Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 121
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2016-19.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
25.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
25.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

25 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 121

քաղ. Մոսկվա

         

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

   

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության մասին» 2016 թվականի մայիսի 24-ի հուշագրի իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհուրդ։

2. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին» հիմնադրույթը։

3. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բելառուսական-ղազախական-ռուսական գործարար համայնքի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին» թիվ 241 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բելառուսական-ղազախական-ռուսական գործարար համայնքի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին հիմնադրույթը հաստատելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 241 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» թիվ 78 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 18-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բելառուսական-ղազախական-ռուսական գործարար համայնքի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 125 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մարտի 17-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բելառուսական-ղազախական-ռուսական գործարար համայնքի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 20 կարգադրությունը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրը լրանալուց հետո։

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

 

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

 2016 թվականի հոկտեմբերի 25-ի

 թիվ 121 որոշմամբ

 

   ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին

 

1. Սույն հիմնադրույթը մշակվել է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության մասին» 2016 թվականի մայիսի 24-ի հուշագրին (այսուհետ՝ Հուշագիր) համապատասխան, և դրանով սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի (այսուհետ՝ Խորհրդատվական խորհուրդ) ձևավորման և աշխատանքի կարգը։

2. Խորհրդատվական խորհուրդը խորհրդատվական մարմին է, որն ապահովում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, Գործարար խորհուրդ) միջև փոխգործակցությունն ու երկխոսությունը սույն հիմնադրույթի 3-րդ կետում նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության զարգացման ուղղությունների ու հեռանկարների որոշման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքների (այսուհետ՝ գործարար համայնքներ) ներկայացուցիչների ֆորումների կազմակերպման և անցկացման հարցերի շուրջ։

3. Խարհրդատվական խորհուրդն ապահովում է փոխգործակցությունը հետևյալ ոլորտներում՝

ա) ինտեգրման զարգացում և մակրոտնտեսություն,

բ) ձեռնարկատիրական գործունեության զարգացում,

գ) ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրության ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),

դ) արդյունաբերություն,

ե) ագրոարդյունաբերական համալիր,

զ) փոխադարձ և արտաքին առևտուր,

է) տեխնիկական կանոնակարգում,

ը) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ,

թ) մաքսային կանոնակարգում,

ժ) էներգետիկա,

ժա) բնական մենաշնորհներ,

ժբ) տրանսպորտ և փոխադրումներ,

ժգ) աշխատանքային միգրացիա և միգրացիոն քաղաքականություն, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների աշխատավորների սոցիալական, կենսաթոշակային և բժշկական ապահովություն, կրթություն և մասնագիտական գործունեություն,

ժդ) մրցակցության զարգացում,

ժե) մտավոր սեփականություն,

ժզ) տեղեկատվայնացում, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և տեղեկատվական փոխգործակցություն,

ժէ) թվային տարածքի զարգացում ու թվային տնտեսության փոխակերպում,

ժը) ներքին շուկաների աշխատանքի շրջանակներում խոչընդոտների, գանձումների և սահմանափակումների վերացում,

ժթ) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն,

ի) Հուշագրի կողմերի իրավասությունների շրջանակներում այլ ոլորտներ։

4. Խորհրդատվական խորհրդի կազմի ձևավորումն ու հաստատումն իրականացվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից։

5. Խորհրդատվական խորհրդի կազմի մեջ են մտնում Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը, Հանձնաժողովի կոլեգիայի անդամներն ու նրանց կողմից սահմանված՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցները, Գործարար խորհրդի նախագահության անդամները, ինչպես նաև յուրաքանչյուր գործարար համայնքից 14-ական ներկայացուցիչ՝ ըստ սույն հիմնադրույթի 3-րդ կետում նշված փոխգործակցության ոլորտների (Գործարար խորհրդի նախագահության համապատասխան անդամի ներկայացմամբ)։

6. Խորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցում են Խորհրդատվական խորհրդի անդամները։ Ընդ որում, գործարար համայնքների ներկայացուցչները կարող են մասնակցել նրանց գործունեության ոլորտին վերաբերող հարցերին առնչվող նիստերին։ Հուշագրի կողմերի նախաձեռնությամբ Խորհրդատվական խորհրդի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք։

