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունքի սահմանադրական դրույթի պատշաճ իրացումն ապահովելու համար նշված արարքի քրեականացումը պարտադիր չէ:

2) Աշխատանքային հարաբերությունների՝ քրեական իրավունքի դաշտ արհեստականորեն տեղափոխելու պայմաններում, ինչը նաև ենթադրում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում քրեադատավարական ընթացակարգերի կիրառում (նյութերի նախապատրաստում, քրեական գործի հարուցման հարցի լուծում և այլն.), աշխատողների ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության այլ եղանակները կարող են այլևս կիրառելի չլինել: Ըստ այդմ, առաջարկում ենք նախագծով առաջարկվող կարգավորումները քննարկել նաև այդ տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվող լրացումները համարում ենք ոչ նպատակահարմար: