ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0021/04/12 Դատավորներ՝ Ս. Թորոսյան
Սնանկության գործ
2019 թ.
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Ն. Բարսեղյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
ս. Միքայելյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
|
|
Գ. հակոբյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2019 թվականի դեկտեմբերի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Վակ Ինտեր Կոմ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Հասմիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2018 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Ընկերության` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.04.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2015 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը` ըստ համապատասխան առաջնահերթության և ապահովվածության` 28.07.2015 թվականի դրությամբ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.08.2016 թվականի որոշմամբ սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ: Նույն թվականի մեկ այլ որոշմամբ Ընկերության գործունեությունը կասեցվել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) կողմից ներկայացված պահանջը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.11.2017 թվականի ««Վակ Ինտեր Կոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով ներկայացված պահանջը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սույն գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի կատարել: Մասնավորապես` ստորադաս դատարաններն անտեսել են, որ Բանկի ներկայացրած ապացույցների հիման վրա Բանկի պահանջը հիմնավորված համարվել չի կարող: Ընդ որում, Ընկերությունն իր առարկությունները հիմնավորելու համար այլ ապացույցներ ներկայացնելու կարիք չուներ, քանի որ հենց Բանկի ներկայացրած ապացույցները բավարար էին, որպեսզի Դատարանը եզրահանգում աներ պահանջը հիմնավորված չլինելու վերաբերյալ:
Այսպես, Դատարանն անտեսել է, որ գործում առկա են վարկային պայմանագրեր, որոնցով հիմնավորվում է ստացած վարկի չափը, ինչպես նաև գրավի պայմանագրեր, որոնցով հիմնավորվում է վարկերի վերադարձն ապահովող գրավի առարկաների արժեքը: Ստորադաս դատարաններն ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ վարկի գումարի չափից եռապատիկ ավել արժեք ունեցող գույքի գրավներով ապահովված պարտավորությունը չէր կարող առնվազն կիսով չափ մարված չլինել` հաշվի առնելով, որ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է գրավի առարկաներից երկուսի նկատմամբ: Դատարանները նաև անտեսել են, որ Բանկը որևէ տեղեկություն չի ներկայացրել գրավի իրացման և դրանից միջոցների բաշխման վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել պահանջի հաշվարկը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել» Վերաքննիչ դատարանի 18.05.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ Դատարանը սխալ թույլ չի տվել և կայացրել է իրավաչափ որոշում: Բողոքաբերն իր փաստարկները հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել, իսկ որոշ դեպքերում էլ հիմնվել է ենթադրությունների վրա և առանց հիմնավոր հաշվարկներ ներկայացնելու` պնդել է, որ պարտավորություններն Ընկերության կողմից ամբողջությամբ մարվել են: Բանկի կողմից ներկայացված ապացույցներն անվիճելի են, իսկ եթե բողոքաբերը հակառակն է պնդում, ապա պարտավոր էր ներկայացնել համապատասխան ապացույցներ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկը 16.01.2017 թվականին դատարան է մուտքագրել սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ 34.876,07 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի (որպես V10-006992 համաձայնագրից բխող պարտքի գումար, որից ըստ Բանկի կողմից դատարան ներկայացված պահանջի և 21.04.2014 թվականի դրությամբ տրված տեղեկանքի` վարկի գումար` 26.929,10 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումար` 7.146,80 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս` 800,17 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) և 466.981.643,83 ՀՀ դրամի (որպես թիվ E09-0463 բանկային երաշխիքի պայմանագրից բխող պարտքի գումար, որից ըստ Բանկի կողմից դատարան ներկայացված պահանջի` երաշխիքի գումար` 50.000.000 ՀՀ դրամ, չվճարված գումարի վրա հաշվարկված տարեկան 24 տոկոս դրույքաչափ` 47.881.643.83 ՀՀ դրամ, յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված 0,5 տոկոս դրույքաչափ` 364.100.000 ՀՀ դրամ) չափով պահանջի հաստատման և գրանցման վերաբերյալ պահանջ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 6-9, 16):
2) Բանկի և Ընկերության միջև 26.02.2009 թվականին կնքված «Վարկային գործառնությունների իրականացման» թիվ V09-0002 գլխավոր պայմանագրի (այսուհետ` Գլխավոր պայմանագիր) 2-րդ կետի համաձայն` Բանկն Ընկերությանը մինչև 20.02.2014 թվականը վարկային գործառնությունների համար տրամադրել է սահմանաչափ` 123.000.000 ՀՀ դրամի չափով: 26.05.2009 թվականի համաձայնագրով սահմանաչափը փոփոխվել է և սահմանվել 168.000.000 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 11-15):
3) Մի կողմից Բանկի (գրավառու), Էդուարդ, Կարինե և Աննա Սահակյանների (գրավատուներ) և մյուս կողմից Ընկերության (հաճախորդ) միջև 26.02.2009 թվականին կնքված պայմանագրի 1.1 կետի համաձայն` նույն պայմանագիրը Գլխավոր պայմանագրի և ապագայում կնքվելիք վարկի տրամադրման և/կամ վարկային գծի բացման և/կամ կարճաժամկետ վարկավորման (օվերդրաֆտ) և/կամ բանկային երաշխիքի համաձայնագրերի (այսուհետ` Գրավով ապահովված պարտավորություններ) անբաժանելի մասն է: Նույն պայմանագրի 1.3 կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունները խախտելու դեպքում Գրավառուն իր պահանջները բավարարում է նույն պայմանագրի 1.4 կետում նշված գրավի առարկայի արժեքից: Նույն պայմանագրի 1.4 կետի համաձայն` գրավի առարկա է գրավատուներին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևանի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը` 74,74քմ մակերեսով բնակարանը: Պայմանագրի 1.7 կետի համաձայն` գրավի առարկայի արժեքը երկկողմանի համաձայնությամբ կազմել է 26.000.000 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 17-21):
4) Մի կողմից Բանկի (գրավառու), Ժաննա Շահինյանի (գրավատու) և մյուս կողմից Ընկերության (հաճախորդ) միջև 26.02.2009 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)» թիվ G09-02863 պայմանագրի 1.1 կետի համաձայն` նույն պայմանագիրը Գլխավոր պայմանագրի և ապագայում կնքվելիք վարկի տրամադրման և/կամ վարկային գծի բացման և/կամ կարճաժամկետ վարկավորման (օվերդրաֆտ) և/կամ բանկային երաշխիքի համաձայնագրերի անբաժանելի մասն է: Նույն պայմանագրի 1.3 կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունները խախտելու դեպքում Գրավառուն իր պահանջները բավարարում է նույն պայմանագրի 1.4 կետում նշված գրավի առարկայի արժեքից: Նույն պայմանագրի 1.4 կետի համաձայն` գրավի առարկա է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մաշտոցի պողոտայի 19-րդ շենքի թիվ 15/1 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը` 297,7քմ մակերեսով և ընդհանուր սեփականության իրավունքով գրավատուին պատկանող 15,7քմ մակերեսով միջանցքի համապատասխան մասը` բնակարանը: Պայմանագրի 1.7 կետի համաձայն` գրավի առարկայի արժեքը երկկողմանի համաձայնությամբ կազմել է 153.100.000 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 31-34):
5) Մի կողմից Բանկի (գրավառու), Գարեգին Մարտիրոսյանի (գրավատու) և մյուս կողմից Ընկերության (հաճախորդ) միջև 26.05.2009 թվականին կնքված թիվ G09-05227 «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)» պայմանագրի 1.1 կետի համաձայն` նույն պայմանագիրը Գլխավոր պայմանագրի, 26.05.2009 թվականին կնքված թիվ V09-0002 Գլխավոր պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի և ապագայում կնքվելիք վարկի տրամադրման և/կամ վարկային գծի բացման և/կամ կարճաժամկետ վարկավորման (օվերդրաֆտ) և/կամ բանկային երաշխիքի համաձայնագրերի անբաժանելի մասն է: Նույն պայմանագրի 1.3 կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունները խախտելու դեպքում Գրավառուն իր պահանջները բավարարում է նույն պայմանագրի 1.4 կետում նշված գրավի առարկայի արժեքից: Նույն պայմանագրի 1.4 կետի համաձայն` գրավի առարկա է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Կարա-Մուրզայի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող` 294,1քմ մակերեսով բնակելի տունը և 0,02հա հողամասը: Պայմանագրի 1.7 կետի համաձայն` գրավի առարկայի արժեքը երկկողմանի համաձայնությամբ կազմել է 75.000.000 ՀՀ դրամ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 24-27):
6) Բանկի և Ընկերության միջև 01.06.2009 թվականին կնքված թիվ E09-0463 «Բանկային երաշխիքի» պայմանագրի 1.1 կետի համաձայն` պայմանագիրը Գլխավոր պայմանագրի և 26.05.2009 թվականին կնքված համաձայնագրի անբաժանելի մասն է: Պայմանագրի 1.2 կետի համաձայն` Բանկը համաձայնագրով սահմանված 168.000.000 ՀՀ դրամի սահմանաչափի սահմաններում Ընկերությանը տրամադրում է կատարման բանկային երաշխիք 55.000.000 ՀՀ դրամի չափով` ի ապահովումն Ընկերության և «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի` Ընկերության ստանձնած պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման: Պայմանագրի 1.6 կետով` պայմանագրով պարտավորությունների կատարումն ապահովվել է գրավով` համաձայն կողմերի միջև 26.02.2009 թվականին կնքված թիվ G09-02863 և G09-02864 ու 26.05.2009 թվականին կնքված թիվ G09-05227 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 28-29):
7) Ըստ Բանկի և Ընկերության միջև 04.05.2010 թվականին կնքված «Վարկի տրամադրման մասին» թիվ V10-006992 համաձայնագրի 1.1 կետի` համաձայնագիրը Գլխավոր պայմանագրի անբաժանելի մասն է, որով Բանկն Ընկերության համար սահմանել է 168.000.000 ՀՀ դրամի չափով վարկային գործառնությունների սահմանաչափ: Ըստ համաձայնագրի 1.2 կետի` համաձայնագրով Բանկը 1.1 կետում նշված սահմանաչափի սահմանում Ընկերությանը տրամադրել է վարկ` 40.000 ԱՄՆ դոլար գումարի չափով` մինչև 04.05.2013 թվականը մարման ժամկետով: Համաձայնագրի 1.5 կետի համաձայն` վարկի նկատմամբ հաշվարկվում է տարեկան 17 տոկոսի չափով տոկոսագումար (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 10):
8) Բանկի կողմից 31.08.2010 թվականին Ժաննա Շահինյանին և Ընկերությանը հասցեագրված բռնագանձման ծանուցմամբ նշվել է, որ Ընկերության պարտքը Բանկի հանդեպ 01.09.2010 թվականի դրությամբ կազմել է 15.000.000 ՀՀ դրամ` որպես Ընկերության և «Լումարի» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ EG-1000116 երաշխավորության պայմանագրով տրամադրված գումար, 55.000.000 ՀՀ դրամ` որպես Ընկերության և «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև կնքված երաշխիքի գումար, 75.720,86 ԱՄՆ դոլար` որպես Գլխավոր պայմանագրով տրամադրված վարկային պարտավորությունը մարելու գումար և 90.000 ԱՄՆ դոլար` որպես Ընկերության և «ԱՄՔՍ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ EG-1000059 երաշխավորության պայմանագրով տրամադրված գումար: Միաժամանակ ծանուցմամբ առաջարկվել է ծանուցումն ստանալուց հետո մինչև 20.09.2010 թվականը մարել Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունը, հակառակ դեպքում նշվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և թիվ G09-02863 «Անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)» պայմանագրի 3-րդ բաժնի համաձայն` կբռնագանձվի գրավի առարկա հանդիսացող Երևանի Մաշտոցի պողոտայի 19-րդ շենքի թիվ 15/1 հասցեում գտնվող բնակարանը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 36-37):
9) Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2710605 վկայականի` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ 17.09.2010 թվականին գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը` «նոտարի 26.02.2009 թվականի համար 698 գրավի պայմանագրի 3-րդ բաժնի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա» (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 22-23):
10) Բանկի (Կողմ 1), Ժաննա Շահինյանի (Կողմ 2) և Ընկերության (Կողմ 3) միջև 11.01.2011 թվականին կնքվել է «26.02.2009 թվականին Երևան քաղաքում կնքված թիվ G09-02863 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիրը լուծելու մասին» համաձայնագիր, որի 1.1 կետի համաձայն` համաձայնագրով կողմերը լուծված են համարել կողմերի միջև 26.02.2009 թվականին ստորագրված թիվ G09-02863 պայմանագիրը: Համաձայնագրի 1.2 կետով Կողմ 1-ը և Կողմ 2-ը հավաստել են, որ միմյանց հանդեպ որևէ պարտք և պահանջ չունեն (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 35):
11) Բանկի կողմից տրված` վարկային պարտքի վերաբերյալ Ընկերության թիվ V10-006992 վարկային պայմանագրի մասով 21.04.2014 թվականի դրությամբ տեղեկանքի համաձայն` Ընկերության վարկային պարտքը կազմել է 34.876,07 ԱՄՆ դոլար (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 16):
12) Բանկը Դատարան ներկայացրած պահանջով հայտնել է, որ 26.02.2009 թվականի թիվ G09-02864 պայմանագրով գրավի առարկա հանդիսացած` Երևանի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը` 74,74քմ մակերեսով բնակարանը, և 26.05.2009 թվականի թիվ G09-05227 անշարժ գույքի գրավի պայմանագրով գրավի առարկա հանդիսացած` Երևանի Կարա-Մուրզայի փողոցի 8 հասցեում գտնվող 294,1քմ մակերեսով բնակելի տունը և 0,02հա հողամասը որպես սեփականություն փոխանցվել են Բանկին, ինչի հաշվին վարկային պարտավորությունների մասնակի մարումներ են կատարվել (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 6-9):
13) Ընկերությունն առարկել է Բանկի պահանջի դեմ պահանջի օրինականության և չափի մասով, մասնավորապես` Բանկից պահանջելով ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կետանցի պահը, այդ պահի դրությամբ պարտավորությունների չափը, նշել, թե երկու գրավների իրացումից ստացված գումարն ինչպես է ուղղվել վարկային պարտավորությունների մարմանը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 38-39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ սնանկության վարույթում պարտատիրոջ ներկայացրած պահանջի հաստատման գործընթացի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթում պահանջների հաստատման գործընթացին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն` (...) բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը, գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, դ) պահանջը հիմնավորող հանգամանքները (...): Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` նույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան: Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն` պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: (...) Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար: (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը և պահանջների հիմնավորվածությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ (...): Պատճառների հարգելիության և պահանջների հիմնավորվածության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Սարգիս Գասպարյանի գործով արդեն իսկ անդրադարձել է սնանկության վարույթում պահանջների հաստատման գործընթացին` մասնավորապես արձանագրելով, որ օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը։ Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե'ս, թիվ ԿԴ/0033/04/13 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Սարգիս Գասպարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերի նկատմամբ, երբ պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո պարտատիրոջ կողմից ներկայացվում է պահանջ, որն առարկվում է: Վճռաբեկ դատարանը դարձյալ կարևորում է, որ պահանջների հաստատման փուլն առանցքային նշանակություն ունի հաստատված պահանջի հիման վրա հետագայում պարտատիրոջ պահանջի բավարարման համար, ուստիև ներկայացված յուրաքանչյուր պահանջի դեպքում դատարանները պարտավոր են հանգամանալից գնահատել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջների պահպանվածությունը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելու դեպքերում դատարանները պարտավոր են պահանջի հիմնավորվածությունն ու օրինականությունն ստուգելիս առաջնորդվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ապացուցման կանոններով` գնահատելով պահանջի և առարկությունների հիմքում ընկած փաստարկների հիմնավորվածությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ եթե պահանջի չափը, օրինականությունը և ապահովվածությունը որոշվում են նյութական և քաղաքացիական դատավարության օրենսդրության կանոնների համակցության արդյունքում, ապա արդեն պահանջի առաջնահերթությունը որոշվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ապահովված պահանջ ներկայացված լինելու դեպքում պարտատերը պարտավոր է հիմնավորել ոչ միայն ապահովված իրավունքի առկայությունը, այլև ապահովված իրավունքի առարկայի հիման վրա մասնակի մարում կատարված լինելու դեպքում` վերջնական պահանջի չափը համապատասխան հաշվարկի հիման վրա` նկատի ունենալով, որ անկախ առարկություն ներկայացված լինելու հանգամանքից` դատարանը գնահատում է պահանջի չափի հիմնավորվածությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը պահանջ է ներկայացրել Դատարան պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո, որն առարկվել է Ընկերության կողմից: Բանկի պահանջին կից ներկայացված վարկային պայմանագրերի համաձայն` Բանկն Ընկերությանը 168.000.000 ՀՀ դրամ սահմանաչափի սահմաններում տրամադրել է 55.000.000 ՀՀ դրամի չափով բանկային երաշխիք և 40.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ընկերության պարտավորություններն ապահովվել են անշարժ գույքի գրավներով` Երևանի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող գույքի գրավով (26.000.000 ՀՀ դրամ արժողությամբ), Երևանի Մաշտոցի պողոտայի 19-րդ շենքի թիվ 15/1 բնակարան հասցեում գտնվող գույքի գրավով (153.100.000 ՀՀ դրամ արժողությամբ) և Երևանի Կարա-Մուրզայի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող գույքի գրավով (75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ):
Բանկը 31.08.2010 թվականին բռնագանձման ծանուցում է ուղարկել Ժաննա Շահինյանին (Երևանի Մաշտոցի պողոտայի 19-րդ շենքի թիվ 15/1 հասցեում գտնվող բնակարանը գրավադրած գրավատուին) և Ընկերությանը` առաջարկելով մարել Բանկի հանդեպ պարտքը (այդ թվում` 55.000.000 ՀՀ դրամ` որպես երաշխիքի գումար, 75.720,86 ԱՄՆ դոլար` որպես Գլխավոր պայմանագրով տրամադրված վարկային պարտավորության գումար)` հայտնելով, որ հակառակ դեպքում բռնագանձում կտարածվի գրավի առարկայի վրա: Բանկի, Ժաննա Շահինյանի և Ընկերության միջև 11.01.2011 թվականին կնքված համաձայնագրով կողմերը լուծված են համարել կողմերի միջև 26.02.2009 թվականին ստորագրված գրավի պայմանագիրը, իսկ Բանկը և Ժաննա Շահինյանը հավաստել են, որ միմյանց հանդեպ որևէ պարտք և պահանջ չունեն:
Բացի այդ, 17.09.2010 թվականին Բանկի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ, ընդ որում` որպես սեփականության ծագման հիմք նշվել է համապատասխան գրավի պայմանագիրը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը («Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը»):
Բանկը Դատարան ներկայացրած պահանջով հայտնել է, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի 6-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում և Երևանի Կարա-Մուրզայի փողոցի 8 հասցեում գտնվող անշարժ գույքերն ի սեփականություն անցել են Բանկին` վարկային պարտավորությունների մասնակի մարման նպատակով: Բանկը ներկայացրել է միայն տեղեկանք` Ընկերության վարկային պարտավորությունների չափի վերաբերյալ (ընդ որում` միայն 34.876,07 ԱՄՆ դոլար պարտքի մասով):
Դատարանը, արձանագրելով, որ առարկությանը կից Ընկերությունն իր վկայակոչած փաստերը հիմնավորող ապացույցներ չի ներկայացրել, Ընկերության սնանկության գործով Բանկի ներկայացրած պահանջը թողել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ բողոքաբերն իր պնդումները հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացրել և չի հստակեցրել, թե Դատարանը Բանկի կողմից ներկայացված որ ապացույցները պատշաճ չի գնահատել` բողոքում նշված պնդումների վերաբերյալ համապատասխան եզրահանգման գալու համար:
Մինչդեռ վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Բանկի և Ընկերության միջև կնքված պայմանագրերի հիման վրա Ընկերությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 40.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ և 55.000.000 ՀՀ դրամի չափով բանկային երաշխիք, իսկ գործում առկա ապացույցների գնահատումից պարզ է դառնում, որ Բանկը որպես սեփականություն վերցրել է թվով երկու գրավի առարկա` հայտնելով, որ դրանք ուղղել է պարտավորության մասնակի մարմանը: Ստորադաս դատարանները, սակայն անտեսել են, որ գրավի առարկաների վրա բռնագանձում տարածելու պայմաններում Բանկը պետք է հիմնավորեր պահանջի չափը` այդ թվում ներկայացնելով հաշվարկ պահանջի ամբողջ չափի վերաբերյալ: Մինչդեռ Բանկը ներկայացրել է իր կողմից միակողմանի կազմված տեղեկանք` միայն 34.876,07 ԱՄՆ դոլարի չափով պահանջի մասով: Այսինքն` 466.981.643,83 ՀՀ դրամի (որը, ըստ Բանկի կողմից դատարան ներկայացված պահանջի` թիվ E09-0463 բանկային երաշխիքի պայմանագրից բխող պարտքի գումարն է) մասով անգամ պահանջի հաշվարկ չի ներկայացրել: Բացի այդ, Բանկը պետք է հիմնավորեր իր պահանջի չափը, իսկ սույն գործով դատարաններն ընդհանրապես չեն գնահատել պահանջի չափի հիմնավորվածությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը գործում առկա ապացույցները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա չի դարձրել, չի գնահատել Բանկի պահանջի օրինականությունն ու չափը, այլ միայն բավարարվել է` վկայակոչելով, որ Ընկերությունն իր առարկությունը հիմնավորող ապացույց չի ներկայացրել: Մինչդեռ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սարգիս Գասպարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ անգամ առարկություն ներկայացված չլինելու պայմաններում դատարանը պարտավոր է գնահատել յուրաքանչյուր պահանջի օրինականությունը և չափը: Հետևաբար եթե անգամ Ընկերությունն առարկություն ներկայացրած չլիներ` վիճարկելով պահանջի օրինականությունն ու չափը, ապա Դատարանը պարտավոր էր գնահատել Բանկի պահանջի հիմքում դրված ապացույցները` դրանց հիման վրա որոշելով պահանջի օրինականությունն ու չափը, որը և չի կատարել: Դատարանի թույլ տված նշված խախտումն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն` գնահատելու համար Բանկի պահանջի օրինականությունն ու չափի հիմնավորվածությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` Ընկերության նկատմամբ Բանկի պահանջի հաստատման հարցը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2018 թվականի որոշումը և գործը` «Վակ Ինտեր Կոմ» ՍՊԸ-ի նկատմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի պահանջի հաստատման հարցը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Միքայելյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Ն. Տավարացյան