7. Խորհրդատվական խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին երկու անգամ։

Խորհրդատվական խորհրդի արտահերթ նիստը կարող է անցկացվել Խորհրդատվական խորհրդի նախագահին Գործարար խորհրդի նախագահության առնվազն 3 անդամների կողմից համապատասխան առաջարկ ուղարկվելու դեպքում կամ Խորհրդատվական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։

Խորհրդատվական խորհրդի նիստերի արդյունքները գրանցվում են Խորհրդատվական խորհրդի նիստի արձանագրության մեջ։

Խորհրդատվական խորհրդի կողմից ընդունվող արձանագրային որոշումները հանձնարարական բնույթ են կրում։

8. Խորհրդատվական խորհրդի նախագահը Հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է։

9. Խորհրդատվական խորհրդի նախագահը՝

ա) վարում է Խորհրդատվական խորհրդի նիստերը,

բ) հաստատում է Խորհրդատվական խորհրդի աշխատանքի կանոնակարգը,

գ) որոշում է Խորհրդատվական խորհրդի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը,

դ) հաստատում է Խորհրդատվական խորհրդի նիստի օրակարգը,

ե) ստորագրում է Խորհրդատվական խորհրդի նիստի արձանագրությունը։

10. Խորհրդատվական խորհրդի նախագահի տեղակալներն են Հանձնաժողովի կոլեգիայի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամը (նախարարը) և Գործարար խորհրդի նախագահության նախագահը։

Խորհրդատվական խորհրդի նախագահի բացակայության դեպքում սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված՝ Խորհրդատվական խորհրդի նախագահի գործառույթները կատարում է նրա տեղակալներից մեկը։

11. Խորհրդատվական խորհրդի պատասխանատու քարտուղարը Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի քարտուղարության ղեկավարն է։ Խորհրդատվական խորհրդի պատասխանատու քարտուղարն ապահովում է՝

ա) Խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցող անդամներին Խորհրդատվական խորհրդի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկացնելը և նրանց համար Խորհրդատվական խորհրդի նիստի օրակարգն ու համապատասխան նյութերն ուղարկելը.

բ) Խորհրդատվական խորհրդի նիստի արձանագրությունը վարելը.

գ) Խորհրդատվական խորհրդի արձանագրային որոշումների կատարման դիտանցում իրականացնելը։

12. Խորհրդատվական խորհրդի նիստերի անցկացման տեղեկատվական աջակցությունն ապահովելու նպատակով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի միջև փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհուրդ» բաժնում ստեղծվում են Խորհրդատվական խորհրդի անդամների աշխատասենյակները:

13. Հանձնաժողովի հետ Գործարար խորհրդի փոխգործակցությունն իրականացվում է Գործարար խորհրդի նախագահության անդամների կողմից։

Գործարար համայնքների կոնսոլիդացված մոտեցման հիման վրա նախապատրաստված Գործարար խորհրդի առաջարկները Գործարար խորհրդի նախագահության կողմից Հանձնաժողով են բերվում՝ Խորհրդատվական խորհրդի կողմից ուսումնասիրվելու համար։

Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ փոխգործակցության նպատակով Խորհրդատվական խորհրդի անդամների կազմից Գործարար խորհրդի յուրաքանչյուր մասնակցի համար սահմանվում են ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են այդ փոխգործակցության համար։

14. Խորհրդատվական խորհուրդը կարող է ստեղծել փորձագիտական և աշխատանքային խմբեր՝ Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների, Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, գիտական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև գործարար համայնքների ներկայացուցիչների կազմից։

15. Խորհրդատվական խորհրդի գործունեության տեղեկատվական և կազմակերպական տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական ապահովման դեպարտամենտի կողմից։

16. Խորհրդատվական խորհրդի գործունեության ապահովման մասով ամփոփ վերլուծական գործառույթները, այդ թվում՝ Հանձնաժողովի պրոֆիլային դեպարտամենտների կողմից նախապատրաստված՝ Խորհրդատվական խորհրդի նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերի ամփոփումն իրականացվում է Հանձնաժողովի՝ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի կողմից։

17. Խորհրդատվական խորհրդի նիստերին պետական իշխանության մարմինների, գործարար համայնքների ներկայացուցիչների և այլ անձանց մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող կողմերը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: