ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0384/02/13 2020 թ. Դատավորներ՝ Հ. Ենոքյան
Քաղաքացիական գործ
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան
Ա. Սմբատյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
|
Ե. Խունդկարյան |
Գ. հակոբյան | ||
Է. Սեդրակյան |
2020 թվականի հունիսի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ամալյա Վարդանյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ամալյա Վարդանյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ամալյա Վարդանյանը պահանջել է Բանկից բռնագանձել հրապարակային աճուրդով իրացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող, գրավի առարկա հանդիսացող՝ ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 11.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ի. Վարդանյան, մասնակցությամբ դատավորներ` Ն. Բարսեղյան, Ն. Տավարացյան) 10.07.2014 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.04.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.04.2015 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
17.01.2017 թվականին Ամալյա Վարդանյանը ներկայացրել է հայցադիմումի հստակեցում և խնդրել է Բանկից բռնագանձել ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 անշարժ գույքի վաճառքից առաջացած տարբերությունը կազմող գումարը` 14.084.370 ՀՀ դրամ` գրավադրված` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 անշարժ գույքի արժեք ընդունելով ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված եզրակացություններում նշված արժեքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 23.05.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Ամալյա Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 23.05.2017 թվականի վճիռը և փոփոխվել հետևյալ կերպ. Ամալյա Վարդանյանի հայցն ընդդեմ Բանկի` հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումարի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է մասնակիորեն: Բանկից հօգուտ Ամալյա Վարդանյանի բռնագանձվել է 292.369,1 ՀՀ դրամ` որպես հրապարակային աճուրդով իրացված գրավի առարկա հանդիսացող` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հողամասի վաճառքից առաջացած գումարի և գրավով ապահովված պարտավորության տարբերությունը կազմող գումար: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ամալյա Վարդանյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին, 6-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վճռաբեկ դատարանը 30.04.2015 թվականի որոշմամբ կարևորել է, թե բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում «գույքի ինչպիսի՞ արժեքը պետք է հիմք ընդունվեր»: ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից և այդ հիմքով բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը, որպեսզի ընդհանուր իրավասության դատարանում այս հանգամանքը ողջ ծավալով քննարկվի և սահմանվի, թե անշարժ գույքի ինչպիսի արժեք պետք է հիմք ընդունվի՝ իրացված 25.200.000 ՀՀ դրա՞մը, 2010 թվականի գույքի շուկայական արժե՞քը, թե՞ անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված գործը բեկանվելուց հետո, ստորադաս դատարանները վկայակոչել են ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի թիվ ԵԱՆԴ/0399/02/09 որոշումը և փաստել, որ գույքը պետք է իրացվեր լիկվիդացիոն գնով: Սակայն որևէ դատական ատյան չի նշել, թե որն է այդ լիկվիդացիոն գինը և ինչպես պետք է որոշվի այդ լիկվիդացիոն գինը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը։
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 08.02.2008 թվականին Մարութ Միլիտոսյանի և Բանկի միջև կնքվել է թիվ 296 վարկային պայմանագիրը, որի շրջանակներում Մարութ Միլիտոսյանին տրամադրվել է 6.000.000 ՀՀ դրամ վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 2):
2. Համաձայն թիվ 296 վարկային պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող՝ Բանկի, Ամալյա Վարդանյանի և Մարութ Միլիտոսյանի միջև 08.02.2008 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի թիվ 296/1 պայմանագրի` ի ապահովումն Բանկի հանդեպ Մարութ Միլիտոսյանի ունեցած պարտավորության կատարման՝ գրավադրվել է Ամալյա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող հողամասը և արտադրական շինությունը, որը երկկողմ համաձայնությամբ գնահատվել է 8.600.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 3-4):
3. Համաձայն Բանկի կողմից 24.12.2010 թվականին տրված տեղեկանքի` Մարութ Միլիտոսյանի պարտքը 19.12.2010 թվականի դրությամբ կազմում է 7.320.368,90 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 17):
4. Ամալյա Վարդանյանը 28.09.2010 թվականին ծանուցվել է առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (հատոր 2-րդ, գ.թ. 31-32):
5. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2763379 վկայականի համաձայն՝ 20.12.2010 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեի հողամասի և շինության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և 08.02.2008 թվականին կնքված թիվ 296/1 գրավի պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 25-28):
6. Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.12.2010 թվականին տրված տեղեկանքի` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը կազմում է 1.035.262 ՀՀ դրամ, հողի արժեքը՝ 16.200.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 21):
7. 01.10.2015 թվականի «Փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին: Փորձագետների լուծմանն առաջադրվել է հետևյալ հարցերը. որքան են կազմում Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեի 2,0հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566քմ մակերեսով շինության շուկայական և լիկվիդացիոն արժեքները 29.01.2010 թվականի դրությամբ (հատոր 6-րդ, գ.թ. 36-37):
8. 12.04.2016 թվականի ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566քմ մակերեսով շինության շուկայական արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 40.200.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566քմ մակերեսով շինության լիկվիդային արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 32.160.000 ՀՀ դրամ (հատոր 6-րդ, գ.թ. 51):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատարանի կողմից վերադաս դատական ատյանի սահմանած ծավալին համապատասխան գործի նոր քննության իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստորադաս դատարանում գործի նոր քննությունը վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով իրականացնելու հարցին:
Նախկին օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ:
Նախկին օրենսգրքի 2412-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրելով, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում):
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 30.04.2015 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2014 թվականի որոշումը և գործն ուղարկելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, պատճառաբանել է, որ գրավառուի կողմից մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունները գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար պետք է հիմք ընդունվի բացառապես գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող՝ դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը:
Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 30.04.2015 թվականի որոշմամբ բեկանելով սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը, ի թիվս այլ հարցերի, գործի նոր քննության ծավալում առաջադրել է գրավադրված գույքի լիկվիդացիոն արժեքի որոշման հարցը:
Գործի նոր քննության ընթացքում Դատարանի կողմից նշանակվել է փորձաքննություն: ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566քմ մակերեսով շինության շուկայական արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 40.200.000 ՀՀ դրամ, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող 2,0հա մակերեսով հողամասի և հողամասի վրա գտնվող 566քմ մակերեսով շինության լիկվիդային արժեքը փորձաքննության առաջադրված 2010 թվականի հունվարի 29-ի դրությամբ կարող է կազմել 32.160.000 ՀՀ դրամ:Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.12.2010 թվականին տրված տեղեկանքի` ՀՀ Կոտայքի մարզի Գողթ գյուղի Գեղարդի խճուղի թիվ 1/1 հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը կազմում է 1.035.262 ՀՀ դրամ, հողի արժեքը՝ 16.200.000 ՀՀ դրամ:
Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է պատճառաբանություն այն մասին, որ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց իր կողմից հայցադիմումով նշվածները հիմնավորելու համար։ Այսինքն` գույքի իրացումից հետո, կատարելով բոլոր անհրաժեշտ վճարումները, իրեն հանձնման ենթակա գումարի առկայության վերաբերյալ որևէ ապացույց հայցվորի կողմից չի ներկայացվել։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ գրավի առարկա անշարժ գույքի արժեքը որոշվել է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ և անշարժ գույքն իրացնելիս հիմք են ընդունել «Պարտեր» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ԱԳ-N121 գնահատման հաշվետվությունը: Ուստի բողոք բերած անձի նշած` «Էքսպերտ Լաբարատորիա» ՍՊԸ-ի կողմից 06.11.2012 թվականին և ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 12.04.2016 թվականին տրված եզրակացությունները չեն կարող հիմք հանդիսանալ կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կարգավորելու համար: Հետևաբար, այդ մասերով վերաքննիչ բողոքը համարվել է անհիմն:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործի նոր քննությունը չեն իրականացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշման հիման վրա` վերջինիս սահմանած գործի նոր քննության ծավալով, քանի որ հակառակ պարագայում գրավի առարկայի լիկվիդացիոն արժեքի որոշման հարցը դառնում էր ինքնանպատակ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը գործի քննությունը պետք է իրականացներ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքով գրավի առարկան Բանկին ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում` այդ նպատակին ծառայեցնելով դատավարական օրենքով դատարանին վերապահված իրավական միջոցները և հնարավորությունները:
Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում գործի քննության պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ հոդվածների խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև՝ Ամալյա Վարդանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Գ. Հակոբյան | |