Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3808/02/18

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3808/02/18

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Լ. Գրիգորյան

 Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021  թվականի դեկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մոնիկա Մարտիրոսյանի ընդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի (այսուհետ՝ Համայնք)՝ Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումը, Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ Մոնիկա Մարտիրոսյանին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Մոնիկա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումը, Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունը, և որպես հետևանք՝ իրեն վերականգնել նախկին աշխատանքում և Համայնքից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Սիմոնյան) 29.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունը: Մոնիկա Մարտիրոսյանը վերականգնվել է նախկին աշխատանքում,  Համայնքից հօգուտ Մոնիկա Մարտիրոսյանի 01.10.2018 թվականից մինչև վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը բռնագանձվել է միջին աշխատավարձի չափով հաշվարկվող հարկադիր պարապուրդի գումար: Քաղաքացիական գործի վարույթը՝ Համայնքի  ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է:  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ա. Խառատյան, դատավորներ` Ս. Թորոսյան, Ն. Բարսեղյան) 28.06.2019 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2019 թվականի վճիռը մասնակի՝ հայցը բավարարելու մասով, բեկանվել և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ֆիդանյան) (այսուհետ՝ Դատարան) 10.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.07.2020 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը (ներկայացուցիչ Հարություն Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ   հիմնավորումներով.

          Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ դատարանը յուրաքանչյուր դեպքում կրում է նախնական դատական նիստի ընթացքում գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը պարզելու և ապացուցման բեռը կողմերի միջև բաշխելու պարտականություն, անկախ նրանից, թե դատավարության որ կողմն է այդպիսի պարտականություն կրում օրենքի ուժով։

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատարանը չի կատարում ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու պահանջը, այն հնարավոր է արդարացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի առկայությամբ։ Նման տրամաբանությունն առհասարակ ինքնանպատակ է դարձնում ապացուցման բեռի բաշխման ինստիտուտը։

           Դատարանը պետք է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  հետազոտման հիման վրա որոշի փաստի հաստատված լինելու հարցը։

           Այն, որ աշխատանքային իրավահարաբերություններում գործատուն է կրում ապացուցման բեռը, դա չպետք է նույնացնել աշխատողի կողմից ցանկացած փաստարկ վկայակոչելու պարագայում դրանց ապացուցման բեռը ևս գործատուի վրա դնելու իրավական հնարավորության հետ։ Գործատուն կրում է բացառապես անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստական և իրավական հիմքերի ապացուցման բեռը, այնինչ այս դեպքում, աշխատողի փաստարկների հերքման բեռը՝ կրկին ապացուցման բեռի առումով, դատարանները փորձել են դնել պատասխանողի վրա, ինչը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.07.2020 որոշումը և այն փոփոխել՝ Մոնիկա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Համայնքի ղեկավարի՝ 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունն  անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1)  Համայնքի և Մոնիկա Մարտիրոսյանի միջև 16.05.2014 թվականին անորոշ ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր: Նշված պայմանագրի հիման վրա Մոնիկա Մարտիրոսյանը նշանակվել է Մրգաշատ համայնքի երաժշտական դպրոցի տնօրեն՝ պայմանով, որ նա անմիջականորեն ենթարկվում է համայնքի ղեկավարին: Աշխատանքային օրվա սկիզբը սահմանվել է ժամը 09:00-ն, ավարտը՝ 18:00-ն, իսկ ընդմիջումը՝ ժամը 13:00-ից 14:00-ն  (հատոր 1-ին, գ.թ. 66-67).

2)   Համայնքի ղեկավարի 12.09.2018 թվականի թիվ 32 կարգադրության համաձայն՝ «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատանքային իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) հետևյալ կազմով՝ աշխատանքային խմբի նախագահ՝ Ա. Հարությունյան (Մրգաշատ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ), անդամներ՝ Վ. Խաչատրյան (Մրգաշատի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ), Ն. Մարգարյան (Մրգաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ), Հ. Սողոմոնյան (Մրգաշատի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ): Աշխատանքային խմբի նախագահին հանձնարարվել է այդ կարգադրությամբ նախատեսված աշխատանքներն իրականացնել պարբերաբար, և դրանց մասին տվյալները ներկայացնել Համայնքի ղեկավարին (հատոր 1-ին, գ.թ. 57-58).

3)  Աշխատանքային խմբի կողմից 14.09.2018 թվականին կազմված թիվ 1 արձանագրության համաձայն՝ Համայնքի ղեկավարի 12.09.2018 թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 14.09.2018 թվականին ժամը 10:30-ին և 11:20-ին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելությունների ընթացքում արձանագրել է դպրոցի դռան փակ լինելը (հատոր 1-ին, գ.թ. 59).

4)  Աշխատանքային խմբի կողմից 19.09.2018 թվականին կազմված թիվ 2 արձանագրության համաձայն՝ Համայնքի ղեկավարի 12.09.2018  թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 19.09.2018 թվականին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելությունների ընթացքում արձանագրել է, որ նշված օրը դպրոցում աշխատանքային գործունեություն չի իրականացվել (հատոր 1-ին, գ.թ. 60).

5)  Աշխատանքային խմբի կողմից 26.09.2018 թվականին կազմված թիվ 3 արձանագրության համաձայն՝ 12.09.2018  թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 26.09.2018 թվականին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելության ընթացքում արձանագրել է, որ նշված օրը աշակերտներ և ուսուցիչներ դպրոց չեն հաճախել, ներկա է եղել միայն տնօրենը (հատոր 1-ին, գ.թ. 61).

6)   Աշխատանքային խմբի կողմից 27.09.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության համաձայն՝ 12.09.2018  թվականի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը 27.09.2018 թվականին Մրգաշատի երաժշտական դպրոց կատարած այցելության ընթացքում արձանագրել է, որ նշված օրը ժամը 14:45-ին տնօրենը բացակայում էր դպրոցից, իսկ աշակերտների հաճախելիությունը շատ ցածր էր (հատոր  1-ին, գ.թ. 62).

7)  Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշման համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 123-րդ հոդվածով նախատեսված հիմքերով «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից (հատոր  1-ին, գ.թ. 8).

8)  ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ավագանու 28.09.2018 թվականին կայացած թիվ 6 արտահերթ նիստի թիվ 25 որոշման արձանագրությունից քաղվածքի համաձայն՝ նիստի օրակարգն է եղել «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մոնիկա Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ բնակիչների կողմից ստացված դիմումների քննարկումը: Նիստին մասնակցել է նաև «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մոնիկա Մարտիրոսյանը: Նիստում արտահայտվել են միայն համայնքի ղեկավար Գ. Դանիելյանը և ավագանու անդամ Ս.Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 64).

9)    Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրության համաձայն՝ համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի   35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, նույն օրենսգրքի 123-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 6 արձանագրության նիստի թիվ 25 որոշումը և հաշվի առնելով Մրգաշատի համայնքապետարանի աշխատանքային խմբի 19.09.2018 թվականի թիվ 2 արձանագրությամբ ամրագրված խախտումները, կարգադրել է Արմավիրի մարզի «Մրգաշատի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Մոնիկա Մարտիրոսյանին 01.10.2018 թվականից  ազատել աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.      

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի          1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերի խախտման հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ աշխատանքային վեճերով ապացուցման պարտականության բեռի բաշխմանը: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և      8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե´ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը` ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ` ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է` գործատուի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերի քննության կարգը սահմանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով (հոդվածներ 210-214)։ Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը սահմանել է աշխատանքային վեճերի քննության հատուկ ընթացակարգ: Մասնավորապես, կարևորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդրորեն դատարանի վրա պարտականություն է դրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, այն դեպքում, երբ գործի նախնական քննության փուլում դատարանն առաջարկում է հայցվորին հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, դատարանն իրավասու է պահանջելու նաև այլ լրացուցիչ ապացույցներ:

Միաժամանակ հարկ է նշել, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում, նկատի ունենալով աշխատողների խոցելի կարգավիճակը, նախատեսվել է նաև ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության բաշխման հատուկ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նաև, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն, կարող է ներկայացվել միայն դատարանի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում, ինչը ենթադրում է այդ որոշումը գործատուի կողմից ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ չնայած օրենսդիրն աշխատանքային վեճերով ապացուցման բաշխման վերաբերյալ նախատեսել է այլ կարգ, քան քաղաքացիական գործերով այլ վեճերի կապակցությամբ ապացուցման բաշխման ընդհանուր կարգը, այդուհանդերձ, նշված վեճերով ևս ապացույցները պետք է լինեն թույլատրելի, վերաբերելի ու արժանահավատ: Հակառակ պարագայում նշված ապացույցները չեն կարող դրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման հիմքում: Ընդ որում, աշխատանքային վեճերով ևս ապացուցման պարտականություն կրող անձը` գործատուն, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետևանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է` գործատուն (տե՛ս, Տիգրան Բաղդասարյանն ընդդեմ «Արագած Պեռլիտ» ԲԲԸ-ի թիվ ԱՐԱԴ/1385/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2020 թվականի որոշումը)։

 Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև այդ հանգամանքները հիմնավորելու նպատակով  ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ։ Ընդ որում, դատարանի կողմից նման առաջարկ ներկայացնելը չի ենթադրում բացարձակ հայեցողություն, դատարանը ցանկացած պարագայում սահմանափակված է գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ։

Սույն գործը հարուցվել է  Մոնիկա Մարտիրոսյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ավագանու 28.09.2018 թվականի թիվ 25 որոշումը, Համայնքի ղեկավարի 01.10.2018 թվականի թիվ 34 կարգադրությունը, և որպես հետևանք՝ իրեն վերականգնել նախկին աշխատանքում և Համայնքից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Դատարանը 10.03.2020 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ       «(...) գնահատելով Աշխատանքային խմբի կողմից 14.09.2018թ. թիվ 1, 26.09.2018թ. թիվ 3 և 27.09.2018թ. թիվ 4 կազմված արձանագրությունները, արձանագրում է, որ դրանցում հստակ առկա են գրառումներ այն մասին, թե կոնկրետ որ ժամին ինչ է արձանագրվել: Ինչ վերաբերում է պատասխանողի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի այն պնդմանը, որ խումբն այդ օրը ժամը 09:00-18:00 ներկա է գտնվել Մրգաշատի երաժշտական դպրոցի մոտ, ապա այն անհիմն է, չի բխում թիվ 2 արձանագրության բովանդակությունից, որովհետև, եթե խումբն ամբողջ աշխատանքային օր ներկա է գտնվել, ապա ինչու է արձանագրությամբ արձանագրել կատարած այցելություններ արտահայտությունը: Բացի այդ, պատասխանողը զրկված չէր ստեղծված աշխատանքային խմբի անդամներին որպես վկաներ հրավիրել դատարան, և վերջիններս իրենց ցուցմունքներով պարզաբանեին թիվ 2 արձանագրության բովանդակությունը: Այսինքն, վերը նշվածով չի հաստատվում այն փաստը, որ Մոնիկա Մարտիրոսյանը 19.09.2018 թվականին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է աշխատանքից, հետևաբար գործատու Մրգաշատ համայնքի ղեկավարը նրան աշխատանքից ազատելիս չէր կարող կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը»։

Վերաքննիչ դատարանը Համայնքի վերաքննիչ բողոքը մերժել է այն հիմնավորմամբ, որ «Պատասխանող կողմը չի ապացուցել, որ ողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը բացակայել է աշխատավայրից: Ավելին, եթե անգամ բացակայել է, ապա տնօրենին աշխատանքից ազատելու հարցը կարող էր քննարկման առարկա դարձնել միմիայն այն դեպքում, երբ բացատրություն պահանջելուց և ստանալուց հետո հավաստիանար, որ տնօրենը աշխատանքի չի ներկայացել անհարգելի պատճառով, որպիսի փաստը չի ապացուցվել, ինչը նշանակում է, որ տնօրենը չէր կարող ազատվել աշխատանքից»։  Անդրադառնալով Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի     167-րդ հոդվածի խախտման հիմքին՝ Վերաքննիչ դատարանը նշված հիմքը նույնպես համարել է անհիմն՝ պատճառաբանելով, որ «Թեև Դատարանը գործի քննության ընթացքում առանձին որոշմամբ այդպիսի պարտավորություն չի դրել պատասխանողի վրա, սակայն նման պարտավորություն պատասխանողը կրում է օրենքի ուժով: Այսպես, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի՝ վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական ակտի ընդունման օրենքով և այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը պահպանած լինելու փաստերն ապացուցելու պարտավորությունը կրում է պատասխանողը:»։

 

Վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն գործով Դատարանը չի կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջը, այն է՝ նախնական դատական նիստի ընթացքում չի հստակեցրել գործի համար էական նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք ենթակա են ապացուցման, չի կատարել ապացուցման բեռի բաշխում, ինչպես նաև գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար չի պահանջել անհրաժեշտ  ապացույցներ: Դատարանը, չկատարելով նշված գործողությունները, Համայնքի կողմից ներկայացված ապացույցները համարել է ոչ բավարար այն փաստի ապացուցման համար, համաձայն որի՝ Մոնիկա Մարտիրոսյանը մի ամբողջ աշխատանքային օր անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի։ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխում չկատարելուն, արձանագրել է, որ թեև Դատարանը չի կատարել ապացուցման բեռի բաշխում, սակայն օրենքով Համայնքի վրա է դրված Մոնիկա Մարտիրոսյանի` մի ամբողջ օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու հանգամանքն ապացուցելու պարտականությունը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, որ աշխատանքային հարաբերություններում օրենքով գործատուի վրա է դրված  անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը ապացուցելու պարտականությունը, այնուամենայնիվ, օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային վեճերով գործերի քննության առանձնահատկությունները, դատարանի վրա դրել է ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ պահանջելու պարտականություն։ Ավելին, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև դրանք հիմնավորելու նպատակով  ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ։ Տվյալ պարագայում Դատարանը, արձանագրելով, որ մի ամբողջ օր անհարգելի պատճառով Մոնիկա Մարտիրոսյանի աշխատանքի չներկայանալու հանգամանքը չի ապացուցվել Համայնքի կողմից` ներկայացված ապացույցների ոչ բավարար լինելու պատճառաբանությամբ, միաժամանակ փաստել է, որ նշված փաստը կարող էր ապացուցվել նաև վկաների ցուցմունքներով, որոնց հրավիրելու և հարցաքննելու միջնորդություն Համայնքը չի ներկայացրել։ Նշվածից հետևում է, որ Դատարանի գնահատմամբ ապացույցների բավարար համակցության զանգված ձևավորելու համար կարող էին պահանջվել այլ ապացույցներ, որպիսիք ներկայացնելու առաջարկ, սակայն, Դատարանի կողմից չի ներկայացվել պատասխանողին, ինչն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ  Դատարանի կողմից պատշաճ կարգով չեն իրականացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորությունները, ինչը հանգեցրել է նաև նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, 167-րդ հոդվածի 1-ին մասի    7-րդ և 8-րդ կետերի խախտման, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.   Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2020  թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան