ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3468/02/08 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3468/02/08 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022
թվականի ապրիլի 08-ինգրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Հայկ Բեգլարյանի ընդդեմ Կարինե Խաչատուրյանի` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Կարինե Խաչատուրյանի բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմություն
ըԴիմելով դատարան` Հայկ Բեգլարյանը (լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյան) պահանջել է պարտավորեցնել Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7 քմ մակերեսով բնակելի տունն օտարել անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) 29.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան, դատավորներ` Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան) 06.11.2008 թվականի որոշմամբ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 22.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Ն. Հովսեփյան, Ն. Բարսեղյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշման դեմ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Կարինե Խաչատուրյանը (ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 22662/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 19.03.2020 թվականի վճիռը, որով հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Մասնավորապես, Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության թիվ 108-Ն որոշմամբ դիմողին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող բնակարանի օտարումը բացառիկ գերակա հանրային շահ չի ճանաչվել։ Եվրոպական դատարանը նաև նշել է, որ «(...) դիմումատուին սեփականությունից զրկումը չի իրականացվել «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան»։ Հաշվի առնելով այդ եզրահանգումը՝ ավելորդ է քննել, թե արդյոք խնդրո առարկա միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ և եղել է այդ նպատակին համաչափ»։
Միաժամանակ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ «36. Կառավարությունը չի մատնանշել իրավական պաշտպանության որևէ ներպետական միջոց, որով դիմումատուն հնարավորության դեպքում կարող էր փոխհատուցում պահանջել իր օտարված և քանդված բնակարանի համար այն հանգամանքներում, երբ դատարանները հստակորեն չեն եզրակացրել, որ օտարումը եղել է ապօրինի։ Ուստի անտրամաբանական չէ, որ դիմումատուն փորձել է դատական եզրակացություն ստանալ մինչ այդ արդեն իսկ քանդված՝ առաջին բնակարանի օտարման անօրինականության վերաբերյալ, որպեսզի ստանա դրա արժեքի դիմաց հայցի ուժով օժտված փոխհատուցում պահանջելու իրավունք. տարբերակ, որը տվյալ հանգամանքներում ողջամիտ և հիմնավորված էր»։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 22.04.2009 թվականի վճռով Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի հայցն ընդդեմ Կարինե Խաչատուրյանի` Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7 քմ մակերեսով բնակելի տունն անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին օտարելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 118-120).
2) Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 138-141).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի որոշմամբ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 181-184).
4) Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանը 19.03.2020 թվականի վճռով հիմնավորվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազը և նրա տեղակալը՝ օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։
Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար (տե՛ս, «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդդեմ Լևոն Ալիխանյանի թիվ ԼԴ/1239/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2020 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ (տե՛ս, թիվ ԼԴ/1239/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2020 թվականի որոշումը):
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Հայկ Բեգլարյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7քմ մակերեսով բնակելի տունն օտարել անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին։
Դատարանը 22.04.2009 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) դատարան ներկայացված՝ ՀՀ Կառավարության 25.01.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 108-Ն որոշման համաձայն` Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել և սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սպառիչ ցանկ (հավելված 1), որում ներառված չէ Երևան քաղաքի Փ. Բուզանդի 85 հասցեում գտնվող բնակելի տունը (հիմք՝ ՀՀ Կառավարության 25.01.2007 թվականի թիվ 108-Ն որոշում) (…)»:
Վերաքննիչ դատարանը 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ «(…) գործում առկա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Կարինե Խաչատուրյանին պարտավորեցվել է` Ա/Ձ Հայկ Բեգլարյանի հետ կնքելու գույքի օտարման պայմանագիր, (…): Վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում բողոքաբերի կողմից ներկայացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի հայցն ընդդեմ Կարինե Խաչատուրյանի, Աննա Փիլոյանի, Սեդա Փիլոյանի` սեփականության իրավունքը դադարեցնելու, սեփականության իրավունքը ճանաչելու և տարածքից վտարելու պահանջների մասին, բավարարվել է` դադարեցվել է պատասխանողների սեփականության իրավունքը Փ. Բուզանդի 85 հասցեի տան նկատմամբ և ճանաչվել է Հայկ Բեգլարյանի սեփականության իրավունքն այդ հասցեի նկատմամբ: Միաժամանակ վերջիններս վտարվել են վիճելի բնակարանից: Ինչպես հետևում է վերոնշյալից, սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում, ըստ էության, քննարկվում է նույն պահանջը, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում: Վերոնշյալ եզրահանգման համար Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի 16.10.2009 թվականի թիվ ԴԴ17 Ե-20699 գրությունը, որով հաստատվում է այն հանգամանքը, որ դատարանի վերոնշյալ վճիռները չեն բողոքարկվել և ստացել են օրինական ուժ:
Սույն գործով վիճարկվող հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչի պայմաններում բացակայում է բողոքաբերի խախտված իրավունքը, որը ենթակա է պաշտպանության: Հետևաբար, Դատարանի պատճառաբանությունները, բողոքաբերի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները առարկայազուրկ են և առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու հարցի գնահատմանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում Դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ վճիռ` մերժելով հայցվորի հայցապահանջը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշման դեմ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 22662/10) Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռով հիմնավորվել է, որ «(...) սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով։ Դատարանը հետևաբար պետք է պարզի, թե արդյոք վիճարկվող գույքից զրկումն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել»։ (...) «Դատարանը նկատում է, որ դիմումատուն Երևան քաղաքի կենտրոնում՝ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող շենքի մաս հանդիսացող 42,7քմ ընդհանուր մակերեսով բնակարանի՝ առաջին բնակարանի սեփականատերն է եղել։ Վիճելի չէ, որ առաջին բնակարանի օտարումն իրականացվել է Օրենքի հիման վրա։ Դատարանն այնուհետև նկատում է, որ դիմումատուն չի պնդել, որ Օրենքի համապատասխան դրույթներն իր համար մատչելի կամ կանխատեսելի չեն եղել, սակայն բողոքել է, որ ինքն առաջին բնակարանից զրկվել է այդ դրույթների խախտմամբ։ Դատարանը նշում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվում է, որ որոշակի սեփականության մասով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ պետք է պատշաճ կերպով նշվեն հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տեղեկություններ, որոնցով նույնականացվում են օտարման ենթակա սեփականության օբյեկտները։ Դատարանն այնուհետև նշում է, որ 2007 թվականի հունվարի 25-ին Կառավարությունը որոշումն ընդունել է՝ որոշելով պետության կարիքների համար օտարել դրա թիվ 1 հավելվածում թվարկված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի կենտրոնում շինարարական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Դատարանը նաև նշում է, որ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող շենքը ներառված չի եղել Որոշման թիվ 1 հավելվածում։ Չնայած այդ հանգամանքին, այնուամենայնիվ, Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող առաջին բնակարանը Որոշման հիման վրա օտարվել է պետության կարիքների համար։ Կառավարությունը պնդել է, որ առաջին բնակարանի օտարումը, այնուամենայնիվ, եղել է օրինական, քանի որ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեն ներառվել է Հայկ Բեգլարյանի և Երևանի քաղաքապետի միջև կնքված պայմանագրին կից ներկայացված նախագծերում, ինչպես նաև Որոշման թիվ հավելվածում սահմանված սեփականության օբյեկտների նկարագրության սխեմայում։ Դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ այդ փաստարկներին, քանի որ Վարչական շրջանի դատարանը 2009 թվականի ապրիլի 22-ի իր վճռում եկել է այն եզրահանգման, որ առաջին բնակարանն օտարման ենթակա չի եղել Որոշման համաձայն, քանի որ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող տունը Որոշման թիվ 1 հավելվածում սահմանված՝ պետության կարիքների համար վերցվող սեփականության իրավունքի օբյեկտների սպառիչ ցանկում ներառված չի եղել։ Այդ վճիռն անփոփոխ է թողնվել Վերաքննիչ դատարանի, այնուհետև Վճռաբեկ դատարանի կողմից։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներպետական դատարաններն ավելի լավ կարող են մեկնաբանել և կիրառել ներպետական իրավունքը, Դատարանը որևէ պատճառ չի տեսնում առանձին ուսումնասիրելու այն հարցը, թե արդյոք Կառավարության կողմից նշված փաստաթղթերը ներպետական իրավունքով կարող են համարվել Որոշմանը լրացնող այն առումով, որ հիմք հանդիսանան առաջին բնակարանի օտարման համար»։ «(...) 2009 թվականի ապրիլի 22-ի վճռով միանշանակ հաստատվել է, որ առաջին բնակարանը Որոշման ուժով օտարման ենթակա չէր: Հետաքրքրական է, որ թեև Վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ է թողել՝ դրանով ենթադրաբար հաստատելով դրանում արտահայտված եզրահանգումները, այն իր 2009 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման մեջ հղում է կատարել 2007 թվականի դեկտեմբերի 29-ի և 2008 թվականի մայիսի 26-ի վճիռներին, որոնք երկուսն էլ վերաբերում էին երկրորդ բնակարանի օտարմանը՝ սահմանելու համար, որ այդ վճիռները պետք է համարել res judicata առաջին բնակարանի վերաբերյալ վեճի մասով։ Արդյունքում, մի կողմից առաջին բնակարանի օտարման ապօրինի լինելը ճանաչող 2009 թվականի ապրիլի 22-ի վճիռը շարունակել է ուժի մեջ մնալ, իսկ մյուս կողմից՝ Վերաքննիչ դատարանն առանց որևէ լրացուցիչ պատճառաբանություն ներկայացնելու նշել է, որ առաջին բնակարանի օտարման օրինականության վերաբերյալ հարցերն արդեն իսկ որոշվել են 2007 թվականի դեկտեմբերի 29-ի և 2008 թվականի մայիսի 26-ի վերջնական և պարտադիր ուժ ունեցող վճիռներով, որոնք ինչպես արդեն նշվել է, վերաբերում են մեկ այլ սեփականության օտարմանը, մասնավորապես՝ դիմումատուի և նրա դուստրերի սեփականությանը պատկանող՝ միևնույն շենքում գտնվող երկրորդ բնակարանին։ Դիմումատուն այդ հարցերն առավել մանրամասնորեն ներկայացրել է վճռաբեկ բողոքում, սակայն նրան, ի վերջո, բողոքարկելու թույլտվություն չեն տվել»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի՝ Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ Կարինե Խաչատուրյանին սեփականությունից զրկումը չի իրականացվել «օրենքով նախատեսված պայմաններին» համապատասխան, թույլ է տրվել Կարինե Խաչատուրյանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերոհիշյալ վճռի լույսի ներքո հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը, փոփոխել է հայցի մերժման հիմքում ընկած պատճառաբանությունները՝ արձանագրելով, որ վիճարկվող հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, մինչդեռ Վերաքննիչ դատարանի վկայակոչած՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2007 թվականի և 26.05.2008 թվականի վճիռները վերաբերել են մեկ այլ՝ Կարինե Խաչատուրյանի և նրա դուստրերի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարմանը:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքի օտարման վերաբերյալ արդեն իսկ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի նման պայմաններում սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները և նպատակ ունենալով վերականգնել Կարինե Խաչատուրյանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս կրած անբարենպաստ հետևանքները պետք է վերացվեն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելու միջոցով։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու հարցի գնահատմանը, փաստում է, որ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները քննելու նպատակով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու, Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բողոքը բավարարել։ Նոր հանգամանքով վերանայել
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Հ. Բեդևյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/3468/02/08 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ
08.04.2022 թվական
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլի 08-ին գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Կարինե Խաչատուրյանի բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին՝ ըստ Հայկ Բեգլարյանի հայցի ընդդեմ Կարինե Խաչատուրյանի` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունն օտարելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Հայկ Բեգլարյանը (լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյան) պահանջել է պարտավորեցնել Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7 քմ մակերեսով բնակելի տունն օտարել անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) 29.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան, դատավորներ` Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան) 06.11.2008 թվականի որոշմամբ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 22.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Մկրտչյան, դատավորներ` Ն. Հովսեփյան, Ն. Բարսեղյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշման դեմ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու հիմքով բողոք է ներկայացրել Կարինե Խաչատուրյանը (ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 22662/10) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 19.03.2020 թվականի վճիռը, որով հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Մասնավորապես, Եվրոպական դատարանի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության թիվ 108-Ն որոշմամբ դիմողին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Բյուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող բնակարանի օտարումը բացառիկ գերակա հանրային շահ չի ճանաչվել։ Եվրոպական դատարանը նաև նշել է, որ «(...) դիմումատուին սեփականությունից զրկումը չի իրականացվել «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան»։ Հաշվի առնելով այդ եզրահանգումը՝ ավելորդ է քննել, թե արդյոք խնդրո առարկա միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ և եղել է այդ նպատակին համաչափ»։
Միաժամանակ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ «36. Կառավարությունը չի մատնանշել իրավական պաշտպանության որևէ ներպետական միջոց, որով դիմումատուն հնարավորության դեպքում կարող էր փոխհատուցում պահանջել իր օտարված և քանդված բնակարանի համար այն հանգամանքներում, երբ դատարանները հստակորեն չեն եզրակացրել, որ օտարումը եղել է ապօրինի։ Ուստի անտրամաբանական չէ, որ դիմումատուն փորձել է դատական եզրակացություն ստանալ մինչ այդ արդեն իսկ քանդված՝ առաջին բնակարանի օտարման անօրինականության վերաբերյալ, որպեսզի ստանա դրա արժեքի դիմաց հայցի ուժով օժտված փոխհատուցում պահանջելու իրավունք. տարբերակ, որը տվյալ հանգամանքներում ողջամիտ և հիմնավորված էր»։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 22.04.2009 թվականի վճռով Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի հայցն ընդդեմ Կարինե Խաչատուրյանի` Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7 քմ մակերեսով բնակելի տունն անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին օտարելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 118-120).
2) Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 138-141).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի որոշմամբ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 181-184).
4) Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանը 19.03.2020 թվականի վճռով հիմնավորվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)»:
3. Վճռաբեկ դատարանը որպես դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի 22.04.2009 թվականի վճռով Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի հայցն ընդդեմ Կարինե Խաչատուրյանի` Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7 քմ մակերեսով բնակելի տունն անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին օտարելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 118-120).
2) Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 138-141).
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի որոշմամբ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 181-184).
4) Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանը 19.03.2020 թվականի վճռով հիմնավորվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում (Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազը և նրա տեղակալը՝ օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։
Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար (տե՛ս, «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդդեմ Լևոն Ալիխանյանի թիվ ԼԴ/1239/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2020 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ (տե՛ս, թիվ ԼԴ/1239/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2020 թվականի որոշումը):
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Հայկ Բեգլարյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կարինե Խաչատուրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող 42.7քմ մակերեսով բնակելի տունն օտարել անհատ ձեռնարկատեր Հայկ Բեգլարյանին։
Դատարանը 22.04.2009 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(…) դատարան ներկայացված՝ ՀՀ Կառավարության 25.01.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 108-Ն որոշման համաձայն` Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել և սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների սպառիչ ցանկ (հավելված 1), որում ներառված չէ Երևան քաղաքի Փ. Բուզանդի 85 հասցեում գտնվող բնակելի տունը (հիմք՝ ՀՀ Կառավարության 25.01.2007 թվականի թիվ 108-Ն որոշում) (…)»:
Վերաքննիչ դատարանը 20.10.2009 թվականի որոշմամբ Հայկ Բեգլարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ «(…) գործում առկա է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Կարինե Խաչատուրյանին պարտավորեցվել է` Ա/Ձ Հայկ Բեգլարյանի հետ կնքելու գույքի օտարման պայմանագիր, (…): Վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում բողոքաբերի կողմից ներկայացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Հայկ Բեգլարյանի լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Հարությունյանի հայցն ընդդեմ Կարինե Խաչատուրյանի, Աննա Փիլոյանի, Սեդա Փիլոյանի` սեփականության իրավունքը դադարեցնելու, սեփականության իրավունքը ճանաչելու և տարածքից վտարելու պահանջների մասին, բավարարվել է` դադարեցվել է պատասխանողների սեփականության իրավունքը Փ. Բուզանդի 85 հասցեի տան նկատմամբ և ճանաչվել է Հայկ Բեգլարյանի սեփականության իրավունքն այդ հասցեի նկատմամբ: Միաժամանակ վերջիններս վտարվել են վիճելի բնակարանից: Ինչպես հետևում է վերոնշյալից, սույն գործով ներկայացված հայցի շրջանակներում, ըստ էության, քննարկվում է նույն պահանջը, որի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով oրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաuտատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիu կրկին չեն ապացուցվում: Վերոնշյալ եզրահանգման համար Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի 16.10.2009 թվականի թիվ ԴԴ17 Ե-20699 գրությունը, որով հաստատվում է այն հանգամանքը, որ դատարանի վերոնշյալ վճիռները չեն բողոքարկվել և ստացել են օրինական ուժ: Սույն գործով վիճարկվող հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, ինչի պայմաններում բացակայում է բողոքաբերի խախտված իրավունքը, որը ենթակա է պաշտպանության: Հետևաբար, Դատարանի պատճառաբանությունները, բողոքաբերի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները առարկայազուրկ են և առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու հարցի գնահատմանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում Դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ վճիռ` մերժելով հայցվորի հայցապահանջը»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշման դեմ Կարինե Խաչատուրյանի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 22662/10) Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռով հիմնավորվել է, որ «(...) սույն գործում վիճելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով։ Դատարանը հետևաբար պետք է պարզի, թե արդյոք վիճարկվող գույքից զրկումն այդ դրույթի համաձայն հիմնավորված է եղել»։ (...) «Դատարանը նկատում է, որ դիմումատուն Երևան քաղաքի կենտրոնում՝ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող շենքի մաս հանդիսացող 42,7քմ ընդհանուր մակերեսով բնակարանի՝ առաջին բնակարանի սեփականատերն է եղել։ Վիճելի չէ, որ առաջին բնակարանի օտարումն իրականացվել է Օրենքի հիման վրա։ Դատարանն այնուհետև նկատում է, որ դիմումատուն չի պնդել, որ Օրենքի համապատասխան դրույթներն իր համար մատչելի կամ կանխատեսելի չեն եղել, սակայն բողոքել է, որ ինքն առաջին բնակարանից զրկվել է այդ դրույթների խախտմամբ։ Դատարանը նշում է, որ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվում է, որ որոշակի սեփականության մասով բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ պետք է պատշաճ կերպով նշվեն հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տեղեկություններ, որոնցով նույնականացվում են օտարման ենթակա սեփականության օբյեկտները։ Դատարանն այնուհետև նշում է, որ 2007 թվականի հունվարի 25-ին Կառավարությունը որոշումն ընդունել է՝ որոշելով պետության կարիքների համար օտարել դրա թիվ 1 հավելվածում թվարկված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի կենտրոնում շինարարական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Դատարանը նաև նշում է, որ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող շենքը ներառված չի եղել Որոշման թիվ 1 հավելվածում։
Չնայած այդ հանգամանքին, այնուամենայնիվ, Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող առաջին բնակարանը Որոշման հիման վրա օտարվել է պետության կարիքների համար։ Կառավարությունը պնդել է, որ առաջին բնակարանի օտարումը, այնուամենայնիվ, եղել է օրինական, քանի որ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեն ներառվել է Հայկ Բեգլարյանի և Երևանի քաղաքապետի միջև կնքված պայմանագրին կից ներկայացված նախագծերում, ինչպես նաև Որոշման թիվ հավելվածում սահմանված սեփականության օբյեկտների նկարագրության սխեմայում։ Դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ այդ փաստարկներին, քանի որ Վարչական շրջանի դատարանը 2009 թվականի ապրիլի 22-ի իր վճռում եկել է այն եզրահանգման, որ առաջին բնակարանն օտարման ենթակա չի եղել Որոշման համաձայն, քանի որ Բյուզանդ փողոցի թիվ 85 հասցեում գտնվող տունը Որոշման թիվ 1 հավելվածում սահմանված՝ պետության կարիքների համար վերցվող սեփականության իրավունքի օբյեկտների սպառիչ ցանկում ներառված չի եղել։ Այդ վճիռն անփոփոխ է թողնվել Վերաքննիչ դատարանի, այնուհետև Վճռաբեկ դատարանի կողմից։ Հաշվի առնելով այն փաստը, որ ներպետական դատարաններն ավելի լավ կարող են մեկնաբանել և կիրառել ներպետական իրավունքը, Դատարանը որևէ պատճառ չի տեսնում առանձին ուսումնասիրելու այն հարցը, թե արդյոք Կառավարության կողմից նշված փաստաթղթերը ներպետական իրավունքով կարող են համարվել Որոշմանը լրացնող այն առումով, որ հիմք հանդիսանան առաջին բնակարանի օտարման համար»։ «(...) 2009 թվականի ապրիլի 22-ի վճռով միանշանակ հաստատվել է, որ առաջին բնակարանը Որոշման ուժով օտարման ենթակա չէր: Հետաքրքրական է, որ թեև Վերաքննիչ դատարանը վճիռն անփոփոխ է թողել՝ դրանով ենթադրաբար հաստատելով դրանում արտահայտված եզրահանգումները, այն իր 2009 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման մեջ հղում է կատարել 2007 թվականի դեկտեմբերի 29-ի և 2008 թվականի մայիսի 26-ի վճիռներին, որոնք երկուսն էլ վերաբերում էին երկրորդ բնակարանի օտարմանը՝ սահմանելու համար, որ այդ վճիռները պետք է համարել res judicata առաջին բնակարանի վերաբերյալ վեճի մասով։ Արդյունքում, մի կողմից առաջին բնակարանի օտարման ապօրինի լինելը ճանաչող 2009 թվականի ապրիլի 22-ի վճիռը շարունակել է ուժի մեջ մնալ, իսկ մյուս կողմից՝ Վերաքննիչ դատարանն առանց որևէ լրացուցիչ պատճառաբանություն ներկայացնելու նշել է, որ առաջին բնակարանի օտարման օրինականության վերաբերյալ հարցերն արդեն իսկ որոշվել են 2007 թվականի դեկտեմբերի 29-ի և 2008 թվականի մայիսի 26-ի վերջնական և պարտադիր ուժ ունեցող վճիռներով, որոնք ինչպես արդեն նշվել է, վերաբերում են մեկ այլ սեփականության օտարմանը, մասնավորապես՝ դիմումատուի և նրա դուստրերի սեփականությանը պատկանող՝ միևնույն շենքում գտնվող երկրորդ բնակարանին։ Դիմումատուն այդ հարցերն առավել մանրամասնորեն ներկայացրել է վճռաբեկ բողոքում, սակայն նրան, ի վերջո, բողոքարկելու թույլտվություն չեն տվել»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի՝ Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ Կարինե Խաչատուրյանին սեփականությունից զրկումը չի իրականացվել «օրենքով նախատեսված պայմաններին» համապատասխան, թույլ է տրվել Կարինե Խաչատուրյանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 22662/10) գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերոհիշյալ վճռի լույսի ներքո հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 22.04.2009 թվականի վճիռը, փոփոխել է հայցի մերժման հիմքում ընկած պատճառաբանությունները՝ արձանագրելով, որ վիճարկվող հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, մինչդեռ Վերաքննիչ դատարանի վկայակոչած՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2007 թվականի և 26.05.2008 թվականի վճիռները վերաբերել են մեկ այլ՝ Կարինե Խաչատուրյանի և նրա դուստրերի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարմանը:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքի օտարման վերաբերյալ արդեն իսկ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի նման պայմաններում սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 19.03.2020 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները և նպատակ ունենալով վերականգնել Կարինե Խաչատուրյանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս կրած անբարենպաստ հետևանքները պետք է վերացվեն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելու միջոցով։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու հարցի գնահատմանը, փաստում է, որ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները քննելու նպատակով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու, Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
Վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածում նշված անձինք նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է իրենց` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ:
Վերը նշված իրավական կարգավորումները համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ՝ գտնում եմ, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործառույթներից է բխում վերջիններիս պարտականությունը յուրաքանչյուր դեպքում, երբ ներկայացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատական ակտի վերանայման բողոք, պարզելու, թե որն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը: Այսինքն՝ եթե նշված իրավունքը խախտվել է առաջին ատյանի դատարանի կողմից, ապա դատական ակտը վերանայող դատարանը վերաքննիչ դատարանն է, իսկ եթե այդ իրավունքը խախտվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների կողմից՝ ապա Վճռաբեկ դատարանն է, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրի կողմից սահմանված այդ պահանջը, ապա նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը 18.11.2020 թվականին որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով Կարինե Խաչատուրյանի բերած՝ դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելու մասին: Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով որոշում չի կայացրել դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, որի պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանը Կարինե Խաչատուրյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, և վճռաբեկ բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք, որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:
Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն՝ դատական ակտը վերանայելու բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը:
Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, քանի որ տվյալ դեպքում հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը:
Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ Եվրոպական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 20.10․2019 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 20․10․2009 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որուշում կայացներ Կարինե Խաչատուրյանի կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 20.10.2009 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու՝ բացառապես հիմք ընդունելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ ներկայացված նույն բողոքը, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:
Դատավորներ |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|