Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 28.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 2022 թվականի N 85-Լ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-127-29.12.2021-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-127-29.12.2021-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նախագծի նպատակն է ճշգրտել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքի 41-րդ հոդվածի դրույթները: Մասնավորապես՝ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Ըստ հեղինակների՝ այդ դրույթի ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է իր դիտարկումները:

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ օրենք) 41-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Վերոգրյալ նախատեսվող իրավակարգավորումների գործնական անհրաժեշտության վերաբերյալ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է հետևյալը՝

«Արտահիվանդանոցային բջջաբանական և հյուսվածքաբանական (ձևաբանական) տեսակներով գործունեություն իրականացնողները դուրս են վերահսկողությունից, քանի որ դրանք գործում են հիվանդանոցներից դուրս: Ասվածի հիմնավորումն այն է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման, կարող է միայն հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնել»:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 519-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում սահմանված է հետևյալը՝

«Հիվանդանոցային հաստատությունում դիահերձում չիրականացնելու դեպքում (եթե հաստատությունը չունի դիահերձարան, կամ մահացածի ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն դիահերձումը կատարվելու է այլ դիահերձարանում) հիվանդանոցային հաստատության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը կատարում է գրառում հիվանդության պատմագրի մեջ` նշելով այլ դիահերձարան ուղարկելու ժամը և հասցեն, մահացածի ծնողին կամ ամուսնուն կամ երեխաներին կամ օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տրամադրելով պացիենտի հիվանդության պատմագրի էպիկրիզը»:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված է հետևյալը՝

«Տեսչական մարմնի լիազորություններն են՝

Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ»:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը գործնականում բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրավասու է վերահսկողություն իրականացնելու նաև արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրականացնում են նաև ախտաբանաանատոմիական դիահերձումներ:

Միաժամանակ՝ նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք գնահատել առաջարկվող կարգավորումների գործնական անհրաժեշտությունը, քանի որ բացակայում են արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրականացնում են նաև ախտաբանաանատոմիական դիահերձումներ, վերահսկողություն իրականացնելու հնարավորության բացակայության վերաբերյալ հստակ հիմնավորումները և վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը լիարժեք գնահատելու համար:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում»:

Վերոգրյալից հետևում է, որ նախագծի 1-ին հոդվածն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք` բարձրացված խնդիրների համատեքստում:

2. Նախագծի 5-րդ հոդվածում սահմանված է՝

«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 4-րդ կետի՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորումների համատեքստում անհրաժեշտ է վերանայել նախագծի 5-րդ հոդվածը՝ այն դիտարկելով բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող՝ ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու անժամկետ լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի իրավունքների սահմանափակման իրավաչափության համատեքստում, հաշվի առնելով նաև այդ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ իրենց անժամկետ լիցենզիաների առնչությամբ ունեցած լեգիտիմ ակնկալիքները:

3. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝

1) նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի չհամարակալված 2-րդ պարբերությունն անհրաժեշտ է համարակալել.

2) նախագծի 4-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ որ բառից հետո է կատարվում լրացումը:

Ամփոփելով վերը շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: