Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/6048/05/19

Վարչական գործ թիվ ՎԴ/6048/05/19

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Միքայելյան
Ա. մԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի ապրիլի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ պատասխանողի՝ Նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից Ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված 12.03.2019 թվականի թիվ 50-Ա ստուգման ակտի (այսուհետ՝ Ստուգման ակտ) վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկի տրամադրման 17.04.2019 թվականի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու և պատասխանողին՝ Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը հայցվորին տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց



1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նախարարության` Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկի տրամադրման 17.04.2019 թվականի մերժումը և պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 12.08.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.10.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.08.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 144-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և դիրքորոշում չի հայտնել դրանց վերաբերյալ՝ կրկնելով Դատարանի վերլուծություններն ու եզրահանգումները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը բողոքը մերժելիս հղում է կատարել Դատարանի կողմից հայցադիմումի վերադարձման հիմքերին և հիմնավորումներին՝ վերջինիս հետ համաձայնվելով, որ հայցադիմումում պահպանված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված պայմանը, այն է՝ հայցադիմումում բացակայում է հայցվորի պահանջը՝ նշված պայմանի պահպանված չլինելը պայմանավորելով այն հանգամանքով, որ պահանջը հստակ չէ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բացակայում է որևէ օրենսդրական նորմ, որով կարգելվեր ճանաչման և գործողության կատարման հայցերի միաժամանակյա քննությունը, բացի այդ, անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից բավարար չէ պարզապես ոչ իրավաչափ ճանաչել հայցվող փաստաթղթերի տրամադրման մերժումը, եթե անձին հնարավորություն չընձեռվի վերջիվերջո ստանալ այդ փաստաթղթերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում ոչ թե սպառվել է Նախարարության՝ փաստաթուղթ չտրամադրելու անգործությունը, այլ փաստաթղթի տրամադրումը մերժելու կոնկրետ գործողությունը, որն արտահայտվել է Նախարարության կողմից Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկի տրամադրման 17.04.2019 թվականի մերժմամբ, ինչն էլ հայցվորը պահանջում է ճանաչել ոչ իրավաչափ՝ հետագայում բացառելու համար նման մերժման գործողությունները: Սակայն նշված պահանջը որևէ կերպ չի կարող բացառել կամ սահմանափակել հայցվորի՝ Նախարարությունից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու օրինական ակնկալիքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երկրորդ հայցապահանջի՝ գործողության կատարման հայցի իրավական հիմքերին և հիմնավորումներին Դատարանը կարող էր անդրադառնալ բացառապես հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի ըստ էության քննության ընթացքում, հետևաբար անհիմն է հայցադիմումի վերադարձը նաև երկրորդ հայցապահանջի ոչ հստակ լինելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6048/05/19 գործով 03.10.2019 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բեկանել ՀՀ վարչական դատարանի 12.08.2019 թվականի որոշումը»։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական պաշտպանության դիմած անձի ակնկալած նպատակին հասնելու համար օրենքով նախատեսված համապատասխան ճիշտ հայցատեսակը պարզելու և այն մատնանշելու վարչական դատարանի պարտականությանը՝ որպես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի դրսևորում:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է։

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) տեսանկյունից՝ դատարան դիմելու մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ): 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով։ Այլ կերպ ասած` հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել:

 Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցադիմումում հայցվորի պահանջը չբովանդակելու իրավաբանական հետևանքն այն է, որ այդ դեպքում վարչական դատարանը վերադարձնում է ներկայացված հայցադիմումը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ օրենսդրական կարգավորումը պետք է մեկնաբանվի հետևյալ կերպ. վարչական դատարանը պարտավոր է վերադարձնել հայցադիմումն ինչպես այն դեպքում, երբ հայցադիմումում հայցվորի պահանջն իսպառ բացակայում է, այնպես էլ այն դեպքում, երբ հայցվորի պահանջը բավարար չափով հստակ կամ որոշակի չէ: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` հայցվորի պահանջը կարող է դիտարկվել որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված, մասնավորապես, այն դեպքերում, երբ այն հնարավորություն չի տալիս պարզելու հայցի կոնկրետ նյութական օբյեկտը, կամ հայցվորի կողմից ներկայացվող նյութաիրավական պահանջի բովանդակության կապակցությամբ տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տալիս և ողջամտորեն անհասկանալի է դարձնում այն` դատարանին հնարավորություն չտալով ըստ էության քննության առնել տվյալ վեճը և վերջնական դատական ակտով լուծել հայցը լրիվ կամ մասնակիորեն մերժելու կամ բավարարելու հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Արթուր Ավթանդիլյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը, ինչպես նաև տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք՝ անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար: Նման մոտեցումը Վճռաբեկ դատարանը գնահատում է որպես դատավարական նորմերի մեխանիկական ընկալման և կիրառման հետևանք, ինչի արդյունքում խաթարվում է դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ), (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը): 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող այն դեպքերում, երբ ֆիզիկական, իրավաբանական անձինք դատարան են դիմում սխալ հայցատեսակով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով չնախատեսված հայցատեսակով, հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորի պահանջը պետք է ձևակերպված լինի հստակ և որոշակի, որպեսզի դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցվորի պահանջը պետք է ձևակերպված լինի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված և վիճելի իրավահարաբերությունից բխող ճիշտ հայցատեսակին համահունչ, այդուհանդերձ, բոլոր այն դեպքերում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք դատարան են դիմում սխալ հայցատեսակով կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով չնախատեսված հայցատեսակով, ապա վարչական դատարանը պարտավոր է կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի էությունից բխող՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը, այն է՝ առաջարկել հայցվորին ներկայացնելու տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և օրենքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային բնորոշ հայցապահանջ, այլ կերպ ասած՝ վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցատեսակը, որի միջոցով կարող է ապահովվել դատարան դիմած անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը վարչական դատավարության կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 05.04.2019 թվականին դիմել է Նախարարություն՝ խնդրելով տրամադրել Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը, որպիսի դիմումը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի 17.04.2019 թվականի թիվ 01.1/15-3/6449-2019 գրությամբ մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 19, 20-22)։

Ընկերությունը 06.05.2019 թվականին ներկայացրել է վարչական բողոք՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել հայցվող գործողության հետ կապված ցուցաբերած անգործությունը և կատարել հայցվող գործողությունը՝ տրամադրել Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը: Նշված բողոքը ՀՀ ֆինանսների նախարարի 10.06.2019 թվականի թիվ 01/11-3/9634-2019 գրությամբ մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 23-30, 31-35)։

Ընկերությունը 24.06.2019 թվականին դիմել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ պահանջելով 1) տրամադրել փաստաթուղթ առ այն, որ Ընկերության 05.04.2019 թվականի գրության նկատմամբ դրսևորած անգործությունը, որն արտահայտվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի 17.04.2019 թվականի գրությամբ, ոչ իրավաչափ է, 2) ապահովել, որ Ընկերությանը տրամադրվի Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը (հատոր 1-ին, գ.թ. 36-42

ՀՀ ֆինանսների նախարարը 24.07.2019 թվականի գրությամբ մերժել է Ընկերության վերոհիշյալ դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 43-44

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նախարարության` Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկի տրամադրման 17.04.2019 թվականի մերժումը, և պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը (հատոր 1-ին, գ.թ. 2-11

Դատարանը 12.08.2019 թվականի որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ «(...) հայցվորը հայցադիմումի առաջին պահանջով, ըստ էության, նախ խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել իրեն սպառած մի գործողություն, այնուհետև՝ հայցադիմումի երկրորդ պահանջով, խնդրում է պարտավորեցնել պատասխանողին կատարելու այդ գործողությունը, ուստի նշյալ պայմաններում անհասկանալի է հայցվորի նյութաիրավական շահագրգռվածությունը, քանզի եթե խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի գործողությունը, որը հայցվորի համոզմամբ ևս, իրեն սպառել է և առկա է վտանգ՝ նմանատիպ վարքագծի կրկնակի դրսևորման, որպիսի պայմաններում ակնհայտ է հայցվորի նպատակը նաև՝ կանխելու պատասխանողի նմանատիպ վարքագծի դրսևորումը հետագայում, ապա անհասկանալի է սույն հայցի շրջանակներում հայցելու դատարանից պարտավորեցնել պատասխանողին կատարելու այն գործողությունը, որը մերժվել և որպիսի մերժումն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է այս մասով հստակեցնել հայցադիմումի պահանջը»:

Անդրադառնալով հայցադիմումի երկրորդ պահանջին՝ Դատարանն արձանագրել է, որ «(...) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ որևէ իրավակարգավորում, որպիսին կնախատեսի վարչական կարգով ներկայացված բողոքի արդյունքում սահմանված ժամկետում ակտ չընդունելու իրավական հետևանք լինել հայցվող վարչական ակտի ընդունված համարելը, քանզի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը նշված դրույթներով նկարագրված դեպքերը անմիջականորեն հետևանք է համարում նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթում իրականացված գործողությունների (անգործության), որպիսին չի հանդիսանում վարչական կարգով ներկայացված բողոքի հիման վրա հարուցված վարույթը, բացի այդ, վարչական բողոքի հետ կապված կարգավորումները տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլխով, որպիսի տրամաբանությունը չի բերում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման իրավական հնարավորության» (հատոր 1-ին, գ.թ. 45-49

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով հայցադիմումի պահանջը հստակեցնելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումները, 03.10.2019 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով

Դատարանի 12.08.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 27-35):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել՝ (...) գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն նույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործողության կատարման հայց ներկայացնելու համար որպես նախապայման օրենսդիրը սահմանել է վարչական մարմնին դիմելու և հայցվող գործողության կատարումը վերջինիս կողմից մերժվելու, այսինքն՝ ռեալ ակտ ընդունելու կամ դիմումի առնչությամբ անգործություն ցուցաբերելու փաստերի առկայությունը: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ եզրահանգումը բխում է ոչ միայն այն հանգամանքից, որ դատարանները վեճը լուծող մարմիններ են և շահագրգիռ սուբյեկտները կարող են դատական պաշտպանություն հայցել միայն վեճի առկայության դեպքում, որպիսին կարող է ի հայտ գալ համապատասխան դիմումը վարչական մարմնին ներկայացնելու փաստով ծագած իրավահարաբերությունների պարագայում, այլ նաև վերոհիշյալ եզրահանգման համար հիմք են հանդիսանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 72-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, որոնցից բխում է, որ վարչադատավարական կարգով իրավունքների պաշտպանություն կարող են հայցել այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ: Այլ կերպ ասած, քանի դեռ վարչական մարմնից չի հայցվել որևէ գործողության կատարում և վերջինս չի մերժել հայցվող գործողության կատարումը կամ չի դրսևորել անգործություն, անձի մոտ չի ծագում գործողության կատարման հայցով դատարան դիմելու իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բոլոր այն դեպքերում, երբ շահագրգիռ անձինք դատական պաշտպանության են դիմում գործողության կատարման հայցով, ապա մինչև հայց հարուցելը պարտադիր նախապայման է հանդիսանում հայցվող գործողությունը կատարելու պահանջով վարչական մարմնին դիմած լինելու և վարչական մարմնի կողմից հայցվող գործողությունը կատարելու դիմումը մերժած լինելու կամ անգործություն դրսևորած լինելու փաստերի առկայությունը: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով՝ գործողության կատարման հայցի քննության ընթացքում վարչական մարմինը կրում է գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի ապացուցման բեռը, ինչից էլ ուղղակիորեն բխում է, որ գործողության կատարման հայցի քննության ընթացքում վարչական դատարանը անխուսափելիորեն պարզում է նաև վարչական մարմնի կողմից հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու իրավաչափության հարցը, ուստի նման պայմաններում գործողության կատարման հայցի հետ միաժամանակ վարչական մարմնի կողմից՝ հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն դրսևորելու իրավաչափությունը հայցվորի կողմից վիճարկելու անհրաժեշտությունը բացակայում է: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ գործողության կատարման հայցի ներկայացման պարագայում անձի՝ դատական պաշտպանության դիմելու հիմնական նպատակը վարչական մարմնի կողմից հայցվող գործողության կատարմանը հասնելն է:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ յուրաքանչյուր գործով վարչական դատարանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի դատական պաշտպանության դիմած անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելը, ինչը դրսևորվում է վարչական դատարանի կողմից, նախևառաջ, անձի ակնկալած նպատակին հասնելու համար օրենքով նախատեսված համապատասխան ճիշտ հայցատեսակը պարզելով և դատարան դիմած անձին օժանդակելով, որպեսզի վերջինս իր պահանջը ձևակերպի համապատասխան հայցատեսակի էությանը համահունչ:

Այսպես՝ սույն գործով ստորադաս դատարաններն արձանագրել են հետևյալը. «(...) հայցվորը հայցադիմումի առաջին պահանջով, ըստ էության, նախ խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել իրեն սպառած մի գործողություն, այնուհետև՝ հայցադիմումի երկրորդ պահանջով, խնդրում է պարտավորեցնել պատասխանողին կատարելու այդ գործողությունը, ուստի նշյալ պայմաններում անհասկանալի է հայցվորի նյութաիրավական շահագրգռվածությունը, քանզի եթե խնդրում է ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի գործողությունը, որը հայցվորի համոզմամբ ևս, իրեն սպառել է և առկա է վտանգ՝ նմանատիպ վարքագծի կրկնակի դրսևորման, որպիսի պայմաններում ակնհայտ է հայցվորի նպատակը նաև՝ կանխելու պատասխանողի նմանատիպ վարքագծի դրսևորումը հետագայում, ապա անհասկանալի է սույն հայցի շրջանակներում հայցելու դատարանից պարտավորեցնել պատասխանողին կատարելու այն գործողությունը, որը մերժվել և որպիսի մերժումն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է այս մասով հստակեցնել հայցադիմումի պահանջը»:

Անդրադառնալով վերոհիշյալ եզրահանգմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործով Ընկերության նպատակը Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը ստանալն է և վերջինս դատական պաշտպանության է դիմել՝ ակնկալելով դատարանից՝ պարտավորեցնել Նախարարությանը տրամադրելու վերոհիշյալ ցանկը: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում Ընկերության ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանությունը կարող է ապահովվել Նախարարությանը՝ Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը տրամադրելուն պարտավորեցնելով, ուստի սույն գործով վիճելի իրավահարաբերությունից բխող պատշաճ հայցատեսակը գործողության կատարման հայցն է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքից բխող՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու իր պարտականությունը, այն է՝ չի մատնանշել սույն գործով Ընկերության իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակը՝ փոխարենը վերադարձնելով հայցադիմումն այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումի պահանջը հստակ չէ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության ներկայացրած հայցադիմումը՝ ոչ հստակ պահանջ ներկայացնելու հիմքով ենթակա չէր վերադարձման, քանի որ Ընկերությունն իր պահանջը ձևակերպել էր այնպես, որ Դատարանի համար առնվազն պետք է պարզ լիներ, թե ինչ է ակնկալում Ընկերությունը՝ դատական պաշտպանություն հայցելով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իրավական հնարավորությանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորությանը, արձանագրել է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման օրենքով սահմանված ժամկետը խախտվելու և օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում գործում է այն ֆիկցիան, որ պահանջվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է օգտվել դիմում ներկայացնելիս իր ակնկալած իրավունքից, որը տրամադրման էր ենթակա ընդունվելիք վարչական ակտով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը, ըստ էության, հաստատում է իրավական համակարգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտի ձևական-իրավաբանական գոյությունը և սպառիչ տեղեկություններ է պարունակում այն կոնկրետ իրավունքի մասին, որը համարվում է անձին տրամադրված տվյալ վարչական ակտով: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակը նպատակաուղղված է նկարագրված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում գործնականում պաշտպանել շահագրգիռ անձի (որպես կանոն՝ վարչական ակտի հասցեատիրոջ) իրավունքները և ապահովել այդ վարչական ակտից բխող իրավունքների երաշխավորված իրացումը: Այդ հայցատեսակի բավարարման արդյունքում շահագրգիռ անձին վերոգրյալ բովանդակությամբ փաստաթուղթ տրամադրվելու դեպքում վերջինս կարող է ձեռնամուխ լինել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարվող վարչական ակտից բխող համապատասխան իրավունքի գործնական իրականացմանը, ինչպես նաև ազատվել այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք նախատեսված են այդ փաստաթուղթը չունենալու համար (տե՛ս, Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման համար, նախևառաջ, անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը, դիմելով վարչական մարմնին, հայցի բարենպաստ վարչական ակտի ընդունում, մինչդեռ այն դեպքերում, երբ անձը, դիմելով վարչական մարմնին, վերջինիցս պահանջում է ռեալ ակտի ընդունում, այլ կերպ ասած՝ պահանջում է կատարել որևէ գործողություն, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման իրավիճակներում բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իրավական հնարավորությունը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Ընկերությունը 05.04.2019 թվականին դիմել է Նախարարություն՝ խնդրելով տրամադրել Ստուգման ակտի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի ցանկը, այսինքն՝ Ընկերությունն ի սկզբանե վարչական մարմնին է դիմել որոշակի գործողություն կատարելու խնդրանքով, ուստի տվյալ դեպքում բացակայում է անձի կողմից ներկայացված դիմումով վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունում հայցելու դեպքը, որպիսի պայմաններում վարչական մարմնի կողմից օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չկայացնելու հետևանքով վարչական ակտը կհամարվեր ընդունված և անձի մոտ կառաջանար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքով գործողության կատարման հայց ներկայացնելու իրավունք:

Նման պայմաններում ամփոփելով վերոգրյալ փաստական և իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման` համարելով, որ Դատարանն իրավաչափորեն է հայցադիմումը վերադարձնելու հիմքում դրել այն հանգամանքը, որ հայցվորի պահանջը հստակ չէ, հետևաբար ոչ հստակ պահանջ ներկայացրած լինելու հիմքով Ընկերության՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաչափ չէ, քանի որ ստորադաս դատարանները, ցուցաբերելով չափազանց ձևական (ֆորմալ) մոտեցում, խախտել են կիրառվող միջոցի ու հետապնդվող նպատակի միջև ողջամիտ հավասարակշռությունը` խաթարելով դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.10.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 12.08.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. մԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան