ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԱՎԴ/0060/04/17 2020 թ.
Սնանկության գործ
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի
հունիսի 05-ինգրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ Ժիրայր Մարգարյանի դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ժիրայր Մարգարյանը (այսուհետ՝ Պարտապան) պահանջել է իրեն ճանաչել սնանկ:
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Քոչարյան) (այսուհետ՝ Դատարան) 28.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սամվել Մանուկյանը (այսուհետ՝ Կառավարիչ):
Դատարանի 27.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:
Պարտապանի կողմից 29.03.2018 թվականին ներկայացվել է բողոք (դիմում)՝ Կառավարչի՝ քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ Պարտապանին պատկանող բաժնեմասի օտարման գործողությունների վիճարկման վերաբերյալ:
Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Պարտապանի բողոքը (դիմումը) մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.07.2018 թվականի որոշմամբ Պարտապանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է և ոչ իրավաչափ է ճանաչվել Կառավարչի՝ Պարտապանին պատկանող միակ բնակարանն օտարելու ուղղությամբ իրականացվող գործողությունները:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ քննվող իրավահարաբերությունների վրա պետք է տարածվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հիմնավորված չէ:
Վերաքննիչ դատարանը, որոշման կայացման հիմքում դնելով ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշումը, կիրառել է միայն վերոնշյալ որոշման առաջին մասը, որը տվյալ դեպքում կիրառելի չէր կարող լինել: Վերաքննիչ դատարանն անտեսել է նույն որոշման երկրորդ մասը, որը հնարավոր է կիրառելի լիներ սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե բնակարան, այլև բաժնեմաս, ինչը և առանցքային նշանակություն ունի սույն գործով։
Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշման առաջին պարբերությունը կիրառելի է այն դեպքերում, երբ իրացվում է պարտապանի միակ բնակարանն ամբողջությամբ: Սույն գործով օտարման ենթակա բնակարանի 1/4 բաժնեմասն է պատկանում Պարտապանին: Բնակարանը գնահատվել է 8.276.000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Պարտապանի 1/4 բաժնեմասը նշված անշարժ գույքում կազմում է 2.069.000 ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանն անհասկանալի հաշվարկների հիման վրա եզրակացրել է, թե Պարտապանի գնահատված բաժնեմասը՝ 2.069.000 ՀՀ դրամի չափով, փոքր է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարի չափից։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդուներ նույն որոշման 2-րդ պարբերությունը, որը հստակ սահմանում է իրացվող գույքի բաժնեմասի նվազագույն գինը։ Մասնավորապես՝ տվյալ պարագայում 4.900.000 ՀՀ դրամը պետք է բաժանվեր Պարտապանի բաժնեմասին։ Սույն դեպքի համար Պարտապանի միակ բաժնեմասի իրացման համար նվազագույն գումարը կազմում է ոչ թե 4.900.000 ՀՀ դրամ, այլ 1.225.000 ՀՀ դրամ։ Հետևաբար, տվյալ դեպքում Պարտապանի բաժնեմասը, որը գնահատված է 2.069.000 ՀՀ դրամ, ավելին է ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, այն է՝ 1.225.000 ՀՀ դրամից: Ուստի Պարտապանին պատկանող բաժնեմասն օտարելու ուղղությամբ Կառավարչի գործողություններն իրավաչափ են և բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.07.2018 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը:
1) Դատարանի 28.09.2017 թվականի վճռով Ժիրայր Մարգարյանը ճանաչվել է սնանկ (հավելված գ.թ. 6-10):
2) Դատարանի 27.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: Բանկի պահանջը՝ 2.533.851,70 ՀՀ դրամի չափով, գրանցվել է որպես չապահովված պահանջ՝ «է» հերթում (հավելված գ.թ. 21-22):
3) Պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Արտաշատ քաղաքի Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը «Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննության հիման վրա գնահատվել է 8.276.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանի ¼ բաժնեմասի արժեքը կազմել է 2.069.000 ՀՀ դրամ (հավելված գ.թ. 35-38):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ պարտապանին պատկանող բռնագանձման ոչ ենթակա գույքի առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ ստորադաս դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշման սխալ մեկնաբանելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՞ք պարտատերերի պահանջների բավարարման նպատակով կարող է իրացվել քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասը, եթե այդ բաժնեմասի արժեքը գերազանցում է ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի 808-Ն որոշմամբ սահմանված նվազագույն գումարի և միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալը.
- արդյո՞ք մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածով սահմանված պարտապանի գույքի իրացման արգելքը կարող է նույնացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գույքի իրացման արգելքի հետ:
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ՝ մտավոր սեփականության օբյեկտ (…):
Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին:
Վերոգրյալ իրավադրույթներից հետևում է, որ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարման համար պարտապանին պատկանող ոչ բոլոր գույքերն են ենթակա իրացման (օտարման): Այսինքն՝ պարտապանին պատկանող գույքերի իրացման հարցում առկա են որոշակի բացառություններ: Այդպիսի բացառությունների թվին է դասվում, մասնավորապես, այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել: Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում չի կարող տարածվել, ի թիվս այնի, նաև ֆիզիկական անձ պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա, եթե այն բավարարում է որոշակի չափանիշների:
Այսպես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով բռնագանձում չի կարող տարածվել այն բնակարանի կամ դրա բաժնի վրա, որը համապատասխանում է հետևյալ հատկանիշներին.
1) բնակարանը պատկանում է ֆիզիկական անձ պարտապանին,
2) այն ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանն է, այսինքն՝ նրա մշտական բնակության միակ վայրն է,
3) բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:
Ընդ որում, ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 4.900.000 ՀՀ դրամ: Իսկ նույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացի-պարտապանի՝ բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության վարույթում բռնագանձում չի կարող տարածվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող այն բնակարանի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եթե դրա մեկնարկային գինը ցածր է 4.900.000 ՀՀ դրամից: Միևնույն ժամանակ բռնագանձում չի կարող տարածվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող միակ այն բնակարանի բաժնեմասի վրա, որի մեկնարկային գինը ցածր է 4.900.000 ՀՀ դրամի և նրա միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալի գումարից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ եթե ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանը իրացվում է 4.900.000 ՀՀ դրամը գերազանցող գումարով կամ ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանի բաժնեմասը իրացվում է 4.900.000 ՀՀ դրամի և բաժնեմասի արտադրյալը կազմող գումարը գերազանցող գումարով, ապա պարտապանի միակ բնակարանի կամ պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի իրացման համար ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին, իսկ գումարի մնացած մասն ուղղվում է պահանջների բավարարմանը:
Սույն գործի փաստերի համաձայն Դատարանի վճռով Ժիրայր Մարգարյանը ճանաչվել է սնանկ: Այնուհետև Դատարանը հաստատել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն՝ Բանկի պահանջը՝ 2.533.851,70 ՀՀ դրամի չափով, գրանցվել է որպես չապահովված պահանջ՝ «է» հերթում: Պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը «Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննության հիման վրա գնահատվել է 8.276.000 ՀՀ դրամ, ընդ որում պարտապանի ¼ բաժնեմասը նշված անշարժ գույքում կազմել է 2.069.000 ՀՀ դրամ: Ժիրայր Մարգարյանի կողմից ներկայացվել է բողոք (դիմում), որով վերջինս խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ Ժիրայր Մարգարյանին պատկանող բաժնեմասի օտարմանն ուղղված Կառավարչի գործողությունները և արգելել բաժնեմասի վաճառքը:
Դատարանը, մերժելով Պարտապանի բողոքը (դիմումը), պատճառաբանել է, որ իրացման ոչ ենթակա գույքի ցանկը սահմանված է Օրենքով, մասնավորապես, Օրենքի 95-րդ հոդվածում: Իսկ ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն գումարի չափը հիմք է հանդիսանում միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի՝ քաղաքացի-պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու համար:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Պարտապանի վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը և ոչ իրավաչափ է ճանաչել Կառավարչի՝ պարտապանին պատկանող միակ բնակարանն օտարելու ուղղությամբ իրականացվող գործողությունները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշումը, կազմելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության բաղկացուցիչ մասը, հավասարապես կիրառելի են սնանկության վարույթում` հաշվի առնելով, որ Օրենքի 96-րդ հոդվածը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ տվյալ դեպքում Կառավարչի կողմից վաճառքի է հանվել Պարտապանին պատկանող միակ բնակարանը, որը հանդիսանում է վերջինիս մշտական բնակության միակ վայրը, որի մեկնարկային գինը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից՝ 4.900.000 ՀՀ դրամից (սույն դեպքում Պարտապանի բաժնեմասի արժեքը կազմում է 2.069.000 ՀՀ դրամ): Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում Կառավարիչն օրենքի ուժով իրավունք չունի սնանկության վարույթով օտարել Պարտապանին համասեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանը, ուստի Կառավարչի գործողությունները պետք է համարել ոչ իրավաչափ:
Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները, որպիսի հիմքով և ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշումը կիրառելի են սնանկության վարույթում` հաշվի առնելով, որ Օրենքի 96-րդ հոդվածը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն իրողությունը, որ տվյալ դեպքում Կառավարչի կողմից վաճառքի է հանվել ոչ թե ամբողջ բնակարանը, այլ բնակարանի՝ Պարտապանին պատկանող բաժնեմասը: Հետևաբար սույն վեճի համար էական նշանակություն ունի այն փաստի պարզումը, թե արդյոք Պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արժեքը պակաս է 4.900.000 ՀՀ դրամի և այդ բնակարանում Պարտապանի բաժնեմասի արտադրյալից:
Այսպես՝ սույն գործի նյութերից հետևում է, որ Պարտապանի բաժինը քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքում դրա ¼ մասն է, որը դրամային արտահայտությամբ կազմում է 2.069.000 ՀՀ դրամ (հավելված գ.թ. 38): Իսկ ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված՝ միակ բնակարանի նվազագույն արժեքի՝ 4.900.000 ՀՀ դրամի, և ընդհանուր գույքում Պարտապանի բաժնեմասի՝ ¼-ի արտադրյալը կազմում է 1.225.000 ՀՀ դրամ (4.900.000 x ¼ = 1.225.000):
Վերոգրյալից պարզ է դառնում, որ ընդհանուր գույքում Պարտապանի ունեցած բաժնեմասի արժեքը՝ 2.069.000 ՀՀ դրամը, ավելի մեծ է ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված՝ միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն արժեքից (2.069.000 > 1.225.000), ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքում Պարտապանին պատկանող բաժնեմասը ենթակա էր իրացման (օտարման), քանի որ այդ բաժնեմասի շուկայական արժեքն ավելի մեծ է, քան ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված՝ միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն արժեքը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքում Պարտապանին պատկանող բաժնեմասի օտարմանն ուղղված Կառավարչի գործողություններն իրավաչափ են, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ի վերջո, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ տվյալ դեպքում, ընդհանուր գույքի՝ պարտապանին պատկանող բաժինը 1.225.000 ՀՀ դրամից (4.900.000 x ¼ = 1.225.000) ավելի բարձր գնով իրացվելու դեպքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով 1.225.000 ՀՀ դրամը պետք է վերադարձնել Պարտապանին, իսկ մնացած գումարն ուղղել պահանջների բավարարմանը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելով և փոփոխելով՝ դիմումը մերժելով, Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2018 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` Ժիրայր Մարգարյանի դիմումը՝ թիվ ԱՎԴ/0060/04/17 սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի` պարտապանին պատկանող միակ բնակարանն օտարելու ուղղությամբ իրականացվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող | Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական: