ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշում Գործ թիվ ՎԲ-35/07 |
ՎԲ-35/07 | ||||||
Քրեական գործ N- 429/06 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
դատավորներ` |
Հ. Ղուկասյանի | |
Հ. ասատրյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
քարտուղար` |
Ք. Մարտիրոսյանի | |
|
մասնակցությամբ դատապարտյալ` |
Փ. Էլիզբարյանի |
2007 թվականի փետրվարի 27-ին |
ք. Երևանում |
Դռնբաց դատական նիստում, քննության առնելով Փայլակ Աբգարի Էլիզբարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Փայլակ Աբգարի Էլիզբարյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հունիսի 22-ի դատավճռով ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, 205 հոդվածի 1-ին մասով և 325 հոդվածի 1-ին մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 66 հոդվածի կարգով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ Ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ. վճռվել է իրեղեն ապացույց ճանաչված 26 անուն «ՎԱԶ» մակնիշի տարբեր ավտոմեքենաների վրա բռնագանձում տարածել 32.354.372 ՀՀ դրամի չափով հօգուտ Հայաստանի Հանրապետության, մնացած ավտոմեքենաները հանձնել Փայլակ Էլիզբարյանի տնօրինմանը, իսկ մյուս իրեղեն ապացույցները պահել քրեական գործի հետ մասին։
Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա վերստին քննելով գործը՝ ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ քրեական գործի վարույթը՝ ըստ մեղադրանքի Փայլակ Էլիզբարյանի ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, 205 հոդվածի 1-ին մասով և 325 հոդվածի 1-ին մասով, կարճել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի կիրառմամբ և Փ.Էլիզբարյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը։
Նույն որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված 26 հատ ավտոմեքենաներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 32.354.372 ՀՀ դրամի չափով գումար, մնացած ավտոմեքենաները վերադարձվել են Փ.Էլիզբարյանին։
Փայլակ Էլիզբարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել։
2.Գործի փաստական հանգամանքները.
Փայլակ Աբգարի Էլիզբարյանը Թուրքիայից ձեռք է բերել 76.428.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 26 հատ «ՎԱԶ» մակնիշի տարբեր ավտոմեքենաներ և նպատակ ունենալով խուսափել այդ ավտոմեքենաների մաքսային արժեքի 10 տոկոսի` 4.908.970,5 ՀՀ դրամի չափով նախատեսված մաքսատուրքի վճարումից, 2005 թվականի մարտի 20-ին ՀՀ Մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան «Բագրատաշեն» մաքսակետով Վրաստանից այդ ավտոմեքենաները ներմուծել է Հայաստան` որպես ձեռք բերման և ներմուծման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր ներկայացնելով Հարավային Օսիայի Ցխինվալի քաղաքի և շրջանի բնակիչներից գնման ակնհայտ կեղծ ակտեր և կեղծ տեխնիկական անձնագրեր, որը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Բացի այդ, Փայլակ Էլիզբարյանը 2004-2005 թվականների ընթացքում «Փայ Լուզ» ՍՊԸ-ի անվամբ նույն եղանակով, ակնհայտ կեղծ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու միջոցով, մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծել Թուրքիայից ձեռք բերված 323.543.729 ՀՀ դրամ ընդհանուր մաքսային արժեքով 201 հատ «ՎԱԶ» մակնիշի տարբեր ավտոմեքենաներ՝ չվճարելով 32.354.372,9 ՀՀ դրամի չափով մաքսատուրք։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ բողոքի` ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշումը «Փայլուզ» ՍՊԸ-ի վրա դրված դրամական պարտավորությունների դիմաց բռնագանձումը 26 հատ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաների վրա տարածելու մասով հակասում է նյութական իրավունքի նորմերին։
Գտնելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, Փ.Էլիզբարյանը խնդրել է բեկանել ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը` բռնագանձումը ավտոմեքենաների վրա տարածելու մասով, և քաղաքացիական հայցն այդ մասով մերժել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
ՀՀ Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննությունը և լուծումը կանոնակարգված է օրենսգրքի 154-164 հոդվածներով (գլուխ 20-րդ` քաղաքացիական հայցը քրեական դատավարությունում)։ Օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով։ Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն քրեական դատավարության օրենսգրքով։
Այսինքն քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության և լուծման ընթացքում կիրառվում են քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխով, ինչպես նաև տվյալ օրենսգրքի այլ հոդվածներով սահմանված կանոնները, իսկ այլ կանոններ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին։
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 163 հոդվածը սահմանում է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով։ Ի դեպ, օրենսդիրը տվյալ դեպքում տարբերություն չի դնում, թե դատավճիռը մեղադրական է, թե արդարացման է (ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 364-366 հոդվածներ)։
Քաղաքացիական հայցի լուծմանը վերաբերող օրենսդրական պահանջն արտացոլված է նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում, համաձայն որի` «Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը` ... 10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել»։ Փաստորեն, տվյալ նորմերը քաղաքացիական հայցի լուծումը կապում են դատավճռի կայացման հետ։
Քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման կարգը նախաքննության փուլում նախատեսված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 261 հոդվածով, իսկ գործը դատարանում ստացվելուց հետո` 294 հոդվածով։ Այդ հոդվածներում թվարկված են այն հարցերը, որոնք կարող են ընդգրկվել գործով վարույթը կարճելու մասին որոշման մեջ, և այդ հոդվածների համաձայն` գործով վարույթը կարճելու հետ մեկտեղ քաղաքացիական հայցը լուծելու հնարավորություն նախատեսված չէ։
Ինչպես երևում է գործի նյութերից, առաջին ատյանի դատարանի կողմից Փ.Էլիզբարյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, և միաժամանակ լուծվել է նաև վերջինիս դեմ հարուցված քաղաքացիական հայցը` վճռվել է նրանից պետության օգտին բռնագանձել պետությանը պատճառված վնասը։
Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը, 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Փ.Էլիզբարյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը, և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 102, 313 և 394 հոդվածներով, քրեական գործի վարույթը՝ ըստ մեղադրանքի Փայլակ Էլիզբարյանի ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, 205 հոդվածի 1-ին մասով և 325 հոդվածի 1-ին մասով, կարճել է և Փ.Էլիզբարյանի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը։ Վերաքննիչ դատարանը, համաներման ակտի ընդունումը դիտելով որպես Փ.Էլիզբարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառող հանգամանք, իր որոշմամբ այն դադարեցրել է և գործի վարույթը կարճել։
Դրա հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը որոշման եզրափակիչ մասում նշել է.
«Իրեղեն ապացույց ճանաչված 26 հատ ավտոմեքենաներից հօգուտ ՀՀ-ին բռնագանձել 32.354.372 ՀՀ դրամի չափով, մնացած ավտոմեքենաները վերադարձնել Փ.Էլիզբարյանին»։
Փաստորեն, համաներման ակտի կիրառմամբ գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ քրեական դատավարության շրջանակներում քննության է առնվել և ըստ էության լուծվել է նաև քաղաքացիական հայցը, ինչով խախտվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 163 և 360 հոդվածների այն պահանջը, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով։ Այնինչ համաներման ակտի կիրառմամբ գործի վարույթի կարճման պայմաններում քաղաքացիական հայցը պետք է թողնվեր առանց քննության՝ քաղաքացիական հայցվորին պարզաբանելով այն հետագայում քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնելու նրա իրավունքը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել օրինականության սկզբունքի խախտում, որը որպես քրեադատավարական օրենքի էական խախտում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 398 հոդվածի հիման վրա հիմք է հանդիսանում Վերաքննիչ դատարանի որոշումը քաղաքացիական հայցի մասով բեկանելու համար։
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 419 հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանն առանց քննության է թողնում քաղաքացիական հայցը, եթե դրա հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ։
Սակայն, քանի որ ներկայացված նյութերից երևում է, որ Փայլակ Էլիզբարյանը «Փայ Լուզ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց 2007 թվականի փետրվարի 15-ին ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի համապատասխան հաշվին է փոխանցել 32.355.000 (երեսուներկու միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ և քաղաքացիական հայցվորի պահանջը բավարարված է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պարագայում գործի վարույթը քաղաքացիական հայցի մասով նույնպես ենթակա է կարճման։ Նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանի դատական նիստի ընթացքում Փայլակ Էլիզբարյանը հայտարարեց, որ իրեղեն ապացույց հանդիսացող 26 ավտոմեքենաները վերադարձվել են իրեն, ուստի դրանց տնօրինման հարցը պետք է համարել լուծված։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` ՀՀ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել։
Փայլակ Աբգարի Էլիզբարյանի վերաբերյալ ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը քաղաքացիական հայցի մասով բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Տ. Սահակյան |
Դատավորներ` |
Հ. Ղուկասյան |
Հ. ասատրյան | |
Մ. Սիմոնյան |