Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-131
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.1995-13.07.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/6
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն
խորհրդի կողմից 27 մարտի 1995 թ. Հ.Ն-1141-I

 

Հոդված 1

 

Հայաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհուրդը վերանվանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հոդված 2

 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունվում է Գերագույն խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի միջոցով` Գերագույն խորհրդի հավանությամբ:

 

Հոդված 3

 

Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը չորս տարի է:

 

Հոդված 4

 

Պատգամավոր չեն կարող լինել կառավարության անդամները: Պատգամավոր չեն կարող լինել և պատգամավորական թեկնածու չեն կարող առաջադրվել դատավորները, դատախազության, ազգային անվտանգության պետական վարչության աշխատակիցները, ներքին գործերում և զինված ուժերում ծառայողները:

 

Հոդված 5

 

Ազգային ժողովը կազմված է 190 պատգամավորից, որից 150-ը ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` միամանդատ ընտրատարածքներից, իսկ 40-ը` համամասնական ընտրակարգով` հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ ընտրատարածքից:

Ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք` մեծամասնական միամանդատ ընտրատարածքում և մեկ ձայնի իրավունք` համամասնական ընտրատարածքում:

 

Հոդված 6

 

Պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին կամ նրանց միավորումներին:

 

Հոդված 7

 

Ընտրություններն անցկացվում են սույն Սահմանադրական օրենքին համապատասխան և «Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքով:

 

Հոդված 8

 

 Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն Սահմանադրական օրենքին, ինչպես նաև «Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքին: