Թիվ ՎԴ/7649/05/18 վարչական գործով 16.03.2020 թվականին հրապարակված որոշումից քաղվածք.
ՀՀ վարչական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումը բավարարել։
2. Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի` «Քաղաք» պանդոկի աստիճանավանդակի մասով ՀՀ կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումը ճանաչել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին հակասող և անվավեր։
Նախագահող դատավոր` |
ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Դատավոր` |
ԿԱՐԵՆ ԶԱՐԻԿՅԱՆ |
Դատավոր` |
ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ |
Դատավոր` |
ԳևՈՐԳ ՍՈՍՅԱՆ |
Դատավոր` |
ԱՐԹՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ |
Քաղվածքը կատարված է ՀՀ վարչական դատարանի 16.03.2020 թվականին հրապարակված որոշումից, որոշումը մտել է օրինական ուժի մեջ 17.04.2020 թվականին:
Նախագահող դատավոր |
ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
ՎԴ/7649/05/18
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
16 մարտի, 2020 թ. |
ք. Երևան |
Վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Մհեր Պետրոսյան, դատավորներ՝ Կարեն Զարիկյան, Հրաչ Այվազյան, Գևորգ Սոսյան և Արթուր Ավագյան) վարույթում է գտնվում «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումն ընդդեմ Կառավարության, երրորդ անձ՝ «ԴԻԱՐԲԵՔԻՐ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումը մասնակի՝ Հանրապետության փողոցի թիվ 30 հասցեում գտնվող անշարժ գույքի («ՔԱՂԱՔ» պանդոկի աստիճանավանդակի) մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Դատական կազմի մեծամասնությունը որոշել է դիմումը բավարարել։
Ստորև ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ։
Կարծում եմ, որ Կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումը նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի /Օրենքի/ 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), այլ նորմատիվ իրավական ակտի հիման վրա ընդունված գրավոր իրավական ակտ է, որը սահմանում է վարքագծի կանոն միայն դրանում անհատապես նշված անձանց համար (անհատական իրավական ակտ, Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ)։ Ընդ որում, այն վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող որոշում է, որն ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անհատապես որոշված անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն (վարչական ակտ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդված)։
Կառավարության 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշումն ընդունվել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (Օտարման մասին օրենք) 7-րդ հոդվածի համաձայն, որը լիազորում է Կառավարությանը ընդունելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում (մաս 1), որի մեջ inter alia նշվում են օտարվող սեփականության ձեռքբերողը և օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում Է այլ սեփականությունից) (մաս 2)։ Նշված նորմի հիման վրա Կառավարությունը իր՝ 22.03.2018 թվականի թիվ 332-Ն որոշմամբ անհատապես որոշված հասցեներում գտնվող տարածքների մասով ճանաչել Է հանրային գերակա շահ և դրանք ձեռք բերելու իրավունք է տրամադրել անհատապես որոշված կազմակերպություններին։
Հատկանշական է, որ Օտարման մասին օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում հատուկ նշված է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»։ Սա վկայում է այն մասին, որ օրենսդիրը ևս այս տեսակ որոշումները չի դասում նորմատիվ իրավական ակտերի շարքին, հակառակ դեպքում այն պաշտոնական հրապարակման ենթակա կլիներ Օրենքի 25-րդ հոդվածի ուժով և Օտարման մասին օրենքում հատուկ այդ մասին նշում կատարելու անհրաժեշտությունը կբացակայեր։
Դատական կազմի մեծամասնությունը, ըստ էության քննելով «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումը Վարչական դատավարության օրենսգրքի (ՎԴՕ) 26-րդ գլխի կանոններով, որոշել է դիմումը բավարարել։ Չքննարկելով դիմումն ըստ էության բավարարելու դատական կազմի մեծամասնության պատճառաբանությունները և խորապես հարգելով գործընկերներիս կարծիքը՝ նշեմ, որ ՎԴՕ 196-րդ հոդվածի հիման վրա ձևավորված կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով, դատարանն իրավասու չէ քննելու Կառավարության վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը։ Այս գործն ընդդատյա է ՎԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միանձնյա դատավորի կազմով դատարանին։
Ուստի դատարանը ոչ թե պետք է ըստ էության քններ և բավարարեր «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հասարակական քաղաքական կազմակերպության դիմումը, այլ ՎԴՕ 81-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրեր գործն ըստ ընդդատության՝ ՎԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ միանձնյա դատավորի կազմով դատարանին։
Դատավոր |
ԿԱՐԵՆ ԶԱՐԻԿՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|