Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ4/0003/01/19

Գործ թիվ ԼԴ4/0003/01/19

Նախագահող դատավոր՝  Լ. Աբգարյան

Դատավորներ՝

 Ռ. Բարսեղյան

 Մ. Պապոյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

     

2021 թվականի դեկտեմբերի 6-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունիսի 8-ի որոշման դեմ ամբաստանյալ Նառա Վալմինայի Աշրաֆյանի պաշտպան Ս․Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

2019 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով հարուցվել է թիվ 52157919 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2019 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ Նառա Վալմինայի Աշրաֆյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։

Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Ն․Աշրաֆյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

2019 թվականի դեկտեմբերի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2․ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռով Ն․Աշրաֆյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:

3․ Ամբաստանյալ Ն․Աշրաֆյանի պաշտպան Ս.Մխիթարյանի և տուժող Վ.Օսիպովայի ներկայացուցիչ Ա.Հարությունյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունիսի 8-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունիսի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ն․Աշրաֆյանի պաշտպան Ս.Մխիթարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննական մարմնի կողմից Նառա Աշրաֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «(…) 2019 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցում, հողամասերի սահմանների շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, ձեռքին եղած ավելով, ինչպես նաև ձեռքով հարվածներ է հասցրել հարևան Վիոլետտա Անատոլիի Օսիպովայի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով համակցության մեջ առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող` առողջության կարճատև քայքայումով, քթի մեջքի անցումով զույգ ստորակնակապճային շրջանների, ձախ նախաբազկի միջին և ստորին երրորդների հետին մակերեսներին անցումով դաստակի թիկնային մասերի տարածուն արյունազեղումների, ձախ կրծքագեղծի, ձախ բազկի միջին երրորդի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի, աջ նախաբազկի ստորին երրորդի հետին մակերեսի շրջանների արյունազեղումների, գլխի աջ քունքագագաթային շրջանի, ձախ դաստակի 5-րդ մատի հիմքի և ձախ նախաբազկի դրսային մակերեսի շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը.

«(...) Դատարանը գտնում է, որ սույն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի կողմից մեղավորությամբ, դիտավորությամբ տուժող Վ.Օսիպովայի առողջությանը թեթև վնաս պատճառելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներին:

Դատարանն ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրան մեղսագրված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը՝ այդ թվում՝ հանցանքի կատարման հանգամանքները և եղանակը, հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:

Դատարանն ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Մասնավորապես, դատարանը, որպես Ն.Աշրաֆյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ բնակության վայրում բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել:

Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, տուժողը որևէ բողոք կամ պահանջ չունի:

Դատարանը, արձանագրում է, որ ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:

Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի ենթակա է պատժի:

Դատարանը, հաշվի առնելով վերոնշյալ՝ ամբաստանյալի արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ու հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները, գտնում է, որ գործի փաստական հանգամանքները Դատարանին հնարավորություն են տալիս գալու հետևության, որ տվյալ դեպքում պատժի նպատակներին հնարավոր է հասնել ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսված պատիժներից նվազ խիստը նշանակելու միջոցով: Հետևաբար, Ն.Աշրաֆյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել տուգանքի ձևով: (...)»2:

7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է, որ. «(...) Անդրադառնալով ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին` Վերաքննիչ դատարանն փաստում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ամբաստանյալի անձը բնութագրող և նրա կատարած հանցագործության բնույթին ու վտանգավորության աստիճանին վերաբերող հանգամանքները թույլ են տալիս գալու եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ պատիժ, որը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից: Նշանակված պատիժը համապատասխանում է ամբաստանյալի անձին, նրա կատարած հանցագործության բնույթին, վտանգավորության աստիճանին, և անհրաժեշտ և բավարար է ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությանը հասնելու համար:

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով պաշտպանի այն դիրքորոշմանը, որ Առաջին ատյանի դատարանը Ն.Աշրաֆյանի նկատմամբ սահմանել է ակնհայտ խիստ պատիժ, ինչպես նաև տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում բերված այն դիրքորոշմանը, որ Առաջին ատյանի դատարանը Ն.Աշրաֆյանի նկատմամբ սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս թույլ չի տվել այնպիսի խախտում, որը բավարար է դատավճիռը պատժի մասով բեկանելու և փոփոխելու համար, հատկապես, որ բողոքաբերներն իրենց հերթին չեն հիմնավորել նշանակված պատժի ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելը, ինչպես պահանջում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածը, այլ պարզապես մատնանշել են ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, նրա անձը բնութագրող և նրա կատարած հանցագործության բնույթին ու վտանգավորության աստիճանին վերաբերող հանգամանքները, որոնք արդեն իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ կերպով գնահատվել են։

Իսկ ինչ վերաբերում է տուժողի ներկայացուցչի այն փաստարկներին, որ ամբաստանյալը փայտով և երկաթյա դույլով է հարվածներ հասցրել տուժող Վ.Օսիպովային և թե՛ դեպքի նախորդած ժամանակահատվածում և թե՛ դրանից հետո վիճաբանել է Օսիպովայի հետ, նրան սպառնացել է, որ իր ձեռքով է Վ.Օսիպովան մահանալու, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տուժող կողմի վերոնշյալ փաստարկները չեն հաստատվել գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ պաշտպանության կողմի այն փաստարկը, որ Ն.Աշրաֆյանի կատարած արարքը պայմանավորված է եղել դեպքին նախորդող պահին տուժող Վ.Օսիպովայի կողմից դրսևորված հակաօրինական և հակաբարոյական վարքագծով, ևս չի բխում գործի նյութերից և հերքվում է դրանց ամբողջությամբ։

Այսինքն, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ն.Աշրաֆյանի նկատմամբ նշանակված պատժաչափը խստացնելու կամ մեղմացնելու վերաբերյալ բողոքաբերների պահանջներն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չեն և գործում առկա չեն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան մեղմացնել կամ խստացնել նշանակված պատիժը: Հետևաբար բողոքաբերների վերաքննիչ բողոքներն անհիմն են և ենթակա չեն բավարարման: (…)»3։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8․ Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է` խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 66-րդ հոդվածների պահանջները: Բողոքաբերը փաստարկել է, որ համակցության մեջ գնահատելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև դեպքին նախորդող պահին տուժող Վ.Օսիպովայի կողմից դրսևորած հակաօրինական և հակաբարոյական վարքագիծը` Ն․Աշրաֆյանի նկատմամբ առավել մեղմ պատիժ նշանակելու դեպքում ևս հնարավոր էր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին: Նշել է նաև, որ ստորադաս դատարանները բավարար չափով չեն պատճառաբանել, թե ինչու է ամբաստանյալի նկատմամբ նշանակվել տուգանք 60.000, այլ ոչ թե 50.000 ՀՀ դրամի չափով:

Բացի այդ, բողոք բերած անձը փաստարկել է, որ սույն քրեական գործով առկա է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, որի ավարտման պահ է հանդիսանում 2021 թվականի հուլիսի 16-ը, ուստի բողոք ներկայացնելու օրվա դրությամբ ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն արդեն իսկ եղել է լրացած, հետևաբար՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ ամբաստանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը՝ դադարեցման:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Ն․Աշրաֆյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը և բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ, կամ ամբաստանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ն․Աշրաֆյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն․Աշրաֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրվող արարքն ավարտվել է 2019 թվականի հուլիսի 16-ին4։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին5, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում, որոշում է կայացրել 2021 թվականի հունիսի 8-ին6։

14․ Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նառա Աշրաֆյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2021 թվականի հուլիսի 16-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել, և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Վճռաբեկ դատարանը, միաժամանակ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ն․Աշրաֆյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու պայմաններում, բողոքաբերի՝ սույն որոշման 8-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է համարում7:

15. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Նառա Վալմինայի Աշրաֆյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունիսի 8-ի որոշումը բեկանել, Նառա Վալմինայի Աշրաֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ և քրեական գործի վարույթը կարճել:

2․ Նառա Վալմինայի Աշրաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։

3․ Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ավելը՝ ոչնչացնել։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 330-335։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 161-173։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 84-89։

4 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան