ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2020 թվականի N 679-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-505-06.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մայիսի 7 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-505-06.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 83-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսել կարգավորում, համաձայն որի վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վիճարկվում է քաղաքաշինության ոլորտում ընդունված վարչական ակտը:
Նախագծով նախատեսվում է նաև, որ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը, այն դեպքերում, երբ վիճարկվում է քաղաքաշինության ոլորտում ընդունված վարչական ակտը, գործի քննության ժամանակ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված բացառությունների շարքում նաև քաղաքաշինության ոլորտում տրամադրված վարչական ակտերի ներառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս խոշոր կառուցապատման մոտ 60 թույլտվություններ գտնվում են կասեցված վիճակում, ինչի արդյունքում առաջանում են ֆինանսական մեծ կորուստներ: Նման պայմաններում կառուցապատողները զրկված են լինում իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներից և նախագծով առաջարկվող իրավակարգավորման պարագայում քաղաքաշինության բնագավառում տրամադրված վարչական ակտերի վիճարկումը չի կասեցնի դրա գործողությունը, իսկ օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի լրացումը ենթադրում է, որ դատարանը հնարավորություն կունենա գնահատելու քննվող իրադրության առանձնահատկությունները և կասեցնելու այն վարչական ակտերի կատարումը, որոնց կատարումը ենթակա չէ կասեցման:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ նախագծով առաջարկվում է քաղաքաշինության բնագավառում ընդունված բոլոր վարչական ակտերի վիճարկման դեպքում չկասեցնել դրանց գործողությունը, այլ տվյալ պարագայում հայցվորին տալ հնարավորություն՝ ներկայացնելու վիճարկվող ակտի գործողության կասեցման միջնորդություն:
Տվյալ պարագայում, հաշվի առնելով քաղաքաշինության ոլորտում տրամադրված վարչական ակտերի վիճարկման դեպքում վիճարկման հայց ներկայացնելիս վիճարկվող ակտերի կասեցման կապակցությամբ գործնականում առաջացող հիմնախնդիրները և, միաժամանակ ընդհանուր առմամբ ընդունելի համարելով նախագծով նախատեսվող կարգավորումների անհրաժեշտությունը, այնուհանդերձ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումը և դրանով ակնկալվող լուծումները համակարգային չեն: Խնդիրը նրանում է, որ ներկայումս վարչական ակտերի կատարման կասեցման հետ կապված խնդիրներ են առաջանում նաև այլ ոլորտներում, ինչը քննարկման առարկա է դարձնում նաև այլ ոլորտներում բացառություններ նախատեսելու կամ ավտոմատ կասեցման ինստիտուտը հայցի ապահովման ինստիտուտով փոխարինելու հարցը։ Այդ մասին է վկայում քննարկվող բացառությունների շարքում, օրինակ, Վարչական դատավարության օրենսգրքում 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կատարված փոփոխությունների արդյունքում նոր բացառության նախատեսումը, այն է, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ վարչական ակտերի կատարման կասեցման կապակցությամբ առաջացող հիմնախնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ։ Ներկայումս մշակման փուլում է գտնվում «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է վիճարկման հայցի դեպքում անձի իրավունքների նախնական պաշտպանությունն իրականացնել հայցի ապահովման ինստիտուտի միջոցով: Այս կապակցությամբ Վարչական դատավարության օրենսգրքի՝ հայցի ապահովումը կարգավորող գլխում հայցի ապահովման միջոցների շարքում նախատեսվում է նաև վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը։
Նախատեսվում է վարչական ակտի կատարման կասեցումը՝ որպես հայցի ապահովման միջոց կիրառել դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա, որը պետք է լինի հիմնավորված։ Նախատեսվել են նաև որոշակի չափանիշներ, որոնց գնահատմամբ դատարանը պետք է իրականացնի հայցի ապահովման միջոց կիրառելու, հատկապես՝ վարչական ակտի կատարման կասեցման ձևով, իր հայեցողական լիազորությունը, որոշի հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունը, դրա կիրառման իրավական և փաստական հետևանքները։ Մասնավորապես, նախատեսվում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննարկելիս դատարանը դիտարկում է հանրային շահերը ու շահագրգիռ անձի իրավունքները և գնահատում հայցի բավարարման հեռանկարներն ու հայցի ապահովման միջոցի կիրառման հնարավոր հետևանքները։
Վարչական ակտերի կատարման կասեցման վերաբերյալ համապատասխան փոփոխություններ են նախատեսվում նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում։
Մյուս կողմից, հարկ է նշել, որ ներկայացված նախագծով չեն լուծվում ներկայումս կուտակված խնդիրները։ Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, ներկայումս կասեցված վիճակում են գտնվում կառուցապատման մոտավորապես 60 թույլտվություններ։ Ուստի, խնդրին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է անցումային դրույթներով նախատեսել համարժեք իրավակարգավորում։ Այս առումով հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվող նախագծերի փաթեթով նախատեսվում են համապատասխան անցումային դրույթներ, որոնք կկարգավորեն նաև արդեն իսկ կասեցված վիճակում գտնվող վարչական ակտերի կատարման հետ կապված հարցերը։
Վերոգրյալ կարգավորումների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված նախագծերի փաթեթով նախատեսվել են նախագծի հեղինակների կողմից բարձրացված խնդիրների համակարգային լուծումներ, ուստի առաջարկում ենք ներկայացված նախագիծը դիտարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվող և հիշյալ հարաբերությունները համապարփակ կարգավորող նախագծերի համատեքստում: