Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.04.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9163/05/20

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9163/05/20

Նախագահող դատավոր՝  Ա. Թովմասյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ ԲեդևՅԱՆ

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հելենա Ֆոն Հարթմանի, Սալբի Աբաջյանի, Տիգրան Ներսիսյանի, Խրիստինա Աթանեսյանի, Մարիաննա Մկրտչյանի, Ռոբերտ Մանասյանի, Լևոն Մուսախանյանի, Կլարա Գասպարյանի, Արման Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման նպատակով 10.12.2018 թվականի հ.01/18-07/1-Մ-10399-848 նախագծման թույլտվության և 20.01.2020 թվականի հ.01/18-07/1-Գ-8838-1 նախագծման թույլտվության տրամադրման գործողությունը, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 16.11.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը՝ Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ընդունվել է վարույթ, իսկ հայցադիմումի ընդունումը Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման նպատակով 10.12.2018 թվականի հ.01/18-07/1-Մ-10399-848 նախագծման թույլտվության և 20.01.2020 թվականի հ.01/18-07/1-Գ-8838-1 նախագծման թույլտվության տրամադրման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով, մերժվել է:

Դատարանի 16.11.2020 թվականի որոշմամբ Հելենա Ֆոն Հարթմանը, Սալբի Աբաջյանը, Տիգրան Ներսիսյանը, Խրիստինա Աթանեսյանը, Մարիաննա Մկրտչյանը, Ռոբերտ Մանասյանը, Լևոն Մուսախանյանը, Կլարա Գասպարյանը, Արման Գևորգյանը դատավարության մեջ ներգրավվել են որպես երրորդ անձինք:

Դատարանի 16.11.2020 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.01.2021 թվականի որոշմամբ Տիգրան Ներսիսյանի, Ռոբերտ Մանասյանի, Արման Գևորգյանի, Լևոն Մուսախանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է՝ կայացնելով նոր դատական ակտ. Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Հայկ Եգանյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը  

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի վերլուծությունից միանշանակ պարզ է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Այսինքն՝ վիճարկվող վարչական ակտի կասեցումը դատարանի հայեցողական լիազորությունն է, որն իրականացվում է վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու կասկածի, այլ ոչ թե վերոնշված փաստերի (պոստֆակտում) գոյության դեպքում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի որոշումը` անփոփոխ թողնելով ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը»։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առումով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը չբավարարելը ո՞ր դեպքերում կարող է հայցվորին պատճառել զգալի վնաս կամ հանգեցնել նրա իրավունքների պաշտպանության անհնարինությանը:

-Ո՞րն է «հիմնավոր կասկած» եզրույթի բովանդակությունը, և ինչպիսի՞ ապացուցողական չափանիշի դեպքում դատարանը կարող է հաստատված համարել հիմնավոր կասկածի առկայությունը:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում։ Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

-առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

 -անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայութունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` առկա է հիմնարար կասկած, որ վարչական ակտի կատարումը անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է ոչ թե բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, այլ հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, ըստ որի՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը (տե՛ս, Սոֆիա Խաչատրյանը և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարան ներկայացված հայցադիմումով Անելիա Միքաելյանը, Սերգեյ Ասատուրյանը, Նունե Գևորգյանը, Աշոտ Ղորուխչյանը խնդրել են ոչ իրավաչափ ճանաչել Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման նպատակով 10.12.2018 թվականի հ.01/18-07/1-Մ-10399-848 նախագծման թույլտվության և 20.01.2020 թվականի հ.01/18-07/1-Գ-8838-1 նախագծման թույլտվության տրամադրման գործողությունը, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունը: Միաժանամակ, ներկայացրել են վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությամբ խնդրել են կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ տանիքի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում առաջանում են ճաքեր, ինչպիսի պայմաններում նման զարգացումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների (հավելված, գ.թ. 2-28):

Դատարանը 16.11.2020 թվականին կայացված որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ հիմք ընդունելով միջնորդության հիմքում դրված վերոնշյալ փաստարկները՝ արձանագրելով, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվության կատարումը կարող է Համահայցվորներին զգալի վնաս պատճառել:

Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Տիգրան Ներսիսյանի, Ռոբերտ Մանասյանի, Արման Գևորգյանի, Լևոն Մուսախանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) սույն գործով չի հաստատվում այն հիմնավոր կասկածը, որ վիճարկվող շինարարության թույլտվության չկասեցման դեպքում հայցվորներին կպատճառվի զգալի վնաս կամ անհնարին կդառնա նրանց իրավունքների պաշտպանությունը, հետևաբար հայցվորների ներկայացրած միջնորդությունը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին և ենթակա է մերժման»:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարանի կողմից խախտվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջները, քանի որ վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից միանշանակ պարզ է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Այսինքն՝ վիճարկվող վարչական ակտի կասեցումը դատարանի հայեցողական լիազորությունն է, որը իրականացվում է վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու կասկածի, վերոնշված փաստերի արդեն իսկ գոյության դեպքում։

 Տվյալ դեպքում, սույն գործով երրորդ անձինք Տիգրան Ներսիսյանի, Ռոբերտ Մանասյանի, Արման Գևորգյանի, Լևոն Մուսախանյանի Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի հիմքում դրվել է այն փաստը, որ Դատարան չի ներկայացվել ոչ մի փաստ, տեղեկություն, որով հնարավոր է բացահայտել Համահայցվորների իրավունքները խախտելու հիմնավոր կասկածը:

Վերաքննիչ դատարանն, ըստ էության, վերահաստատել է բողոք բերած անձանց մեկնաբանությունը՝ Դատարանի որոշումը վերացնելով արձանագրել է. «(...) հայցվորները պետք է պատշաճ ապացույցների ներկայացմամբ հիմնավորեին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում ճաքեր առաջացած լինելու հանգամանքը, որի արդյունքում միայն դատարանի մոտ կարող էր առաջանալ օրենսդրությամբ սահմանված ողջամիտ կասկած՝ վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ»։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Համահայցվորների կողմից վարչական ակտը կասեցնելու միջնորդությունը հիմնավորվել է այնպիսի փաստով, որը դատարանի համար ակնհայտ է, այն է` Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունը՝ տանիքի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում կարող են առաջացնել ճաքեր, ինչպիսի պայմաններում նման զարգացումները կարող են նաև հանգեցնել աղետալի հետևանքների:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Համահայցվորների ներկայացրած միջնորդությունը՝ 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ, հիմնավոր է, քանի որ գործի փաստերով հաստատվում է այն հիմնավոր կասկածը, որ վիճարկվող որոշման կատարումը զգալի վնաս կպատճառի Համահայցվորներին: Հետևաբար, կասեցնելով վարչական ակտի կատարումը՝ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 08012021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9163/05/20

2022 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/9163/05/20

Նախագահող դատավոր՝  Ա. Թովմասյան

 

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/9163/05/20 վարչական գործով 14.04․2022 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«14» ապրիլի 202.

 ք. Երևան

                                

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 14.042022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի ընդդեմ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Հելենա Ֆոն Հարթմանի, Սալբի Աբաջյանի, Տիգրան Ներսիսյանի, Խրիստինա Աթանեսյանի, Մարիաննա Մկրտչյանի, Ռոբերտ Մանասյանի, Լևոն Մուսախանյանի, Կլարա Գասպարյանի, Արման Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել անփոփոխ։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Ռուզաննա Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անելիա Միքաելյանը, Սերգեյ Ասատուրյանը, Նունե Գևորգյանը, Աշոտ Ղորուխչյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման նպատակով 10.12.2018 թվականի հ.01/18-07/1-Մ-10399-848 նախագծման թույլտվության և 20.01.2020 թվականի հ.01/18-07/1-Գ-8838-1 նախագծման թույլտվության տրամադրման գործողությունը, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) 16.11.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը՝ Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ընդունվել է վարույթ, իսկ հայցադիմումի ընդունումը Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման նպատակով 10.12.2018 թվականի հ.01/18-07/1-Մ-10399-848 նախագծման թույլտվության և 20.01.2020 թվականի հ.01/18-07/1-Գ-8838-1 նախագծման թույլտվության տրամադրման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասով, մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) 16.11.2020 թվականի որոշմամբ Հելենա Ֆոն Հարթմանը, Սալբի Աբաջյանը, Տիգրան Ներսիսյանը, Խրիստինա Աթանեսյանը, Մարիաննա Մկրտչյանը, Ռոբերտ Մանասյանը, Լևոն Մուսախանյանը, Կլարա Գասպարյանը, Արման Գևորգյանը դատավարության մեջ ներգրավվել են որպես երրորդ անձինք:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Տիգրան Ներսիսյանի, Ռոբերտ Մանասյանի, Արման Գևորգյանի, Լևոն Մուսախանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է՝ կայացնելով նոր դատական ակտ. Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անելիա Միքաելյանը, Սերգեյ Ասատուրյանը, Նունե Գևորգյանը, Աշոտ Ղորուխչյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Եգանյանը):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը  

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի վերլուծությունից միանշանակ պարզ է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Այսինքն՝ վիճարկվող վարչական ակտի կասեցումը դատարանի հայեցողական լիազորությունն է, որն իրականացվում է վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու կասկածի, այլ ոչ թե վերոնշված փաստերի (պոստֆակտում) գոյության դեպքում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի որոշումը` անփոփոխ թողնելով ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը»։

 

3. Հատուկ կարծիքի հիմնավորումները, պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջիններս պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5296-791 շինարարության թույլտվությունը։ Միաժանամակ, Անելիա Միքաելյանը, Սերգեյ Ասատուրյանը, Նունե Գևորգյանը, Աշոտ Ղորուխչյանը միջնորդել են կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ տանիքի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում առաջանում են ճաքեր, ինչպիսի պայմաններում նման զարգացումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների (հավելված, գ.թ. 2-28):

Դատարանը 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի միջնորդությունը բավարարել է այն հիմնավորմամբ, որ «(…) Տվյալ պարագայում համահայցվորները ներկայացրել են Երևան համայնքի կողմից ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ տանիքի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում առաջանում են ճաքեր, ինչպիսի պայմաններում նման զարգացումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Հիմք ընդունելով միջնորդության հիմքում դրված վերոնշյալ փաստարկները՝ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվության կատարումը կարող է համահայցվորներին զգալի վնաս պատճառել»:

Վերաքննիչ դատարանը 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Տիգրան Ներսիսյանի, Ռոբերտ Մանասյանի, Արման Գևորգյանի, Լևոն Մուսախանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է այն հիմնավորմամբ, որ «(…) սույն գործով չի հաստատվում այն հիմնավոր կասկածը, որ վիճարկվող շինարարության թույլտվության չկասեցման դեպքում հայցվորներին կպատճառվի զգալի վնաս կամ անհնարին կդառնա նրանց իրավունքների պաշտպանությունը, հետևաբար հայցվորների ներկայացրած միջնորդությունը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին և ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է Բողոքաբերի կողմից վկայակոչվող այն փաստարկին, որ հայցվորների կողմից նախօրոք գրավոր համաձայնություն է տրվել ք. Երևան, Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի շինարարական աշխատանքների իրականացման համար, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված հանգամանքը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման շրջանակներում որևէ էական նշանակություն ունենալ չի կարող: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ հիշատակված իրավական նորմերի, դրանց վերաբերյալ կատարված վերլուծությունների ու հետևությունների պայմաններում բողոքաբերի կողմից վկայակոչված փաստարկները կարող են հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի բավարարման համար»:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ Դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնել անփոփոխ, այն հիմնավորմամբ, որ «վիճարկվող վարչական ակտի կասեցումը դատարանի հայեցողական լիազորությունն է, որը իրականացվում է վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու կասկածի, վերոնշված փաստերի արդեն իսկ գոյության դեպքում։ Տվյալ դեպքում, սույն գործով երրորդ անձինք Տիգրան Ներսիսյանի, Ռոբերտ Մանասյանի, Արման Գևորգյանի, Լևոն Մուսախանյանի Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի հիմքում դրվել է այն փաստը, որ Դատարան չի ներկայացվել ոչ մի փաստ, տեղեկություն, որով հնարավոր է բացահայտել Համահայցվորների իրավունքները խախտելու հիմնավոր կասկածը: Վերաքննիչ դատարանն, ըստ էության, վերահաստատել է բողոք բերած անձանց մեկնաբանությունը՝ Դատարանի որոշումը վերացնելով արձանագրել է. «(...) հայցվորները պետք է պատշաճ ապացույցների ներկայացմամբ հիմնավորեին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում ճաքեր առաջացած լինելու հանգամանքը, որի արդյունքում միայն դատարանի մոտ կարող էր առաջանալ օրենսդրությամբ սահմանված ողջամիտ կասկած՝ վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ»։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Համահայցվորների կողմից վարչական ակտը կասեցնելու միջնորդությունը հիմնավորվել է այնպիսի փաստով, որը դատարանի համար ակնհայտ է, այն է` Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունը՝ տանիքի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում առաջանում են ճաքեր, ինչպիսի պայմաններում նման զարգացումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Համահայցվորների ներկայացրած միջնորդությունը՝ 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ, հիմնավոր է, քանի որ գործի փաստերով հաստատվում է այն հիմնավոր կասկածը, որ վիճարկվող որոշման կատարումը զգալի վնաս կպատճառի Համահայցվորներին: Հետևաբար, կասեցնելով վարչական ակտի կատարումը՝ Դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս, Ռուզաննա Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առումով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ hիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս՝ Běleš-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Եվրոպական դատարանի 12022003 թվականի որոշում, § 49):

Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.

2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից.

3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ.

4) այն դեպքերի, երբ վիճարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

41) այն դեպքերի, երբ վիճարկվում է ընդերքօգտագործման իրավունքի դադարման կամ կասեցման վարչական ակտը.

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

6) այն դեպքերի, երբ վիճարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ.

7) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին կայացված վարչական ակտ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանն իրավասու է վիճարկվող վարչական ակտի կասեցումը պայմանավորելու որոշակի ժամկետով և կարող է ցանկացած ժամանակ փոխել կամ վերացնել իր որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները։

ՀՀ Սահմանադրական դատարանը 22092011 թվականի թիվ ՍԴՈ-1007 որոշմամբ արձանագրել է, որ «(…) հաշվի առնելով բողոքարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու դեպքում անձի խախտված իրավունքները վերականգնելուն ուղղված վերոհիշյալ համապատասխան օրենսդրական երաշխիքների առկայությունը, ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով բողոքարկման դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորությունը` գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ (…)»։

ՀՀ Սահմանադրական դատարանը 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-248 որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցի պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսել է ոչ թե հայցի ապահովման միջոցի, այլ՝ նախնական իրավական պաշտպանության կիրառման հնարավորություն՝ այն է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում, դրանով իսկ որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով հայցվորին՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս՝ Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

-առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

 -անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Գտնում ենք, որ դատավարության ընթացքում կասկածը չի կարող միանշանակ համոզիչ լինել: Բայց և այնպես, կասկածը պետք է ունենա որևէ հիմնավորում (տե՛ս՝ Բրոգանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (BROGAN AND OTHERS v. THE UNITED KINGDOM) գործով 1988թ. նոյեմբերի 29-ի վճիռը, գանգատներ թիվ 11209/84, 11234/84, 11266/84, 11386/85, կետ 53, և Մյուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (MURRAY v. THE UNITED KINGDOM) գործով 1994թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 55): Կասկածը չի կարող հիմնված լինել սոսկ այն հավաստիացման վրա, որ առկա է ստույգ, բայց և գաղտնի տեղեկություն (տե՛ս՝ Ֆոկսը, Քեմբելն ու Հարթլին ընդդեմ Միացյալ Թագավորության (FOX, CAMPBELL AND HARTLEY v. THE UNITED KINGDOM) գործով 1990թ. օգոստոսի 30-ի վճիռը, գանգատներ թիվ 12244/86, 12245/86, 12383/86, կետ 32):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայութունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է ոչ թե բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, այլ հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, ըստ որի՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը (տե՛ս՝ Սոֆիա Խաչատրյանը և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։

Այսպես, հիմք ընդունելով վերոնշյալ իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները, կարող ենք արձանագրել, որ վարչական ակտի կատարման կասեցումը դիտարկվում է որպես դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն, որը հետապնդում է գործով կայացվելիք դատական ակտի կատարման երաշխիքներ ապահովելու նպատակ: Միևնույն ժամանակ վարչական ակտի կատարման կասեցումը դատական պաշտպանության դիմած անձանց իրավունքների պաշտպանության նախնական ձև է, քանի որ դատարանի որոշմամբ կիրառվող պաշտպանական միջոցը հանդես է գալիս որպես վիճելի իրավահարաբերության կամ դրա հետ սերտորեն կապված այլ իրավահարաբերությունների մասնակիցների վրա նյութաիրավական ներգործության այնպիսի ժամանակավոր գործիքակազմ, որը մասնակի չեզոքացնում է վիճելի իրավիճակը մինչև դրանում լիարժեք իրավական որոշակիության հաստատումը, բացառում է գործին մասնակցող անձի ենթադրյալ իրավունքներին անդառնալի (անվերականգնելի) վնաս պատճառելու հավանականությունը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կասեցվում է նշված պայմաններից որևէ մեկի առկայության պարագայում՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Այսինքն՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու լիազորության կիրառման համար պետք է հիմնավորվի այնպիսի փաստական հանգամանքների առկայությունը, որոնց համակցությունը թույլ կտա ձևավորելու հիմնավոր կասկած առ այն, որ այն չկասեցնելու արդյունքում համահայցվորներին կարող է պատճառվել զգալի վնաս կամ անհնարին դարձնել վերջինիս իրավունքների պաշտպանությունը: Ընդ որում, անհրաժեշտ է ոչ միայն միջնորդության մեջ վկայակոչել զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականությունը, այլև հիմնավորել դրանք փաստական հանգամանքներով և կից ապացույցներով:

Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանը, վերացնելով Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և թողնելով անփոփոխ ՀՀ վարչական դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ համահայցվորների կողմից վարչական ակտը կասեցնելու միջնորդությունը հիմնավորվել է այնպիսի փաստով, որը դատարանի համար ակնհայտ է, այն է` Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 51 շենք հասցեում միասնական մանսարդային հարկի իրականացման համար 01.07.2020 թվականին տրված թիվ 01/18-Մ-5297-791 շինարարության թույլտվությունը՝ տանիքի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում առաջանում են ճաքեր, ինչպիսի պայմաններում նման զարգացումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների:

Մինչդեռ համահայցվորները վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ սոսկ վկայակոչել են այն հանգամանքը, որ տանիքի կառուցապատման համար օգտագործվող ծանր բետոնե կառուցվածքների տեղադրման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում ներկայումս առաջանում են ճաքեր, ինչպիսի պայմաններում նման զարգացումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների, սակայն տվյալ դեպքում համահայցվորները չեն ներկայացրել որևէ ապացույց, որը կփաստեր նման ճաքերի առկայության մասին, որոնց գնահատմամբ կարող է առաջանալ հիմնավոր կասկած առ այն, որ վեճի առարկա վարչական ակտի կատարման պարագայում բողոք բերած անձանց զգալի վնաս կպատճառվեր և (կամ) անհնարին կդառնար վերջիններիս իրավունքների պաշտպանությունը։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանն ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ բողոք բերած անձանց պատճառաբանությունն առ այն, որ վարչական ակտի կատարման կասեցումը ենթակա է բավարարման, հիմնված է բացառապես վերջիններիս դատողությունների վրա, և ներկայացված չէ որևէ ապացույց, որը կհավաստեր, որ տանիքի կառուցապատման հետևանքով բնակարանների որոշ հատվածներում ներկայումս գոյացել են ճաքեր, որի արդյունքում կարող է առաջանալ առնվազն հիմնավոր կասկած առ այն, որ բողոք բերած անձանց կարող է պատճառվել զգալի վնաս և (կամ) անհնարին դարձվի վերջիններիս իրավունքների պաշտպանությունը:

Այսինքն, գործի նյութերով չի հիմնավորվել և չէր կարող հիմնավորվել ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ ակնհայտ է սույն գործով վիճարկվող վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունը:

 

Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով Տիգրան Ներսիսյանի, Ռոբերտ Մանասյանի, Արման Գևորգյանի, Լևոն Մուսախանյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, վերացնելով Դատարանի 16.11.2020 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը և մերժելով Անելիա Միքաելյանի, Սերգեյ Ասատուրյանի, Նունե Գևորգյանի, Աշոտ Ղորուխչյանի վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը, կատարել է իրավաչափ եզրահանգումներ և կայացրել օրինական դատական ակտ:

 

Դատավորներ`

Հ ԲեդևՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան