ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 2-286/2007 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ 2-286/2007 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի (իրավահաջորդ` ՀՀ պետական եկամուտների կոմիտե, այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Աղասի Եսայանի (Սելլերս), «ՕՍՍ Զվեզդա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումար բռնագանձելու և «ՕՍՍ Զվեզդա» ՓԲԸ-ին մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն պահանջել է Աղասի Եսայանից և Ընկերությունից բռնագանձել գումար և վերջինիս պարտավորեցնել կատարել մաքսային պարտավորությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Հ. Հովհաննիսյան) 14.04.2006 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Աղասի Եսայանի և Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 02.06.2006 թվականի որոշմամբ, բավարարելով Ընկերության ներկայացուցչի՝ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը, որոշել է գործի վարույթը կասեցնել մինչև պատասխանող Աղասի Եսայանին հայտնաբերելը:
23.05.2007 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն դիմում է ներկայացրել Դատարան, որով հրաժարվել է Ընկերությանը մաքսային պարտավորության կատարմանը պարտավորեցնելու պահանջից և խնդրել է վերսկսել գործի վարույթը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Հակոբյան) 31.05.2007 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի դիմումը՝ ներկայացված պահանջից հրաժարվելու պատճառաբանությամբ գործի վարույթը կասեցումից հանելու վերաբերյալ, մերժվել է:
Թիվ 2-286/2007 քաղաքացիական գործը 18.01.2019 թվականին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան) (դատավոր` Ռ. Վարդազարյան) և Դատարանի 25.01.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ գործի վարույթը վերսկսվել է և գործի քննությունը նշանակվել է 19.03.2019 թվականին:
Դատարանի 24.06.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.11.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.06.2019 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը և 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ մաքսային կոմիտեի հայցը վարույթ է ընդունվել 14.04.2006 թվականի որոշմամբ, երբ դեռ տարանջատված չէին հանրային իրավահարաբերությունների ոլորտը և ստեղծված չէր ՀՀ վարչական դատարանը, որն իրավասու է քննել սույն գործը։ 11.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) 162-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված են, որ դեռևս դատաքննության փուլում չգտնվող գործերը հնգօրյա ժամկետում փոխանցվում են վարչական դատարան:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է, որ տարածքային ընդդատության կանոններով վարույթ ընդունված գործը պետք է քննվի ըստ էության, անգամ երբ հետագայում այն ընդդատյա է դարձել այլ դատարանի:
Այսինքն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 14.04.2006 թվականին հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ Դատարանի 25.01.2019 թվականի որոշմամբ կայացվել է գործը վարույթ ընդունելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշում, հետևաբար Դատարանը պարտավոր էր քննել գործն ըստ էության և կայացնել գործը լուծող դատական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 29.11.2019 թվականի որոշումը և կայացնել նոր որոշում»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.04.2006 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Աղասի Եսայանի և Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և 12.05.2006 թվականին ժամը 15:00-ին նշանակվել է գործի քննություն (հատոր 1-ին, գ.թ. 1):
2) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, 02.06.2006 թվականի որոշմամբ բավարարելով Ընկերության ներկայացուցչի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը, որոշել է գործի վարույթը կասեցնել մինչև պատասխանող Աղասի Եսայանին հայտնաբերելը (հատոր 1-ին, գ.թ. 40):
3) Դատարանի 25.01.2019 թվականի որոշմամբ թիվ 2-286/2007 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և գործի վարույթը վերսկսվել է (հատոր 1-ին, գ.թ. 63):
4) Աղասի Սելլերսի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել դիմում, որով վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածը, խնդրել է կարճել քաղաքացիական գործի վարույթը (հատոր 1-ին, գ.թ. 177):
5) 20.06.2019 թվականին նշանակված դատական նիստում Դատարանը որոշել է սույն գործով կիրառել արագացված դատաքննություն և հայտարարել է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը (հատոր 1-ին, գ.թ. 182-184):
6) Դատարանի 24.06.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 194-198):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 28.11.2007 թվականին ընդունված, 01.01.2008 թվականին ուժի մեջ մտած և 07.01.2014 թվականին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 162-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0666/02/08 քաղաքացիական գործով 28.11.2014 թվականի որոշմամբ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին` արդյոք 01.01.2008 թվականի դրությամբ ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող և դատաքննության փուլում կասեցված հանրային իրավահարաբերություններից ծագող գործի վարույթը վերսկսելու պայմաններում այն ենթակա է կարճման` ենթակայության փոփոխության հիմքով:
Նախկին օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության դատարաններում նշված օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործերի հետագա դատաքննությունը շարունակվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատաքննության փուլում չգտնվող գործերը հնգօրյա ժամկետում փոխանցվում են վարչական դատարանին` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:
Նախկին օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում՝
1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.
4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ նշված իրավադրույթներով օրենսդիրը, ըստ էության, կարգավորել է 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելուց (ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին) հետո ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող հանրային իրավահարաբերություններից ծագող գործերի հետագա քննության կարգը:
Վերոհիշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան այդ օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործերի հետագա դատաքննությունն ընդհանուր իրավասության դատարաններում շարունակելու համար անհրաժեշտ է հետևյալ երեք պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) գործը պետք է նախատեսված լինի 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով.
2) այդ գործը 01.01.2008 թվականի դրությամբ պետք է գտնվի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում.
3) այդ գործի քննությունը պետք է գտնվի դատաքննության փուլում:
Երրորդ պայմանի վերլուծությունից բխում է, որ 01.01.2008 թվականի դրությամբ ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող` 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործերի հետագա քննությունը չի կարող շարունակվել նույն դատարաններում, եթե այդ գործերը չեն գտնվում 28.11.2007 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-277-Ն ՀՀ օրենքի իմաստով դատաքննության փուլում: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է քննարկվող նորմի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ նորմը վերաբերում է «դատաքննության փուլում չգտնվող» գործերին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ օրենսդրական նման իրավակարգավորումն ինքնանպատակ չէ և բխում է արդարադատության արդյունավետության սկզբունքից, անձի` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի բովանդակությունից: Այսպես, ընդհանուր իրավասության դատարանների վարույթում 01.01.2008 թվականի դրությամբ գտնվող հանրային իրավահարաբերություններից ծագող այն գործերով, որոնցով դատարանը ձեռնամուխ է եղել գործի ըստ էության քննությանն ուղղված որոշակի դատավարական գործողություններ իրականացնելուն, նույն դատավարական գործողությունների կրկին իրականացումը բացառելու, գործի քննության անհարկի ձգձգումը կանխելու, դատավարական ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործումն ապահովելու նկատառումով օրենսդիրն առավել նպատակահարմար է համարել այդպիսի գործերի հետագա քննությունն ընդհանուր իրավասության դատարանում շարունակելու դատավարական կարգը: Մինչդեռ, այն գործերը, որոնցով գործի ըստ էության քննություն չի իրականացվել, պետք է հանձնվեն վարչական դատարանին:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածը վերը քննարկված գործերով, ըստ էության, բացառել է ենթակայության փոփոխության հիմքով վարույթի կարճման հնարավորությունը: Նման իրավակարգավորումը կոչված է երաշխավորելու անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացումը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով ՄԻԵԴ-ը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ընդդեմ Հակոբ Չիլիկյանի թիվ ԵԱՔԴ/0666/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հայցն ընդդեմ Աղասի Եսայանի (Սելլերս) և Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.04.2006 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և 12.05.2006 թվականին ժամը 15:00-ին նշանակվել է գործի քննություն: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 02.06.2006 թվականի որոշմամբ բավարարելով Ընկերության ներկայացուցչի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը` որոշել է գործի վարույթը կասեցնել մինչև պատասխանող Աղասի Եսայանին հայտնաբերելը: Դատարանի 25.01.2019 թվականի որոշմամբ թիվ 2-286/2007 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և գործի վարույթը վերսկսվել է: Դատարանի 24.06.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, կարճել է գործի վարույթը այն պատճառաբանությամբ, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում քննության է առնվում հանրային իրավահարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտի կողմից կազմված վարչական ակտի հիման վրա գումար բռնագանձելու պահանջ: Այսինքն` գործով ներկայացված պահանջի հիմքում ընկած վեճը ծագել է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման կապակցությամբ, հետևաբար սույն վեճը դուրս է քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակից և վերաբերում է վարչաիրավական հարաբերությունների ոլորտին:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:
Վերը շարադրված դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո սույն գործով միաժամանակ առկա են եղել ընդհանուր իրավասության դատարանում գործի հետագա դատաքննությունը շարունակելու` նույն օրենսգրքի 162-րդ հոդվածից բխող անհրաժեշտ պայմանները, դրանք են`
1) սույն գործը 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործ է.
2) այն 01.01.2008 թվականի դրությամբ գտնվել է ընդհանուր իրավասության դատարանի վարույթում.
3) 01.01.2008 թվականի դրությամբ և դրանից հետո մինչև 24.06.2019 թվականը գործը գտնվել է դատաքննության փուլում:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է նրանով, որ 12.05.2006 թվականից մինչև 24.06.2019 թվականը սույն գործը ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ գլխի վերնագրի («ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ») իմաստով գտնվել է դատաքննության փուլում, քանի որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 14.04.2006 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Աղասի Եսայանի և Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և 12.05.2006 թվականին ժամը 15:00-ին նշանակվել է գործի քննություն: Այսինքն, գործի քննությունն իրականացվել է առանց նախապատրաստական փուլի, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացված 1498-րդ հոդվածով նախատեսված նախնական դատական նիստ հրավիրելու լիազորությունը դատարաններին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 28.11.2007 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Նախկին օրենսգրքի 162-րդ հոդվածը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 365-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով արձանագրված դատավարական նորմերի խախտումները կարող են վերացվել միայն առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ա. Բարսեղյան Ս. Անտոնյան Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ն. Տավարացյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. Մկրտչյան
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: