Գլխավոր տեղեկություն
Համար
N 294-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 11.03.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2021 թվականի N 294-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Պ-841-20.01.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


04.03.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-841-20.01.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝

1. Սույն օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի (այսուհետ՝ պատգամավոր) գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝

1. Աշխատավարձն օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 50000 դրամի չափով, որոնց բաշխման կարգը սահմանվում է օրենքով:

Վերոնշյալ իրավական ակտերի համակարգային վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կարգավորման առարկան առհասարակ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքների, հաշվարկների, հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումն է: Այլ կերպ ասած, այն իրավահարաբերությունները, որոնք թեև առերևույթ փոխկապակցված են սույն օրենքի առարկայի հետ, սակայն վերաբերում են վարձատրության տնօրինման իրավահարաբերություններին, չեն կարող կարգավորվել սույն օրենքով: Նշված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացնել մի դրույթ, որը դուրս է նշված օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից, այսինքն, կարգավորում է ոչ թե պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները, այլ օրենքով արդեն իսկ նախատեսված վարձատրության կոնկրետ տեսակի տնօրինման հետ կապված իրավահարաբերությունները: Նշված վերլուծության համատեքստում գտնում ենք, որ ընդհանրապես օրենքով, իսկ մասնավորապես «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով չի կարող սահմանվել աշխատավարձի կամ վարձատրության այլ ձևերի տնօրինման եղանակ: Այլ հարց է, որ նշված օրենքով կարող են քննարկվել պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի վճարման վերացման կամ չափի փոփոխության հարցերը:

2. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ դրանով առաջարկվող կարգավորումները, ըստ էության, բովանդակային առումով տրամաբանական կապ ունեն վերը քննարկված նախագծի հետ:

Ի հավելումն վերոնշյալի հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը կարգավորում է պատգամավորների գործունեության իրականացման իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, ինչպես նաև պատգամավորի գործունեության երաշխիքներին առնչվող այլ հարաբերություններ: Նշված առաջարկը ո՛չ հանդիսանում է պատգամավորի գործունեության իրականացման երաշխիք, ո՛չ էլ երաշխիքներին առնչվող այլ հարաբերություն: Նշված առաջարկը, ըստ էության, իր բնույթով պատգամավորների սոցիալական երաշխիք հանդիսացող վարձատրության որոշակի ձևի տնօրինման օրենքով սահմանվող առաջարկ է, որով թեև ձևական առումով երաշխիքն օրենսդրական մակարդակում առկա է լինում, սակայն այն փաստացի վերացվում է, ինչը դուրս է նշված օրենքի կարգավորման շրջանակից: Բացի դրանից, առաջարկվող մեխանիզմը խնդրահարույց է նաև սահմանադրականության տեսանկյունից՝ ըստ էության սահմանափակելով անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ՄԻԵԿ կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը:

Բացի դրանից, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա`

թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:

Բյուջետային միջոցների հատկացման ժամանակ օրենսդրության շրջանակներից դուրս ցանկացած գործողություն, որը հանգեցնում է բյուջեով նախատեսված միջոցների հասցեագրվածության խախտմանը կամ այդ միջոցների ուղղմանը բյուջեով չնախատեսված նպատակներին, որակվում է որպես օրենսդրության խախտում:

Բացի դրանից, 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների շրջանակներում 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք օրենքով ներառված չեն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող կենսաթոշակային ապահովության համակարգում, իսկ նրանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը կատարվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը և ընդունելի համարելով օրենքների նախագծերի փաթեթով հետապնդվող նպատակը՝ առաջարկում ենք վերոնշյալ հակասություններից խուսափելու համար ուժը կորցրած ճանաչել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 11-րդ հոդվածը և պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով այդ գումարները՝ համապատասխան ընթացակարգով, փոխանցել նշված անձանց։

Միաժամանակ, առաջարկում ենք նաև նախագծերում «1-ին կարգի» բառերը փոխարինել «1-ին խմբի» բառերով:

Նախագծերի փաթեթով ներկայացված նպատակի շրջանակներում անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Հաշմանդամություն ստացած զինծառայողների համար օրենսդրությամբ սահմանված են հետևյալ սոցիալական երաշխիքները․

1. Կենսաթոշակային ապահովություն

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն hաշմանդամության զինվորական կենսաթոշակ է նշանակվում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից, հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող այն զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, որը զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ զբաղեցրել է զինծառայության նույն պաշտոնը և ունեցել է նույն զինվորական կոչումը։

Ընդ որում, նշված հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո նշված անձինք ձեռք են բերում hաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք:

2. Պարգևավճարներ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ամենամսյա պարգևավճարի իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները, եթե նրանք չեն հանդիսանում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի շահառու։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի N 141-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 5-րդ կետի համաձայն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողներին վճարվում է ամենամսյա պարգևավճար՝ 55000 դրամ․

2) զինվորական ծառայության ընթացքում 1-ին խմբի հաշմանդամ դարձած անձինք` 19000 դրամ։

3. Միանվագ վճարումներ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 68-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշման համաձայն պետական բյուջեից դրամական աջակցություն է տրամադրվում աշխատունակության կորստի չափին համամասնորեն՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող նախկին հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին` 500000 դրամ։

Ընդ որում, նշված աջակցություն չի տրամադրվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված հատուցում ստացող անձանց:

4. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված կարգով և չափերով վճարվում են հատուցման գումարներ:

Օրենքի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հատուցման դեպքերի վրա:

Անկախ հաշմանդամության խմբից՝ հաշմանդամություն ստացած զինծառայողներն իրավունք ունեն հետևյալ սոցիալական երաշխիքներից՝

1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:

2. Հաշմանդամություն ստացած զինծառայողները, որոնք աշխատանք փնտրելու նպատակով հաշվառված են զբաղվածության տարածքային կենտրոններում և ստացել են գործազուրկի կարգավիճակ, զբաղվածության օրենսդրության համաձայն առաջնահերթության կարգով իրավունք ունեն ընդգրկվելու զբաղվածության ծրագրերում:

3. Հաշմանդամություն ստացած զինծառայողներն առաջնահերթության կարգով կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման NN 11 և 13 հավելվածներով հաստատված՝ մասնագիտական ուսուցման կազմակերպման, ինչպես նաև ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ծրագրերում։

Մաuնագիտական ուuուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկին ուuուցման ամբողջ ընթացքում յուրաքանչյուր ամիu վճարվում է կրթաթոշակ, նվազագույն աշխատավարձի 50 %-ի չափով։

4. Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում և օգտվում են սահմանված արտոնություններից՝ ունեն անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

5. Հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշմամբ հաստատված` արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում։ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից։

6. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին և 2-րդ խմբերի) ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում։

7. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք։

8. Վերականգնողական անհատական ծրագրերին համապատասխան իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ` պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, անվասայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշում):

9. Զինծառայողներն անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են՝ համաձայն Հարկային օրենսգրքի 230-րդ և 245-րդ հոդվածներով սահմանված կարգով։

10. Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքները մեղմելու նպատակով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորումն իրականացվելու է հատուկ ընթացակարգով։ Իրականացվում է վիրավորում ստացած զինծառայողների կարիքների գնահատում, որի հիմնական նպատակն է պատերազմի հետևանքով վերին և ստորին վերջույթները կորցրած զինծառայողներին տրամադրել առավել ֆունկցիոնալ պրոթեզներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան