ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2135-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դեպոզիտային հաշիվ՝ ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննության վճարների գանձման և փորձաքննություն կատարած կազմակերպություններին փոխանցման նպատակով:
2. Սահմանել, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձված և փորձաքննություն կատարած կազմակերպություններին չփոխանցված միջոցները, որպես կանխավճար, փոխանցվում են սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված հատուկ դեպոզիտային հաշվին:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշվում կուտակվող միջոցներով մարել նաև ներմուծված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունների վճարների գծով 2019 թվականից մնացած պարտավորությունները՝ համապատասխան գումարների հավաքագրման դեպքում:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական հաշվում կուտակվող միջոցները տնօրինվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:
5. Սույն որոշման կարգավորումները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|